Ճապաղջուր
Բնակավայր | ||
---|---|---|
Ճապաղջուր | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Բինգյոլի մարզ | |
ԲԾՄ | 1153 մետր | |
Բնակչություն | 160 165 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | bingol.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Ճապաղջուր կամ Բինգյոլ (թուրքերեն՝ Bingöl, քրդ.՝ Çewlik), Թուրքիայի Հանրապետության Բինգյոլի մարզի մարզկենտրոնն է։
Հնում եղել է գյուղ ու կազմել համանուն Ճապաղաջուր գավառի մաս, որը տարածքով համապատասխանում է Հաշտյանք գավառին։ Գավառն ունի անտառապատ լեռներ ու հորդառատ ջրեր։ Տարածված է ընդարձակ հովտում՝ շրջապատված լեռներով։ Այստեղով հոսում են Արածանիի ավազանի 4 գետեր՝ իրենց վտակներով։ Ջրակուտակման համար էլ գավառն անվանված է Ճապաղջուր։ Հետագայում Ճապաղջուր անունով շարունակվել է կոչվել այս գավառի մի մասը՝ Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Գենջի գավառի Ճապաղջրի գավառակը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բնակավայրը հայտնի է նաև իր անվան մի քանի այլ տարբերակներով՝ Ճապղջուր, Ճարալջուր, Ճապաղ, Ճապաղաջուր և այլն։ Հնում կոչվում էր Կթառիճ, որն ամրոց էր։ Անվանել է նաև Խուլփ, իսկ այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ, որը նշանակում է «հազար լիճ»։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապաղջուրը, Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է տարբեր՝ գյուղ, ավան, ամրոց կամ բերդ, բերդաքաղաք։
Գտնվում է Արածանիի հովտում, նրա աջ կողմում, Ճապաղջուր (Գյունեք) գետակի ափին, Բալու գյուղաքաղաքից արևելք, իսկ Քղիից հարավ, ջրառատ վայրում։ Երբեմն Արածանիի՝ Ճապաղջրով հոսող հատվածը կոչել են վերջինիս անունով։
Հնում Ճապաղջրի շրջանը, Գենջը և Զիտկեն միասին վերցրած կազմում էին Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառը։ Իսկ այս վերջինս իր բերդերով, որոնց թվում էր և Կթառիճ–Ճապաղջուրը, համարվում էր Արշակունիների արքայկան կալվածք ու տրված էր թագավորական տան կրտսեր զավակներին իբրև սեփականություն։ Ոմանք Ճապաղջուրը համարում են ոչ թե Հաշտյանքի, այլ Հանձիտի մեջ մտնող բնակավայր։ XI դարում հիշատակվում է իբրև եպիսկոպոսանիստ ավան և մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ Թուրքական տիրապետության շրջանում համանուն գավառակի կենտրոնն էր, որը մինչև 1829 թվականը մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ։ 20-րդ դարում ստանում է Բինգյոլ անունը և դառնում նույնանուն մարզի կենտրոնը։
Ճապաղջրի մասին մեզ հասած պատմական տեղեկությունները սակավ են։ Սակայն հայտնի է, որ Կթառիճ-Ճապաղջուրը Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.) անցել էր Բյուզանդիային և ամուր բերդ էր պարսկա–հռոմեական սահմանամերձ շրջանում։ Նկատի ունենալով դրա ռազմավարական կարևոր նշանակությունը՝ բյուզանդական կայսր Հուստինիանոսը (527— 565) ավելի էր ամրացրել պաշտպանական զանազան կառույցներով։ Ստեփանոս Ասողիկի մի վկայությունից երևում է, որ Ճապաղջուրը X դարում դարձյալ համարվում էր կարևոր բերդ, չնայած պատմիչը բառացիորեն այն բերդ չի կոչել։ Այսպես, խոսելով 995 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին, ժամանակակից պատմիչը գրում է. «Խարխլեալ Ճապաղաջուր, բերդին Դկլաթայ, Աթթախայ և Ամթայ...»։ Դրանից հետո Ճապաղջուրը նախ մտնում էր Փիլարտոս Վարաժնունու, ապա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ XIII դ. 40–ական թվականներին այն գրավում են մոնղոլները, իսկ XVI դարի սկզբներին՝ օսմանյան թուրքերը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ճապաղջրի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Նրանք ունեին վարժարան և եկեղեցի։
Հայոց ցեղասպանությունից հետո բնակչության մեծ մասը կազմում են քրդեր, որոնք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Վերջերս այստեղ զարգացել է զբոսաշրջությունը։ Բնակավայրը լրջորեն վնասվել է 1966 և 2003 թվականների երկրաշարժերի հետևանքով։ Եղել է ավելի թեթև երկրաշարժի էպիկենտրոն նաև 2020 թվականին։ 2007 այստեղ հիմնադրվել է համալսարան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- armenianhouse.org ։ "ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ", Թադևոս Հակոբյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1987:
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|