Արամ Շահգելդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Շահգելդյան
Ծնվել էհունվարի 16, 1897(1897-01-16)
ԾննդավայրԱստապատ
Մահացել է1948
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Գևորգյան հոգևոր ճեմարան
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Արամ Հովհաննեսի Շահգելդյան (հունվարի 4, հունվարի 16, 1897 թվական, գյուղ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) - 1948), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1915-1916 թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը և ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում։ Նույն թվականի վերջին մեկնել է Սուխում, մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, Սոչիում և Տուապսեում խորհրդային իշխանության հաստատման համար։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ 1918 թվականի վերջերին Շահգելդյանը Պյատիգորսկում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից։ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ եկել է Հայաստան, նշանակվել Դիլիջանի գավառային հեղկոմի նախագահ։ Դաշնակների Փետրվարյան խռովության (1921) ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատում։ 1921-ին խմբագրել է Էջմիածնի «Կարմիր գյուղացի» շաբաթաթերթը[1]: Մինչև 1923 թվականը եղել է Էջմիածնի, Ալեքսանդրապոլի (Գյումրի) և Երևանի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ 1923-1927 թվականներին ՀԿ (բ) կ Երևանի գավկոմի քարտուղարն էր։ ՀԿ (բ) կ չորրորդ համագումարում (1925 թվական) ընտրվել է ՀԿ (բ) կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927-1929 թվականներին սովորել է ՀամԿ (բ) կ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1929 թվականին աշխատել է ՀամԿ (բ) կ Իվանովոյի մարզկոմում։ 1930-1932 թվականներին եղել է Արխանգելսկի օկրուգկոմի քարտուղար։ 1932-1936 թվականներին, 1940-1941 թվականներին և 1942-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ 1936 թվականին եղել է ՀամԿ (բ) կ Կենտկոմի թեթև արդյունաբերության սեկտորի վարիչ, ապա Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) մարզկոմի քարտուղար։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել է։ 1944-1946 թվականներին Շահգելդյանը արտասահմանյան գրականության հրատարակչության տնօրենի տեղակալն էր։ Եղել է ԽՄԿԿ 14-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգեն Ամիրբեկյան, Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-14:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420 CC-BY-SA-icon-80x15.png