Լևոն Տիգրանյանց
Լևոն Տիգրանյանց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1841 |
Ծննդավայր | Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 16, 1906 կամ 1906 |
Վախճանի վայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Պարգևներ |
Լևոն Ակոբջանի Տիգրանյան (1841, Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1906 կամ 1906, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1906), հայ բժիշկ, հասարակական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ուսումը շարունակել է Թիֆլիսում, 1859 թվականից՝ Պետերբուրգում (Կ․ Եզյանի մասնավոր պանսիոնում, ապա՝ բժշկավիրաբուժական ակադեմիայում)։ 1875 թվականին ավարտել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, պայքարել ռուսական բանակում տարածված բծավոր տիֆի համաճարակի դեմ, եղել Էրզրումի նահանգական բժիշկը։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականին զորացրվել է և նշանակվել Երևանի քաղաքային բժիշկ, 1880 թվականին՝ «Առողջապահական մշտական հանձնաժողովի» նախագահ, զբաղվել քաղաքի սանիտար հիգենային վիճակի բարելավմամբ։ 1881-1884 թվականներին Երևանում հրատարակել է «Աոողջապահական թերթ»[1]։ միամսյա հանդեսը։ Տիգրանյանի ջանքերով Երևան է հասցվել Բաշ Ապարանի 40 աղբյուրների ջուրը, բացվել է հիվանդանոց (1890 թվականին)։ Տիգրանյանը մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, եղել 1881 թվականին Երևանում ստեղծված «Հայասեր-ազգասեր» կազմակերպության հիմնադիրներից, որի հիմնական նպատակն էր Հայաստանի երկու հատվածներում կազմակերպել միաժամանակյա ապստամբություն և այդ միջոցով ստեղծել անկախ Հայաստան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապեր է հաստատել Կարինի «Պաշտպան հայրենյաց», Մոսկվայի և Թիֆլիսի ազատագրական գաղտնի կազմակերպությունների, ինչպես նաև Կ․ Պոլսի, Վանի և արևմտյան Հայաստանի այլ քաղաքների հայրենասերների հետ։ 1881 թվականին գործուղվել է Իրան՝ պայքարելու ժանտախտի համաճարակի դեմ և, օգտվելով առիթից, Սալմաստով անցել Վան, տեղի ռուսական փոխհյուպատոս Կամսարականի հետ բանակցել հայ ազատագրական շարժման խնդիրների շուրջ։ Գլխավորելով Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղը՝ կազմակերպել է հանգանակություններ, զանազան միջոցառումներ, որոնց հասույթը հատկացրել է զենք գնելուն և այն արևմտյան Հայաստան տեղափոխելուն։ Ցարական իշխանությունը ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով 1883 թվականին Տիգրանյանին երեք տարով աքսորել է Դորպատ, որտեղից նա անցել է Գերմանիա և Ֆրանսիա, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1894 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, սակայն չհաշտվելով ցարական իշխանությունների կամայականությունների հետ, 8 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։
Տիգրանյանի գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրանյանը հայ բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ առաջադրել է կանխարգելիչ բժշկության գաղափարը, ժողովրդի առողջապահության խնդիրը շաղկապել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ նախադրյալների հետ։ Նրա ջանքերով Երևանի դպրոցներում մտցվել է ֆիզկուլտուրայի դասավանդում։ Տիգրանյանի «Մարդակազմություն» (1881 թ.) ձեռնարկը երկար ժամանակ օգտագործվել է Երևանի դպրոցներում։ Մանկավարժության հարցերին է նվիրված «Մանկական պարտեզ․․․» (1897 թ.) աշխատությունը։ Կազմել է հայ բժշկական բառարաններ, թարգմանել և հրատարակել է մի շարք բառարաններ։ Տիգրանյանի 1898 թվականին գրված հուշերը («Իմ հիշատակարանը», անտիպ) արժեքավոր նյութեր են պարունակում 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման, ժամանակաշրջանի այլ իրադարձությունների, նշանավոր հասարակական քաղաքական գործիչների (Միքայել Նալբանդյան, Կ․ Եզյան, Մ․ Սանասարյան, Մ․ Լոռիս-Մելիքով, Կ․ Կամսարական) վերաբերյալ։
Կազմած բառարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարմնակազմական կամ անատոմիական բառարան լատիներենից և ռուսերենից հայերեն» (1879 թ.),
- «Բառարան բժշկական բույսերի, լատիներենից հայերեն և ռուսերեն» (1883 թ.)
Թարգմանված բառարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուգո Պոլի «Բժշկարանը» (1892 թ.)
Թարգմանված գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոթեի «Հերման և Դորոթեա» («Մուրճ», 1895 թ.)
- Գյոթեի «Ֆաուստ» («Մուրճ», 1899 թ.)
- Գյոթեի «Տորկվատո Տասսո» («Լումա», 1901 թ.)
- Գոգոլի «Վերաքննիչ» (1905 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԹԵՐԹ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
Նախորդող Բարսեղ Գեղամյան 1884 – 1893 |
Երևանի քաղաքագլուխ Լևոն Տիգրանյանց 1894 – 1895 |
Հաջորդող Արամ Բունիաթյան 1895 – 1896 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 701)։ |
- 1841 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 16 մահեր
- 1906 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի քաղաքապետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ բժիշկներ
- Դորպատի համալսարանի ուսանողներ
- Հայ մանկավարժներ
- Հայ թարգմանիչներ
- Դասագրքերի հեղինակներ