Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 425 բնակիչ, հիմնականում հայեր, որոնցից 193 տղամարդ և 232 կին։ 2014 թվականին գյուղում ապրում էր 251 մարդ, որոնցից 119 տղամարդ և 132 կին։ Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։ Գյուղը մտնում է Ծղալթբիլայի գյուղական համայնքի կազմի մեջ։ 1913 թվականի դրությամբ գյուղում գործում էր դպրոց 38 աշակերտներով։ 1960 թվկանին կառուցվել է գյուղի դպրոցի նոր շենքը, որն էլ 1968 թվականից դարձել է միջնակարգ։ 1994-1995 ուստարում դպրոցում սովորում էր 107 աշակերտ։
Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգի Արծաթի և Կամպիր գյուղերից 1830 թվականին։ Երկրորդ աշխարհամարտին գյուղից մասնակցել է 115 մարդ, որից զոհվել է 56-ը։ Նրանց հիշատակի համար կանգնեցվել է հուշարձան քանդակագործ Ռուբեն Պապոյանի նախաձեռնությամբ։ Գյուղի Սուրբ Աստվածամայր եկեղեցին կառուցվել է 1869 թվականին։ Այն ուղղանկյուն հատակագծով, երկթեք տանիքով կառույց է, որն ունի երկու մուտք և եռահարկ զանգակատուն։ Եկեղեցին գործել է մինչև 1936 թվականը, ապա վերածվել է հացահատիկի ամբարի։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո եկեղեցին բարեկարգվել է և դարձել է սրբավայր։ Գյուղի մյուս հայտնի ուխտատեղին Կույս Վերոնն է, որը կառուցվել է 1919-1924 թվականներին[5]։
Նույնանուն գյուղ կա նաև Ախալցխայի շրջանի Ագարայի գյուղական համայնքի կազմում, որտեղ մինչ 19-րդ դարի վերջերը, ապրել են Էրզրումից գաղթած հայերը, իսկ այժմ վրացաբնակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 126)։