Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ։ Նախկինում ունեցել է Մուղան, Մուղանջըղ, Մուղանջուղ անվանումները։ Հովտամեջ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից ունի 880 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կառուցված է Սբ. Սարգիս, իսկ ըստ ոմանց Սբ. Աստվածածին եկեղեցին։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1280 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 20%, աշխատունակներ՝ 70%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 272 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (151 հա), կան բազմամյա տնկարկներ (1,3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 13 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։