Բենիամին Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիամին Սահակյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1886[1] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 1934[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1904)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Աշխատավայր | Կայծ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բենիամին Եգորի Սահակյան (մայիսի 5, 1886 թվական, Ջալալօղլի, այժմ՝ Ստեփանավան - հունվարի 22, 1934 թ., Թիֆլիս), Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1904)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1904) և Մոսկվայի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը (1925)։ Բոլշևիկյան գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից՝ Ջալալօղլիում, այնուհետև Թիֆլիսում։ Սերտ կապերի մեջ է եղել Ստեփան Շահումյանի, Դանիել Շահվերդյանի, Սարգիս Կասյանի, Նինա Խանոյանի և ուրիշների հետ։ Ագիտացիոն թռուցիկներ և անլեգալ գրականություն է տարածել Թիֆլիսում։ 1906 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, աշխատել «Կայծ», «Նոր խոսք» թերթերի խմբագրություններում։ 1906 թվականի վերջերին Շահումյանի առաջարկությամբ մեկնել է Բաքու և աշխատել «Օրեր» թերթում։ 1907-1910 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ Բաքվի և Ղզլարի հայկական դպրոցներում։ 1913-1914 թվականներին Կարսում կազմակերպել է սոցիալ-դեմոկրատական խմբակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչական աշխատանք է տարել Սարիղամիշում և էրզրումում։ 1918 թվականին մեկնել է Պյատիգորսկ՝ նշանակվել պետական վերահսկողության կոմիսար, մասնակցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1919-ին եկել է Թիֆլիս, անցել Հայաստան, Ջալալօղլիում կազմակերպել այպես կոչված՝ կուսակցական բջիջ և պայքարել Հայաստանի Հանրապետության ղեկավարության դեմ։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Թիֆլիս, աշխատել խորհրդային դեսպանատանը։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] նշանակվել է Լոռվա հեղկոմի, այնուհետև՝ Երևանի գավառային հեղկոմի նախագահ։ 1925 թվին նշանակվել է Անդրկովկասի պետդրամարկղների վարիչ Թիֆլիսում, որից հետո եղել է Անդրկովկասի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի տնօրենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 136)։ |