Jump to content

Անարխիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն։ Վերջինս օգտագործվում է առանց պետականության հասարակություն իմաստով, սակայն որոշ հեղինակներ բացատրում են եզրը ավելի հստակ. որպես ազատ, ոչ հիերարխիկ միությունների վրա հիմնվող ինստիտուցիա։ Անարխիզմը համարում է պետությունը ոչ ցանկալի, ոչ անհրաժեշտ և վնասակար։ Անարխիզմը հակադրվում է ոչ միայն պետական համակարգում մարդու հանդեպ իշխանությանը և հիերարխիկ կազմակերպմանը, այլ մարդկային հարաբերություններում ցանկացած իշխանական դրսևորումներին։

Անարխիզմը, որպես փիլիսոփայություն, ճկուն և բազմատարր է և չի առաջարկում եզակի աշխարհայացքով պայմանավորված կոնկրետ համակարգ։ Գոյություն ունեն անարխիզմի բազմաթիվ ուղություններ և ավանդույթներ, որոնց մի մասը իրարամերժ են։ Անարխիստական մտքի տարբեր դպրոցները կարող են հիմնորեն տարբերվել․ ծայրահեղ ինդիվիդուալիզմից մինչև բացարձակ կոլլեկտիվիզմ։ Անարխիզմի ուղղությունները հիմնականում բաժանվում են երկու խմբերի՝ սոցիալական և ինդիվիդուալ։ Սովորաբար, անարխիզմը համարվում է արմատական ձախ գաղափարախոսություն։ Դրա տնտեսական և իրավական փիլիսոփայությունը հիմնականում հանդիսանում է կոմունիզմի, կոլլեկտիվիզմի, սինդիկալիզմի, մուտուալիզմի և մասնակցային տնտեսության հակաավտորիտար ըմբռնումը։

Ստուգաբանություն և Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմ եզրը ածանցավոր բառ է՝ բաղկացած անարխիա բառից և -իզմ ածանցից[1]։ Դրանք իրենց հերթին փոխառություններ են հունարեն ἀναρχία[2], այսինքն՝ անարխիա[3][4][5] (բաղկացած՝ ἄναρχος, անարխոս, նշանակությունը՝ “կառավարիչ չունեցող”[6], իր հերթին բաղկացած ժխտական ἀν- նախածանցից(ան-, այսինքն “առանց”), ἀρχός, արխոս, այսինքն “ղեկավար”, “կառավարիչ”[7], (արխոն կամ ἀρχή, arkhē, այսինքն “իշխանություն”, “սուվերենություն”, “մագիստրություն”)[8]) և -ισμός or -ισμα վերջածանցից (-իզմոս, -իզմա)[9]։ Ֆրանսիական Հեղափոխության ընթացքում տարբեր խմբակցություններ «անարխիստ» են կոչել իրենց հակառակորդներին (ինչպես Ռոբեսպիեռի կողմնակիցները Էբերտիստներին)[10] մինչդեռ նրանցից քչերն էին կրում ավելի ուշ շրջանի անարխիստների գաղափարները։ 19-րդ դարի սկզբի հեղափոխականներից շատերը ազդեցություն են ունեցել հաջորդ սերնդի անարխիստական տեսությունների վրա, (օրինակ․ Վիլյամ Գոդվին և Վիլհելմ Ուեյթլինգ), սակայն չեն օգտագործել անարխիզմ և անարխիստ բառերը իրենց կամ իրենց համոզմունքները սահմանելու համար։

Առաջին քաղաքական փիլիսոփան, ով իրեն անարխիստ անվանեց՝ Պիեռ֊Ժոզեֆ Պրուդոնն էր, այդպիսով 19֊րդ դարի կեսերին ֆորմալ առումով դնելով անարխիզմի սկիզբը։ Սկսած 1890-ականներից Ֆրանսիայում[11] լիբերտարիանիզմ եզրը սկսեց հաճախ օգտագործվել է որպես անարխիզմի հոմանիշ[12] և օգտագործվում է գրեթե միայն այս իմաստով[13]։ Մյուս կողմից, լիբերտարիանիզմ է անվանվում նաև ինդիվիդուալիստական ազատ֊շուկայական փիլիսոփայությունը՝ լիբերտարիանական անարխիզմը։

Շատերի կողմից առաջին անարխիստը համարվող Վիլյամ Գոդվինը (1756-1836)

Անարխիստական թեմատիկայով ամենավաղ գրառումները կարելի է գտնել մ․թ․ա․ 6֊րդ դարում, դաոսական փիլիսոփա Լաո Ցզիի աշխատություններում, և հաջորդ դարերում Ժուանգ Ցզիի և Բաո Ջինգյանի մոտ։ Տարբեր աղբյուրներ Ժուանգ Ցզիի փիլիսոփայությունը մեկնաբանում են որպես անարխիստական։ Նա գրում է․  «Փոքր գողը նստած է բանտում։ Մեծ ավազակը դարձել է տիրակալ»։ Դիոգենես Սինոպացին և կինիկները, իրենց ժամանակակից Զենոն Կիտացին՝ ստոիկության հիմնադիրը, նույնպես նմանատիմ թեմաներ էին առաջ բերում։ Քրիստոնեական անարխիզմի ավանդույթում Հիսուսը երբեմն համարվում է առաջին անարխիստ։ Ջորջ Լեչարտյեն գրում է․ «Անարխիզմի իրական հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է և ․․․առաջին անարխիստական հասարակությունը առաքյալներինն էր։» Իսլամի վաղ պատմության մեջ  անարխիստական մտքի դրսևորումներ նկատվում են հանուն Խալիֆաթի Իսլամական քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ Խարիջիթները ամրագրեցին իմամատը իսլամական հասարակության բոլոր անհատների համար։ Ավելի ուշ որոշ իսլամական սքոլաստներ, ինչպես օրինակ Ամեր ալ֊Բասրին և Աբու Հանիֆան, առաջնորդեցին իշխանավորներին բոյկոտելու շարժումները, որոնք ճանապարհ հարթեցին վաքֆերի ավանդույթի համար, ինչը այլընտրանք էր էմիրների կենտրոնամետ իշխանությանը։ Սակայն, վերոնշյալ, գրեթե անարխիստական դաոիստական ուսմունքի և այլ հակա֊ավտորիտար կրոնական ավանդույթների այսպիսի մեկնաբանումից առաջանում է բարդ հարց․ արդյոք անարխիզմը համատեղելի է կրոնի հետ, թե ոչ։ Օրինակ, երբ պետության փառաբանումը դիտարկվում է որպես մեղսական կռապաշտություն։

Վերածննդի ֆրանսիացի փիլիսոփա Էթիեն դե լա Բոեսի ամենահայտնի՝ “Խոհեր կամավոր ստրկության մասին” աշխատությունը որոշ պատմաբաններ համարում են նախադեպ՝ անարխիզմի պատմության համար։ Արմատական բողոքական Ջերարդ ՈՒինստենլին և նրա դիգգերների խումբը որոշ հեղինակների կողմից հիշատակվում են որպես 17-րդ դարի՝ Անգլիայում սոցիալական փոփոխություններ առաջարկող անարխիստներ։ “Անարխիստ” եզրը առաջին անգամ անգլերեն օգտագոգրծվել է 1642 թվականին՝ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, որպես վիրավորանք։ Այն օգտագործվել է Ռոյալիստների կողմից՝ վերջիններիս հակառակորդների՝ Ռաունդհեդերի դեմ։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում, ոմանք, օրինակ՝ Կատաղածները(Enragés) սկսեցին օգտագործել եզրը դրական իմաստով, ի հակադրություն Յակոբինների ուժերի կենտրոնացմանը, “հեղափոխական կառավարությունը” դիտարկելով որպես օքսյումորոնային։ 19-րդ դարասկզբին անգլերեն “անարխիզմ” բառը կորցրեց իր բացասական երանգը։

Ժամանակակից անարխիզմը ծագում է լուսավորչության շրջանի աշխարհիկ և կրոնական մտքից, մասնավորապես՝ Ժան֊Ժակ Ռուսոյի փաստարկներից, ըստ որոնց բարոյականությունը ազատության գաղափարում կենտրոնական դեր է զբաղեցնում։

1790֊ական թվականներին, երբ Ֆրանսիական Հեղափոխությունը վերելք էր ապրում, Վիլիամ Գոդվինը ձևակերպեց ժամանակակից անարխիստական մտքի առաջին արտահայտումները։ Ըստ Պյոտր Կրոպոտկինի, Գոդվինը «առաջինը ձևկերպեց անարխիզմի քաղաքական և տնտեսական կոնցեպտները, չնայած, իր աշխատության մեջ այդ գաղափարները չէին անվանվում անարխիստական»։ Միաժամանակ Գոդվինի անարխիստական գաղափարները բխում են Էդմունդ Բրուկի վաղ շրջանի մտքերից։

Ընդհանրապես Գոդվինը համարվում է “փիլիսոփայական անարխիզմի” դպրոցի հիմնադիրը։ “Քաղաքական արդարություն” (1793) աշխատությունում նա պնդում է, որ կառավարությունը իր բնույթից ելնելով վնասակար ազդեցություն ունի հասարակության վրա և հավերժացնում է կախվածությունն ու տգիտությունը։ Նա կարծում էր, որ քննադատական մտածողության զանգվածային տարածումը վերջ ի վերջո կհանգեցնի կառավարության վերացմանը, որովհետև վերջինս կկորցնի իր անհրաժեշտությունը։ Չնայած որ նա չէր օժտում պետությունը բարոյական լեգիտիմությամբ,  կառավարությունը իշխանազրկելու՝ հեղափոխական մարտավարությունների կիրառմանը։ Ավելին, նա խաղաղ էվոլյուցիայի ճանապարհով կառավարության հեռացման կողմնակից էր։

Պարտադրված կանոնների վրա հիմնված հասարակության հանդեպ հակակրանքից ելնելով նա քննադատում էր օրենքի հիմքերը, սեփականության իրավունքը և ամուսնության ինստիտուտը, համարելով դրանք ժողովրդի “մտավոր ստրկացման” արտահայտում։ Նա համարում էր, որ տվյալ հասարակության բազային հիմքերը զսպում են անհատների բնական զարգացումը, թույլ չտալով օգտագործել իրենց տրամաբանելու ունակությունը հասնելու փոխշահավետ սոցիալական կարգի ստեղծմանը։ Ըստ Գոդվինի, ցանկացած հարցում, կառավարությունն ու իր ինստիտուտները սահմանափակում են մեր՝ ամբողջական և ազատ, անհատական դատողությունների հիման վրա լիարժեք  ապրելու ունակությունների զարգացումը։

Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը առաջինն է՝ ով ինքն իրեն անարխիստ է անվանել իր՝ 1840 թվականին հրատարակված «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ։ Դրա պատճառով է որ շատերը Պրուդոնին համարում են ժամանակակից անարխիստական տեսության հիմնադիրը։ Նա զարգացրեց հասարակության ինքնակազմակերպման տեսությունը, ըստ որի հանրային կառույցները ձևավորվում են առանց հասարակական կառուցվածքի մասին սեփական պատկերացումները առաջ տանող կենտրոնական համակարգողի։ Ըստ Պրուդոնի, կենտրոնական համակարգողը իր պատկերացումները հակադրում է իրենց սեփական շահի համար գործող անհատների կամքին։ Դրա մասին Պրուդոնն ասել է հետևյալը․ «Ազատությունը հասարակական կառուցվածքի մայրն է, և ոչ թե դուստրը»։  «Ի՞նչ է սեփականությունը» աշխատության մեջ նա պնդում է՝ «Սեփականությունը՝ գողություն է»։ Վերոնշյալ աշխատության մեջ նա հակադրվում է մասնավոր սեփականության (propriété) ինստիտուտին, որտեղ սեփականատերը ունի բացարձակ իրավունք “օգտագործելու ու չարաշահելու” իր սեփականությունը ինչպես ցանկանա։ «Մանավոր սեփականության»-ը նա հակադրում է այսպես կոչված «տնoրինում»֊ը, ինչը իրենից ենթադրում է բարիքների և միջոցների սահմանափակ սեփականություն՝ շարունակական օգտագործման պայմանով։ Ինչևէ, ավելի ուշ Պրուդոնը հավելում է՝ «Սեփականությունը՝ ազատություն է» և պնդում, որ այն պարիսպ է պետական իշխանության դեմ։ Պետությանը, կրոնին և որոշակի կապիտալիստական պրակտիկաներին նրա հակառակվելը ոգևորեց հաջորդ սերունդների անարխիստներին, և դարձրեց իրեն իր ժամանակի առաջատար հասարակական գործիչներից մեկը։

Անարխո-կոմունիստ Ժոզեֆ Դեժաքն առաջինն էր, ով ինքն իրեն անվանեց «լիբերտարիանական»։ Ի տարբերություն Պիեր-Ժոզեֆ Պրուդոնի, նա պնդում էր, որ «սա [սեփականությունը] նրանց աշխատանքի արդյունքը չէ, որի իրավունքը աշխատավորներն ունեն, այլ միջոց է նրանց կարիքների բավարարման համար` անկախ դրանց բնույթից»։ 1844 թվականին Գերմանիայում հետհեգելյան փիլիսոփա Մաքս Շտիրները հրատարակեց  «Միակը և իր սեփականությունը» (The Ego and Its Own) գիրքը, որը հետագայում համարվեց անարխո-ինդիվիդուալիզմի առաջին ազդեցիկ տեքստը։ 1848 թվականի Հեղափոխությանը ակտիվ մասնակցություն են ունեցել ֆրանսիացի անարխիստներ Անսելմ Բելժարին, Էռնեստ Կեռդերոյը, Ժոզեֆ Դեժաքը և Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը։

Առաջին Ինտերնացիոնալ և Փարիզի Կոմունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին Եվրոպայով անցավ հեղափոխությունների ալիք, որի ընթացքում տաս պետություններում տեղի ունեցան տարբեր տևողության սոցիալական ցնցումներ, հիմնականում ազգային, հակակայսերական գաղափարներով ոգեշնչված։ Համակարգային փոփոխություններ բերելու փորձերի մեծամասնության ձախողումից  հետո, հետադիմական, կոնսերվատիվ ուժերը օգտվեցին սոցիալիստների, անարխիստների, լիբերալների և ազգայնականների պառակտումից՝ կանխելով հետագա ապստամբությունները։

Իսպանիայում, Պրուդոնի գաղափարներով ոգևորված, Ռամոն դե լա Սագրաի կողմից 1845 թվականին հիմնվեց անարխիստական «El Porvenir in La Coruña» հանդեսը։ Կատալոնացի քաղաքական գործիչ Ֆրաչեսկ Պիյ ի Մարգալը նախաձեռնեց Պրուդոնի գործերի իսպաներեն թարգմանությունը։ Ավելի ուշ, 1873 թվականին, լինելով Դաշնային Դեմոկրատական֊Հանրապետական Կուսակցության առաջնորդը, Պիյը, կարճ ժամանակով դարձավ Իսպանիայի նախագահ։ Ըստ անարխիզմի պատմաբան Ջորջ Վուդքոքի․ «Այս թարգմանությունները խորին և մնայուն ազդեցություն էին ունենալու 1870 թվականից հետո Իսպանիայում անարխիզմի զարգացման վրա, բայց մինչ այդ, Պիյի մեկնաբանությամբ պրուդոնյան գաղափարները ապահովել էին  1860֊ին  ծագած ֆեդերալիստական շարժման ոգևորության մեծ մասը»։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի․ «1873 թվականին Իսպանական հեղափոխության ընթացքում Պիյ ի Մարգալը փորձել էր պրուդոնական գաղափարներին համահունչ հիմնել  ապակենտրոնացված կամ «կանտոնական» քաղաքական համակարգ»։

1864 թվականին Աշխատավորների Միջազգային Միությունը (նույն ինքը Առաջին Ինտերնացիոնալը) միավորեց տարբեր հեղափոխական ուղղությունները, ներառյալ Ֆրանսիայում՝ Պրուդոնի հետևորդներին, բլանկիստներին, ֆիլադելֆյաններին, և Անգլիայում՝ տրեդյունիոնիստներին, սոցիալիստներին և սոցիալ֊դեմոկրատներին։ Ի շնորհիվ աշխատավորական ակտիվ շարժումների հետ կապերի, Ինտերնացիոնալը դարձավ նշանակալից կազմակերպություն։ Կարլ Մարքսը դարձավ Ինտերնացիոնալի կարևոր դեմքերից մեկը և դրա Գլխավոր Խորհրդի անդամ։ Պրուդոնի հետևորդները` մուտուալիստները ընդդիմացան Մարքսի պետական սոցիալիզմին, պաշտպանելով քաղաքական աբստենցիոնիզմը (պարլամենտական ընտրությունների բոյկոտը) և փոքր սեփականությունը։

Վուդքոքը նաև նշում է, որ ամերիկյան ինդիվիդուալիստ-անարխիստներ Լիսանդեր Սփուները և Վիլիամ Բ․ Գրինը նույնպես Առաջին Ինտերնացիոնալի անդամներ էին։ 1868 թ.֊ին, Խաղաղության և Ազատության լիգայում անհաջող մասնակցությունից հետո, ռուս հեղափոխական Միխաիլ Բակունինը և իր կոլեկտիվիստ֊անարխիստ համախոhները միացան Առաջին Ինտերնացիոնալին։ Նրանք միացան Ինտերնացիոնալի ֆեդերալիստական֊սոցիալիստների խմբերին, որոնք կողմ էին հեղափոխական ճանապարհով պետության տապալմանը և սեփականության կոլեկտիվիզացմանը։

Սկզբից կոլեկտիվիստները համագործակցում էին մարքսիստների հետ, Առաջին Ինտերնացիոնալը դեպի ավելի հեղափոխական սոցիալիզմ տանելու նպատակով։ Հետագայում Ինտերնացիոնալը բաժանվեց երկու ճամբարների, որոնց պայմանական առաջնորդներն էին Մարքսն ու Բակունինը։ Միխաիլ Բակունինը բնութագրում էր Մարքսի գաղափարները, որպես կենտրոնամետական և գուշակում, որ Մարքսի կողմնակիցների ինշխանության գալու դեպքում առաջնորդները պարզապես կզբաղեցնեն այն իշխող դասակարգի տեղը, որի դեմ պայքարում էին։ Ինտերնացիոնալի ամենամյա համաժողովը 1870 թվականին չկայացավ ֆրանս֊պրուսական պատերազմի, Փարիզում ապստամբության չստացված փորձի և մի շարք այլ պատճառներով, իսկ 1871 թվականին Գլխավոր Խորհուրդը ընդամենը փոքր կոնֆերանս հրավիրեց Լոնդոնում։ Այդ կոնֆերանսին Իսպանիայից միայն մի պատվիրակ կարողացավ մասնակցել, իսկ Իտալիայից ոչ մեկը, միաժամանակ Բակունինի շվեյցարական աջակիցներին չհրավիրեցին՝ պատճառաբանելով, որ վերջիններս բաժանվել են Ռոմանական Ֆեդերացիայից։

Այսպիսով, անարխիստների մի փոքր մասն էր, որ ներկա էին, և Գլխավոր Խորհրդի բանաձևերն անցան համարյա միաձայն։ Դրանց մեծամասնությունը հստակորեն ուղղված էին Բակունինի և նրա համախոհների դեմ։ 1872 թվականին հակամարտությունը հասավ իր գագաթնակետին, երբ տեղի ունեցավ Առաջին Ինտերնացիոնալի պառակտումը, որտեղ Բակունինը և Ջեյմս Գիլյոմը հեռացվեցին Ինտերնացիոնալից, իսկ կազմակերպության գլխամասը տեղափոխվեց Նյու Յորք։ Դրան ի պատասխան, ֆեդերալիստական խմբերը ձևավորեցին իրենց Ինտերանցիոնալը Սենտ Իմիերի Համաժողովում, ընդունելով անարխիստական ծրագիրը։

Փարիզի Կոմունան ինքնակառավարման վրա հիմնվող կառույց էր, որը կառավարեց Փարիզը 1871 թվականի մարտի 18֊ից (պաշտոնապես 28֊ից) մինչև մայիսի 28-ը։ Կոմունան արդյունք էր Փարիզում տեղի ունեցած ապստամբության, որը հաջորդեց ֆրանս֊պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությանը։ Փարիզի Կոմունայի ստեղծմանը ակտիվորեն մասնակցում էին անարխիստները․ մասնավորապես՝ Լուի Միշելը, Ռեկլյու եղբայրները և Յուջին Վարլենը (ում սպանեցին հետագա բռնաճնշումների ընթացքում)։ Հաշվի առնելով Կոմունայի նախաձեռնած բարեփոխումները, օրինակ՝ աշխատավայրերի՝ որպես կոպերատիվներ վերաբացումը, անարխիստները կարող էին տեսնել` ինչպես են աշխատանքի մասին իրենց պատկերացումները կյանքի կոչվում․․․ Ավելին, դաշնության մասին Կոմունայի գաղափարները ակնհայտորեն կապված էին Պրուդոնից ազդված արմատական գաղափարների հետ։

Իսկապես, համայնական Ֆրանսիայի Կոմունայի տեսլականը հիմնված էր պատվիրակների դաշնության վրա, որտեղ վերջիններս սահմանափակված էին իմպերատիվ մանդատներով` ընտրողների կողմից տրվող և ցանկացած պահի հետ կանչվելու ենթակա։ Դա Բակունինի և Պրուդոնի գաղափարների արձագանքն էր. ինչպես Պրուդոնը, այնպես էլ Բակունինը 1848 թվականին հանդես էին գալիս “սահմանափակ մանդատների իրացման” և համայնքների ֆեդերացիայի գաղափարներով։ Այսպիսով, և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես անարխիստական գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել Փարիզի Կոմունայի վրա։

Ջորջ Վուդքոքը նշում է․

Կոմունայի գործունեությանը, մասնավորապես, հանրային ծառայությունների կազմակերպմանը նշանակալից ներդրում են ունեցել տարբեր անարխիստական խմբերի անդամներ։ Նրանց մեջ էին մուտուալիստներ Կուրբեն, Լոնգեն, Վերմորելը, լիբերտարիանական կոլեկտիվիստներ Վարլենը, Մալոն և Լեֆրանսեն, բակունիստներ Էլին, Էլիզե Ռեկլյուն և Լուիզ Միշելը։

Աշխատավորական շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Ինտերնացիոնալի հակաավտորիտար խմբերը անարխո-սինդիկալիստների նախորդողներն էին, ովքեր ձգտում էին «փոխարինել պետության արտոնություններն ու իշխանությունը՝ աշխատանքի ազատ և ինքնաբուխ կազմակերպմամբ»։ 1886 թվականին ԱՄՆ-ի և Կանադայի Կազմակերպված Արհմիությունների ֆեդերացիան այդ տարվա մայիսի մեկը միաձայն հռչակեց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու ամսաթիվ։

Անարխիստներ Էմմա Գոլդմանն ու Ալեքսանդր Բերկմանը

Որպես արձագանք, ամբողջ ԱՄՆ֊ում, արհմիությունները նախաձեռնությանը աջակցելու համար պատրաստվեցին համընդհանուր գործադուլի։ Մայիսի 3֊ին Չիկագոյում, երբ  շտրեյկբրեխերները փորձում էին անցնել գործադուլավորների պատնեշը, տեղի ունեցավ բախում։ Արդյունքում, ամբոխի ուղղությամբ ոստիկանության բացած կրակի հետևանքով երկու աշխատողներ զոհվեցին։ Հաջորդ օրը, մայիսի 4֊ին, անարխիստները հանրահավաք անցկացրեցին Չիկագոյի Հեյմարքեթ հրապարակում։ Հանրահավաքի ավարտին անհայտ անձինք ռումբ նետեցին, սպանելով մեկ ոստիկանի։ Ստեղծված խուճապի արդյունքում ոստիկանությունը անկանոն կրակ բացեց։ Ոստիկանության յոթ սպա և առնվազն չորս աշխատավորներ սպանվեցին։ Հանրահավաքի կազմակերպիչների հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող ութ անարխիստներ ձերբակալվեցին ոստիկանության սպայի սպանելու մեղադրանքով։ Նրանցից չորսը մահապատժի ենթարկվեցին 1887 թվականի նոյեմբերի 11-ին։ Մեկը ինքնասպանություն գործեց դրա նախորդ օրը։ Մնացածն  անազատության մեջ գտնվեցին մինչև 1893 թվականը, երբ  Իլինոյսի նահանգապետ Ջոն Պիտեր Ալտգելդը պաշտոնապես հայտարարեց, որ ութ դատապարտյալներն էլ անմեղ են և դարձել են ոստիկանության սադրանքի զոհ։ Այդ իրադարձությունները ստացան Հեյմարքեթի բախում անվանումը։ 1890 թվականին, ութժամյա աշխատանքային օրվա համար, երկրորդ փորձն արվեց՝ այս անգամ միջազգային մակարդակի։ Միջոցառումը նաև այլ` երկրորդական նպատակ էր հետապնդում. հիշատակել Հեյմարքեթի բախման արդյունքում զոհված աշխատավորներին։ Չնայած ի սկզբանե դա մտածված էր որպես մեկանգամյա միջոցառում, հաջորդ տարիներին Աշխատավորների Միջազգային Օրը մայիսի մեկին նշելը դարձավ ավանդույթ։

1907 թվականին Ամստերդամի անարխիստների միջազգային կոնգրեսը 14 տարբեր երկրերից հավաքեց պատվիրակների, որոնց շարքերում էին անարխիստական շարժման այնպիսի կարևոր մասնակիցներ, ինչպիսիք էին Էրիկո Մալատեստան, Պիեր Մոնատը, Լուիջի Ֆաբբրին, Բենոա Բրաուչուին, Էմմա Գոլդմանը, Ռուդոլֆ Ռոքերը և Քրիստիան Քորնելիսսենը։ Կոնգրեսի ընթացքում քննարկվեցին տարբեր թեմաներ, մասնավորապես անարխիստական շարժման կազմակերպումը, հանրակրթության խնդիրները, համընդհանուր գործադուլը կամ հակամիլիտարիզմը։ Առանցքային բանավեճը վերաբերում էր անարխիզմի և սինդիկալիզմի (արհմիութենականություն) կապին։ Մալատեստան ու Մոնատը այս հարցի շուրջ տարակարծիք էին, քանի որ վերջինս սինդիկալիզմը համարում էր հեղափոխական և գտնում էր որ այն կստեղծի նպաստավոր պայմաններ սոցիալական հեղափոխության համար, մինչդեռ Մալատեստան կարծում էր, որ սինդիկալիզմը ինքնին բավարար չէ։ Նա գտնում էր, որ տրեդ֊յունիոնիստական շարժումը րեֆորմիստական է և երբեմն հետադիմական, օրինակ բերելով արհմիությունների բարձր որակավորում ունեցող ներկայացուցիչներին, որոնք երբեմն գործում էին ցածր որոկավորում ունեցող աշխատողների դեմ։

Իբերիայի Անարխիստների ֆեդերացիան առաջին խոշոր անարխո-սինդիկալիստական շարժումն էր․ անարխիստական արհմիությունների ֆեդերացիաները հատուկ կարևորություն ունեին Իսպանիայում։ Ամենահաջողվածը Աշխատանքի Ազգային Կոնֆեդերացիան էր(Confederación Nacional del Trabajo. CNT)` հիմնված 1910 թվականին։ Մինչև 20-րդ դարի 40-ականներ, ԱԱԿ֊ն կարևոր տեղ էր զբաղեցնում Իսպանիայի աշխատավոր դասակարգի քաղաքականության մեջ՝ ունենալով 1․58 միլիոն անդամ և մեծ դեր խաղալով Իսպանիայի քաղաքացիական պատերազմում։ ԱԱԿ֊ն փոխկապակցված էր Աշխատավորների Միջազգային Միության հետ։ ԱՄՄ-ը հիմնվել է 1922 թվականին։ Այն անարխո֊սինդիկալիստական արհմիությունների դաշնություն էր, որը միավորում էր Լատինական Ամերիկայի և Եվրոպայի 15 երկրների երկու միլիոն աշխատավորների ներկայացնող պատվիրակների։ Ըստ Վուդքոք-ի «Անարխիստները ակտիվ գործունեություն ծավալեցին Հարավային և Կենտրոնական Ամերիկայի արհեստավորների և արդյունաբերական աշխատողների կազմակերպման ոլորտում, և մինչև 1920֊ական թվականների սկիզբ Մեքսիկայի, Բրազիլիայի, Պերուի, Չիլիի և Արգենտինայի արհմիությունների մեծամասնությունը ընդհանուր առմամբ անարխո֊սինդիկալիստական էին։ Դրա պատճառը մեծապես Իսպանական C.N.T.֊ի՝ որպես հեղափոխական կազմակերպության համբավն էր։ Այդ կազմակերպություններից ամենամեծն ու ռազմականացվածը Արգենտինայի Տարածաշրջանային Աշխատողների Դաշնությունն էր (Federación Obrera Regional Argentina)․․․ այն արագ աճ գրանցեց, ընդգրկելով մոտ քառորդ միլիոն անդամների, ինչը խոչընդոտեց մրցակից սոցիալ֊դեմոկրատական արմիությունների աճը»։

Պրոպագանդա՝ գործողությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհան Մոսթ

Որոշ անարխիստներ, օրինակ Յոհան Մոսթը, պաշտպանում էին հակահեղափոխականների հանդեպ պատասխան բռնության դեպքերի հանրայնացումը, իր իսկ ասելով «մենք քարոզում ենք գործողությունը ոչ միայն որպես ինքնանպատակ, այլ նաև որպես պրոպագանդա»։ Որոշ պատմաբաններ, ինչպես, օրինակ, Բեվերլի Գեյջը պնդում են, որ սա ոչ թե զանգվածային սպանությունների քարոզ է, այլ իշխող դասակարգի անդամների թիրախային սպանություններ, այն պայմաններում, երբ դա կարող էր գրավել ժողովրդի համակրանքը, օրինակ՝ պետական բռնաճնշումների աճի կամ աշխատանքային կոնֆլիկտների ընթացքում՝ երբ սպանվում էին աշխատողներ։ Ինչևէ, նույն ինքը Մոսթը մի անգամ ասել էր, որ «գոյություն ունեցող համակարգը ամենաարագ և ամենաարմատական ձևով կտապալվի իր իսկ ներկայացուցիչների ոչնչացմամբ։ Ուստի, ժողվրդի թշնամիների սպանդը պետք է գործի դրվի»։ Մոսթը մեծապես հայտնի է իր՝ «Հեղափոխական պատերազմի գիտություն» 1885 թվականին հրատարակված պամֆլետի շնորհիվ, որը պայթուցիք պատրաստելու ուղեցույց էր` հիմնված Նոր Ջերսիում պայթուցիչի գործարանում աշխատելու ընթացքում ձեռքբերած գիտելիքների վրա։

1880-ական թվականներից անարխիստական շարժման մասնակիցները (և ոչ միայն) սկսեցին օգտագործել «պրոպագանդա՝ գործողությամբ» կարգախոսը՝ նկարագրելու համար ինդիվիդուալ ռմբանետումները, արքաների ու բռնապետերի սպանությունները։ Սկսած 1905 թվականից, հակասինդիկալիստ անարխիստ֊կոմունիստների ռուսաստանյան համախոհները սկսեցին օգտագործել տնտեսական ահաբեկչության և ապորինի «էքսպրոպրիացիաների» մարտավարությունները։

Սակայն, 1887 թվականից սկսած, անարխիստական շարժման հեղինակավոր անդամներից որոշները հստակ տարանջատեցին իրենց նման ինդիվիդուալ գործողություններից։ Պյոտր Կրոպոտկինը այդ ժամանակ գրել էր Հեղափոխություն (Le Révolté) հանդեսում, որ «կառույցը, որը հիմնվում է դարերի պատմության վրա, չի կարող ոչնչացվել մի քանի կիլոգրամ դինամիտի օգնությամբ»։ Այս կարգի մարտավարություններից հրաժարվելուն կողմ էին տարբեր ուղղությունների անարխիստներ` նախապատվություն տալով կոլեկտիվ հեղափոխական գործողությանը, օրինակ՝ արհմիութենական շարժմանը։ Անարխո֊սինդիկալիստ Ֆերնանդ Պելոտյեն 1895 թվականին պնդում էր, որ անարխիստական շարժումը պիտի նորից ներգրավվի աշխատավորական շարժման մեջ, հիմք ընդունելով, որ կարելի է հոջողության հասնել առանց ինդիվիդուալ պայթեցումների։

Մի քանի հաջողված պայթյուններին և սպանություններին հաջորդած պետական բռնաճնշումները անարխիստական ու աշխատավորական շարժումների հանդեպ, հնարավոր է, նպաստեցին նման մարտավարությունից հրաժվելուն, չնայած, կարելի է ասել, որ պետական բռնաճնշումները նախ և առաջ այդ մարտավարությունն ընտրելու պատճառ էին։ Ֆրանսիայի սոցիալիստական շարժման մասնատումը և, Փարիզի Կոմունայի ճնշմանը հաջորդած, բազմաթիվ կոմունարների գնդակահարություններն ու աքսորը նպաստեցին անհատական քաղաքական գործողությունների մարտավարության տարածմանը։

1881-1914 թվականների ընթացքում անարխիստական շարժման անդամների կողմից  բազմաթիվ պետությունների ղեկավարներ սպանվեցին, այդ թվում, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդը, Ֆրանսիայի նախագահ Սադի Կարնոն, Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացին, Իտալիայի արքա Ումբերտո Առաջինը, Միացյալ Նահանգների նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին, Պորտուգալիայի արքա Կարլոս Առաջինը և Հունաստանի արքա Գեորգիոս Առաջինը։ Մաք-Քինլիինն սպանողը` Լեոն Չոլգոշը պնդում էր, որ ազդված էր անարխիստ և ֆեմինիստ Էմմա Գոլդմանից։ Առաջին Համաշխարհայինից (1914-1918) և 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործողությամբ պրոպագանդան մերժվեց անարխիստական շարժման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից։

Ռուսական հեղափոխությունն ու 1910-ականների ապստամբությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեստոր Մախնոն Ուկրաինայի Հեղափոխական Ապստամբական բանակի անդամների հետ

1917 թվականին Ռուսական Կայսրությունում սկսված հեղափոխությանը անարխիստները մասնակցում էին բոլշևիկների հետ միասին, վերջիններիս համարելով դաշնակիցներ․ դրա պատճառներից մեկն էր Լենինի նույն թվին հրատարակված «Պետություն և հեղափոխություն» գիրքը, որը ինչ-որ չափով քննադատում էր ավտորիտարիզմը և մասնակիորեն ընդունում անարխիզմի դրույթները։ Պետրոգրադում հուլիսյան անհաջող ապստամբությունը առաջնորդվում էր անարխիստների կողմից։ Անարխիստների մի մասը սատարեց 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը՝ ընդունելով այն որպես հեղափոխության նոր փուլ։ Սակայն արդեն 1918 թ.֊ին անարխիստների և բոլշևիկների ուղիները սկսեցին տարանջատվել, երբ Արտակարգ Հանձնաժողովը (ЧК) զինաթափեց անարխիստների կողմից ստեղծվող «Սև գվարդիան» («Черная гвардия»), կալանավորեց և գնդակահարեց Մոսկվայի անարխիստների մի մասին։

Անարխո֊սինդիկալիստական թևը փորձում էր միավորել առանձին հեղափոխական֊ և անարխո֊սինդիկալիստական խմբերը։ Նրանք կազմակերպում և մասնակցում էին արհմիութենական համագումարների։ 1918 թվականին տեղի ունեցած արհմիութենական պատվիրակների առաջին համառուսաստանյան համագումարին ներկայացված էին 88 հազար սինդիկալիստներ և մաքսիմալիստներ։ Սակայն նրանց ազդեցությունը հետզհետե նվազում էր, և 1920 թվականին նրանք ներկայացնում էին ընդամենը 35 հազար աշխատավորի։

Առավել նշանակալի էին Ուկրաինայի անարխիստների գործողությունները, որտեղ անարխո-կոմունիստ Նեստոր Մախնոյի ձևավորած Ուկրաինայի հեղափոխական ապստամբական բանակը (մախնոյականներ) գործում էր սպիտակների, կարմիրների, ազգայնականների և ինտերվենտների դեմ։ Ռազմական գործողությունների ընթացքում մախնոյականները երեք անգամ դաշինք կնքեցին բոլշևիկների հետ, սակայն բոլոր երեք դեպքերում էլ բոլշևիկները խախտեցին դրանք, այնպես որ վերջիվերջո ՈւՀԱԲ-ը (РПАУ) ջախջախվեց թվով մի քանի անգամ գերազանցող Կարմիր բանակի կողմից, իսկ Մախնոն մի քանի ընկերների հետ թաքնվեց արտասահմանում։

Ամերիկացի վտարանդի անարխիստներ Էմմա Գոլդմանը և Ալեքսանդր Բերկմանը, ինչպես նաև մի շարք այլ անարխիստներ և ձախ կոմունիստներ, Ռուսաստանում գտնվելու ընթացքում և դրանից հետո քննադատում էին բոլշևիկյան քաղաքականությունը և Կրոնշտադտի ապստամբության ճնշումը։ Երկուսն էլ գրել են զեկույցներ՝ իրենց Ռուսաստանյան փորձի վերաբերյալ՝ քննադատելով բոլշևիկների կողմից իշխանության յուրացումը։ Նրանք գտնում էին, որ մարքսիստական իշխանության մասին Բակունինի կանխատեսումները հաստատվեցին, և մարքսիստական պետության ղեկավարները դարձան նոր էլիտա։

Հոկտեմբերյան հեղափոխության ընթացքում բոլշևիկների հաղթանակը և ռուսաստանյան քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրին միջազգային անարխիստական շարժումներին։ Շատ աշխատավորներ և ակտիվիստներ դիտարկում էին բոլշևիկների հաղթանակը որպես անարխիզմի և այլ սոցիալական շարժումների հաշվին կոմունիստական կուսակցությունների աճ։ Օրինակ, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, Աշխատանքի Համընդհանուր Կոնֆեդերացիայի (CGT) և Աշխարհի Արդյունաբերական բանվորների խոշոր սինդիկալիստական շարժումների մասնակիցները լքեցին իրենց կազմակերպությունները և միացան Կոմունիստական Ինտերնացիոնալին։

1917-1923 թվականների հեղափոխական ալիքին մասնակցում էին բազմաթիվ անարխիստ գործիչներ։ Գերմանական հեղափոխության (1918-1919) ընթացքում հիմնադրված Բավարական Սովետական Հանրապետությունում անարխիստներ Գուստավ Լանդաուերը, Սիլվիո Գեզելը և Էրիխ Մյուզամը առաջնորդ դիրք էին զբաղեցնում հեղափոխական խորհրդային կառույցներում։ Իտալիայում 1919-1920 թվականների իրադարձությունների ընթացքում, որոնք հայտնի են Կարմիր երկամյակ (Biennio rosso) անունով, Իտալական Սինդիկալիստական Միություն անարխո֊սինդիկալիստական արհմիությունը «աճել էր, հասնելով 800,000 անդամի, իսկ Իտալական Անարխիստական Միության (20,000 անդամ և «Նոր մարդկություն» (Umanita Nova) օրաթերթը) ազդեցությունը աճում էր դրան համապատասխան․․․ Անարխիստներն առաջինն էին, ովքեր առաջարկում էին գրավել աշխատատեղերը»։ Մեքսիկական հեղափախության ընթացքում հիմնվեց Մեքսիկական Լիբերալ Կուսակցությունը, որը անարխո֊կոմունիստ Ռիկարդո Ֆլորես Մագոնի գլխավորությամբ 1910֊ականներին նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություններ` ուղղված կոնկրետ քաղաքների և շրջանների գրավմանը։

Փարիզում ռուսալեզու անարխիստ վտարանդիների կողմից հիմնվեց «Աշխատանքի գործ» (Дело труда) խումբը, որի մեջ էր մտնում նաև Նեստոր Մախնոն։ Նրանք եկան այն եզրահանգման, որ ի պատասխան բոլշեվիստական կառույցներին, անհրաժեշտ է ստեղծել կազմակերպվածության նոր ձևեր։ 1926 թ․-ին գրվեց Անարխիստական Համընդհանուր Միության Կազմակերպչական Պլատֆորմ (Ծրագիր) խմբի մանիֆեստը։ Պլատֆորմիստական խմբերը ակտիվ են առ այսօր, օրինակ՝ Աշխատավորների Սոլիդարության Շարժումը Իռլանդիայում և Անարխիստ Կոմունիստների Հյուսիս֊Արևելյան Ֆեդերացիան Հյուսիսային Ամերիկայում։ Առաջ եկավ նաև, այսպես կոչված, «սինթետիկ անարխիզմը», որը հանդիսացավ պլատֆորմիզմի այլընտրանքը։ Այն փորձում էր միավորել տարբեր ուղությունների անարխիստներին «առանց ածականների անարխիզմի» սկզբունքների ներքո։ 1920 թվականին այս ուղղության հիմնական կողմնակիցներն էին Վսեվոլոդ Վոլինը և Սեբաստիան Ֆորեն։ Այս սկզբունքներով են առաջնորդվում ժամանակակից Անարխիստական Ֆեդերացիաների Ինտերնացիոնալին անդամակցած ֆեդերացիաներն ու խմբերը աշխարհով մեկ։

Բախումներ Եվրոպական ֆաշիստական համակարգերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիխ Մյուզամ

1920-1930-ական թվականներին Եվրոպայում ֆաշիստական գաղափարախոսությունների աճը փոխակերպեց պետության հետ անարխիզմի առճակատման բնույթը։ Ֆաշիստների դեմ անարխիստների պայքարը սկսվեց Իտալիայում։ Իտալացի անարխիստները կենտրոնական դեր էին խաղում Arditi del Popolo հակաֆաշիստական կազմակերպությունում, որը տեղի անարխիստական ավանդույթով կազմակերպություններից ամենաուժեղն էր։ Այն որոշակի հաջողությունների էր հասել իր գործողություններում, օրինակ, երբ օգոստոսի 22֊ին Պարմայի անարխիստական ամրոցից վտարեց սև բլուզավորներին (իտալական ֆաշիստների հրոսակախմբեր)։ Իտալացի անարխիստ Լուիջի Ֆաբրին, ով ֆաշիզմը քննադատող առաջին տեսաբաններից էր, նկարագրում էր այն, որպես «կանխարգելող կոնտր֊հեղափոխություն»։ Ֆրանսիայում, որտեղ 1934 թվականի փետրվարին «ծայրահեղ աջերի լիգաները» մոտ էին ապստամբությանը, անարխիստները պառակտվեցին «ընդհանուր ճակատի» քաղաքականության շուրջ։

Ֆրանսիայում և Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անարխիստները ակտիվ մասնակցում էին Դիմադրությունը։ 1933 թվականի փետրվարի 28֊ի վաղ առավոտյան, Ռեյխստագի հրդեհից մի քանի ժամ անց, Գերմանիայում անհայտ մեղադրանքով ձերբակալվեց անարխիստ Էրիխ Մյուզամը։ Նացիստական ռեժիմի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը պիտակավորեց նրան իբրև «այն հրեա այլասերվածներից» մեկը։ Հաջորդ 17 ամիսների ընթացքում նա կալանված էր համակենտրոնացման ճամբարներում՝ Զոնենբուրգում, Բրանդերբուրգում և, վերջում, Օրանիենբուրգում։ 1934 թվականի փետրվարի 2֊ին Մյուզամը տեղափոխվեց Օրանիենբուրգի համակենտրոնացման ճամբար, որտեղ 1934 թվականի հուլիսի 9֊ի գիշերը պահակախմբի կողմից տանջանքների ենթարկվեց և սպանվեց։ Նրա ծեծված մարմինը հայտնաբերեցին հաջորդ առավոտ՝ արտաքնոցում կախված։

Իսպանական Հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ազգային անարխո-սինդիկալիստական արհմիությունը՝ Confederación Nacional del Trabajo (CNT) սկզբում հրաժարվեց միանալ Ժողովրդական ճակատի նախընտրական դաշինքին, և CNT-ի աջակիցների ձեռնպահությունը բերեց ընտրություններում աջերի հաղթանակին։ Բայց 1936 թվականիբ CNT-ն փոխեց իր քաղաքականությունը, և անարխիստների ձայները օգնեցին Ժողովրդական ճակատին վերադառնալ իշխանության։ Ամիսներ անց, զինված ուժերի պահպանողական մասը, ծայրահեղ աջ կուսակցությունների փոքրամասնության օգնությամբ, ձեռնարկեց հեղաշրջման փորձ, ինչը հանգեցրեց Իսպանական քաղաքացիական պատերազմին և Հեղափոխությանը։ Բանակի ապստամբությանն ի պատասխան, անարխիստներից ոգեշնչված գյուղացիների և աշխատավորների շարժումը, աջակցություն ստանալով զինված աշխարհազորայիններից, կարողացավ վերադարձնել քաղաքների մի մասը, ընդ որում Մադրիդը և Բարսելոնան, սակայն կորցրեց Սարագոսան՝ անարխո֊սինդիկալիստական կենտրոններից մեկը, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ CNT֊ի և FAI֊ի հետագա գործունեության վրա։ Անարխո֊սինդիկալիստների վերահսկողության տակ մնացին Իսպանիայի արդյունաբերական կենտրոն Կատալոնիան և գյուղատնտեսական Արագոնը, որտեղ անարխիստները ակտիվորեն փորձարկում էին կոլեկտիվիզմը։ Այդ փորձերը առավելապես ազդեցիկ էին Արագոնի գյուղական կոմունաներում։

Բայց նույնսիկ 1939 թվականին՝ մինչեւ ֆաշիստների հաղթանակը, անարխիստները զիջում էին դիրքերը ստալինիստների հետ կատաղի պայքարում։ Ստալինիստների տրամադրության տակ էր Սովետական Միությունից հակաֆաշիստական ճակատին ուղղվող ռազմական օգնության պաշարների մեծ մասը։ Ըստ Նոամ Չոմսկու՝ «կոմունիստներն էին կրում իսպանական անարխիստների ոչնչացման հիմնական պատասխանատվությունը։ Կոմունիստական բանակները մեծ մասամբ ոչնչացրեցին կոլեկտիվները Կատալոնիայում և այլ վայրերում։ Կոմունիստները, ըստ էության, գործում էին որպես Հանրապետության անվտանգության համակարգի ոստիկանական ուժ և ուժեղ հակադրության մեջ էին անարխիստների հետ, մասամբ այն պատճառով, որ Ստալինը այդ ժամանակ դեռ հույս ուներ որևէ դաշինք կազմել Արևմտյան երկրների հետ ընդդեմ Հիտլերի։ Դա, իհարկե, խափանվեց և Ստալինը դուրս հանեց Հանրապետությանն ուղված օգնությունը։ Նրանք նույնիսկ դուրս հանեցին իսպանական ոսկու ռեզերվները»։ Իրադարձությունները, որոնք հայտնի են որպես Իսպանական Հեղափոխություն՝ աշխատավորների սոցիալական հեղափոխությունն էր, որը սկսվեց 1936 թվականին Իսպանական Քաղաքացիական Պատերազմի բռնկման ժամանակ։ Այն հանգեցրեց երկրի տարբեր մասերում անարխիստական և, ավելի լայն, լիբերտարիանական սոցիալիզմի կազմակերպչական սկզբունքների իրականցմանը, ինչը 2-3 տարի տևեց, մասնավորապես՝ Կատալոնիայում, Արագոնում, Անդալուզիայում և Իսպանական Լեվանտի որոշ մասերում։

Իսպանական տնտեսության մեծ մասը աշխատավորների վերահսկողության տակ անցավ։ Կատալոնիայում, որտեղ անարխիստների դիրքերն ամենաուժեղն էին, այդ ցուցանիշը հասել էր 75%-ի, բայց Իսպանիայի կոմունիստական կուսակցության ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածքներում ցուցանիշն ավելի ցածր էր, քանի որ Խորհրդային Միության դաշնակից կուսացկությունն ակտիվորեն դիմադրում էր կոլեկտիվացման գործընթացին։ Գործարանները ղեկավարվում էին աշխատավորների կոմիտեներով, ագրարային տարածքները կոլեկտիվացվել և գործում էին որպես լիբերտարիանական կոմունաներ։ Անարխիստ պատմաբան Սեմ Դոլգոֆի գնահատմամբ իսպանական հեղափոխությանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է մոտ ութ միլիոն մարդ, ինչը, ըստ նրա, «մոտեցավ առանց պետության ազատ հասարակության իդեալի իրականացմանը ավելի լայն մասշտաբներով, քան ցանկացած այլ հեղափոխություն պատմության մեջ»։ Իսպանական Կոմունիստական Կուսակցության առաջնորդած զորքերը ճնշեցին կոլեկտիվները և հալածեցին թե՛ այլախոհ մարքսիստներին, և թե՛ անարխիստներին։ Նշանավոր իտալացի անարխիստ Կամիլո Բերներին, ով կամավորագրվել էր Ֆրանկոյի դեմ պայքարին, սպանվեց Իսպանական կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող զինված անձանց կողմից։ Մադրիդը հանձնվեց ֆրանկոյամետ ուժերին, քաղաքի վերջին ոչ-ֆրանկոյամետ քաղաքապետի՝ անարխիստ Մելխոր Ռոդրիգես Գարսիայի կողմից։

Հետպատերազմական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմը պատերազմից հետո ձգտում էր վերակազմավորվել և, այս կոնտեքստում, սինթետիկ անարխիզմի և պլատֆորմիզմի միջև կազմակերպչական ձևերի մասին բանավեճը կրկին կարևոր դեր խաղաց` հատկապես Իտալիայի և Ֆրանսիայի անարխիստական շարժումներում։ Մեքսիկական անարխիստական ֆեդերացիան հիմնադրվեց 1945 թվականին՝ Կենտրոնի անարխիստական ֆեդերացիայի և Դաշնային շրջանի անարխիստական ֆեդերացիայի միավորման արդյունքում։ 1940-ական թվականների սկզբին Հակաֆաշիստական ինտերնացիոնալ սոլիդարությունն ու Կուբայի անարխիստական խմբերի ֆեդերացիան միավորվեցին Կուբայի լիբերտարիանական միություն (Asociación Libertaria de Cuba) մեծ ազգային կազմակերպության մեջ։ 1944-1947 թվականներին Բուլղարական անարխիստական կոմունիստական ֆեդերացիան կրկին դարձավ գործարանային և աշխատանքային կոմիտեների շարժման մաս, բայց ճնշվեց նոր կոմունիստական ռեժիմի կողմից։ 1945 թվականին Ֆրանսիայում հիմնադրվեց Անարխիստական ֆեդերացիան (Fédération Anarchiste), Իտալիայում՝ Իտալական անարխիստական ֆեդերացիան (Federazione Anarchica Italiana), որը սինթետիկ-անարխիստական էր, իսկ հաջորդ տարի Ֆրանսիայում հիմնվեց նաև Աշխատանքի Ազգային Կոնֆեդերացիա (Confédération nationale du travail) անարխո-սինդիկալիստական արհմիությունը։

1945 թվականի սեպտեմբերին հիմնադրվեց անարխիստական կազմակերպություն Կորեայում, իսկ 1946 թվականին՝ Ճապոնիայում։ 1948 թվականին Փարիզում ամբողջ Եվրոպայից պատվիրակների մասնակցությամբ կայացավ Միջազգային Անարխիստական Կոնգրեսը։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո Fraye Arbeter Shtime ամսագրում (Աշխատանքի ազատ ձայնը, Գերմանիայում իդիշով թողարկվող անարխիստական ամսագիր) հրապարակվեց հոդված, որը ներկայացնում էր գերմանական անարխիստների դրությունը և կոչ էր անում ամերիկացիներին օգնել նրանց։ 1946 թվականի փետերվարի դրությամբ գերմանական անարխիստներին օգնության ծանրոցներ ուղարկելը դարձավ լայնածավալ նախաձեռնություն։ 1947 թվականին Գերմանիայում հիմնվեց Լիբերտարիանական Սոցիալիստների Ֆեդերացիան, որի լրագրի (Die Freie Gesellschaft, Ազատ հասարակություն) թղթակիցն էր Ռուդոլֆ Ռոկերը։ Այդ պարբերականը հրատարակվեց մինչև 1953 թվականը։ 1956 թվականին հիմնադրվեց Ուրուգվայի Անարխիստական Ֆեդերացիան։ 1955 թվականին Արգենտինայի անարխո֊կոմունիստական Ֆեդերացիան վերանվանվեց և դարձավ Արգենտինայի Լիբերտարիանական Ֆեդերացիա։ Հետպատերազմական Բրիտանիայում ակտիվ էր Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիա սինդիկալիստական խումբը, որը նախորդում էր Սոլիդարության Ֆեդերացիային։ Այն կազմավորվեց 1950 թվականին ինքնալուծարված Բրիտանիայի Անարխիստական Ֆեդերցիայի անդամների կողմից։ Ի տարբերություն ԲԱՖ֊ի, որը ազդված էր անարխո֊սինդիկալիստական գաղափարներից, բայց, վերջին հաշվով, ինքնին սինդիկալիստական չէր, Սինդիկալիստ Աշխատավորների Ֆեդերացիան ի սկզբանե որոշեց ձգտել ավելի հստակ սինդիկալիստական, աշխատավորակենտրոն ռազմավարության։

Անարխիզմը շարունակում է ոգեշնչել գրականության և մտավորականության այդ շրջանի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալբեր Կամյուն, Հերբերտ Ռիդը, Պոլ Գուդմանը, Դուայթ Մաքդոնալդը, Ալլեն Գինզբերգը, Ջորջ Վուդքոքը, Լեոպոլդ Կորը, Ջուլիան Բեքը, Ջոն Քեյջը և Անդրե Բրետոնի գլխավորությամբ Ֆրանսիական սյուրռեալիստական խումբը, որը հետո բացեիբաց ընդունեց անարխիզմը և համագործակցում էր Անարխիստական ֆեդերացիայի հետ։

Այդ ժամանակի հակամիջուկային և հակապատերազմական շարժումներում ազդեցիկ էին դարձել անարխո֊պացիֆիստական գաղափարները։ Գաղափարախոսության ջատագովներից էին Հանուն միջուկային ռազմաթափման արշավի անգլիացի մասնակից Ալեքս Կոմֆորտը, ինչպես նաև ամերիկացի կաթոլիկ անարխո֊պացիֆիստներ Ամոն Հենեսը և Դորոթի Դեյը։ Անարխո֊պացիֆիզմը դարձավ «հիմք՝ Սառը պատերազմի երկու կողմերում միլիտարիզմի քննադատության համար»։ Այս ժամանակաշրջանում անարխիստական գաղափարների վերածնունդը փաստագրված է Ռոբերտ Գրեհամի «Անարխիզմ․ լիբերտարիանական գաղափարների փաստագրված պատմություն։ Մաս երկրորդ․ Նոր անարխիզմի հայտնությունը (1939-1977)» աշխատությունում։

Ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխո-ինդիվիդուալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմի ինդիվիդուալիստական տեսությունը սկսվում է անհատից, որը աշխարհը կառուցող հիմնաքարն է։ Ինդիվիդուալիստները հավատում են այն բանին, որ ամեն մարդ ունի իրավունքներ։ Ոմանք դա անվանում են «բնական իրավունքներ»։ Ոչ ոք չի կարող խախտել այդ իրավունքները, ոչ առանձին մարդը և ոչ էլ մարդկանց խումբը։ Այդ իրավունքների մեջ սովորաբար ներառում են անհատի ապրելու, իր մարմինը վերահսկելու և իր մտքերն ազատ արտահայտելու իրավունքները։ Բացի դա, մարդիկ ունեն որոշակի գործունեության, այդ թվում ստեղծագործելու իրավունք և իրենց արտադրածի վրա տիրելու իրավունք։ Այս պարագայում անհատների միջև սոցիալական համագործակցության ձևերն են դառնում փոխանակումը (գնում, վաճառք, առևտուր) կամ պայմանավորվածությունը։ Ամերիկյան տեսաբան Ջոշուա Ուորենի ստեղծած անարխո-ինդիվիդուալիզմի կերպարը այդ տեսության առաջին մտածված և ձևակերպված տարբերակն է, որը հետևություն է արել, թե հասարակությունը այնպես պետք է վերակառուցվի, որ պաշտպանի ամեն մի անհատի ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Այնտեղ պետք է լինի շահերի, պատասխանատվության, ուժ կիրառելու, գործողության անհատականությունը։ Ըստ նրա, սեփականությունը ամհատի սեփական աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Այս մոտեցման տեսաբանները քննադատում էին նաև մոնոպոլիաները, հատկապես պետական մոնոպոլիաները, քանի որ նրանք պարտադրանք էին կիրառում անհատի նկատմամբ և սահմանափակում էին որոշում կայացնելու նրանց իրավունքները։ Չնայած այն բանին, որ սկզբնական շրջանում շատ անարխիստներ համակրում էին սոցիալիզմին, ժամանակի հետ նրանք առավելությունը տվեցին ազատ շուկային, ուստի, զարմանալի չէ, որ անցան լիբերալիստների շարքերը։

Փոխօգնության անարխիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխօգնության անարխիզմը միջին դիրք է գրավում մի կողմից ինդիվիդուալիստական անարխիզմի, մյուս կողմից անարխո-սոցիալիզմի և անարխո-կոմունիզմի միջև։ Այս մոտեցման հիմքում ընկած է Պյեր-Ժոզեֆ Պրուդոնի ստեղծած իդեալական հասարակության կերպարը։ Նա մասնավոր սեփականության հակառակորդ չէր և նրա տեսությունում անհատները կարող էին ունենալ գործիքներ և արտադրական այլ միջոցներ։ Սակայն, մարդիկ պարգևատրվում են միայն իրենց սեփական աշխատանքի համար։ Նա հանդես էր գալիս բոլոր մարդկանց հավասարության օգտին, սնկախ նրանց ունեցվածքից։ Պրուդոնը կարծում էր, որ հասարակության մեջ չի կարող լինել համաձայնություն, քանի որ գոյություն ունի մսանավոր սեփականությունը։ Նա կարծում էր, որ պետք է փոխել մասնավոր սեփականության բնույթը և բոլոր ապրանքներին տիրապետել միասին։ Այնուամենայնիվ, Պրուդոբը ավանդական իմաստով կոմունիստ չէր։ Կոմունիստական հավասարությունը խառնելով անարխիստական ինդիվիդուալիզմի հետ՝ նա ստացավ փոխօգնության անարխիզմը։ Նրա հայացքները որոշ ժամանակ տեղ գտան Ֆրանսիայում, սակայն անարխիզմի այս տիպը ամենակարճ կյանքն ունեցավ։

Անարխո-սոցիալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղղության համար բնութագրական է հետաքրքրությունը կամավոր համագործակցության նկատմամբ, որը չկա սոցիալիզմի այլ հոսանքների մոտ, որոնք սոցիալիստական պետության պարտադրման ձևերի կողմնակից են։ Միխայիլ Բակունինի (1814-1876) կարծիքով, իր ժամանակներում անարխո-սոցիալիզմը անարխիստական քաղաքական մտքի գերակայող ձևն էր։ «Աստվածը և պետությունը» աշխատության մեջ Բակունինը կոլեկտիվիստական գաղափարների կողմնակից է և գտնում է, որ ունիվերսալ հեղինակությունները, սկսած կառավարությունից, եկեղեցուց կամ մեկ այլ ինստիտուտից, արժանի չեն ենթակայության։ Մարդը պետք է իր բանականությամբ որոշի, թե ում ենթարկվի և ինչ պայմաններով։ Պետության, եկեղեցու և անգամ ընտանեկան աստիճանակարգի մերժման գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում և ապահովեց Բակունինի հայացքների երկարաժամկետ ժողովրդականությունը։ Նրա գաղափարների հիմնական տարրը պետության առաջացման օրինաչափությունների և նրա «ոչնչացման» ու հասարակությունը առանց պետության ինքնակառավարման հաստատման կոնցեպցիան է։

Ռուս տեսաբան Պյոտր Կրոպոտկինը (1842–1921) մեծ ազդեցություն է թողել անարխո-կոմունիզմի զարգացման վրա

Անարխո-կոմունիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Կրոպոտկինը (1842-1921) անարխո-կոմունիզմի ամենաճանաչված տեսաբանն է համարվում։ Նա փորձեց մշակել անարխո-կոմունիզմին անցնելու գիտական ծրագիր։ Նա գտնում էր, որ բոլոր ռեսուրսները պետք է լինեն կոմունայի անդամների հասարակական սեփականությունը և նրա ամեն մի անդամ կարող է իր պահանջների չափով օգտվել այդ ռեսուրսներից։ Այդ համակարգում մարդիկ չեն աշխատի եկամուտ ստանալու ակնկալիքով։ Եթե վերանա կարիքն ու նախանձը, ապա հանցագործություն կատարելու հիմքեր չեն լինի։ Հանցագործության բացակայության պայմաններում կվերանա այնպիսի կենտրոնացված ինստիտուտների անհրաժեշտությունը, ինչպիսին են իրավապահ մարմինները։ Բանվորները կարող են բարի կամքով միավորվել, որպեսզի կատարեն անհրաժեշտ աշխատանքը։ Չնայած գաղափարների տարբերությանը և շատ դրույթների հակասականությանը, անարխիզմը մեծ դեր խաղաց սոցիալական ու քաղաքական կարևոր նշանակություն ունեցող բռնությունից հրաժարվելու և պարտադրանքի մերժման թեմաների քննարկման գործում։ Հնարավոր է, որ անարխիզմը կպաշտպանի իր նշանակությունը նաև 21-րդ դարում։

Հետդասական ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխիզմը շարունակում է գեներացնել մի շարք փիլիսոփայություններ և շարժումներ, երբեմն էկլեկտիկ` հիմնվող զանազան աղբյուրների վրա, երբեմն էլ սինկրետիկ` համատեղող տարբեր գաղափարներ` նոր փիլիսոփայական մոտեցումներ ստեղծելու համար։

Կանաչ անարխիզմը (կամ էկո-անարխիզմ) անարխիզմի ուղղություն է, որը կարևորում է շրջակա միջավայրի խնդիրները` որպես նախատիպ ունենալով անարխո-նատուրիզմը, և որի հիմնական ժամանակակից արտահայտություններն են անարխո-պրիմիտիվիզմն ու սոցիալական էկոլոգիան։

Անարխա-ֆեմինիզմի դրոշը

Անարխա-ֆեմինիզմը (անարխիստական ֆեմինիզմ, անարխո-ֆեմինիզմ) համատեղում է արմատական ֆեմինիզմը անարխիզմի հետ։ Այն դիտարկում է հայրիշխանությունը որպես ոչ կամավոր հարկադիր հիերարխիայի արտահայտում։ Անարխա-ֆեմինիստները գտնում են, որ հայրիշխանության դեմ պայքարը դասակարգային պայքարի կարևոր մաս է և կազմում է պետության դեմ անարխիստական պայքարի առանցքային մասը։ Ըստ էության, անարխա-ֆեմինիստական փիլիսոփայությունը տեսնում է անարխիստական պայքարը որպես ֆեմինիստական պայքարի կարևոր բաղկացուցիչ և հակառակը։ Լ. Սյուզան Բրաունը պնդում է. «քանի որ անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը մերժում է իշխանական հարաբերությունների բոլոր ձևերը, հետևաբար այն ֆեմինիստական է»։ Անարխա-ֆեմինիզմը սկիզբ է առել 19-րդ դարի վերջերին` անարխիստ ֆեմինիստներ Էմմա Գոլդմանի և Վոլտերին դը Կլեյրի աշխատություններից:Անարխա-ֆեմինիստները, ինչպես նաև այլ ռադիկալ ֆեմինիստներ դեմ են արտահայտվում ավանդական գենդերային բաժանումներին և դրանցից բխող դաստիարակության և ընտանեկան հարաբերությունների մասին պատկերացումներին։ Շատ անարխա-ֆեմինիստներ քննադատաբար են տրամադրված ամուսնության ինստիտուտի նկատմամբ։ Օրինակ Էմմա Գոլդմանը պնդում էր, որ ամուսնությունը պարզապես տնտեսական համաձայնագիր է, և որ.

կինը դրա համար վճարում է իր անունով, մեկուսացմամբ, արժանապատվությամբ և հենց կյանքով, «մինչև մահը նրանց չի բաժանել»։ Ավելին, ամուսնական համաձայնագիրը նրան դատապարտում է ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական ցմահ կախվածության, մակաբուծության և ամբողջական անօգտակարության։ Տղամարդը նույնպես վճարում է իր մասնաբաժինը, բայց քանի որ նրա հնարավորությունները ավելի լայն են, ամուսնությունը չի սահմանափակում նրան կնոջ չափ։ Իր կապանքները նա զգում է ավելի շատ տնտեսապես։

Եղել են նաև մի քանի տղամարդ ֆեմինիստներ, ինչպես օրինակ, անարխո-կոմունիստ Ժոզեֆ Դեժաքը, ով դեմ արտահայտվեց Պրուդոնի հակաֆեմինիստական հայացքներին։

Վենդի Մակելրոյը սահմանեց իր դիրքորոշումը որպես «ինֆեմինիզմ» կամ, այլ կերպ, ինդիվիդուալ ֆեմինիզմ, որը միավորում է ֆեմինիզմը անարխո-կապիտալիզմի և լիբերտարիանիզմի հետ։ Նա պնդում է, որ պրոկապիտալիստական, հակապետական քաղաքականությունը ենթադրում է հավասար իրավունքներ և հնարավորություններ կանանց համար։ Ինդիվիդուալ անարխիստական ֆեմինիզմը առաջացել է ամերիկյան անարխո-ինդիվիդուալիստական շարժումից։

Անարխո-պացիֆիզմը ուղղություն է, որը բացառում է բռնությունը սոցիալական փոփոխությունների համար մղվող պայքարում։ Այն «մեծ մասամբ զարգացել է Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհայինի տարիներին»։

Քրիստոնեական անարխիզմը քաղաքական աստվածաբանության ավանդույթին հետևող շարժում է, որը համատեղում է անարխիզմն ու քրիստոնեությունը։ Նրա հիմնական կողմնակիցներից են եղել Լև Տոլստոյը, Դորոտի Դեյը, Էմոն Հենեսին և Ժակ Էլյուլը։

Հետձախական անարխիզմը անարխիստական մտքի վերջին հոսանքներից է, որը առաջ է տանում անարխիզմի և ձախական քաղաքականության ավանդական կապը։ Որոշ հետձախականներ ձգտում են առհասարակ խուսափել գաղափարախոսության սահմանափակումներից` քննադատելով նաև կազմակերպություններն ու բարոյախոսությունը։ Մաքս Շտիրների աշխատանքներից և Մարքսիստական Սիտուացիոնիստական Ինտերնացիոնալից ազդված` հետձախական անարխիզմը բնութագրվում է որպես սոցիալական ապստամբության վրա կենտրոնացվածությամբ և ձախական սոցիալական կազմակերպության մերժմամբ։

Ինսուրեկցիոնիստական (ապստամբական) անարխիզմը հեղափոխական տեսություն, գործելակերպ և միտում է անարխիստական շարժման շրջանակներում, որը անարխիստական պրակտիկայում շեշտը դնում է ապստամբության վրա։ Այն քննադատում է ֆորմալ կառույցները, ինչպիսիք են օրինակ արհմիություններն ու ֆեդերացիաները, որոնք առաջնորդվում են քաղաքական ծրագրերով կամ պարբերական համաժողովների որոշումներով։ Փոխարենը, ինսուրեկցիոնիստական անարխիստները պաշտպանում են ոչ ֆորմալ կազմակերպություններն ու փոքր աֆինիտի խմբերի վրա հիմնված կառույցները։ Ինսուրեկցիոնիստական անարխիստները արժեքավորում են հարձակումը, անդադար դասակարգային պայքարը, ինչպես նաև դասակարգային թշնամիների հետ բանակցությունների կամ փոխզիջումների մերժումը։

Հետանարխիզմը տեսական հոսանք է` ուղղված դասական անարխիստական տեսության ու հետստրուկտուրալիստական մտքի համադրմանը` ելնելով մի շարք գաղափարներից, ինչպիսիք են, օրինակ, պոստմոդեռնիզմը, ավտոնոմիստական մարքսիզմը, հետձախական անարխիզմը, Սիտուացիոնիստական Ինտերնացիոնալը և հետգաղութականությունը։

Ձախակողմյա շուկայական անարխիզմը հաստատում է մասնավոր սեփականության և ազատ շուկայի դասական ազատական գաղափարները, միևնույն ժամանակ պնդելով, որ այս գաղափարները խորապես աջակցում են հակակորպորացիոն, հակահիերարխիկ, աշխատավորամետ քաղաքականությանը, տնտեսության մեջ՝ հակակապիտալիզմին, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ հակաիմպերիալիզմին։

Անարխո-կապիտալիզմը պաշտպանում է պետության վերացումն ի օգուտ ազատ շուկայի պայմաններում անհատական ինքնիշխանության։ Անարխո-կապիտալիզմը զարգացել է արմատական հակապետական լիբերտարիանիզմից և անարխո-ինդիվիդուալիզմից` հիմնվելով տնտեսագիտության Ավստրիական դպրոցի, իրավունքի տնտեսագիտական վերլուծության (economic analysis of law) և հանրային ընտրության տեսության վրա։ Գոյություն ունի տարածված կարծիք, ըստ որի անարխո-կապիտալիզմը չի համարվում անարխիստական պայքարի մաս, ինչը պայմանավորված անարխիզմի պատմականորեն հակակապիտալիստական շարժում լինելով և որոշակի պատճառներով անարխիզմը դիտարկվում է անհամատեղելի կապիտալիստական դրսևորումների հետ։

Քվիր անարխիզմի դրոշը

Քվիր-անարխիզմը համատեղում է անարխիստական գաղափարները արմատական քվիր շարժման գաղափարների հետ։ Այն ենթադրում է, որ գենդերային և սեռական ճնշումները արտոնվում և աջակցվում են պետության և կապիտալի կողմից։ Քվիր անարխիզմի տեսանկյունից հետերոնորմատիվությունն, ինչպես նաև հոմոնորմատիվությունը համարվում են ոչ միայն սոցիալական սահմանափակումներ, այլ նաև կապիտալիզմի օրոք սեքսի և սեռականության կոմմոդիֆիկացիայի միջոցներ։ Քվիր անարխիզմը պայքարում է գենդերային և սեռական ճնշումների դեմ ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ անարխիստական շարժումներում` ձգտելով օրակարգում ներառել մարմնի և մարմնականության, ծնող լինելու, սեքս-աշխատանքի, առողջության և հաշմանդամության հետ կապված խնդիրները։

Սոցիալական էկոլոգները, ովքեր այսպես կոչված սոցիալական անարխիստներն են, հաճախ քննադատում են անարխիզմի հիմնական (ավանդական) ուղղություններն այն պատճառով, որ նրանք չափից դուրս շատ են կենտրոնանում քաղաքականության և տնտեսության վրա` իրենց ուշադրությունը էկոհամակարգի վրա կենտրոնացնելու փոխարեն, ինչպես դա անում են կանաչ անարխիզմի հետևորդները։ Այս տեսությունը շարունակում է լիբերտարիանական մունիցիպալիզմի զարգացման գաղափարը։ Անարխո-պրիմիտիվիստները հաճախ քննադատում են անարխիստական մեյնստրիմը այն պատճառով, որ այն պաշտպանում է քաղաքակրթության և ժամանակակից տեխնոլոգիաների գաղափարները, որոնք, ինչպես կարծում են պրիմիտիվիստները, հիմնվում են շահագործման և գերիշխման վրա։ Ի հակադրություն նրանք պաշտպանում են «վերադարձ դեպի վայրենություն» գործընթացը կամ շրջակա միջավայրի հետ վերամիավորումը։

Ներքին խնդիրներ և բանավեճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թե բռնության որ տեսակներն են համապատասխանում անարխիզմի արժեքներին՝ հակասական հարց է անարխիստների շրջանում

Անարխիզմը փիլիսոփայություն է, որը մարմնավորում է բազմաթիվ տարատեսակ հայացքներ, միտումներ և մտքի դպրոցներ, որտեղ արժեքների, գաղափարախոսության և մարտավարությունների շուրջ անհամաձայնությունները տարածված երևույթներ են։ Լայնորեն վիճարկելի է անարխիզմի համատեղելիությունը կապիտալիզմի, ազգայնականության և կրոնի հետ։ Նմանապես, անարխիզմը բարդ հարաբերություններ ունի այնպիսի գաղափարախոսությունների հետ, ինչպիսիք են մարքսիզմը, կոմունիզմը, կոլեկտիվիզմը, սինդիկալիզմը/տրեդյունիոնիզմը և կապիտալիզմը։

Այնպիսի երևույթները, ինչպիսիք են քաղաքակրթությունը, տեխնոլոգիաները (օր. անարխո-պրիմիտիվիզմի շրջանակներում) և ժողովրդավարական գործընթացը, կարող են կտրուկ քննադատության ենթարկվել որոշ անարխիստական խմբերում և, միաժամանակ, ողջունելի լինել մյուսներում։

Ստրատեգիական մակարդակի վրա, մինչդեռ 19-րդ դարի որոշ անարխիստներ կողմնակից էին գործողությամբ պրոպագանդային (օր. Ռուսական Նիհիլիզմ), որոշ ժամանակակից անարխիստներ պաշտպանում էին այլընտրանքային ուղիղ գործողությունների մեթոդները, ինչպիսիք են ոչբռնությունը, կոնտրտնտեսությունը և հակապետական կրիպտոգրաֆիան։ Անարխիստական հասարակության մասշտաբների մասին որոշ անարխիստներ գլոբալ մասշտաբների կողմնակից են, մինչդեռ որոշները` լոկալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anarchism, Online etymology dictionary.
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Anarchism» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 914.
  3. Կաղապար:LSJ.
  4. Anarchy, Merriam-Webster online.
  5. Anarchy, Online etymology dictionary.
  6. Կաղապար:LSJ.
  7. Կաղապար:LSJ
  8. Կաղապար:LSJ.
  9. -ism, Online etymology dictionary.
  10. Deleplace, Marc (1990). «Anarchie–Anarchiste; Germinal–Fructidor An III (21 mars – 16 septembre 1795)». In Annie Geffroy (ed.). Dictionnaire des usages socio-politiques (1770–1815) (French). ENS Editions. էջեր 9–34. ISBN 9782252026946.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Nettlau, Max (1996). A Short History of Anarchism. Freedom Press. էջ 162. ISBN 0-900384-89-1.
  12. "At the end of the century in France, Sebastien Faure took up a word used in 1858 by one Joseph Dejacque to make it the title of a journal, Le Libertaire. Today the terms "anarchist" and "libertarian" have become interchangeable." Anarchism: From Theory to Practice Daniel Guérin
  13. Russell, Dean. Who is a Libertarian? Արխիվացված 2017-08-26 Wayback Machine, Foundation for Economic Education, "Ideas on Liberty," May 1955.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անարխիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 376