Jump to content

Անաֆիլաքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերզգայնությունից)
Անաֆիլաքսիա
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն և Իմունոլոգիա
ՀՄԴ-9995.0
ՀՄԴ-10T78.2
 Anaphylaxis Վիքիպահեստում

Անաֆիլաքսիա (հուն․՝ ἀνά - հակառակ և հուն․՝ φύλαξις - պաշտպանություն բառերից)[1], ծանր ալերգիկ ռեակցիա, որն ունի արագ սկիզբ և կարող է բերել մահվան[2]։ Այն առաջանում է որոշ նյութերի՝ ալերգենների, օրգանիզմ կրկնակի մուտք գործելու դեպքում։ Բնորոշ ախտանիշներից են քորվող ցանը, ըմպանի կամ լեզվի այտուցը, հևոցը, փսխումը, գլխապտույտը և ցածր արյան ճնշումը։ Ախտանիշները զարգանում են րոպեների կամ ժամերի ընթացքում։ Ամենատարածված պատճառներից են միջատների խայթոցները, սննդամթերքը և դեղորայքը[3]։ Այլ պատճառներից են լատեքսի հետ շփումը և ֆիզիկական մարզանքը[3]։ Կարող են լինել դեպքեր՝ առանց ակնհայտ պատճառի[3]։

Անաֆիլաքսիայի մեխանիզմի հիմքում ընկած է արյան սպիտակ բջիջների որոշ տեսակներից միջնորդանյութերի (մեդիատորներ) ձերբազատումը․ վերջինիս թողարկման մեխանիզմները կարող են լինել իմունաբանական կամ ոչ իմունաբանական[4]։ Այն ախտորոշվում է առկա ախտանիշների և նշանների հիման վրա, որոնք զարգացել են հավանական ալերգենի հետ շփման արդյունքում[3]։ Առաջնային բուժումը էպինեֆրինի (ադրենալին) ներարկումն է, ներերակային հեղուկները և հիվանդին հորիզոնական դիրքում պառկեցնելը[3][5]։ Կարող են անհրաժեշտ լինել էպինեֆրինի լրացուցիչ դեղաչափեր[3]։ Լրացուցիչ բուժական միջոցառումների մեջ են մտնում հակահիստամինային դեղամիջոցները և ստերոիդները[3]։ Անաֆիլաքսիայի կրկնակի դեպքերի կանխարգելման համար պացիենտը կրթվում է ախտանիշների ճանաչման վերաբերյալ և պահում է իր մոտ էպինեֆրինի ինքնաներարկիչ[3]։

Ամբողջ աշխարհում անաֆիլաքսիան հանդիպում է մարդկանց 0․05-1 %-ի մոտ՝ կյանքի որոշակի փուլում և այդ ցուցանիշներն, ըստ ամենայնի, աճում են[6]։ Այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների և կանանց մոտ[5][7]։ Միացյալ Նահանգներում անաֆիլաքսիայով հինանդանոց ընդունվածների մահացությունը կազմում է 0․3 %[8]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաֆիլաքսիայի նշանները և ախտանիշները:

Անաֆիլաքսիան սովորաբար դրսևորվում է տարբեր ախտանիշներով՝ րոպեների և ժամերի ընթացքում[9][10], վերջիններս ի հայտ են գալիս միջինում 5-ից 30 րոպեների ընթացքում, եթե անաֆիլաքսիայի առաջացման պատճառը ներմուծվել է ներերակային ճանապարհով, և 2 ժամ հետո, եթե այն առաջացել է սննդամթերքի ընդունումից[11][12]։ Անաֆիլաքսիայի պատճառով սովորաբար ախտահարվում է մաշկը (80–90%), շնչառական օրգանները (70%), ստամոքսաղիքային (30–45%), սիրտանոթային (10–45%) և կենտրոնական նյարդային համակարգերը, (10–15%)[10], ընդ որում, հիվանդությունը սովորաբար ներառում է վերը նշվածներից երկուսը կամ ավելին[13]։

Մաշկային ախտանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղնջացան և կարմրություն անաֆիլաքսիայով հիվանդի մեջքին

Բնորոշ են հետևյալ ախտանիշները՝ տարածուն եղնջացան, քոր, կարմրություն կամ շրթունքների այտուց[14]։ Հիվանդները, որոնց մոտ առկա է անգիոէդեմա (անոթային ծագման այտուց), ավելի հաճախ գանգատվում են մաշկի այրոցի զգացողությունից, քան քորից[11]։ Լեզվի կամ կոկորդի այտուցը հանդիպում է անաֆիլաքսիայի մինչև 20% դեպքերում[15]։ Այլ բնորոշ նշանները ներառում են քթահոսությունը և շաղկապենու բորբոքումը[16]։ Մաշկի վրա կարող է առաջանալ կապտավուն երանգ՝ թթվածնի անբավարարության պատճառով[16]։

Շնչառական համակարգի ախտանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր շնչառական ախտանիշները և նշանները հետևյալն են՝ հևոց, սուլող շնչառություն կամ ստրիդոր[14]։ Սուլող շնչառության պատճառը սովորաբար բրոնխային մկանների սպազմն է[12], իսկ ստրիդորը պայմանավորված է այտուցի հետևանքով զարգացած վերին շնչուղիների խցանմամբ[16]։ Կարող է դրսևորվել նաև ձայնի խռպոտություն, կուլ տալու ժամանակ ցավ կամ հազ[11]։

Սիրտանոթային ախտանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ցածր զարկերակային ճնշման պատճառով հիմնականում զարգանում է հաճախասրտություն[16], 10 % դեպքերում հնարավոր է Բեցոլդ-Յարիշի ռեֆլեքսի առաջացումը, որի դեպքում ցածր զարկերակային ճնշումն ուղեկցվում է հազվասրտությամբ[17]։ Արյան ճնշման անկումը կամ շոկը (տեղաբաշխական կամ կարդիոգեն), կարող է հանգեցնել գլխապտույտի կամ գիտակցության կորստի[12]։ Հազվադեպ դեպքերում արյան ցածր ճնշումը կարող է լինել անաֆիլաքսիայի միակ նշանը[18]։

Կարող է զարգանալ պսակաձև զարկերակների սպազմ, որը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, առիթմիայի կամ սրտի կանգի[10][13]։ Պսակաձև զարկերակների հիվանդություն ունեցողների մոտ ավելի մեծ է անաֆիլաքսիայի հետևանքով սրտային բարդությունների առաջացման ռիսկը[12]։ Պսակաձև զարկերակների սպազմը պայմանավորված է սրտում հիստամին ձերբազատող բջիջների առկայությամբ[12]։

Այլ ախտանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսաղիքային ախտանիշերից են կծկանքանման որովայնային ցավը, փորլուծությունը և փսխումը[14]։ Կարող է առաջ գալ խուճապ, մեզը պահելու անկարողություն կամ կոնքային ցավ՝ նման արգանդի կծկանքային ցավերին[14][16]։ Գլխուղեղը շրջապատող արյունատար անոթների լայնացումը կարող է առաջացնել գլխացավեր[11]։ Բնորոշ են նաև տագնապի զգացողությունը կամ «ապագայի նկատմամբ անբացատրելի տագնապի» զգացողությունները[13]։

Անաֆիլաքսիա կարող է առաջանալ գրեթե ցանկացած օտարածին նյութի ներթափանցման հետևանքով[19]։ Ամենատարածված պատճառներից են՝ միջատների խայթոցների հետևանքով օրգանիզմ ներթափանցած թույնը, սննդամթերքը և դեղորայքը[17][20]։ Երեխաների և երիտասարդների մոտ ամենատարածված պատճառը հանդիսանում է սննդամթերքը, իսկ չափահաս անձանց մոտ՝ դեղորայքը և միջատների խայթոցները[13]։ Առավել քիչ տարածված պատճառներից են ֆիզիկական, կենսաբանական գործոնները, ինչպես օրինակ՝ սերմնահեղուկը, լատեքսը, հորմոնային փոփոխությունները, սննդային հավելումները, ինչպես օրինակ՝ նատրիումի գլուտամատը, սննդային ներկերը և մաշկային քսուք-դեղամիջոցները[16]։ Ֆիզիկական գործոնները, օրինակ՝ ջերմաստիճանը (շոգ կամ ցուրտ), մարզանքները (հայտնի է որպես մարզանքներից առաջացած անաֆիլաքսիա) նույնպես կարող են դրդապատճառներ հանդիսանալ՝ պայմանավորված պարարտ բջիջների վրա իրենց ունեցած ուղղակի ազդեցությամբ[13][21]։ Ֆիզիկական վարժությունների հետևանքով առաջացած դեպքերը սովորաբար ուղեկցվում են որոշակի սննդամթերքի ընդունման հետ[11]։ Անզգայացման ժամանակ հիմնական պատճառներ են դառնում նյարդամկանային հաղորդականության արգելակիչ դեղամիջոցները, հակաբիոտիկները և լատեքսը[22]։ 32 - 50 % դեպքերում պատճառը մնում է անհայտ, որը կոչվում է իդիոպաթիկ անաֆիլաքսիա[23]։ 6 պատվաստանյութերը (ԿԿԽ, ջրծաղիկ, գրիպ, հեպատիտ B, փայտացում, մենինգոկոկ), ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսը ճանաչվել են անաֆիլաքսիայի հնարավոր պատճառներ[24]։ Ֆիզիկական մարզանքները անաֆիլաքսիայի հազվադեպ պատճառներից են[25]․ այդ դեպքերի մոտ 1/3-ում առկա է մեկ այլ ուղեկցող գործոն, օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքայինների ընդունումը կամ մարզանքից առաջ որոշակի սննդատեսակներ ուտելը[26]։

Անաֆիլաքսիա կարող է առաջանալ բազմաթիվ սննդամթերքներից. այն կարող է դրսևորվել առաջին անգամ ընդունելուց հետո[17]։ Վերջինիս պատճառ հանդիսացող սննդամթերքները տարբեր են աշխարհի տարբեր մասերում։ Արևմուտքում հաճախակի պատճառներ են հանդիսանում պիստակի, ցորենի, ընկույզի, խեցեմորթների, ձկան, կաթի և ձվի ընդունումը[10][13]։ Մերձավոր Արևելքում տարածված պատճառ է քնջութը, իսկ Ասիայում անաֆիլաքսիայի առաջացման աղբյուր կարող են հանդիսանալ բրինձը և սիսեռը[13]։ Այն սովորաբար ավելի ծանր ընթացք է ունենում այն ժամանակ, երբ հիվանդն ալերգենը ընդունել է ներքին ճանապարհով[17], չնայած որոշ մարդկանց մոտ կարող է ուժեղ ռեակցիա առաջանալ ընդամենը ալերգենի հպումից հետո։ Երեխաների մոտ սննդի նկատմամբ ալերգիան կարող է անցնել տարիքի հետ։ Կաթի կամ ձվի հանդեպ անաֆիլաքսիայով երեխաների 80%-ը, պիստակի հանդեպ՝ 20%-ը մինչև 16 տարեկան դառնալը դառնում են տոլերանտ այս սննդամթերքների հանդեպ[19]։

Ցանկացած դեղամիջոց կարող է անաֆիլաքսիայի պատճառ դառնալ։ Դրանցից ամենատարածվածներն են բետա-լակտամային հակաբիոտիկները, (ինչպես օրինակ՝ պենիցիլինը), որին հաջորդում է ասպիրինը և ՈՍՀԲԴ-ները՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները[10][27]։ Մնացած հակաբիոտիկներն ավելի հազվադեպ են ալերգիկ ռեակցիա առաջացնում, և ՈՍՀԲԴ-ների նկատմամբ ռեակցիան կախված է կոնկրետ դեղամիջոցից, այսինքն՝ եթե հիվանդը ալերգիկ է մի ՈՍՀԲԴ-ի նկատմամբ, ապա, ամենայն հավանականությամբ, կարող է ընդունել մեկ այլ խմբի ՈՍՀԲԴ[27]։ Այլ հարաբերականորեն հաճախակի պատճառներից են քիմիոթերապևտիկ դեղամիջոցները, պատվաստանյութերը, պրոտամինը և բուսական պատրաստուկները[13][27]։ Որոշ դեղամիջոցներ (այդ թվում՝ վանկոմիցին, մորֆին, ռենտգենկոնտրաստային նյութեր) դառնում են անաֆիլաքսիայի պատճառ՝ ուղղակիորեն առաջացնելով պարարտ բջիջների ապահատիկավորում[17]։

Կոնկրետ դեղամիջոցի նկատմամբ հակազդեցությունը մասամբ պայմանավորված է դրա օգտագործման հաճախականությամբ, իսկ մասամբ՝ դրան բնորոշ հատկություններով[28]։ Պենիցիլինները կամ ցեֆալոսպորինները անաֆիլաքսիա են հարուցում միայն այն դեպքում, երբ դրանք օրգանիզմի մեջ կապվում են սպիտակուցներին, և որոշ դեղամիջոցներ ավելի հեշտությամբ են կապվում վերջիններիս հետ, քան մյուսները[11]։ Պենիցիլինի նկատմամբ անաֆիլաքսիա է առաջանում 1։2000-10000 դեպքում, իսկ մահվան պատճառ դառնում 1։50000-ից պակաս դեպքում[11]։ Ասպիրինի և ՈՍՀԲԴ-ների նկատմամբ անաֆիլաքսիա է առաջանում 50000-ից մոտավորապես 1 դեպքում[11]։ Եթե օրգանիզմը ռեակցիա է ցուցաբերում պենիցիլինների նկատմամբ, ապա հավանակությունը, որ այն կհակազդի նաև ցեֆալոսպորիններին, ավելի մեծ է, բայց չնայած դրան՝ այն հանդիպում է 1։1000-ից ավելի հազվադեպ[11]։ Նախկին ռենտգենկոնտրաստային նյութերը ալերգիկ ռեակցիա էին առաջացնում 1% դեպքերում, սակայն նոր, ցածր օսմոտիկ նյութերը ալերգիկ ռեակցիա են առաջացնում 0.04% դեպքում[28]։

Որոշ խայթող միջատներից, ինչպես օրինակ՝ թաղանթաթևավորներ (մեղուներ և կրետներ) կամ Triatominae ընտանիքի միջատներ, օրգանիզմ ներթափանցած թույնը կարող է անաֆիլաքսիա հարուցել դրա նկատմամբ զգայուն անձանց մոտ[10][29]։ Նախկինում կծած տեղի շուրջ առաջացած տեղային ռեակցիան հետագայում անաֆիլաքսիայի զարգացման ռիսկի գործոն է[30][31], այնուամենայնիվ, հիվանդությունից մահվան դեպքերի կեսում նախկինում չի գրանցվել համակարգային ռեակցիա[32]։

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոպիկ հիվանդություններ, ինչպիսիք են ասթման, էկզեման կամ ալերգիկ ռինիտը, ունեցող անձինք ունեն սննդից, լատեքսից և ռենտգենկոնտրաստային նյութերից անաֆիլաքսիայի զարգացման ավելի բարձր ռիսկ, սակայն ոչ դեղորայքից կամ խայթոցներից[13][17]։ Երեխաների շրջանում կատարված մի հետազոտություն ցույց է տվել, որ նրանց 60%-ը նախկինում ունեցել է ատոպիկ հիվանդություններ, իսկ անաֆիլաքսիայի պատճառով մահացած երեխաների 90%-ից ավելին ունեցել է ասթմա[17]։ Մաստոցիտոզով տառապող հիվանդները կամ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողները այս վիճակի զարգացման ավելի մեծ հավանականություն ունեն[13][17]։ Որքան երկար ժամանակ է անցել ենթադրյալ գործոնի հետ առնչվելուց հետո, այնքան ավելի փոքր է ռիսկը[11]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաֆիլաքսիան ծանր ալերգիկ ռեակցիա է, որն ունի արագ սկիզբ և ախտահարում է բազմաթիվ օրգան - համակարգեր[2][33]։ Դրա առաջացման պատճառը պարարտ բջիջներից և բազոֆիլներից բորբոքային միջնորդանյութերի և ցիտոկինների ձերբազատումն է, սովորաբար իմունաբանական ռեակցիայի հետևանքով, սակայն երբեմն նաև ոչ իմունաբանական մեխանիզմներով[33]։

Իմունաբանական մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունաբանական մեխանիզմի դեպքում իմունոգլոբուլին E-ն (IgE) կապվում է անտիգենի (հակածին)(օրգանիզմի համար օտար նյութ, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա) հետ։ Անտիգենին կապված IgE-ն այնուհետև ակտիվացնում է պարարտ բջիջների և բազոֆիլների FcεRI ընկալիչները։ Այն հանգեցնում է բորբոքային միջնորդանյութերի, օրինակ՝ հիստամինի, ձերբազատման։ Այս միջնորդանյութերն այնուհետև առաջացնում են բրոնխների հարթ մկանների կծկում, խթանում են անոթալայնացումը, մեծացնում են արյան պլազմայի արտահոսքը դեպի միջբջջային տարածություն և հանգեցնում սրտամկանի կծկողականության ընկճման[11][33]։ Առկա է նաև այլ իմունաբանական մեխանիզմ, որը միջնորդավորված չէ IgE-ով, սակայն հայտնի չէ, արդյոք այն տեղի է ունենում նաև մարդու օրգանիզմում, թե ոչ[33]։

Ոչ իմունաբանական մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ իմունաբանական մեխանիզմները ներառում են այնպիսի նյութեր, որոնք ուղղակիորեն առաջացնում են պարարտ բջիջների և բազոֆիլների ապահատիկավորում (դեգրանուլացիա)[33]։ Դրանք ներառում են բազմատեսակ գործոններ, ինչպես օրինակ՝ կոնտրաստ նյութեր, օփիոիդներ, ջերմաստիճանային գործոններ (տաք կամ սառը) և վիբրացիա[21][33]։ Սուլֆիտները կարող են առաջացնել ռեակցիա և՛ իմունաբանական, և՛ ոչ-իմունաբանական մեխանիզմներով[34]։

Անաֆիլաքսիան ախտորոշվում է կլինիկական ախտանիշերի և նշանների հիման վրա[13]։ Եթե որևէ ալերգենի հետ շփումից կամ առնչությունից հետո, րոպեների կամ ժամերի ընթացքում զարգացել են ներքոհիշյալ երեք ախտանիշներից մեկը, ապա կա անաֆիլաքսիայի բարձր հավանականություն[13]։

  1. Մաշկի կամ լորձաթաղանթների ընդգրկում, գումարած դժվարացած շնչառություն կամ կամ ախտանիշերով ուղեկցվող ցածր արյան ճնշում
  2. Հետևյալ ախտանիշներից երկուսը կամ ավելին՝ հավանական ալերգենի հետ կոնտակտից հետո.
    • Մաշկի կամ լորձաթաղանթի ախտահարում
    • Դժվարացած շնչառություն
    • Արյան ցածր ճնշում
    • Ստամոքսաղիքային ախտանիշեր
  3. Արյան ցածր ճնշում՝ հայտնի ալերգենի հետ շփումից կամ առնչությունից հետո

Մաշկային ախտանիշերից են եղնջացանը, քորը, կարող է լինել լեզվի այտուց։ Շնչառական խանգարումներից լինում են հևոց, ստրիդոր կամ թթվածնաքաղց։ Արյան ցածր ճնշումը սահմանվում է մարդու սովորական արյան ճնշման նվազում՝ 30 %-ից ավելի։ Չափահասների դեպքում կիրառական է սիստոլիկ զարկերակային ճնշման՝ 90 մմ ս․ս․-ից ցածր ցուցանիշը։

Անաֆիլաքսիայի նոպայի ընթացքում կատարված արյան հետազոտությունը՝ տրիպտազի կամ հիստամինի (ձերբազատված պարարտ բջիջներից) վերաբերյալ կարող են օգնել ախտորոշմանը, եթե դրա առաջացման պատճառը միջատների խայթոցներն են կամ դեղորայքը[13]։ Սակայն այդ հետազոտությունների կիրառությունը սահմանափակվում է, եթե պատճառը սննդամթերքն է կամ եթե հիվանդը նորմալ արյան ճնշում ունի[13], և դրանք սպեցիֆիկ չեն ախտորոշման համար[19]։

Կան անաֆիլաքսիայի երեք հիմնական դասակարգումներ։ Անաֆիլակտիկ շոկը կապված է համակարգային վազոդիլատացիայի (անոթալայնացման) հետ, որը բերում է արյան ցածր ճնշման (ճնշման նվազում 30 %-ով և ավելի կամ ստանդարտ արժեքներից ցածր թվեր)[35]։ Երկֆազ անաֆիլաքսիան անաֆիլաքսիայի կրկնությունն է 1-72 ժամվա ընթացքում՝ առանց ալերգենի հետ կրկնակի կոնտակտի պարագայում[13]։ Վերջինիս հաճախականության մասին հաղորդումները տարբերվում են, որոշ հետազոտությունների տվյալներով այն հասնում է դեպքերի մինչև 20 %-ը[36]։ Կրկնակի ռեակցիան սովորաբար զարգանում է 8 ժամվա ընթացքում[17]։ Այն բուժվում է նույն կերպ, ինչ անաֆիլաքսիան[5]։ Պսևդոանաֆիլաքսիան կամ անաֆիլակտոիդ ռեակցիաները անաֆիլաքսիայի տարատեսակներ են, երբ ընդգրկված չէ ալերգիկ ռեակցիան, բայց պատճառը պարարտ բջիջների ապահատիկավորումն է՝ դրանց վրա ուղղակի ազդեցության մեխանիզմով[17][37]։ Ալերգիայի համաշխարհային կազմակերպությունը ներկայումս կիրառում է ոչ-իմուն անաֆիլաքսիա եզրույթը[37] և խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել հին տերմինաբանությունը[17]։

Ալերգիկ թեստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաշկային ալերգիկ թեստի իրականացում աջ նախաբազկի վրա
Փաթչ-թեստ

Ալերգիկ թեստերը կարող են օգնել, որպեսզի որոշվի ալերգենը։ Մաշկային ալերգիկ թեստերը հասանելի են որոշ սննդատեսակների և թույների հանդեպ ալերգիայի վերաբերյալ հետազոտության համար[19]։ Արյան հետազոտությունը սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի հայտնաբերման համար կարող է կիրառվել՝ հաստատելու համար կաթի, ձվի, գետնանուշի, ընկույզի և ձկան հանդեպ ալերգիան[19]։

Պենիցիլինի հանդեպ ալերգիան հաստատող մաշկային թեստը հասանելի է, բայց մյուս դեղերի համար այդպիսի թեստեր չկան[19]։ Ոչ-իմուն անաֆիլաքսիան հնարավոր է տարբերակել միայն կասկածելի ալերգենի հետ առնչության հուշերի օգնությամբ[37]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաֆիլաքսիան երբեմն դժվար է տարբերակել ասթմայից, ուշաթափությունից և տագնապային գրոհներից[13]։ Ասթման սովորաբար չի ուղեկցվում քորով կամ ստամոքսաղիքային ախտանիշերով, ուշագնացության ժամանակ դիտվում է մաշկի գունատություն և ոչ թե ցանավորում, իսկ տագնապային գրոհի ժամանակ մաշկի կարմրությունը չի ուղեկցվում քորով[13]։ Այլ նմանատիպ վիճակներ են սկրոմբրոիդոզը և անիսակիազը[17]։

Հետմահու նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաֆիլաքսիայից մահացած մարդու դիահերձման ժամանակ առկա է «դատարկ սիրտ», որը վկայում է անոթալայնացման և ներանոթային ծավալի՝ կենտրոնական կոմպարտմենտից դեպի ծայրամասային կոմպարտմենտ վերաբաշխման հետևանքով դեպի սիրտ երակային արյունահոսքի նվազման մասին[38]։ Մյուս նշաններից են կոկորդի այտուցը, թոքերում, սրտում և մյուս հյուսվածքներում էոզինոֆիլիան, և սրտամկանի հիպոպերֆուզիայի վերաբերյալ նշաններ[39]։ Լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվում է շիճուկային տրիպտազի մակարդակի բարձրացում, ընդհանուր և սպեցիֆիկ IgE-ի մակարդակի բարձրացում[39]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում խուսափել անաֆիլաքսիա առաջացնող գործոններից։ Այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, հնարավոր է իրականացնել դեսենսիտիզացիա։ Hymenopetra թույներով իմունոթերապիան արդյունավետորեն դեսենսիտիզացնում է մեծահասակների 80-90 %-ին և երեխաների 98 %-ին մեղուների, կրետների, ձիաբոռերի, հրե մրջյունների, գիշատիչ կրետների հանդեպ ալերգիայի դեպքում։ Ներքին ընդունման իմունոթերապիան կարող է արդյունավետ լինել կաթի, ձվի, ընկույզի և գետնանուշի հանդեպ ալերգիկ մարդկանց համար՝ դեսենսիտիզացիայի հարցում, այնուամենայնիվ կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ[13]։ Օրինակ, շատերի մոտ իմունոթերապիայի ընթացքում կարող է զարգանալ ըմպանի քոր, հազ, շրթունքերի այտուց[40]։ Դեսենսիտիզացիա հնարավոր է նաև շատ դեղամիջոցների հանդեպ, սակայն խորհուրդ է տրվում ուղղակի խուսափել դրանք ընդունելուց։ Լատեքսի հանդեպ ալերգիկ մարդկանց համար կարևոր է խուսափել խաչաձև ռեակցիա առաջացնող սննդատեսակներից, ինչպիսիք են ավոկադոն, բանանը և կարտոֆիլը[13]։

Անաֆիլաքսիան բժշկական անհետաձգելի իրավիճակ է, որի դեպքում հնարավոր է վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն, ինչպիսիք են շնչուղիների մենեջմենթը, հավելյալ թթվածին, մեծածավալ ներերակային հեղուկներ և խիստ հսկողություն[5]։ Էպինեֆրինի նշանակումը ընտրության միջոց է՝ լրացուցիչ կերպով կիրառվող հակահիստամինային և ստերոիդային (օրինակ՝ դեքսամետազոն) դեղամիջոցների հետ[5]։ Խորհուրդ է տրվում հիվանդի վիճակի նորմալացումից հետո 2-24 ժամյա ներհիվանդանոցային հսկողություն՝ կապված երկֆազ անաֆիլաքսիայի զարգացման հնարավորության հետ[11][17][36][41]։

EpiPen ինքնաներարկիչի հին տարբերակ

Էպինեֆրինը (ադրենալին) հանդիսանում է անաֆիլաքսիայի առաջնային բուժում և չունի կիրառման ոչ մի բացարձակ հակացուցում[5]։ Խորհուրդ է տրվում ախտորոշման ենթադրությունից անմիջապես հետո ազդրի առաջակողմնային շրջանում միջմկանային ճանապարհով ներարկել էպինեֆրինի լուծույթ։ Եթե առկա է էպինեֆրինի հանդեպ անբավարար պատասխան, ապա ներարկումը կարող է կրկնվել ամեն 5-15 րոպեն մեկ[5]։ Դեպքերի 16-35 % դեպքերում անհրաժեշտ է լինում էպինեֆրինի երկրորդ դեղաչափ, երկուսից ավել դեղաչափերի անհրաժեշտություն հազվադեպ է լինում[5]։ Միջմկանային ճանապարհը ավելի նախընտրելի է ենթամաշկայինից, քանի որ վերջինիս դեպքում հնարավոր է ներծծման ուշացում[5][42]։ Էպինեֆրինի կիրառման նվազագույն կողմնակի ազդեցություններից են տրեմորը (դող), տագնապը, գլխացավերը և սրտխփոցը[13]։

β-ադրենապաշարիչներ ստացող մարդիկ կարող են էպինեֆրինի նկատմամբ ցուցաբերել կայունություն[17]։ Այսպիսի դեպքերում, երբ ներերակային էպինեֆրինը անարդյունավետ է, կարող է նշանակվել ներերակային գլյուկագոն, որի ազդեցության մեխանիզմը β-ադրենընկալիչների հետ կապ չունի[17]։

Անհրաժեշտության դեպքում էպինեֆրինը կարող է նաև տրվել ներերակային ճանապարհով՝ կիրառելով վերջինիս նոսր լուծույթը։ Ներերակային էպինեֆրինի կիրառումը, այնուամենայնիվ, կարող է զուգակցվել առիթմիաների և սրտամկանի ինֆարկտի զարգացմամբ[5]։

Էպինեֆրինի ինքնաներարկիչները կիրառվում են ինքնուրույն, սովորաբար թողարկվում են 2 դեղաչափերով, մեկը՝ մեծահասակների կամ 25 կգ-ից ավել քաշով երեխաների համար, մյուսը՝ 10-25 կգ քաշով երեխաների համար[43]։

Հավելյալ միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահիստամինային դեղամիջոցները (հիստամինային և՛ H1, և՛ H2 ընկալիչների ներհակորդներ), չնայած նրան, որ հաճախակի կիրառվում են և տեսական տրամաբանությամբ գնահատվում են արդյունավետ, սակայն նրանց արդյունավետությունը չի հիմնվում բավարար ապացուցողական տվյալների վրա[44][45]։ 2007 թվականի Կոքրանի վերանայումը չգտավ ոչ մի որակյալ հետազոտություն, որի հիման վրա տրվեին հանձնարարականներ[45] և նրանց ազդեցությունը շնչուղիների այտուցի կամ սպազմի դեմ հիմնավորված չէ[17]։ Կորտիկոստերոիդները անաֆիլաքսիայի ընթացիկ դրվագի ժամանակ ոչինչ չեն փոխում, սակայն կարող են կիրառվել երկֆազ անաֆիլաքսիայի ռիսկը նվազեցնելու նպատակով։ Նրանց կանխարգելիչ արդյունավետությունը այսպիսի վիճակներում դեռ պարզ չէ[36]։ Սալբուտամոլի նեբուլայզերը կարող է լինել արդյունավետ էպինեֆրինի հանդեպ կայուն բրոնխասպազմի դեմ[17]։ Մեթիլեն կապույտը կիրառվում է այլ միջոցների նկատմամբ պատասխանի բացակայության պարագայում՝ նրա՝ հարթ մկանները թուլացնելու ենթադրյալ ազդեցության համար[17]։

Նախնական պատրաստվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաֆիլաքսիային հակված մարդկանց խորհուրդ է տրվում ունենալ «ալերգիայի դեպքում գործողությունների պլան»։ Ծնողներին խորհուրդ է տրվում դպրոցներին տեղեկացնել իրենց երեխաների ալերգիաների վերաբերյալ և անաֆիլաքսիայի ժամանակ կատարվող գործողությունները։ Գործողությունների պլանը սովորաբար ներառում է էպինեֆրինի ինքնաներարկիչի կիրառումը, բժշկական զգոնության թևկապ կրելը, և ալերգիան դրդող գործոնների բացառմանն ուղղված խորհրդատվությունը[46]։ Որոշ տրիգերների դեպքում հետագա անաֆիլաքսիայի դեպքերի կանխման համար հասանելի է իմունաթերապիան։ Տարիներ տևող ենթամաշկային դեսենսիտիզացիան գտնվել է արդյունավետ միջատների խայթոցների դեմ, իսկ ներքին ընդունման եղանակով դեսենսիտիզացիան արդյունավետ է շատ սննդատեսակների դեմ ալերգիաների դեպքում[10]։

Այն դեպքերում, երբ պատճառը հայտնի է և անհետաձգելի բուժումը հնարավոր է, կանխատեսումը բարենպաստ է[47]։ Եթե անգամ պատճառը հայտնի չէ, եթե համապատասխան կանխարգելիչ դեղամիջոցը հասանելի է, ապա կանխատեսումը հիմնականում բարենպաստ է[11]։ Մահը վրա է հասնում սովորաբար շնչառական (հիմնականում ասֆիքսիա) կամ սիրտանոթային (շոկ) պատճառներից[17][33], դեպքերի 0․7-20 %-ը բերում են մահվան[11][48]։ Գրանցվել են նաև րոպեների ընթացքում զարգացած մահվան դեպքեր[13]։ Ֆիզիկական մարզանքներից առաջացած անաֆիլաքսիայի ելքերը սովորաբար բարենպաստ են, այդպիսի դրվագները տարիքի հետ դառնում են հազվադեպ և ավելի թեթև ընթացքով[23]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաֆիլաքսիայի դեպքերը տարեկան կազմում են 4-100՝ 100․000 բնակչի հաշվով[17][49], ամբողջ կյանքի ընթացքում ռիսկը կազմում է 0․05-2 %[50]: Նշված դեպքերի մոտ 30 %-ում մարդիկ ունենում են մեկից ավելի դրվագներ[49]։ Ֆիզիկական մարզանքներից առաջացած անաֆիլաքսիան հանդիպում է 2000 երիտասարդից մեկի մոտ[26]։

Հանդիպման հաճախականությունը կարծես թե ավելանում է․ 1980-ականներին 100․000 բնակչի հաշվով լինում էր 20 դեպք, իսկ 1990-ականներին՝ 100․000-ի հաշվով՝ 50 դեպք[10]։ Այդ հաճախացումը հիմնականում պայմանավորված է սննդից առաջացած անաֆիլաքսիայի դեպքերի շատացմամբ[51]։ Բարձր ռիսկի մեջ են գտնվում երիտասարդները և կանայք[5][17]։

Միացյալ Նահանգներում անաֆիլաքսիայից տարեկան գրանցվում են 500-1000 մահվան դեպք (1 միլիոն բնակչին՝ 2․7 դեպք), Միացյալ Թագավորությունում՝ տարեկան 20 մահվան դեպք (1 միլիոն բնակչին՝ 0․33 դեպք), Ավստրալիայում՝ տարեկան 15 մահվան դեպք (1 միլիոն բնակչին՝ 0․64 դեպք)[17]։ Ըստ մեկ այլ գնահատականի, Միացյալ Նահանգներում 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 0․7 մահվան դեպք[52]։ 1970-ականներից մինչև 2000-ականները մահացության հաճախականությունը նվազել է[53]։ Ավստրալիայում սննդային պատճառով առաջացած անաֆիլաքսիան հանդիպում է հիմնականում կանանց, իսկ միջատների խայթոցներից առաջացածը՝ հիմնականում տղամարդկանց մոտ[17]։ Անաֆիլաքսիայի պատճառով առաջացած մահվան հիմնական պատճառային գործոնը դեղորայքն է[17]։

Աֆիլաքսիս եզրույթը ներդրվել է Շառլ Ռիշեի կողմից 1902 թվականին և հետագայում փոխվել անաֆիլաքսիայով, քանի որ վերջինս ավելի գեղեցիկ է հնչում[19]։ Շառլ Ռիշեն իր փորձերում շանը ներարկել է ծովային անեմոնի (Actinia) թույնը՝ փորձելով շանը դարձնել այդ թույնի նկատմամբ դիմադրունակ։ Չնայած առաջին անգամ այդ թույնը շան վրա չազդեց, սակայն 3 շաբաթ անց թույնի նույն չափաքանակի կրկնակի ներմուծումը հանգեցրեց շան մոտ անաֆիլաքսիայի զարգացման՝ մահացու ելքով։ Այսպիսով, երբ նախկին տանելի չափաքանակները հետագա ներմուծման դեպքում բերում էին մահացու ելքի, անվանվեց աֆիլաքսիա եզրույթով՝ a (առանց) և phylaxis (պաշտպանություն) բառերից։ Հետագայում, 1913 թվականին, նա ստացավ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ[11]։ Այնուամենայնիվ, այս երևույթը նկարագրվել է դեռևս հին ժամանակներում[37]։ Այս եզրույթը ծագում է հունարեն ἀνά (անա)՝ ընդդեմ և φύλαξις (ֆիլաքսիս)՝ պաշտպանություն բառերից[54]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ընթացիկ աշխատանքներ՝ անաֆիլաքսիայի բուժման համար էպինեֆրինի ենթալեզվային դեղաձևի զարգացման ուղղությամբ[17]։ Որպես կրկնվող դեպքերի կանխման մեթոդ՝ ուսումնասիրվում է հակա-իմունոգլոբուլին-E օմալիզումաբի ենթամաշկային ներարկման եղանակը։ Վերջինս սակայն դեռ տեղ չի գտել հանձնարարականներում[13][55]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gylys, Barbara (2012). Medical Terminology Systems: A Body Systems Approach. F.A. Davis. էջ 269. ISBN 9780803639133. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին.
  2. 1 2 Tintinalli, Judith E. (2010). Emergency Medicine: A Comprehensive Study Guide (Emergency Medicine (Tintinalli)). New York: McGraw-Hill Companies. էջեր 177–182. ISBN 0-07-148480-9.
  3. 1 2 3 4 5 6 7 8 «Anaphylaxis». National Institute of Allergy and Infectious Diseases. 2015 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. Khan, BQ; Kemp, SF (2011 թ․ օգոստոս). «Pathophysiology of anaphylaxis». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 11 (4): 319–25. doi:10.1097/ACI.0b013e3283481ab6. PMID 21659865.
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 The EAACI Food Allergy and Anaphylaxis Guidelines Group (2014 թ․ օգոստոս). «Anaphylaxis: guidelines from the European Academy of Allergy and Clinical Immunology». Allergy. 69 (8): 1026–45. doi:10.1111/all.12437. PMID 24909803.
  6. Simons, FE; Ardusso, LR; Bilò, MB; El-Gamal, YM; Ledford, DK; Ring, J; Sanchez-Borges, M; Senna, GE; Sheikh, A; Thong, BY; World Allergy, Organization. (2011 թ․ փետրվար). «World allergy organization guidelines for the assessment and management of anaphylaxis». The World Allergy Organization journal. 4 (2): 13–37. doi:10.1097/wox.0b013e318211496c. PMC 3500036. PMID 23268454.
  7. Lee, JK; Vadas, P (2011 թ․ հուլիս). «Anaphylaxis: mechanisms and management». Clinical and Experimental Allergy. 41 (7): 923–38. doi:10.1111/j.1365-2222.2011.03779.x. PMID 21668816.
  8. Ma, L; Danoff, TM; Borish, L (2014 թ․ ապրիլ). «Case fatality and population mortality associated with anaphylaxis in the United States». The Journal of Allergy and Clinical Immunology. 133 (4): 1075–83. doi:10.1016/j.jaci.2013.10.029. PMC 3972293. PMID 24332862.
  9. Oswalt ML, Kemp SF (2007 թ․ մայիս). «Anaphylaxis: office management and prevention». Immunol Allergy Clin North Am. 27 (2): 177–91, vi. doi:10.1016/j.iac.2007.03.004. PMID 17493497. «Clinically, anaphylaxis is considered likely to be present if any one of three criteria is satisfied within minutes to hours»
  10. 1 2 3 4 5 6 7 8 Simons FE (2009 թ․ հոկտեմբեր). «Anaphylaxis: Recent advances in assessment and treatment» (PDF). The Journal of Allergy and Clinical Immunology. 124 (4): 625–36, quiz 637–8. doi:10.1016/j.jaci.2009.08.025. PMID 19815109. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition. Philadelphia, PA: Mosby/Elsevier. էջ 15111528. ISBN 978-0-323-05472-0.
  12. 1 2 3 4 5 Triggiani, M; Patella, V; Staiano, RI; Granata, F; Marone, G (2008 թ․ սեպտեմբեր). «Allergy and the cardiovascular system». Clinical and experimental immunology. 153 Suppl 1 (s1): 7–11. doi:10.1111/j.1365-2249.2008.03714.x. PMC 2515352. PMID 18721322.
  13. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 Simons, FE; World Allergy, Organization (2010 թ․ մայիս). «World Allergy Organization survey on global availability of essentials for the assessment and management of anaphylaxis by allergy-immunology specialists in health care settings» (PDF). Annals of Allergy, Asthma & Immunology. 104 (5): 405–12. doi:10.1016/j.anai.2010.01.023. PMID 20486330. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. 1 2 3 4 Sampson HA, Muñoz-Furlong A, Campbell RL; և այլք: (2006 թ․ փետրվար). «Second symposium on the definition and management of anaphylaxis: summary report-Second National Institute of Allergy and Infectious Disease/Food Allergy and Anaphylaxis Network symposium». J. Allergy Clin. Immunol. 117 (2): 391–7. doi:10.1016/j.jaci.2005.12.1303. PMID 16461139. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Limsuwan, T; Demoly, P (2010 թ․ հուլիս). «Acute symptoms of drug hypersensitivity (urticaria, angioedema, anaphylaxis, anaphylactic shock)» (PDF). The Medical clinics of North America. 94 (4): 691–710, x. doi:10.1016/j.mcna.2010.03.007. PMID 20609858. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. 1 2 3 4 5 6 Brown, SG; Mullins, RJ, Gold, MS (2006 թ․ սեպտեմբերի 4). «Anaphylaxis: diagnosis and management». The Medical journal of Australia. 185 (5): 283–9. PMID 16948628.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Lee, JK; Vadas, P (2011 թ․ հուլիս). «Anaphylaxis: mechanisms and management». Clinical and experimental allergy : journal of the British Society for Allergy and Clinical Immunology. 41 (7): 923–38. doi:10.1111/j.1365-2222.2011.03779.x. PMID 21668816.
  18. Limsuwan, T; Demoly, P (2010 թ․ հուլիս). «Acute symptoms of drug hypersensitivity (urticaria, angioedema, anaphylaxis, anaphylactic shock)» (PDF). The Medical clinics of North America. 94 (4): 691–710, x. doi:10.1016/j.mcna.2010.03.007. PMID 20609858. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. 1 2 3 4 5 6 7 Boden, SR; Wesley Burks, A (2011 թ․ հուլիս). «Anaphylaxis: a history with emphasis on food allergy». Immunological reviews. 242 (1): 247–57. doi:10.1111/j.1600-065X.2011.01028.x. PMC 3122150. PMID 21682750.
  20. Worm, M (2010). «Epidemiology of anaphylaxis». Chemical immunology and allergy. 95: 12–21. doi:10.1159/000315935. PMID 20519879.
  21. 1 2 editors, Marianne Gausche-Hill, Susan Fuchs, Loren Yamamoto, (2007). The pediatric emergency medicine resource (Rev. 4. ed. ed.). Sudbury, Mass.: Jones & Bartlett. էջ 69. ISBN 978-0-7637-4414-4. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն); |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Dewachter, P; Mouton-Faivre, C, Emala, CW (2009 թ․ նոյեմբեր). «Anaphylaxis and anesthesia: controversies and new insights». Anesthesiology. 111 (5): 1141–50. doi:10.1097/ALN.0b013e3181bbd443. PMID 19858877.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. 1 2 editor, Mariana C. Castells, (2010). Anaphylaxis and hypersensitivity reactions. New York: Humana Press. էջ 223. ISBN 978-1-60327-950-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. «Adverse Effects of Vaccines: Evidence and Causality» (PDF). U.S. Institute of Medicine. 2011. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  25. Feldweg, AM (2015 թ․ մայիս). «Exercise-Induced Anaphylaxis». Immunology and Allergy Clinics of North America (Review). 35 (2): 261–75. doi:10.1016/j.iac.2015.01.005. PMC 4542991. PMID 25841550.
  26. 1 2 Pravettoni, V; Incorvaia, C (2016). «Diagnosis of exercise-induced anaphylaxis: current insights». Journal of asthma and allergy. 9: 191–198. doi:10.2147/JAA.S109105. PMC 5089823. PMID 27822074.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  27. 1 2 3 Volcheck, Gerald W. (2009). Clinical allergy : diagnosis and management. Totowa, N.J.: Humana Press. էջ 442. ISBN 978-1-58829-616-0.
  28. 1 2 Drain, KL; Volcheck, GW (2001). «Preventing and managing drug-induced anaphylaxis». Drug safety : an international journal of medical toxicology and drug experience. 24 (11): 843–53. PMID 11665871.
  29. Klotz, JH; Dorn, PL, Logan, JL, Stevens, L, Pinnas, JL, Schmidt, JO, Klotz, SA (2010 Jun 15). «"Kissing bugs": potential disease vectors and cause of anaphylaxis». Clinical infectious diseases : an official publication of the Infectious Diseases Society of America. 50 (12): 1629–34. doi:10.1086/652769. PMID 20462351.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. Bilò, MB (2011 թ․ հուլիս). «Anaphylaxis caused by Hymenoptera stings: from epidemiology to treatment». Allergy. 66 Suppl 95: 35–7. doi:10.1111/j.1398-9995.2011.02630.x. PMID 21668850.
  31. Cox, L; Larenas-Linnemann, D, Lockey, RF, Passalacqua, G (2010 թ․ մարտ). «Speaking the same language: The World Allergy Organization Subcutaneous Immunotherapy Systemic Reaction Grading System». The Journal of allergy and clinical immunology. 125 (3): 569–74, 574.e1-574.e7. doi:10.1016/j.jaci.2009.10.060. PMID 20144472.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. Bilò, BM; Bonifazi, F (2008 թ․ օգոստոս). «Epidemiology of insect-venom anaphylaxis». Current opinion in allergy and clinical immunology. 8 (4): 330–7. doi:10.1097/ACI.0b013e32830638c5. PMID 18596590.
  33. 1 2 3 4 5 6 7 Khan, BQ; Kemp, SF (2011 թ․ օգոստոս). «Pathophysiology of anaphylaxis». Current opinion in allergy and clinical immunology. 11 (4): 319–25. doi:10.1097/ACI.0b013e3283481ab6. PMID 21659865.
  34. Lewis, Julius M. Cruse, Robert E. (2010). Atlas of immunology (3rd ed.). Boca Raton, FL: CRC Press/Taylor & Francis. էջ 411. ISBN 9781439802694. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. Limsuwan, T; Demoly, P (2010 թ․ հուլիս). «Acute symptoms of drug hypersensitivity (urticaria, angioedema, anaphylaxis, anaphylactic shock)» (PDF). The Medical Clinics of North America. 94 (4): 691–710, x. doi:10.1016/j.mcna.2010.03.007. PMID 20609858. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  36. 1 2 3 Lieberman P (2005 թ․ սեպտեմբեր). «Biphasic anaphylactic reactions». Ann. Allergy Asthma Immunol. 95 (3): 217–26, quiz 226, 258. doi:10.1016/S1081-1206(10)61217-3. PMID 16200811.
  37. 1 2 3 4 Ring, J; Behrendt, H; de Weck, A (2010). «History and classification of anaphylaxis» (PDF). Chemical Immunology and Allergy. Chemical Immunology and Allergy. 95: 1–11. doi:10.1159/000315934. ISBN 978-3-8055-9441-7. PMID 20519878.
  38. 135065, բաժին Anaphylaxis(անգլ.) EMedicine կայքում
  39. 1 2 Da Broi, U; Moreschi, C (2011 թ․ հունվարի 30). «Post-mortem diagnosis of anaphylaxis: A difficult task in forensic medicine». Forensic Science International. 204 (1–3): 1–5. doi:10.1016/j.forsciint.2010.04.039. PMID 20684869.
  40. Simons, FE; Ardusso, LR; Dimov, V; Ebisawa, M; El-Gamal, YM; Lockey, RF; Sanchez-Borges, M; Senna, GE; Sheikh, A; Thong, BY; Worm, M; World Allergy, Organization. (2013). «World Allergy Organization Anaphylaxis Guidelines: 2013 update of the evidence base». International Archives of Allergy and Immunology. 162 (3): 193–204. doi:10.1159/000354543. PMID 24008815.
  41. «Emergency treatment of anaphylactic reactions – Guidelines for healthcare providers» (PDF). Resuscitation Council (UK). 2008 թ․ հունվար. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 22-ին.
  42. Simons, KJ; Simons, FE (2010 թ․ օգոստոս). «Epinephrine and its use in anaphylaxis: current issues». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 10 (4): 354–61. doi:10.1097/ACI.0b013e32833bc670. PMID 20543673.
  43. Halbrich, M; Mack, DP; Carr, S; Watson, W; Kim, H (2015). «CSACI position statement: epinephrine auto-injectors and children < 15 kg». Allergy, Asthma, and Clinical Immunology. 11 (1): 20. doi:10.1186/s13223-015-0086-9. PMC 4485331. PMID 26131015.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  44. Nurmatov, UB; Rhatigan, E; Simons, FE; Sheikh, A (2014 թ․ փետրվար). «H2-antihistamines for the treatment of anaphylaxis with and without shock: a systematic review». Annals of Allergy, Asthma & Immunology. 112 (2): 126–31. doi:10.1016/j.anai.2013.11.010. PMID 24468252.
  45. 1 2 Sheikh A, Ten Broek V, Brown SG, Simons FE (2007 թ․ օգոստոս). «H1-antihistamines for the treatment of anaphylaxis: Cochrane systematic review». Allergy. 62 (8): 830–7. doi:10.1111/j.1398-9995.2007.01435.x. PMID 17620060.
  46. Martelli, A; Ghiglioni, D; Sarratud, T; Calcinai, E; Veehof, S; Terracciano, L; Fiocchi, A (2008 թ․ օգոստոս). «Anaphylaxis in the emergency department: a paediatric perspective». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 8 (4): 321–9. doi:10.1097/ACI.0b013e328307a067. PMID 18596589.
  47. Harris JP, Weisman MH (2007 թ․ հուլիսի 26). Head and Neck Manifestations of Systemic Disease. CRC Press. էջեր 325–. ISBN 978-1-4200-1756-4.
  48. Triggiani, M; Patella, V; Staiano, RI; Granata, F; Marone, G (2008 թ․ սեպտեմբեր). «Allergy and the cardiovascular system». Clinical and Experimental Immunology. 153 Suppl 1 (s1): 7–11. doi:10.1111/j.1365-2249.2008.03714.x. PMC 2515352. PMID 18721322.
  49. 1 2 Tejedor-Alonso M, A; Moro-Moro, M; Múgica-García, MV (2015). «Epidemiology of Anaphylaxis: Contributions From the Last 10 Years». Journal of investigational allergology & clinical immunology. 25 (3): 163–75, quiz follow 174-5. PMID 26182682.
  50. Leslie C. Grammer (2012). Patterson's Allergic Diseases (7 ed.). ISBN 9781451148633. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին.
  51. Koplin, JJ; Martin, PE; Allen, KJ (2011 թ․ հոկտեմբեր). «An update on epidemiology of anaphylaxis in children and adults». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 11 (5): 492–6. doi:10.1097/ACI.0b013e32834a41a1. PMID 21760501.
  52. Fromer, L (2016 թ․ դեկտեմբեր). «Prevention of Anaphylaxis: The Role of the Epinephrine Auto-Injector». The American Journal of Medicine. 129 (12): 1244–1250. doi:10.1016/j.amjmed.2016.07.018. PMID 27555092.
  53. Demain, JG; Minaei, AA; Tracy, JM (2010 թ․ օգոստոս). «Anaphylaxis and insect allergy». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 10 (4): 318–22. doi:10.1097/ACI.0b013e32833a6c72. PMID 20543675.
  54. «anaphylaxis». merriam-webster.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  55. Vichyanond, P (2011 թ․ սեպտեմբեր). «Omalizumab in allergic diseases, a recent review». Asian Pacific Journal of Allergy and Immunology. 29 (3): 209–19. PMID 22053590.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 377
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաֆիլաքսիա» հոդվածին։