Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1194 բնակիչ, հիմնականում հայեր, որից 567 տղամարդ և 627 կին, իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 1056 մարդ, որից 523 տղամարդ և 533 կին:
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց (1969 թվականից)[2], գրադարան, ակումբ և բուժկայան: Գյուղի մոտակայքում կա շինարարական քարի հանքավայր, որով կառուցվել են Ախալցխայի բազմաթիվ հասարակական շենքեր և տներ:
1918 թվականի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժել են Անդրկովկաս, Ծուղրութի հայերը հարկադրված տեղափոխվել են Ախալցխա և տեղի բնակչության հետ վեց ամիս շարունակ հերոսաբար դիմադրել են թշնամուն, որի համար թուրքերը այրել և ավերել են Ծուղրութ գյուղը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 146)։