Հայկական մուլտիպլիկացիոն կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական մուլտիպլիկացիոն կինո, Հայաստանում և հայերի կողմից ստեղծված անիմացիոն կինոն, որ սկզբնավորվել և զարգացել է որպես գեղարվեստական կինոյի օրգանական շարունակություն՝ ձևավորելով կինոմտածողության նոր տեսակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մուլտկինոն հիմնադրելու առաջին քայլն արվել է 1934 թվականին, երբ Հայկինոյի տարածքում կառուցվել է մուլտֆիլմերի առանձին արտադրամաս։ Կազմակերպչական աշխատանքները ղեկավարելու համար Մոսկվայից հրավիրվել է ճանաչված կինոռեժիսոր Լև Ատամանովը (Լևոն Ատամանյան)։

Հայկական առաջին մուլտֆիլմը՝ «Շունն ու Կատուն»[2], ստեղծվել է Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա 1938 թվականին։ Ռեժիսորը Լև Ատամանովն էր, նկարիչը՝ Վլադիմիր Սուտեևը, որը նույնպես հրավիրվել էր Մոսկվայից։ Կինոնկարի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են 25 երիտասարդ նկարիչներ, որոնց մեծ մասը դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր։

Լև Ատամանովի հաջորդ ֆիլմն է «Տերտերն ու այծը» (1939)։ 1941-1944 թվականներին նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վերադարձել և ավարտել է կիսատ մնացած «Կախարդական գորգը»[3] (1948, նկարիչ՝ Հակոբ Կոջոյան) կինոնկարը։ 1949 թվականին Լև Ատամանովն անսպասելի մեկնել է Մոսկվա, և Հայաստանում գրեթե 2 տասնամյակ դադարել է մուլտֆիլմերի արտադրությունը։

1967 թվականին ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության վարչության 1-ին քարտուղար Լաերտ Վաղարշյանը և նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը ձեռնարկել են հայկական մուլտկինոն վերածնելու առաջին փորձը. 1968 թվականին նկարահանվել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հովհաննես Թումանյանի, ռեժիսոր և նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով) մուլտֆիլմը։ 1960-ական թվականների վերջից մուլտկինոյում ստեղծագործել է բեմադրող նկարիչ Ստեփան Անդրանիկյանը. նրա «Արևի հարսնացուն» (1971) կինոնկարն աչքի է ընկնում պատկերային ինքնատիպ լուծումներով, կերպարների պլաստիկ արտահայտչականությամբ և քնարականությամբ[1]։

Հայաստանում անիմացիոն կինոն բուռն զարգացում է ապրել 1970-ական թվականներին։ Այդ շրջանում է սկզբնավորվել տիկնիկային (ծավալային) մուլտֆիլմերի արտադրությունը, որի առաջին նմուշը ռեժիսոր Արմեն Միրաքյանի «Սխալ արտահայտությունն» է (1973)։

1970-1980-ական թվականներին ավագ սերնդի շարքերը ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի գլխավորությամբ համալրել են երիտասարդ մուլտիպլիկատորներ, որոնք իրենց վառ անհատականությամբ պայմանավորել են հայկական մուլտկինոյի որակական զարգացման նոր փուլը։

Կադր «Աղվեսագիրք» մուլտֆիլմից, նամականիշ, 2004 թվական

Հայկական մուլտկինոն առանձնացել է ոճի և արտահայտչաձևերի բազմերանգությամբ, խոսքի ու ասելիքի դիպուկությամբ, պատկերների գունագեղությամբ[1]։ Նկատելիորեն բարեփոխվել են կինոնկարների դրամատուրգիական կառուցվածքը, նկարչական ոճն ու ձևերը, ռիթմը, մոնտաժը, կերպարներն ու նրանց միջավայրը։ Այդ փուլում են ստեղծվել մի շարք ինքնատիպ ու գունեղ ֆիլմեր՝ «Աբու Հասանի մաշիկները» (1974, ռեժ.՝ Ռաֆայել Բաբայան), «Աղվեսագիրք» (ըստ Վարդան Այգեկցու, 1975), «Կիկոս» (1979), «Բարեկենդանը» (1985), «Սեղմակոճակ» (1989, չորսն էլ՝ ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց), «Մկների ժողովը» (1978, ռեժ.՝ Լյուդմիլա Սահակյանց), «Ոսկու կարասը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1986, ռեժիսոր՝ Էլվիրա Ավագյան), «Նռնենիները» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1987, ռեժ.՝ Յուրիկ Մուրադյան), «Պատերազմը մեր փողոցում» (ըստ Վ. Սարոյանի, 1989, ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան) և այլ մուլտֆիլմեր։ Կինոնկարների հաջողությունը պայմանավորել են նաև նկարիչներ Կիրալինա Անդրանիկյանը, Սուսաննա Այվազյանը, Գագիկ Բաբայանը, Ռ. Բաբայանը, Ալեքսանդր Բիկովը, Հովհաննես Դիլաքյանը, Վարդան Զաքարյանը, Նաիրա Մուրադյանը, Ալեքսանդր Անդրանիկյանը, Մարինա Վաղարշյանը, օպերատորներ Ալիսա Քյուրդիանը, Ժիրայր Վարդանյանը, Գագիկ Ավագյանը, Մարատ Խանամիրյանը, Վահագն Հակոբյանը, Ստյոպա Մարտիրոսյանը և ուրիշներ։

Հայաստանի անկախացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախացման առաջին տարիներին՝ 1990-ական թվականներին, երկրում տնտեսական ճգնաժամի հետևանքով նկատելիորեն կրճատվել է ֆիլմարտադրությունը. 1990 թվականին Հայֆիլմը նկարահանել է 6, 1991 թվականին՝ 3, 1992 թվականին՝ 2 կինոնկար։ Ամենածանր շրջանում (1992-95) հայկական մուլտկինոյի առաջատարը՝ Ռ. Սահակյանցը, օտարերկրյա կինոստուդիաների առաջարկությամբ և համագործակցությամբ նկարահանել է «Ընտրություններ», «Կացին» (երկուսն էլ՝ 1994, «Էմիգրանտ» ստուդիա, Մոսկվա), «Վիկտորիա», «Տապան» (երկուսն էլ՝ 1997, «Յանց ֆիլմ» ստուդիա, Ֆրանսիա) կինոնկարները, որոնք բարձր են գնահատվել նաև արտերկրում։ Այնուհետև իր շուրջն է համախմբել մի շարք մուլտիպլիկատորների՝ ռեժիսորներ՝ Գ. Մարտիրոսյան, Լ. Սահակյանց, Յ. և Ն. Մուրադյաններ, Ստեփան Գալստյան, Վլադիմիր Մայիլյան, նկարիչներ Դավիթ Սահակյանց, Նանա Սահակյանց, Արմեն Ղազարյան և ուրիշների, որոնց հետ ձեռնարկել է նոր ծրագրեր՝ տեղում իրագործելու համար։

1991 թվականին ռեժիսոր և սցենարիստ Լ. Սահակյանցն սկսել է «Նախաշեմին» տիկնիկային կինոնկարի նկարահանումը, որն ավարտել է 2003 թվականին։

Ռեժիսոր Գ. Մարտիրոսյանը ֆիլմեր է ստեղծել ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար, դրանցից են՝ «Բարի ոգիների արկածները» (1999), «Երեք զանգակ» (2002), «Վիշապագորգ» (2 մաս, 2009-10) և այլն։ Մուլտիպլիկացիոն կինոնկարներ են ստեղծել նաև Յ. Մուրադյանը («Տան խաղաղ հովտում», 1991, «Բիթլիս», 2008, և այլն), Ս. Գալստյանը («Այլընտրանք», 1993, և այլն), Միքայել Վաթինյանը («Բոժոն», 2007, և այլն), Արման Մանարյանը («Տգետը», 1995, և այլն), Դավիթ Սահակյանցը («Երաժշտական այբուբեն», 2007, «Հայրեններ», 2010, և այլն), Հայկ Սահակյանցը («Հետապնդում», 2009, և այլն) և ուրիշներ։

Լուրջ և երկարատև աշխատանք էր հայկական էպոսի հիման վրա «Սասնա ծռեր» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի ստեղծումը, որն Արման Մանարյանն ավարտել է 2009 թվականին. ուշագրավ են կինոնկարի պատկերային տեսաշարը, արտահայտչական լուծումները։ Նկարահանվել է Ռ. Սահակյանցի ծավալուն ծրագրի՝ «Ճանապարհ դեպի տուն» բազմամաս մուլտֆիլմի (գործողությունները կատարվում են 2005 թվականին) միայն 4 մասը՝ «Տիգրանակերտ» (2005), «Բաղեշ» (2006), «Մուշ» (2007), «Ախթամար» (2008)։

2009 թվականին ՀՀ-ում հիմնադրվել է «Ռեանիմանիա» միջազգային ամենամյա կինոփառատոնը (հիմնադիր-տնօրեն՝ Վրեժ Քասունի)։

Արդի հայկական մուլտկինոյի զարգացմանը նպաստել են նաև սցենարիստներ Դ. Սահակյանցը, Արմեն Վաթյանը, կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Ավետ Տերտերյանը, հնչյունային օպերատոր Կարեն Կուրդիյանը, նկարիչներ Ս. Դոմբայանը, Ն. Մուրադյանը, Իգոր Պատրիկը, Ն. Սահակյանցը և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստան հանրագիտարան», Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012, էջ 730-732։
  2. «Շունն ու կատուն» մուլտֆիլմը Արխիվացված 2018-11-06 Wayback Machine arm-cinema.am կայքում
  3. «Կախարդական գորգը» մուլտֆիլմը Արխիվացված 2016-05-28 Wayback Machine arm-cinema.am կայքում