Ալերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոշու մի քանի տեսակներ։ Պատկերը ստացված է էլեկտրոնային մանրադիտակով։

Ալերգեն, հակածին, որը դրա նկատմամբ զգայուն մարդկանց օրգանիզմում առաջացնում է ալերգիկ ռեակցիա։ Գիտական տեսանկյունից, ալերգենը անտիգեն է, որը ունակ է թողարկել I տիպի գերզգայունության ռեակցիա այն մարդկանց մոտ, որոնց մոտ դիտվել է ատոպիկ մաշկաբորբ՝ իմունոգլոբուլին E (IgE) միջնորդված պատասխանի հետևանքով։

Ալերգենների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգեններ կարող են հայտնաբերվել տարբեր աղբյուրներում․ փոշու տիզ, փոշի, տնային կենդանիների թեփ, մեղվակաթ։ Այնպիսի մթերքներ, ինչպիսիք են գետնանուշը (լոբազգիներ), ընդեղենը, ծովամթերքը և փափկամարմինները, համարվում են լուրջ սննդային ալերգիայի պատճառներ մարդկանց մոտ։

ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի որակի վերահսկման կենտրոնը պաշտոնապես առանձնացրել է 8 սննդամթերքներ, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիա գերզգայուն բնակչության մեծ մասի մոտ։ Դրանց շարքին դասվում են գետնանուշը, ընկույզները, ձուն, կաթը, փափկամարմինները, ձկնեղենը, հացահատիկը և դրանցից ստացվող սնունդը, սոյան, ինչպես նաև սուլֆիտները (հաճախ հանդիպում են սննդին ավելացվող համային և գունային հավելումներում)։

Այլ երկրներում, կախված ժողովրդի գենետիկ առանձնահատկություններից և սննդակարգից, ալերգենների ցուցակը կարող է տարբերվել․ Կանադայում այս ցուցակին ավելացել են նաև քնջութի սերմերը և մանանեխը։ Եվրոպական միության անդամ երկրները այս ցուցակին ավելացրել են հացահատիկային մթերքները, որոնք գլյուտեն են պարունակում, նաև նեխուրը և լուպինը։

Ալերգեն են համարվում նաև ուրուշիոլը, խեժերը, որոնք արտադրում է թունավոր կաղինը, և հարուցում են կոնտակտային մաշկաբորբ․ ուրիշիոլը այնպես է փոփոխում մաշկի բջիջների կառուցվածքը, որ իմուն համակարգը այն ճանաչում է որպես օտար։ Զանազան ծառեր կամ փայտից պատրաստված պարագաներ, ինչպիսիք են թուղթը, ստվարաթուղթը և այլն, նույնպես կարող են հարուցել ալերգիկ ռեակցիա՝ թեթևից մինչև ծանր աստիճան, փայտի թեփը ներշնչելու կամ դրան դիպչելու հետևանքով կարող է առաջանալ ասթմա և մաշկացան։

Ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ ալերգենի հետ կոնտակտի ցանկացած ձևի դեպքում․ սննդի կամ ըմպելիքի ընդունում, որոնց հանդեպ առկա է գերզգայունություն(ներքին ընդունում), փոշու, օծանելիքի, կամ ընտանի կենդանիների թեփի ներշնչում, կամ էլ ալերգիան առաջացնող բույսերի հետ մաշկի թեթև շփում (անմիջական կոնտակտ)։

Արտահայտված ալերգիայի առաջացման այլ հաճախ պատճառներ են հանդիսանում կրետների, մեղուների խայթոցը, պենիցիլինը, լատեքսը։ Ալերգիկ ռեակցիայի ծանրագույն ձևը կոչվում է անաֆիլաքսիա։ Անաֆիլաքսիայով հիվանդի բուժման հիմնական եղանակն է մաքուր ադրենալինի ներարկումը, որը հնարավորություն է տալիս նրան հասցնել բուժհաստատություն։

Ալերգենների խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ալերգենների ծագումից, նրանց կարելի է առանձնացնել մի քանի խմբում․

  • տնտեսական, տնային կամ արդյունաբերական փոշին, կավիճը և դրա ջրային լուծույթը , նավթի վերամշակման արդյունքում ստացված նյութերը,
  • սննդային, բոլոր սննդամթերքները պոտենցիալ ալերգեն կարեղ են հադիսանալ։ Բարձր ալերգիզացնող հատկություն ունեն կովի կաթը, ձուկը և այլ ծովամթերքներ, ձվի սպիտակուցը, հավի միսը, ելակը, ազնվամորին, ցիտրուսները, շոկոլադը, ընկուզեղենը,
    Հիմնական սննդային ալերգեններ։
  • դեղորայքային, ալերգեն կարող են հանդիսանալ բոլոր դեղորայքային պրեպարատները, նույնիսկ՝ հակաալերգիկ դեղերը,
  • սնկային, կազմում են տնային փոշու պարունակության մեծ մասը (դրանք հաճախ բորբոսասնկերն ու խմորասնկերն են),
  • վերնամաշկի կտորներ, տնային կենդանիների (շուն, կատու, ծովախոզուկ, համստեր, թռչուն, նապաստակ, ձի, ոչխար և այլն) բուրդը, բմբուլը, թեփը, արտաթորանքը, թուքը, մարդու վերնամաշկը,
  • միջատներ, տզերը, խավարասերները, արյունածուծ միջատները, սարդակերպերը,
    Տնային փոշու տիզ
  • փոշի, տարբեր բույսերի փոշին (հատկապես հացազգիներ)
  • մետաղներ, նիկել, քրոմ

Ալերգիա կարող են առաջացնել նաև օտար օրգանիզմի կենսական հեղուկները (փոխներարկվող արյուն) և պատվաստանյութերը։



Սեզոնային ալերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոնային ալերգիայի սիմպտոմները հիմանականում դրսևորվում են տարվա կոնկրետ եղանակին, հիմնականում գարնանը, ամռանը և աշնանը, երբ սկսվում է ծառերի և այլ բույսերի փոշոտումը։ Օրինակի համար կաղնին, թեղին և թխկին փոշոտում են գարնանը, մինչդեռ այնպիսի բույսեր, ինչպիսիք են բերմուդան, կնյունը և պտղատու ծառերը, փոշոտում են ամռանը։

Խոտերից ալերգիան արտահայտվում է խոտային տենդի ձևով։ Ախտանիշներն են ռինիտը, որը հիմնականում հարուցում է փռշտոց և քթահոսություն, և կոնյունկտիվիտը, որի հիմնական նշաններն են աչքերի քորը և կարմրությունը։ Հաճախ արտահայտվող ախտանիշ է համարվում նաև լեզվի արմատին մոտ հատվածներում կամ կոկորդի հետին պատին քորի զգացումը։

Կախված սեզոնից ախտանիշները կարող են լինել ավելի արտահայտված, կամ կարող են ավելանալ ավելի վտանգավոր ախտանիշներ, ինչպիսիք են հազը, խզզոցները և դյուրագրգիռ վիճակը։ Որոշ մարդիկ նույնիսկ դառնում են դեպրեսիվ, կորցնում են ախորժակը կամ ունենում են քնի խանգարումներ։ Քանի որ կարող են ախտահարվել նաև դիմային սինուսները , ախտանիշներին կարող է ավելանալ գլխացավը։

Եթե 2 ծնողները նախկինում ունեցել են ալերգիկ անամնեզ, կա 66% հավանականություն, որ երեխան նույնպես կունենա սեզոնային ալերգիկ խնդիրներ, մինչդեռ, եթե խնդիրը կա միայն մեկ ծնողի մոտ, հավանականությունը ցածր է 60%-ից։ Օրգանիզմի պատասխան ռեակցիան սեզոնային ալերգենի դեմ բավականին ուժեղ է․ երբ ալերգենը ընկնում է մարդու օրգանիզմ, որը զգայուն է այդ ալերգենի նկատմամբ, այն հարուցում է իմուն պատասխան և հարուցում է հակամարմինների արտադրություն։ Այս հակամարմինները տեղափոխվում են քթում, աչքերում, թոքերում տեղակայված մաստոցիտների մոտ։ Երբ ալերգենը մուտք է գործում քթի խոռոչ մեկից ավել անգամ, այդ մաստոցիտները ձերբազատում են տարբեր միջնորդանյութեր, որոնք գրգռում և բորբոքում են քթի նուրբ լորձաթաղանթը և հարուցում են ալերգիային բնորոշ ախտանիշներ․ քոր, <<քերվող>> կոկորդի զգացում, փռշտոց, լցված աչքեր և այլն։ Որոշ ախտանիշեր օգնում են տարբերել ալերգիան հարբուխից․

  • Ջերմության բացակայություն,
  • լորձաթաղանթի սեկրետը ջրիկ է և մաքուր, առանց թարախի,
  • փռշտոցը առաջանում է միանգամից մի քանի անգամ և հատուկ ժամանակամիջոցում․
  • կոկորդում, ականջներում, քթում քորի զգացում,
  • այս ախտանիշերը տևում են ավելին, քան 7 օր։

Սեզոնային ալերգեների մեջ կան այնպիսիք, որոնք միասին ազդելով առաջացնում են նոր տեսակի ալերգիա։ Օրինակ, խոտի ալերգենները խաչաձև կապի մեջ են մտնում սոխի, հազարի, գազարի, նեխուրի և եգիպտացորենի սննդային ալերգենների հետ։ Բացի այդ, այն ալերգենները, որոնք գենետիկ կազմով մոտ են կեչու փոշուն (դրանք են խնձորը, խաղողը, դեղձը, նեխուրը, ծիրանը), կարող են առաջացնել աչքերի և կոկորդի քոր, եթե տվյալ անհատը գերզգայուն է կեչու փոշու նկատմամբ։ Նոճու փոշին կարող է խաչաձև ռեակցիայի մեջ մտնել ձիթապտղի, մոխրի և ռուսական ձիթապտղի ծառի փոշու ալերգենների հետ։

Որոշ ալերգիկ տրիգերներ կարող են ավելի ուժեղ ազդել եղանակային փոփոխությունների ժամանակ։ Համաշխարհային հետազոտողները պնդում են, որ գլոբալ տաքացումը վատ նորություն է ասթմատիկ հիվանդների համար, որոնց ասթմայի նոպաները խորանում են սեզոնային ալերգիայի ժամանակ[1]։ Սեզոնային ալերգիաները հանդիսանում են ասթմայի գրոհների հիմնական թողարկիչը, ծխախոտի ծխի, ֆիզիկական ակտիվության և սառը օդի հետ միասին։ Օրինակ, Կանադայում ապրող ասթմատիկների 75%-ը նշում է սեոնային ալերգիայի առկայություն[2]։

Պացիենտի մոտ առկա ախտանիշերը, հարց ու պատասխանը և ֆիզիկալ քննության տվյալները օգնում են բժշկին կողմնորոշվել սեզոնային ալեգիայի հարցում։ Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել 2 թեստ․ արյան ընդհանուր հետազոտություն և մաշկային փորձ։ Մաշկային փորձը կատարվում է բժիշկ-ալերգոլոգի կողմից՝ երկու տարբերակով․ կա՛մ ալերգեն պարունակող զտված շիճուկը կաթեցնելով ասեղի ծայրով նախապես քերված մաշկի վրա, կա՛մ այդ շիճուկի փոքր քանակությունը ներարկելով ներմաշկային[3]։

Գոյություն ունեն սեզոնային ալերգիայի ախտորոշման մի քանի տաբերակներ ևս, ինչպիսիք են լաբորատոր հետազոտությունները, քթի էնդոսկոպիկ հետազոտությունը և այլն։ Քթից վերցված նմուշը միկրոսկոպիկ հետազոտության ենթարկելիս կարելի է հայտնաբերել էոզինոֆիլների բարձր քանակ, որը ալերգիային բնորոշ նշան է։ Եթե առկա է էոզինոֆիլների բարձր քանակ, կասկածվում է ալերգիա։

Հաջորդ լաբորատոր հետազոտությունը IgE-ի հայտնաբերման արյան հետազոտություններն են, որոնցից են ռադիոալերգոսորբենտ թեստը (ՌԱՍԹ), կամ վերջին հետազոտություններից ֆերմենտային ալերգոսորբենտ թեստը (ՖԱՍԹ)։ Սրանք թույլ են տալիս հայտնաբերել հայտնաբերել աերգեն-սպեցիֆիկ IgE, որի քանակությունը բարձրանում է ալերգիայի ժամանակ։ Չնայած դրան, մաշկային թեստերը ավելի ինֆորմատիվ են ախտորոշման դեպքում։ Մանրադիտակային հետազոտությունը կարող է ինֆորմատիվ լինել քրոնիկ ռինիտով անձանց մոտ սինուսիտ հայտնաբերելու տեսանկյունից։ Օգտագործվում է նաև նազալ էնդոսկոպիա, որը թույլ է տալիս ուսումնասիրել քթի անցուղիները և տենել լորձաթաղանթի մակրոսկոպիկ փոփոխությունները[4]։

Սնկային ալերգեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952թ․-ին բազիդիոսպորները առաջին անգամ նկարագրվեցին որպես օդում տարածված ալերգեններ[5], իսկ 1969 թ․-ին մտցվեցին ասթմայի էթիոլոգիկ գործոննեի մեջ[6]։ Բազիդիոսպորները հանդիսանում են օդում գտնվող հիմնական սնկերը, որոնք հանդիսանում են ալերգեն[7]։ Սնկային ալերգիաները ապացուցված կապ ունեն սեզոնալ ասթմայի հետ[8][9]։ Օդում տարածված սնկերի սպորները իրենց տրամագծով կարող են հասնել բորբոսասնկերին և ծաղկափոշուն։ Սնկային ռեսպիրատոր ալերգիայի դեպքերը կազմում են ալերգիայի ընդհանուր դեպքերի մինչև 30 տոկոսը, սակայն, սննդային ալերգիաների մոտ 1 տոկոսը[10][11]։ Հորդառատ անձրևների (խթանում են սնկային սպորների առաջացումը) ժամանակ աճում են ասթմայով տառապող երեխաների հոսպիտալացման ցուցանիշները[12]։ Նոր Զելանդիայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շնչառական ալերգիա ունեցողների 22 տոկոսի մոտ բազիդիոսպորային ալերգիայի թեստերը եղել են դրական[13]։ Սնկերի սպորներից ալերգիան կարող է արտահայտվել կամ անհապաղ ալերգիկ սիմպտոմատիկայով, կամ հետաձգված ալերգիկ պատասխանով։ Նրանք, ովքեր ունեն ասթմա, ավելի հակված են անհապաղ ալերգիկ ռեակցիաների, իսկ ալերգիկ ռինիտով անհատներին ավելի բնորոշ է հետաձգված ալերգիկ պատասխանը[14]։ Հետազոտությունները պարզել են, որ պացիենտների 27 տոկոսը ալերգիկ են բազիդիոմիցետների միցելների մզվածքի նկատմամբ, իսկ 32 տոկոսը բազիդիոսպորների մզվածքի նկատմամբ[15]։ Պարզվել է, որ բազիդիոմիցետների կաղապարի, միցելների և սպորների մզվածքներից սպորների մզվածքն առավել հուսալի է բազիդիոմիցետային ալերգիա ախտորոշելու տեսանկյունից[16][17]։

Կանադայում կլինիկա դիմած երեխաների 8 տոկոսը եղել են ալերգիկ գանոդերմայի նկատմամբ, որը բազիդիոսպոր է։ Ուրիշ նշանակալի սնկային ալերգեններ են ասպերգիլների և ալտերնարիա-պենիցիլինների ընտանիքները[18]։ Հնդկաստանում Ֆոմես պեկտինատուսը պրեդոմինանտ օդային ալերգիա է, որը պատճառ է հանդիսանում շնչառական ալերգիաների 22 տոկոսի համար[19]։ Այն երեխաները, որոնք ծնվել են աշնան ամիսներին, որոնք համարվում են սնկային սպորների բազմացման նպաստավոր ամիսներ, հակված են կյանքի հետագա տարիներին ցուցաբերել ասթմայի նշաններ[20]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաալերգային բուժումը իր մեջ ներառում է հակահիստամինային, քթային դեկոնգեստանտ, ներարկումային պրեպարատներ և այլն։ Հատկապես քթային ախտանշանների համար հակահիստամինային դեղամիջոցները հանդիսանում են առաջին ընտրության դեղորայք։ Քթի այտուցվածության, քորի և փռշտոցի լիովին անցկացման համար խորհուրդ է տրվում դրանցից զատ օգտագործել նաև պսևոէֆեդրին, կամ այլ ադրենոմիմետիկ դեղորայք։ Հակահիստամինային ցածր սերնդի դեղամիջոցները կարող են թողնել կենտրոնական նյարդային համակարգի արգելկիչ էֆեկտ, քանզի այս դեղամիջոցը օգտագործելուց հետո չի կարելի կատարել ծանր ֆիզիկական աշխատանք կամ ավտոմեքենա վարել։ Այլ կողմնակի էֆեկտներից են բերանում չորությունը, աղավաղված տեսողությունը, փորկապությունը, միզագոյացման խանգարումները, շփոթվածությունը և այլն[21]։ Հիմա լայն օգտագործվում են բարձր սերնդի հակահիստամինային միջոցներ, որոնք չունեն սեդատիվ ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա, չեն առաջացնում քնկոտություն։ Այս միջոցների շարքը ընդգրկում է ցետիրիզինը, լորատադինը և ֆեքսոֆենադինը[22]։

Քթային դեկոնգեստանտներից է պսևդոէֆեդրինը։ Սրա կողմնակի ազդեցություններից է անքնությունը, անհանգստությունը և միզագոյացման խանգարումները։ Այլ քթային սփրեյներից են Իպրատրոպիումը և Ազելաստինը։ Սրանց կողմնակի էֆեկտներից է քնկոտությունը։

Ալերգենային իմունոթերապիայի ընթացքում օրգանիզմ է ներարկվում ալերգենի հաշվված դեղաչափ, որը օրգանիզմում դրդում է սպեցիֆիկ երկարաժամկետ հանդուրժողականություն[23]։ Ալերգենային իմունոթերապիան կարելի է անցկացնել բերանային պրեպարատների (ենթալեզվային հաբեր կամ կաթիլներ) կամ ենթամաշկային ներարկումների միջոցով։ Իմունոթերապիայի ընթացքում հնարավոր է ալերգիկ ռեակցիայի որոշակի ակտիվացում[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weinmann, Aileo (14 April 2010) Seasonal allergies getting worse from Climate Change Archived 6 August 2010 at the Wayback Machine. National Wildlife Federation. Media Center. Retrieved on 31 August 2010
  2. Asthma and Allergies: The Symptoms Archived 17 September 2010 at the Wayback Machine. Asthma & Allergies. Retrieved on 31 August 2010
  3. Seasonal Allergies Archived 16 May 2010 at the Wayback Machine. Kids Health. Retrieved on 31 August 2010
  4. Allergic Rhinitis Archived 4 September 2010 at the Wayback Machine. New York Times Health Guide. Retrieved on 31 August 2010
  5. Gregory PH., Hirst JM. (September 1952)։ «Possible role of basidiospores as air-borne allergens»։ Nature 170 (4323): 414։ PMID 12993181։ doi:10.1038/170414a0 
  6. Herxheimer H., Hyde HA., Williams DA. (July 1969)։ «Allergic asthma caused by basidiospores»։ Lancet 2 (7612): 131–3։ PMID 4183245։ doi:10.1016/s0140-6736(69)92441-6 
  7. Horner WE., Lopez M., Salvaggio JE., Lehrer SB. (1991)։ «Basidiomycete allergy: identification and characterization of an important allergen from Calvatia cyathiformis»։ Int Arch Allergy Appl Immunol 94 (1–4): 359–361։ PMID 1937899։ doi:10.1159/000235403 
  8. Hasnain SM., Wilson JD., Newhook FJ. (May 1985)։ «Fungal allergy and respiratory disease»։ N Z Med J 98 (778): 342–6։ PMID 3858721 
  9. Levetin E. (April 1989)։ «Basidiospore identification»։ Ann Allergy 62 (4): 306–10։ PMID 2705657 
  10. Sprenger JD., Altman LC., O'Neil CE., Ayars GH., Butcher BT., Lehrer SB. (December 1988)։ «Prevalence of basidiospore allergy in the Pacific Northwest»։ J Allergy Clin Immunol 82 (6): 1076–1080։ PMID 3204251։ doi:10.1016/0091-6749(88)90146-7 
  11. Koivikko A., Savolainen J. (January 1988)։ «Mushroom allergy»։ Allergy 43 (1): 1–10։ PMID 3278649։ doi:10.1111/j.1398-9995.1988.tb02037.x 
  12. Khot A., Burn R., Evans N., Lenney W., Storr J. (July 1988)։ «Biometeorological triggers in childhood asthma»։ Clin Allergy 18 (4): 351–8։ PMID 3416418։ doi:10.1111/j.1365-2222.1988.tb02882.x 
  13. Hasnain SM., Wilson JD., Newhook FJ., Segedin BP. (May 1985)։ «Allergy to basidiospores: immunologic studies»։ N Z Med J 98 (779): 393–6։ PMID 3857522 
  14. Santilli J., Rockwell WJ., Collins RP. (September 1985)։ «The significance of the spores of the Basidiomycetes (mushrooms and their allies) in bronchial asthma and allergic rhinitis»։ Ann Allergy 55 (3): 469–71։ PMID 4037433 
  15. Lehrer SB., Lopez M., Butcher BT., Olson J., Reed M., Salvaggio JE. (September 1986)։ «Basidiomycete mycelia and spore-allergen extracts: skin test reactivity in adults with symptoms of respiratory allergy»։ J Allergy Clin Immunol 78 (3 Pt 1): 478–485։ PMID 3760405։ doi:10.1016/0091-6749(86)90036-9 
  16. Weissman DN., Halmepuro L., Salvaggio JE., Lehrer SB. (1987)։ «Antigenic/allergenic analysis of basidiomycete cap, mycelia, and spore extracts»։ Int Arch Allergy Appl Immunol 84 (1): 56–61։ PMID 3623711։ doi:10.1159/000234398 
  17. Liengswangwong V., Salvaggio JE., Lyon FL., Lehrer SB. (May 1987)։ «Basidiospore allergens: determination of optimal extraction methods»։ Clin Allergy 17 (3): 191–8։ PMID 3608137։ doi:10.1111/j.1365-2222.1987.tb02003.x 
  18. Dhillon M. (May 1991)։ «Current status of mold immunotherapy»։ Ann Allergy 66 (5): 385–92։ PMID 2035901 
  19. Gupta SK., Pereira BM., Singh AB. (March 1999)։ «Fomes pectinatis: an aeroallergen in India»։ Asian Pac J Allergy Immunol 17 (1): 1–7։ PMID 10403002 
  20. Harley KG., Macher JM., Lipsett M., Duramad P., Holland NT., Prager SS., Ferber J., Bradman A. և այլք: (April 2009)։ «Fungi and pollen exposure in the first months of life and risk of early childhood wheezing»։ Thorax 64 (4): 353–8։ PMC 3882001։ PMID 19240083։ doi:10.1136/thx.2007.090241 
  21. «Seasonal Allergies»։ Արխիվացված է օրիգինալից 15 April 2010-ին։ Վերցված է 9 April 2010 
  22. «Non-Sedating or Anti-Drowsy Antihistamine Tablets»։ Արխիվացված է օրիգինալից 11 April 2010-ին։ Վերցված է 9 April 2010 
  23. Van Overtvelt L. et al. Immune mechanisms of allergen-specific sublingual immunotherapy. Revue française d’allergologie et d’immunologie clinique. 2006; 46: 713–720.
  24. «Allergy shots»։ Արխիվացված է օրիգինալից 22 April 2010-ին։ Վերցված է 9 April 2010