Բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուր ապենդիցիտ

Բորբոքում, (լատիներեն՝ inflammatio)) օրգանիզմի պաշտպանահարմարվողական տեղային հակազդեցությունը վնասակար տարբեր ազդակների նկատմամբ։ Բորբոքային հակազդեցությունն ամբողջ օրգանիզմից սահմանազատում է վնասակար օջախը, դեպի ուր շարժվում են ֆագոցիտոզի երևույթն իրականացնող արյան սպիտակ մարմնիկները՝ լեյկոցիտները, որոնք լափում, կլանում են օրգանիզմ ներթափանցած օտարածին նյութերը, մանրէները և այլն։ Դրա հետ մեկտեղ հակամարմիններ առաջացնող արյան լեյկոցիտների և հատուկ բջիջների բազմացումը հանգեցնում է տեղային և ընդհանուր իմունիտետի բարձրացման։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորբոքում ընթանում է 3 կարևոր փուլերով, ալտերացիա՝ բջիջների և հյուսվածքների վնասում, էքսուդացիա՝ անոթներից արյան հեղուկի և բջիջների արտահոսք, որից հյուսվածքներն այտուցվում են, պրոլիֆերացիա՝ բջիջների բազմացում և հյուսվածքների աճ։ Բորբոքային հակազդեցությունների ժամանակ նշված փուլերը պարտադիր ընթանում են, սակայն կարող են տարբեր ձևերով դրսևորվել։ Կախված փուլերից որևէ մեկի գերակայումից՝ տարբերում են ալտերատիվ, էքսուդատիվ, պրոլիֆերատիվ բորբոքումներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսվածքի գրանուլյացիան պատկերող միկրոլուսանկար (H&E ներկում)

Ալտերատիվ բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտերատիվ բորբոքումն առաջանում է ներքին օրգաններում վարակիչ հիվանդությունների, որոշ ալերգիկ հակազդեցությունների դեպքերում, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի (օրինակ՝ դիֆթերիայի ժամանակ՝ տոքսինի) ազդեցությունից։

Էքստրուդիտիվ բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ հանդիպում է էքսուդատիվ բորբոքում, երբ բորբոքային օջախում արյան անոթները փոփոխվում են, և դրանց պատերի թափանցելիության կտրուկ բարձրացման հետևանքով շրջակա միջավայր են անցնում արյան պլազման, էրիթրոցիտները, լեյկոցիտները, սպիտակուցները և այլն, որոնք միասին կազմում են արտաքիրտը (էքսուդատ)։ Եթե արտաքիրտը համարյա թափանցիկ է և պարունակում է մինչև 8% սպիտակուց, բորբոքում կոչվում է շճային, իսկ եթե մեծ քանակությամբ հատուկ սպիտակուց՝ ֆիբրինոգեն է պարունակում ֆիբրինոզ բորբոքում։ Թարախային բորբոքման ժամանակ արտաքիրտում առկա են մեծ քանակությամբ մահացած լեյկոցիտներ։ Լորձաթաղանթներում, օրինակ՝ շնչուղիներում, բորբոքային գործընթացը կոչվում է լորձենաբորբային (կատառային)։

Պրոլիֆերատիվ բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլիֆերատիվ բորբոքմանը բնորոշ է հիմնականում շարակցական հյուսվածքի բջջային տարրերի բազմացումը, որը դրսևորվում է հյուսվածքներում հանգույցների, հաստացումների առաջացմամբ։ Լինում է սիֆիլիսի, տուբերկուլոզի, բծավոր տիֆի և այլ դեպքերում։

Արտաքին օրգանների բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերքի լավացումից հետո, բորբոքման հետևանքով առաջացած սպիներ

Արտաքին օրգանների սուր բորբոքմանը բնորոշ են այտուցը, կարմրությունը, տենդը, ցավը և ֆունկցիաների խանգարումը։ Ներքին օրգանների բորբոքման դեպքում որոշ ախտանշաններ կարող են բացակայել։ Սովորաբար բորբոքման ժամանակ նկատվում է նաև օրգանիզմի ընդհանուր հակազդեցություն՝ տենդ, արյան լեյկոցիտների թվի ավելացում (լեյկոցիտոզ), նյութափոխանակության խանգարում, ծանր դեպքերում (դիֆթերիա, թոքաբորբ և այլն) առաջանում է ընդհանուր ինքնաթունավորում։ Երբեմն բորբոքում կարող է ավարտվել կենսական կարևոր հյուսվածքների վնասմամբ։

Ելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորբոքման ելքը կարող է տարբեր լինել։ Հնարավոր է լրիվ ապաքինում, իսկ եթե հյուսվածքը շատ է վնասվել, հաճախ բորբոքված հատվածում սպի է առաջանում։ Ներքին օրգանների (օրինակ՝ որդանման ելունի) բորբոքման ժամանակ կարող են կպումներ առաջանալ։ Քրոնիկական բորբոքման հետևանքով երբեմն առաջանում են կարծրախտային փոփոխություններ և մասնակիորեն սահմանափակվում է տվյալ օրգանի ֆունկցիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png