Նորշեն (Վրաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորշեն (Ծղալթբիլա)
վրաց.՝ წყალთბილა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1300 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն1123 մարդ (2016)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Կաթողիկե Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորշեն (Վրաստան) (Վրաստան)##
Նորշեն (Վրաստան) (Վրաստան)
Նորշեն (Վրաստան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Նորշեն (Վրաստան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Նորշեն կամ Ծղալթբիլա (վրաց.՝ წყალთბილა)՝ հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխա քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1240-1360 մ բարձրության վրա։ Գյուղի կենտրոնում բխող հանքային տաք ջրից առաջացել է Ծղալթբիլա անվանումը, որը վրացերեն բառ է և թարգմանաբար նշանակում է տաք ջուր։ Գյուղն ունի խիտ կառուցապատում, ձգվում է հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք մինչև 2 կմ երկարությամբ, իսկ լայնությունը կազմում է շուրջ 1 կմ։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզրումի գաղթը - Նորշենցիք

1830 թվականի մայիսի 15-ին Կարնո գավառի Նորշեն և Ռաբատ գյուղերի բնակիչները Կարապետ սրբազանի քարավանի հետ միասին ուղևորվում են դեպի Վրաստան։ 1830 թվականի սեպտեմբերի 20-ին 33 գերդաստաններ, մեծ մասամբ Նորշեն գյուղից, հասնում են ներկայիս Ծղալթբիլա գյուղ և անվանում իրենց նոր բնակավայրը Նորշեն[1]։ Նորշենցիների գաղթի առաջնորդը եղել է ժողովրդապետ՝ տեր Սիմոն Դիլանյանը, որն իր ժամանակի կրթված քահանաներից էր և հեղինակավոր հոգևորական։ Նրան աջակցել են տեր Պողոս Տեր-Պողոսյանը և տեր Հակոբ Քոսյանը։

Գյուղի պատմության մեջ հայտնի են մի շարք ճակատագրական իրադարձություններ։ 

1918 թվականի ամռանն Ախալցխայի գավառ է շարժվում Բեքիր փաշայի թուրքական բանակը։ Տեսնելով, որ գյուղերի կամավորական ջոկատների ուժերով հնարավոր չէ դիմակայել թուրքական կանոնավոր բանակին` հայր Քերոբ վարդապետ Տեր-Պողոսյանը գյուղապետ Ալմասի Մատոյի (Մարտիրոս Ալմասյան) հետ թաքցնում են գյուղի կանանց ու երեխաներին ու գնում բանակցության։ Մատոն Պոլսի բարբառով թարգմանում է հայր Քերոբի կողմից արված առաջարկները։ Բեքիր փաշային հետաքրքրում են Մատոյի վարժ թուրքերենը և պատրաստած ճաշատեսակները, ու հարցնում է նրա ով լինելը։ Մատոն համեստորեն պատմում է, որ երիտասարդ հասակում, մոտ 10 տարի, ապրել ու խոհարարություն է արել Պոլսի ծովափին ապրող մի թուրք  ընտանիքում։ Փաշան շատ ուշադիր լսում ու հարցնում է տանտիրոջ զավակի անունը։ Լսելով իր անունը` Բեքիր փաշան համոզվում է, որ հենց իրենց տանն է աշխատել Մատոն։ Փաշան բարձրանում է տեղից, գրկում, համբուրում է Մատոյին ու հրամայում զորքը տեղաշարժել` առանց հայկական գյուղերը վնասելու[2]։ Եվ այսպես հայր Քերոբը և գյուղապետ Ալմասի Մատոն մեծ դեր են կատարում Ծղալթբիլայի և հարակից հայ գյուղերի բնակչությանը կոտորածից զերծ պահելու գործում։

1931 թվականին գյուղում կազմավորվում է կոլտնտեսություն։ Սկզբնական շրջանում, կամավորության սկզբունքով, շատ քչերն են մտել կոլտնտեսության կազմի մեջ։ Սակայն, հետագայում, 1935-1937 թթ. մեծամասնությունն արդեն եղել են կոլտնտեսության կազմում։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գյուղացիներից պատերազմին մասնակցել են 328 հոգի, որից 162-ը զոհվել է[3]։

Պատերազմից հետո սկսվում է գյուղի զարգացման ամենաբուռն շրջանը։ 1954-1957 թթ. գյուղը էլեկտրիֆիկացվում է։ 60-ականներից սկսվում է արտագնա աշխատանքների մեկնելու ժամանակաշրջանը։ 

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1830 թ. փոխադրվել են Կարնո գավառի Նորշեն, իսկ որոշ ընտանիքներ Ռաբատ գյուղերից[4]։ Մխիթարյան միաբան հայր Պետրոս Պողոսյանի վկայությամբ՝ «Կարնոյ դաշտի Նորշէն գիւղէն երեսուն հայ ընտանիքներ կը գաղթեն Կովկաս։ Ախալցխայի շրջանին մէջ կը հիմնեն նոր գիւղ մը եւ զայն կը կոչեն իրենց ծննդավայրի անունով՝ Նորշէն»[5]։

Նորշենցիների գալու ժամանակ այնտեղ ապրելիս են եղել 2 թուրք ընտանիք՝ Իսլամենք և Բիլալիենք։ Նրանց տները եղել են ներկայիս Իսլամենց մայլա կոչվող թաղամասում։

Ազգատոհմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար վկայվում է, որ 1830 թ. Ծղալթբիլայում են հաստատվել նորշենցի հետևյալ ընտանիքները` Աբգարները, Ագեենք, Ալբերտենք, Ադամենք, Այվազները, Ավտիսները, Գոգորները (Աղաբաբենք, Անենք, Փիլոյենք, Կարապետյանները, Մկրտչյանները), Դարբնենք (Կարոյենք), Եղզարենք, Երոյենք, Խաչոները, Կիգոները, Ղուրմիկենք, Մեքսեթները, Մոսիկենք, Մոսոները, Մուկուլենք, Յորենք (Հովհաննիսյանները, Աղաջանյանները, Սաղոյանները, Բաբաջանյանները, Կոտոյենք), Նահապետենք, Նասխաթները, Նիկոյենք, Շիրխանենք, Պիճոյենք, Պողոսենք (Ժամկոցենք, Սահարենք, Աբելյաններ, Նազոենք), Վարդանենք, Տերտերանք, Տեր-Պողոսները, Ուղուզենք, Փոռթոյենք, Քոսենք (Հակոբյանները), Ոսկանները, Օվանները (Վահանյանները, Գասպարյանները, Մելքոնյանները), Օքոնենք[6][7]։

Հետագայում այլ բնակավայրերից Ծղալթբիլա են տեղափոխվել՝ Ալմասենք 1830 թ., Աբրահամենք՝ 1860 թ. Քութայիսից, Դավթենք՝ Նաոխրեբից, և Միքայելյանները՝ Ղարսից։ Գյուղում են տեղավորվել նաև 1915 թ. ցեղասպանությունից փախած Արեգակյանները, որոնցից ոչ մի հետնորդ չի մնացել։  Ավելի ուշ գյուղում են հաստատվում նաև այլ ընտանիքներ։ 

Բնակչության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

տարեթիվ տուն արական իգական միասին
1830[8] 34
1884[9] 675
1901[8] 105
1913[10] 167 458 1520
1914[11] 1445
1915[12] 1563
1916[13] 168 804 1604
1989[14] 632 1942
1991[14] 628 1927
1994[14] 650 1905
2002[15] 713 834 1547
2016[14] 430 1123

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Փրկիչ եկեղեցի, կառուցվել է 1881-1886 թթ.

Գյուղի հավատավոր բնակչությունը հիմնականում Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ են։

Ծղալթբիլացիները հավատքի կարիքներն ապահովելու համար 1834 թ. տեր Սիմոն Դիլանյանի, տեր Պողոս Տեր-Պողոսյանի և տեր Հակոբ Քոսյանի անմիջական նախաձեռնությամբ կառուցում են հողածածկ մի եկեղեցի` Գոգորների հին տան տեղում[16]։

Ծղալթբիլայի այսօրվա Հիսուս Փրկիչ քարաշեն եկեղեցին կառուցվել է 1881-1886 թթ., այս վկայությունը արձանագրված է հարավային մուտքի վրա։ Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում բարձր դիրքի վրա։ Այն ընդարձակ աղոթասրահով, երկու ավանդատներով, հարավային և արևմտյան մուտքերով մի կառույց է, ունի գմփեթ-զանգակատուն, շրջապատված է քարե պարսպով։

1938 թ. եկեղեցին փակվել է և վերածվել ակումբի, իսկ ավելի ուշ՝ պահեստի։ 1978 թ. գյուղացիները մեծ աղմուկ են բարձրացնում ու շրջանի ղեկավարությանը խնդրում եկեղեցին վերաբացել։ Դրանից հետո եկեղեցին բացվում է ու վերանորոգվում։

Եկեղեցական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական տոներից նորշենցիներն առանձնահատուկ կերպով տոնում են Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, Բարեկենդանը (Բարկենդիկ), Զատիկը և Աստվածածնի վերափոխման տոնը։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հարուստ է պատմական տարբեր հուշարձաններով, այդ թվում եկեղեցիներով ու սրբավայրերով, հին գերեզմանոցներով և այլն։ Գյուղի մերձակայքում պահպանվել են Յուսկայի, Քարին-գլուխ, Ջառալի, Ջաղիսմանի  եղեղեցիները, մատուռները ու խաչքարները։ Գյուղի մեջտեղի գերեզմանոցում,  քանդված եկեղեցու կողքին հայտնաբերված է 5-րդ դարի հայկական հավասարաթև խաչքար։

Նորշեն-Ծղալթբիլա գյուղում  1985-1990 թթ. կառուցվել է հուշարձան-կոթող` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի ու Երկրորդ աշխարհամարտում զոհված ծղալթբիլացիների։ 

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում, մինչև խորհրդային կարգերը, գործել է եկեղեցուն կից ծխական վարժարան։ Առաջին դպրոցը բացվել է 1836 թ., որտեղ սովորել է 12 պատանի։ 1921-1922 թթ. Վրաստանի կառավարության որոշմամբ և Սարգիս Քոսյանի կողմից, իր սեփականությունից հատկացված տարածքում, կառուցվել է գյուղի առաջին պետական տարրական դպրոցը[17]։ 1976-1977 թթ. կառուցվել է 850 աշակերտի համար նախատեսված տիպային եռահարկ դպրոց։ Ծղալթբիլայի հանրային դպրոցում, ըստ 2017 թ. տվյալների, սովորում է 107 աշակերտ, դասավանդում է 26 դասատու[18]։  Դպրոցի հին շենքը վերանորոգվել և հանձնվել է գյուղի մանկապարտեզին։ Այսօր մանկապարտեզն ունի 49 սան, որոնցից 34-ը Ծղալթբիլայից են, աշխատում է 12 աշխատակցուհի[19]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծղալթբիլայի բնակլիմայական պայմանները մեծ հնարավորություն են տվել անասնապահության և երկրագործության զարգացման համար։ Հիմնական արտադրանքները եղել են կարտոֆիլը, ցորենը, միսը, կաթնամթերքը, կտավատի յուղը, մեղրը և այլն։

Գյուղում մինչև 1955 թ. գործել է մեծ արտադրողականություն ունեցող երկու ձիթհան և յոթ ջրաղաց։ 1956 թ. բաղնիքի հարևանությամբ կառուցվել է էլեկտրաղաց, որի արտադրողականության բարձր լինելու պատճառով, ջրաղացներից շատերի գործունեությունը դադարեցվել է։

Գյուղի արևմտյան մասում գործել է «Ալչի քարհանքը»։ Այս քարատեսակի մշակումից ստացվում է ալաբաստր և օգտագործվում շինարարության մեջ։ Պատրաստի հումքը տեղափոխվել է Վրաստանի տարբեր շրջաններ։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ. Ծղալթբիլայի ծխական դպրոցի շենքում գտնվող գյուղական հիվանդանոցը  տեղափոխվել է այդ նպատակով հասարակության միջոցներով կառուցված նոր շենք[20]։ Նոր հիվանդանոցն ու դեղատունը շահագործման են հանձնվել 1937 (1938) թ.: 1976 թ. հիվանդանոցը դարձել է միջգյուղական ամբուլատորիա և գործել է մինչև 1999 թ[21]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գեղարվեստական ինքնագործունեության խմբակները։ Վերջիններս իրենց գործունեության ընթացքում ներկայացել են հարյուրավոր համերգներով ու բեմադրություններով։ Դեռևս 1930-ականներին գյուղում ցուցադրվել են «Անուշ», «Նամուս», «Խաթաբալա» և այլ ներկայացումներ։ Ծղալթբիլայի կուլտուրայի տան երգի ու պարի համույթը շատ անգամ արժանացել է շրջանային մրցանակների հաղթողի կոչման[22]։ Գյուղում շարունակում է գործել պարային համույթը, որն ամեն տարի հանդիսատեսի դատին է ներկայացնում բազմաթիվ հայկական, վրացական ու այլ ազգերի պարեր։ Նորշենցիները հատուկ հպարտությամբ են պարում Էրզրումից  բերած «Հետ ու առաջը», «Ֆնջանը» (Փնջան) «Աստվածածնա պարը», «Էրզրումի շորորը» և այլ գեղեցիկ պարեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, Երևան, 2003, էջ 57. ISBN 5-540-01565-6.
  2. Շիրխանյան Գ., Նորշենի պատմություններ Արխիվացված 2017-07-20 Wayback Machine, Երևան, 2017, էջ 50-51։
  3. Հակոբյան Հ., Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը Արխիվացված 2017-08-22 Wayback Machine, Երևան, 2002, էջ 118-122։
  4. Կարապետյան Ս., Ախալցխա  (Սամցխե Ջավախք) Արխիվացված 2021-02-28 Wayback Machine, Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն, Երևան, 2008, էջ 212։  ISBN 978-99941-875-0-8.
  5. Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի Կարինապատում, Պէյրութ, 1957, էջ 722։
  6. Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, Երևան, 2003, էջ 106. ISBN 5-540-01565-6.
  7. Հակոբյան Պ., Ախլցխան XII-XIX դարերում, Երևան, 2016, էջ 130-131։
  8. 8,0 8,1 Քօսեան Հ., Բարձր Հայք։ Կարին քաղաքը, հ. Ա, էջ 83։
  9. «Արձականք», 1885, №26, էջ 368։
  10. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 26, թ. 9. (թվաքանակը ներառում է Ջուլղա գյուղի բնակչության թիվը)։
  11. ՀԱԴ, ֆ 196, ց. 1, գ. 64, թ. 7; «Кавказский календарь на 1915 г.», с. 203.
  12. Օրացոյց եւ պատկեր տօնից, Թիֆլիզ, 1915, էջ 78։
  13. ՀԱԴ, ֆ 316, ց. 1, գ. 65, թ. 30-31:
  14. 14,0 14,1 14,2 14,3 Ըստ գյուղապետարանի տվյալների։
  15. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
  16. Հակոբյան Հ., Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը, Արխիվացված 2017-08-22 Wayback Machine Երևան, 2002, էջ 106։
  17. Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, Երևան, 2003, էջ 117. ISBN 5-540-01565-6.
  18. Ըստ 2017 թ. տվյալների։ Video ՅուԹյուբում
  19. Ըստ 2017 թ. տվյալների։ Video ՅուԹյուբում
  20. ՀԱԴ, ֆ 316, ց 1, գ 30, թ 107։
  21. Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, Երևան, 2003, էջ 92. ISBN 5-540-01565-6.
  22. Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, Երևան, 2003, էջ 123. ISBN 5-540-01565-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 130