Գուրգեն Փահլևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Փահլևանյան
Гурген Арташесович Пахлеванян.jpg
Դրոշ
Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
1 հունիսի, 1957 թվական - 21 մարտի, 1960 թվական
Նախորդող Գուրգեն Չոլախյան
Հաջորդող Սուրեն Վարդանյան
 
Կուսակցություն՝ Կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 23, 1908(1908-02-23)
Ծննդավայր Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Վախճանի օր 1986
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Գուրգեն Արտաշեսի Փահլևանյան (փետրվարի 23, 1908(1908-02-23), Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ պետական և կուսակցական գործիչ։ Եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1957 թվականի հունիսի 1-ից մինչև 1960 թվականի մարտի 21-ը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Փահլևանյանը ծնվել է 1908 թվականի փետրվարի 23-ին Կարս քաղաքում[2]։ Սովորել է տեղի դպրոցում։ Այն բանից հետո, երբ 1920 թվականին քաղաքը գրավվել է թուրքերի կողմից, Գուրգեն Փահլևանյանն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ Այնտեղ նա 1925 թվականին ավարտել է 82-րդ աշխատանքային դպրոցը և մեկ տարի անց ընդունվել Երևանի պետական համալսարանի հիդրոտեխնիկայի բաժին։ 1929 թվականին պրակտիկա է անցել կառուցվող ԴնեպրոՀԷԿ-ում (ДнепроГЭС)[3]։

1931 թվականի փետրվարին ավարտել է համալսարանը և տեղափոխվել Մեղրի, որտեղ դարձել է ջրային տնտեսության Մեղրիի շրջանային բաժնի պետ: Հետագայում նա աշխատել է որպես տեխնիկ Այղր լճի ջրամբարձ կայանում: 1940 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ և նշանակվել Հայկական ԽՍՀ ջրային տնտեսության ժողովրդական կոմիսար Գ. Աղախանյանի տեղակալ[3][2]:

1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, զորակոչվել է բանակ՝ ընդգրվելով սակրավոր գումարտակի կազմում։ 1942 թվականին տեղափոխվել է 45-րդ բանակի ինժեներական զորքեր, մասնակցել Թուրքիայի հետ սահմանի վրա պաշտպանական կառույցների շինարարությանը։ 1943 թվականից եղել է Ռազմադաշտային շինարարության Անդրկովկասյան ռազմաճակատային 57-րդ առանձին վարչության գլխավոր ինժեներ։ Պատերազմի ավարտին ունեցել է կապիտանի կոչում[3]։

Զորացրվելուց հետո Գուրգեն Փահլևանյանը 1946 թվականին նշանակվել է «Ջրնախագիծ» նախագծային կազմակերպության ղեկավար Երևանում։ 1947 թվականից մինչև 1950 թվականն զբաղեցրել է Հայկական ԽՍՀ կոմունալ տնտեսության նախարարի պաշտոնը[3][2]։

1950 թվականի հունվարին ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Մոլոտովի շրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին դարձել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հանձնարարությամբ կազմակերպել է Ծիծեռնակաբերդի բարձունքում անտառտնկման աշխատանքները։ 1952 թվականին՝ Հայկական ԽՍՀ-ում վարչական շրջանների ձևավորումից հետո, նշանակվել է Երևանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև շրջանների լուծարումը 1953 թվականի ապրիլին, ինչից հետո ոչ երկար ժամանակ աշխատել է որպես գյուղատնտեսության նախարարության նախագծային ինստիտուտի տնօրեն[3][2]։

1953 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, իսկ 1954 թվականին դարձել առաջին քարտուղար[3][2]։ 1956 թվականին եղել է ԽՄԿԿ XX համագումարի պատվիրակ։

1957 թվականին Գուրգեն Փահլևանյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի առաջարկով Գուրգեն Փահլևանյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, թեև սկզբում հրաժարվել է այդ պաշտոնից[3]։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 1957 թվականի հունիսի 1-ից մինչև 1960 թվականի մարտի 21-ը[1]։ Փահլևանյանն ակտիվորեն զբաղվել է բնակարանների հատկացման գործում կաշառակերության դեմ պայքարին։ Նրա անձնական պատախանատվությամբ Երևանում տեղադրվել է Սասունցի Դավթի արձանը, չնայած պայքար էր մղվում ավելորդությունների դեմ[3]։

1960 թվականին պաշտոնից հեռանալուց հետո Գուրգեն Փալևանյանը դարձել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1961 թվականին նշանակվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև թոշակի անցնելը։ 1971 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ[3][2]։

1981 թվականին Գուրգեն Փահլևանյանն անցել է թոշակի։ Մահացել է 1986 թվականին Երևանում թոքերի բորբոքումից հետո[3][2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Գուրգեն Փահլևանյանն ամուսնացել է Արաքս Սարգսյանի հետ, ում գիտեր Թբիլիսիի դպրոցից: Նրանք ունեցել են երեք որդի՝ Ռոմիկ, Կարեն և Բաբկեն[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бывшие мэры Еревана // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Пахлеванян Гурген Арташесович // Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Сурен Саркисян Гурген Пахлеванян на стройках Второй республики // Голос Армении от 26 июня 2015
Նախորդող
Գուրգեն Չոլախյան
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Գուրգեն Փահլևանյան

01.06.1957 – 21.03.1960
Հաջորդող
Սուրեն Վարդանյան