Գուրգեն Չոլախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Տիգրանի Չոլախյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
ապրիլի 6, 1955 - հունիսի 1, 1957
Նախորդող Բաբկեն Աստվածատրյան
Հաջորդող Գուրգեն Փահլևանյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 9, 1909(1909-05-09)
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1992(1992-12-26) (83 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Զավակներ Իզա Չոլախյան
 
Պարգևներ
Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Գուրգեն Տիգրանի Չոլախյան (մայիսի 9, 1909(1909-05-09), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1992(1992-12-26), Երևան, Հայաստան), ճարտարագետ, արդյունաբերության կազմակերպիչ, պետական գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1964)։ Ճարտարապետ Իզա Չոլախյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Չոլախյանի հուշատախտակը Երևանում

1928 թվականին ավարտել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումը, 1947 թվականին՝ Մոսկվայի համամիութենական հեռակա պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսմանը զուգահեռ աշխատել է ավտոտրակտորային ԳՀԻ-ում՝ որպես կոնստրուկտոր։ Վերադառնալով Երևան` աշխատել է Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում։ 1939-1941 թվականներին եղել է ՀԽՍՀ տեղական արդյունաբերության, 1941-1945 թվականներին` Ժողկոմխորհրդի նախագահ, 1945-1947 թվականներին՝ Մոսկվայում ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից ՀԽՍՀ նախարարների խորհրդի մշտական ներկայացուցիչ, 1948-1955 թվականներին՝ Երևանի էլեկտրամեքենաշին (№ 447) գործարանի տնօրեն, 1955-1957 թվականներին՝ Երևանի քաղխորհրդի նախագահ[1], 1961-1963 թվականներին՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհրդի փոխնախագահ, 1963-1966 թվականներին՝ նախագահ, 1966-1974 թվականներին՝ Միկրոէլեկտրոնիկայի ԳՀ տեխնոլոգիական ինստիտուտի ( 1971 թվականից՝ ՀԽՍՀ առաջին ԳԱՄ-ը) հիմնադիր տնօրեն։ Ժողտնտխորհում աշխատած տարիներին Հայաստանում կառուցվել է 215 գործարան։ Բազմիցս եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականից հայկական էլեկտրատեխնիկական արդյունաբերության բնագավառում հսկայական ներդրում ունեցած Գուրգեն Չոլախյանին վստահվել է հայկական միկրոէլեկտրոնային արտադրությանը թափ հաղորդելու պատասխանատու գործը։

Ինչո՞ւ մեր գիտական ձեռքբերումները Հայաստանից դուրս կյանքի կոչվեն, եկեք հենց մեր երկրում գործարաններ հիմնենք ու արտադրանքի վերածենք հայ գիտական մտքի ձեռքբերումները։

1966 թվականի դեկտեմբերի 29-ին Չոլախյանը հրավիրվում է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի մոտ։ Վերջինս և Արզումանյանը (Հայաստանի Կոմկուսի քարտուղարներից) տեղեկացնում են Երևանում Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծման վերաբերյալ 28.12.1966-ին Ա.Ի.Շոկինի ստորագրած հրամանի մասին, ջերմորեն շնորհավորում են Չոլախյանին` տնօրենի պաշտոնում նշանակման առթիվ։ Նորաստեղծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետը և տնօրենի գիտական գծով տեղակալը լինելու էր Բ.Բ.Մելիք-Շահնազարովը, ում անունը կապված էր Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ավելի հայտնի որպես «Մերգելյան ինստիտուտ»)՝ մասնավորապես «Հրազդան» (Կիսահաղորդիչ տարրերով աշխատող «Հրազդան» երկրորդ սերնդի համակարգիչ, 1961թ.) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ) ստեղծման հետ։ 1968 թվականի ապրիլի վերջին Չոլախյանն այցելեց մերձմոսկովյան նորաստեղծ Զելինոգրադ քաղաքի Միկրոէլեկտրոնիկայի գիտական կենտրոնի (ՄԳԿ) փորձարարական գործարաններ ունեցող յոթ ԳՀԻ-ներ։ Այստեղ էր, որ սահմանվում էր ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման ուղին։ Մանրամասն ծանոթանալով տեղի ինստիտուտների գործունեությանը՝ եզրակացությունը մեկն էր. ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության համար գերխնդիր էր ունենալ բարձր արտադրողականությամբ ստուգիչ-չափիչ ավտոմատացված համակարգեր, որոնք կկիրառվեին միկրոսխեմաների թեստավորման նպատակով՝ ապահովելով դրանց արտադրման գործընթացի արագ և ճշգրիտ վերահսկողությունը։

«ԱՆԱՀԻՏ-1»[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի կեսերին ծրագրվել է Երևանի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի երեք գիտաշխատողների գործուղել Ֆրանսիա, ԳՖՀ և Անգլիա, ինչպես նաև ձեռք բերել միկրոսխեմաների ստուգիչ-չափիչ ճապոնական համասարք՝ որպես նմուշ-օրինակ ինստիտուտի հետագա արտադրանքների համար։

Չոլախյանն իր օրագրում գրում է, որ 1968 թվականի օգոստոսի սկզբին պատրաստ էր «ԱՆԱՀԻՏ-1» համասարքի փորձանմուշը, իսկ 1969 թվականի ապրիլի սկզբին Մոսկվայից ստացվում է «ԱՆԱՀԻՏ-1» համասարքի ընդունման մասին լուրը։ Մոսկվայում «ԱՆԱՀԻՏ-1»-ը համարվել էր որպես “Тропа-1” տիպի ինտեգրալ սխեմաների բնութագրերի վերջնական ստուգման համար նախատեսված խորհրդային արտադրության առաջին ավտոմատացված համասարք։

Նախորդող
Բաբկեն Աստվածատրյան
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Գուրգեն Չոլախյան

06.04.1955-01.06.1957
Հաջորդող
Գուրգեն Փահլևանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի նախկին քաղաքապետները, Համառոտ կենսագրություններ և պաշտոնավարման տարեթվեր». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Գուրգեն Չոլախյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]