Jump to content

Ալերգիկ ռինիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալերգիկ ռինիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններallergic response?[1], փռշտոց[2], քթաբորբ[2] և հազ[2]
Բժշկական մասնագիտությունԻմունոլոգիա
ՀայտնաբերողՋոն Բոստոք
ՀՄԴ-10J30
 Allergic rhinitis Վիքիպահեստում

Ալերգիկ ռինիտ (հայտնի նաև որպես խոտային տենդ), քթի խոռոչի բորբոքում, առաջանում է մթնոլորտային ալերգենների նկատմամբ իմուն համակարգի գերզգայունության արդյունքում[3]։ Նշանները և ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը, փռշտոցը, աչքերի կարմրությունը, քորը, արցունքոտությունը և աչքերի շրջանում այտուցը[4]։ Քթային արտադրությունը հիմնականում թափանցիկ է[5]։ Ախտանիշները սովովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո րոպեների ընթացքում։ Կարող է խանգարվել քունը, աշխատանքի և դասերի ընթացքում կենտրոնանալու ունակությունը[5]։ Ծաղկափոշով պայմանավորված ալերգիկ ռինիտը սեզոնային բնույթ ունի[6]։ Ալերգիկ ռինիտով շատ հիվանդներ ունեն նաև ասթմա, ալերգիկ կոնյուկտիվիտ (շաղկապենաբորբ) կամ ատոպիկ դերմատիտ (մաշկաբորբ)[5]։

Ալերգիկ ռինիտը սովորաբար մակածվում է մթնոլորտային ալերգեններով՝ ծաղկափոշի, կենդանու մազ, փոշի կամ բորբոս[6]։ Գենետիկ նախատրամադրվածությունը և մթնոլորտային արտանետումները նպաստում են ալերգիայի զարգացմանը։ Մանկությունը ֆերմայում, գյուղական բնակավայրերում, քույրեր և եղբայրներ ունենալը նվազեցնում են հիվանդության զարգացման ռիսկը[5]։ Հիվանդության մեխանիզմը ընդգրկում է IgE հակամարմինների միացումը ալերգենի հետ, և դրա արդյունքում բորբոքման մեդիատորների (միջնորդանյութերի) արտազատումը, մասնավորապես՝ մաստոցիտների կողմից հիստամինի արտազատումը[5]։ Ախտորոշվում է հիվանդության պատմության, մաշկային թեստի կամ արյան մեջ ալերգեն-սպեցիֆիկ IgE հակամարմինների հայտնաբերման հիման վրա[7]։ Թեստերը երբեմն կարող են կեղծ դրական արդյունք տալ[7]։ Ալերգիայի ախտանիշները կարող են հիշեցնել հարբուխ, սակայն ի տարբերություն վերջինիս՝ դրանք 2 շաբաթից երկար են տևում և բացակայում է տենդը[6]։

Կենդանիների հետ շփումը վաղ հասակում կարող է նվազեցնել հետագայում նրանց նկատմամբ ալերգիայի զարգացման ռիսկը[6]։ Կան մի շարք արդյունավետ դեղամիջոցներ, որոնք ազդում են հիվանդության ախտանիշների վրա։ Դրանք են ստերոիդային քթային կաթիլները և սփռեյները (նազալ ստերոիդներ), հակահիստամինային պրեպարատները, օրինակ՝ դիֆենհիդրամին, կրոմոլին նատրիում, և լեյկոտրիենային ռեցեպտորների անտագոնիստները, օրինակ՝ մոնտելուկաստ[8]։ Որոշ մարդկանց մոտ դեղամիջոցները կարող են կողմնակի էֆեկտներ առաջացնել կամ արդյունավետ չլինել[5]։ Բուժման եղանակներից մեկը ալերգենի նկատմամբ տոլերանտության ձևավորումն է՝ ալերգենի աստիճանաբար մեծացվող քանակների ներմուծմամբ, որը հայտնի է ալերգենային իմունաթերապիա անվանմամբ, և որպես կանոն արդյունավետ է[3]։ Ալերգենը կարող է ներմուծվել ենթամաշկային ներարկման կամ ենթալեզվային հաբերի ձևով[3]։ Բուժման ազդեցությունը սովորաբար պահպանվում է 3-5 տարի, որից հետո այն կարող է երկարաձգվել[3]։

Ալերգիկ ռինիտը ամենատարածված ալերգիաներից մեկն է։ Արևմտյան երկրներում ամեն տարի մարդկանց 10-30%-ի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը[9][5][10]։ Տարածվածությունը ամենամեծն է 20-40 տարեկանների շրջանում[5]։ Առաջին ճիշտ նկարագրությունը տրվել է 10-րդ դարում պարսիկ բժիշկ Ռազեսի կողմից[11]։ 1859 թվականին Չարլզ Բլեկլեյը հայտնաբերել է, որ հիվանդության պատճառ կարող է լինել ծաղկափոշին[12]։ Մեխանիզմը բացահայտել է Կլեմենս ֆոն Պիրքուեն (գերմ.՝ Clemens von Pirquet) 1906 թվականին[9]։ Խոտի հետ կապը վաղ և սխալ տեսության արդյունք է, ըստ որի ախտանիշների պատճառը թարմ խոտի հոտն է[13][14]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալերգիկ ռինիտով պայմանավորված բորբոքում

Ալերգիկ ռինիտի բնորոշ ախտանիշներն են՝ քթահոսությունը, քորը, փռշտոցը, քթի փակվածությունը[15]։ Հնարավոր են շաղկապենու այտուց և էրիթեմա, կոպերի այտուց, ստորին կոպում երակային կանգ (պերիօրբիտալ հիպերպիգմենտացիա, արտասահմանյան գրականության մեջ հանդիպում է նաև «ալերգիայի մետաղադրամներ» ("allergic shiners") անվանմամբ), քթի խոռոչի խեցիների այտուց և միջին ականջում հեղուկի կուտակում[16]։

Կարող են լինել նաև վարքային նշաններ. գրգռվածությունը վերացնելու կամ լորձային արտադրությունը մաքրելու համար մարդիկ մաքրում են քիթը ձեռքի ափով դեպի վեր շարժումով։ Այս գործողությունը հայտնի է «ալերգիկ ողջույն» (անգլ.՝ "allergic salute" կամ "nasal salute") անվանմամբ։ Այս գործողության կրկնությունը տևական ժամանակ կարող է հանգեցնել քթի վրա հորիզոնական ծալքի առաջացման և կազմաբանական փոփոխությունների[17]։

Երբեմն հնարավոր է խաչաձև ռեակտիվականություն, օրինակ՝ կեչու ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ գերզգայունություն խնձորի կամ կարտոֆիլի կեղևի նկատմամբ[18][19]։ Հստակ նշան է խնձոր ուտելուց հետո քորը կոկորդում կամ փռշտոցը կարտոֆիլ կամ խնձոր կլպելիս։ Խաչաձև ալերգիայի պատճառը ծաղկափոշու և սննդի որոշ սպիտակուցների նմանությունն է[20]։ Կան բազմաթիվ խաչաձև ալերգեններ։ Չնայած խոտային տենդ անվանմանը, ալերգիկ ռինիտը իրական տենդ չէ, և մարմնի ջերմաստիճանը չի գերազանցում 37.5–38.3 °C-ը։

Ծաղկափոշով պայմանավորված ալերգիկ ռինիտը սեզոնային է, բայց հնարավոր է նաև ալերգիկ ռինիտ ամբողջ տարվա ընթացքում։ Տարածաշրջանից և անհատից կախված խոտային տենդի պատճառ կարող են հանդիսանալ տարբեր բույսերի ծաղկափոշիները։ Ընդհանուր առմամբ հիմնական հարուցիչները քամու միջոցով փոշոտվող, շատ փոքր չափերի, գրեթե անտեսանելի փոշեհատիկներն են։ Միջատների միջոցով փոշոտվող բույսերի փոշեհատիկները մեծ են, դրանք մթնոլորտային ալերգեններ չեն և հազվադեպ են ալերգիկ ռինիտի պատճառ դառնում։

Ալերգիկ ռինիտի տարածված պատճառ հանդիսացող բույսերի օրինակներ՝

  • Ծառեր։ սոճի (Pinus), կեչի (Betula), լաստենի (Alnus), մայրի (Cedrus), պնդուկենի (Corylus), բոխի (Carpinus), վայրի շագանակենի (Aesculus), ուռենի|(Salix), կեռաս (Populus), սոսի(Platanus), լորենի (Tilia), and ձիթենի (Olea). Հյուսիսային լայնություններում կեչու ծաղկափոշին ամենատարածված ալերգենն է, ալերգիկ ռինիտով ունեցող մարդկանց 15–20%-ը գերզգայուն են դրա նկատմամբ։ Նրանում պարունակվող հիմնական անտիգենը սպիտակուց Bet V I-ն է։ Ձիթենու ծաղկափոշին ամենատարածվածն է Միջերկրական եր տարածաշրջաններում։ Ճապոնիայում խոտային տենդի հիմնական հարուցիչներն են ճապոնական մայրիի(Cryptomeria japonica) և կիպարիսի(Chamaecyparis obtusa) ծաղկափոշիները։
    • Ալերգիա չառաջացնող ծառեր են՝ հացենին (միայն «էգ»), կարմիր ծղոտը, բարդին, հոնը, մագնոլիան, երկծաղիկ բալենին, եղևնին, կանադական եղևնին, and ծաղկող սալորենին.[21]
  • Խոտաբույսեր (ընտանիք` Poaceae): հատկապես ռայգրաս (Lolium sp.) և թիմոթի (Phleum pratense). Ալերգիկ ռինիտով տառապող հիվանդների 90%-ը գերզգայուն են խոտաբույսերի ծաղկափոու նկատմամբ։
  • Մոլախոտեր։ կոծուկ (Ambrosia), եզան լեզու (Plantago), եղինջ (Urticaceae), օշինդր (Artemisia Vulgaris), թելուկ (Chenopodium), and թրթնջուկ (Rumex)

Ալերգիկ ռինիտի պատճառ կարող է հանդիսանալ նաև պերուական բալզամը, որը պարունակվում է մի շարք անուշահոտությունների և այլ նյութերի մեջ[22][23][24]։

Կարկատանային թեստ

Ալերգիայի թեստերի միջոցով հնարավոր է հայտնաբերել սպեցիֆիկ ալերգեններ, որոնց նկատմամբ անհատը գերզգայուն է։ Ալերգիայի թեստերից ամենատարածվածը մաշկային թեստերն են։ Դրանցից են կարկատանային թեստը (patch test), որը հնարավորություն է տալիս պարզել արդյոք տվյալ նյութը առաջացնում է ռինիտ, ներմաշկային, քերծվածքային թեստերը և այլն։ Երբեմն պատրաստվում է ենթադրյալ ալերգենի լուծույթ և կաթացվում է ստորին կոպին։ Այս թեստը կատարվում է միայն բժշկի կողմից, քանի որ սխալ կատարման դեպքում վտանգավոր է։ Եթե մաշկային թեստերը հնարավոր չէ իրականացնել (բժշկի ցուցումով), սպեցիֆիկ ալերգենների նկատմամբ զգայունությունը հնարավոր է պարզել RAST արյան քննության միջոցով։ Ծայրամասային էոզինոֆիլիան հայտնաբերվում է լեյկոֆորմուլայով։

Ալերգիայի թեստերը կարող են հայտնաբերել անսիմպտոմ ալերգիաներ, կամ բացասական արդյունք տալ, չնայած ախտանիշների առկայությանը։ Ներմաշկային թեստը ավելի զգայուն է, քան մաշկային փրիք թեստըը, սակայն ավելի հաճախ է կեղծ դրական արդյունք տալիս[25]։

Անգամ եթե և՛ մաշկային փրիք թեստի, և՛ ներմաշկային թեստի, և՛ արյան քննության արդյունքները բացասական են, մարդը կարող է ունենալ ալերգիկ ռինիտ, պայմանավորված քթի լորձաթաղանթի տեղային գերզգայունությամբ։ Այս ախտաբանությունը կոչվում է տեղային(լոկալ) ալերգիկ ռինիտ[26]։ Այն ախտորոշվում է հատուկ քննությամբ[27]։

Դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ ռինիտը կարող է լինել սեզոնային կամ շուրջտարյա։ Սեզոնային ռինիտը արտահայտվում է տարվա որոշակի ժամանակահատվածում, պայմանավորված՝ բույսերի փոշոտմամբ։ Որպես կանոն բնորոշ չէ մինչև 6 տարեկան երեխաներին։ Շուրջտարյա ալերգիկ ռինիտը արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում և տարածված է փոքր երեխաների մոտ[28]։

Ալերգիկ ռինիտը կարող է դասակարգվել նաև ըստ սրության և անընդհատության՝ մեղմ-ընդհատվող, միջին-սուր ընդհատվող, մեղմ-անընդհատ և միջին-սուր անընդհատ։ Ընդհատվող են համարվում մեկ շաբաթվա ընթացքում մինչև 4 օր կամ մինչը 4 հաջորդական շաբաթ արտահայտվող ալերգիկ ռինիտները։ 4 օր/շաբաթից և 4 հաջորդական շաբաթից երկար տևող ալերգիկ ռինիտը համարվում է անընդհատ (պերսիստենտ)։ Ախտանիշները համարվում են մեղմ նորմալ քնի, չխաթարված ամենօրյա գործունեության, աշխատանքի կամ ուսման դեպքում, և եթե դրանք խնդրահարույց չեն։ Հակառակ դեպքում դրանք սուր են[29]։

Տեղային (լոկալ) ալերգիկ ռինիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի գերզգայունությունն է ալերգենի նկատմամբ, համակարգային ալերգիայի բացակայության դեպքում։ Այսպիսով, մաշկային փրիք թեստի և արյան քննության արդյունքները բացասական են, սակայն կան սպեցիֆիկ ալերգենի նկատմամբ քթի լորձաթաղանթում արտադրվող IgE հակամարմիններ։ Ներմաշկային թեստիի արդյունքները նույնպես կարող են բացասական լինել[27]։

Տեղային ալերգիկ ռինիտի և ալերգիկ ռինիտի ախտանիշները նույնն են, այդ թվում՝ աչքերի հետ կապված ախտանիշները։ Տեղային ալերգիկ ռինիտի ախտանիշները ևս լինում են մեղմ, միջին և սուր։ Լոկալ ալերգիկ ռինիտը կապակցված է կոնյուկտիվիտի և ասթմայի հետ[27]։

Ըստ մի հետազոտության արդյունքների ռինիտով հիվանդների 25%-ի տոկոսի մոտ լոկալ ալերգիկ ռինիտ է[30]։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ոչ ալերգիկ ռինիտ ախտորոշմամբ հիվանդների 40%-ը իրականում տեղային ալերգիկ ռինիտ ունեն[26]։ Ստերոիդային քթային սփրեյները և պերօրալ հակահիստամինային պրեպարատներըը արդյունավետ են լոկալ ալերգիկ ռինիտի դեպքում[27]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ ռինիտի կանխարգելման եղանակներից է պոտենցիալ ալերգենների առկայության դեպքում դիմակի կամ ռեսպիրատորի կիրառումը։ Մանկական հասակում շփումը ալերգենների հետ, քույրեր և եղբայրներ ունենալը նվազեցնում է ալերգիկ ռինիտի զարգացման հավանականությունը[5]։

Ալերգիկ ռինիտի բուժման նպատակը ներգրավված հյուսվածքների բորբոքման արդյունքում առաջացող ախտանիշների նվազեցումը կամ կանխումն է։

Արդյունավետ միջոցներից է ալերգենի հետ շփումից խուսափումը[15]։ Անընդհատ ախտանիշների դեպքում բուժման նախընտրելի միջոցը ներքթային կորտիկոստերոիդներն են, անարդյունավետության դեպքում՝ այլ միջոցների հետ համակցված[15]։ Կիռարվում են նաև հակահիստամինային պրեպարատներ, դեկոնջեստանտներ (հակաայտուցային), կրոմոլին, լեյկոտրիենային ընկալիչների անտագոնիստներ և քթի խոռոչի լվացում[15]։ Հակահիստամինային պրեպարատները հասանելի են բերանացի ընդունման դեղաձևերով և հարմար են մեղմ-ընդհատվող ախտանիշների դեպքում[15]։ Անթափանց ծածկույթների, օդի ֆիլտրերի և մանկական տարիքում որոշակի սննդակարգի արդյունավետությունը ապացուցված չէ[15]։

Հակահիստամինային պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահիստամինային դեղերը կարող են կիրառվել պերօրալ և ներքթային՝ փռշտոցը, քթահոսությունը, քորը և շաղկապենաբորբը վերահսկելու համար։

Պերօրալ հակահիստամինային դեղերը նախընտրելի է ընդունել մինչև ալերգենի հետ կոնտակտը, հատկապես սեզոնային ալերգիկ ռինիտի դեպքում։ Ներքթային հակահիստամինները, օրինակ՝ ազելաստին հակահիստամինային նազալ սփրեյը, ազդում են 15 րոպեի ընթացքում և նպատակահարմար են անհապաղ ազդեցություն ստանալու համար, դեղաչափը ընտրվում է ըստ անհրաժեշտության։ Չկան բավարար ապացույցներ երեխաների մոտ ալերգիկ ռինիտի բուժման համար նազալ ստերոիդների հետ համակցված հակահիստամնինների կիրառության արդյունավետության մասին, հետևաբար կողմնակի ազդեցությունները և հավելյան ծախսերը պետք է հաշվի առնել[31]։

Ակնային հակահիստամինները, օրինակ՝ ազելաստին ակնային կաթիլներ կամ կետոտիֆեն, կիրառվում են կոնյուկտիվիտի դեպքում, իսկ ներքթային դեղաձևերը հիմնականում փռշտոցի, քթահոսության և քորի (նազալ պրիտուրուս) դեպքում[32]։

Հակահիստամինային դեղերը կարող են ունենալ անցանկալի կողմնակի ազդեցություններ, հաբերի դեպքում ամենազգալին քնկոտությունն է։ Առաջին սերնդի պրեպարատները, օրինակ՝ դիֆենհիդրամինըը, առաջացնում են քնկոտություն, իսկ երկրորդ և երրորդ սերնդի պրեպարատների դեպքում, ինչպիսիք են ցետրիզինը և լորատադինը, հազվադեպ է այդ կողմնակի ազդեցությունը ի հայտ գալիս[32]։

Վազոմոտոր ռինիտի դեպքում օգտագործվում է նաև պսևդոէֆեդրինը։ Այն կիրառվում է, եթե կա քթի լորձաթաղանթի այտուց, փակվածություն։ Կարող է օգտագործվել հակահիստամինային պրեպարատների հետ։ ԱՄՆ-ում օրալ դեկոնջեստանտների վաճառքը վերահսկվում է՝ մետամֆետամինի արտադրությունը կանխելու համար[32]։

Ներքթային կորտիկոստերոիդները կիրառվում են փռշտոցի, քթահոսության, քորի և քթի փակվածության դեմ։ Ստերոիդային քթային սփռեյները արդյունավետ են և անվտանգ, և կարող են արդյունավետ լինել առանց օրալ հակահիստամինային պրեպարատների հետ համակցման։ Քանի որ ստերոիդների թերապևտիկ ազդեցությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում, դրանք ազդում են ընդունումից մի քանի օր հետո, և կայուն արդյունք ստանալու համար պետք է օգտագործվեն մի քանի շաբաթ շարունակ։

2013 թվականին իրականացված հետազոտության ժամանակ համեմատվել է մոմետազոնի ֆուրոատի սպրեյի և բետամետազոնի հաբերի արդյունավետությունը սեզոնային ալերգիկ ռինիտով հիվանդների բուժման համար, և հայտնաբերվել է, որ քթային ախտանիշների վրա դրանց ազդեցությունները համահավասար են[33]։

Համակարգային ստերոիդները, օրինակ՝ պրեդնիզոլոնի հաբերը, տրիամցինոլոնի ացետոնիդի կամ գլիկոկորտիկոիդների (օր.՝ բետամետազոն) միջմկանային ներարկումները արդյունավետ են քթի լորձաթաղանթի բորբոքման դեմ, բայց դրանց օգտագործումը սահմանափակված է ազդեցության կարճատևությամբ և երկարատև ստերոիդային բուժման կողմնակի էֆեկտներով[34]։

Այլ միջոցներից են հակաայտուցային դեկոնջեստանտները, կրոմոլինը, [լեյկոտրիենային ընկալիչների անտագոնիստները և ոչ ֆարմակոլոգիական՝ քթի խոռոչի լվացումը[15]։

Տեղային դեկոնջեստանտները կարող են օգտակար լինել քթի լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար, սակայն չի կարելի երկարատև օգտագործել, քանի որ երկարատև օգտագործումից հետո ընդհատելու դեպքում կարող է առաջանալ կայուն քթի փակվածություն, որը հայտնի է "rhinitis medicamentosa" անվանմամբ։

Գիշերային ախտանիշների համար, կորտիկոստերոիդները կարող են համակցվել օքսիմետազոլինի, ադրեներգիկ ալֆա-ագոնիստների կամ հակահիստամինային նազալ սփռեյների հետ, առանց "rhinitis medicamentosa"-ի առաջացման ռիսկի[35]։

Քթի խոռոչի աղային լվացումը (քթի խոռոչի լվացում աղաջրով քթանցքերի միջոցով), արդյունավետ է և՛ երեխաների, և՛ մեծահասակների դեպքում և հիմնականում կողմնակի էֆեկտներ չի առաջացնում[36]։

Ալերգենային իմունաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգենային իմունաթերապիան (ԱԻԹ, դեսենսիտիզացիա) ներառում է ալլերգենների ներմուծում որոշակի քանակներով, օրգանիմզը ոչ վնասակար նյութերին (ծաղկափոշի, բնակարանային փոծու տիզ) հարմարեցնելու համար, այդպիսով առաջացնելով սպեցիֆիկ երկարատև տոլերանտություն[37]։ Կարող է նշանակվել օրալ՝ ենթալեզվային հաբերի կամ կաթիլների միջոցով, և ենթամաշկային՝ ենթամաշկային ներարկումների միջոցով, իմունաթերապիա։

Այլընտրանքային բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտերնատիվ բուժման եղանակների, ինչպիսիք են ասեղնաբուժությունը և հոմեոպաթիան, արդյունավետությունը ապացուցված չէ[38][39]։ Որոշ փաստեր հաստատում են ասեղնաբուժության արդյունավետությունը, որոշները՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ ապացույցները բավարար չեն[40]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ ռինիտը ամենատարածված ալերգիաներից մեկն է[9]։ Արևմտյան երկրներում այն ամեն տարի ախտորոշվում է մարդկանց 10-30%-ի մոտ[9][5][10][5]։ Տարածվածությունը ամենամեծն է 20-40 տարեկանների շրջանում[5][5]։

Առաջին ճիշտ նկարագրությունը տրվել է 10-րդ դարում պարսիկ բժիշկ Ռազեսի կողմից[11][11]։ 1859 թվականին Չարլզ Բլեկլեյը հայտնաբերել է, որ հիվանդության պատճառ կարող է լինել ծաղկափոշին[12][12]։ Մեխանիզմը բացահայտել է Կլեմենս ֆոն Պիրքուեն (գերմ.՝ Clemens von Pirquet) 1906 թվականին[9][9]։ Խոտի հետ կապը վաղ և սխալ տեսության արդյունք է, ըստ որի ախտանիշների պատճառը թարմ խոտի հոտն է[13][14][14][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK538186/
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Immunotherapy for Environmental Allergies». NIAID. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  4. «Environmental Allergies: Symptoms». NIAID. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Wheatley, LM; Togias, A (2015 թ․ հունվարի 29). «Clinical practice. Allergic rhinitis». The New England Journal of Medicine. 372 (5): 456–63. doi:10.1056/NEJMcp1412282. PMC 4324099. PMID 25629743.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Cause of Environmental Allergies». NIAID. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  7. 7,0 7,1 «Environmental Allergies: Diagnosis». NIAID. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  8. «Environmental Allergies: Treatments». NIAID. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Fireman, Philip (2002). Pediatric otolaryngology vol 2 (4th ed.). Philadelphia, Pa.: W. B. Saunders. էջ 1065. ISBN 9789997619846.
  10. 10,0 10,1 Dykewicz MS, Hamilos DL (February 2010). «Rhinitis and sinusitis». The Journal of Allergy and Clinical Immunology. 125 (2 Suppl 2): S103–15. doi:10.1016/j.jaci.2009.12.989. PMID 20176255.
  11. 11,0 11,1 11,2 Colgan, Richard (2009). Advice to the young physician on the art of medicine. New York: Springer. էջ 31. ISBN 9781441910349. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. 12,0 12,1 12,2 Justin Parkinson (2014 թ․ հուլիսի 1). «John Bostock: The man who 'discovered' hay fever». BBC News Magazine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  13. 13,0 13,1 13,2 History of Allergy. Karger Medical and Scientific Publishers. 2014. էջ 62. ISBN 9783318021950. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին.
  14. 14,0 14,1 14,2 Hall, Marshall (1838 թ․ մայիսի 19). «Dr. Marshall Hall on Diseases of the Respiratory System; III. Hay Asthma». The Lancet. 30 (768): 245. doi:10.1016/S0140-6736(02)95895-2. «With respect to what is termed the exciting cause of the disease, since the attention of the public has been turned to the subject an idea has very generally prevailed, that it is produced by the effluvium from new hay, and it has hence obtained the popular name of hay fever. [...] the effluvium from hay has no connection with the disease.»
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Sur DK, Plesa M (2015 թ․ դեկտեմբերի 1). «Treatment of Allergic Rhinitis». Am Fam Physician. 92 (11): 985–992. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  16. Valet RS, Fahrenholz JM (2009). «Allergic rhinitis: update on diagnosis». Consultant. 49: 610–3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին.
  17. Pray, W. Steven (2005). Nonprescription Product Therapeutics. p. 221: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0781734981.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  18. Czaja-Bulsa G, Bachórska J (1998). «[Food allergy in children with pollinosis in the Western sea coast region]». Pol Merkur Lekarski. 5 (30): 338–40. PMID 10101519.
  19. Yamamoto T, Asakura K, Shirasaki H, Himi T, Ogasawara H, Narita S, Kataura A (2005). «[Relationship between pollen allergy and oral allergy syndrome]». Nippon Jibiinkoka Gakkai Kaiho. 108 (10): 971–9. doi:10.3950/jibiinkoka.108.971. PMID 16285612.
  20. Malandain H (2003). «[Allergies associated with both food and pollen]». Allerg Immunol (Paris). 35 (7): 253–6. PMID 14626714.
  21. «Allergy Friendly Trees». Forestry.about.com. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  22. Pamela Brooks (2012). The Daily Telegraph: Complete Guide to Allergies. ISBN 9781472103949. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.(չաշխատող հղում)
  23. Denver Medical Times: Utah Medical Journal. Nevada Medicine. 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  24. George Clinton Andrews; Anthony Nicholas Domonkos (1998 թ․ հուլիսի 1). Diseases of the Skin: For Practitioners and Students. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  25. «Allergy Tests». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին.
  26. 26,0 26,1 Rondón, Carmen; Canto, Gabriela; Blanca, Miguel (2010). «Local allergic rhinitis: A new entity, characterization and further studies». Current Opinion in Allergy and Clinical Immunology. 10 (1): 1–7. doi:10.1097/ACI.0b013e328334f5fb. PMID 20010094.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Rondón, C; Fernandez, J; Canto, G; Blanca, M (2010). «Local allergic rhinitis: Concept, clinical manifestations, and diagnostic approach» (PDF). Journal of Investigational Allergology & Clinical Immunology. 20 (5): 364–71, quiz 2 p following 371. PMID 20945601. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  28. «Rush University Medical Center». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  29. Bousquet J, Reid J, van Weel C, և այլք: (August 2008). «Allergic rhinitis management pocket reference 2008». Allergy. 63 (8): 990–6. doi:10.1111/j.1398-9995.2008.01642.x. PMID 18691301.
  30. Rondón C, Campo P, Galindo L, Blanca-López N, Cassinello MS, Rodriguez-Bada JL, Torres MJ, Blanca M (2012). «Prevalence and clinical relevance of local allergic rhinitis». Allergy. 67 (10): 1282–8. doi:10.1111/all.12002. PMID 22913574.
  31. Nasser, M; Fedorowicz, Z; Aljufairi, H; McKerrow, W (2010 թ․ հուլիսի 7). «Antihistamines used in addition to topical nasal steroids for intermittent and persistent allergic rhinitis in children». The Cochrane Database of Systematic Reviews (7): CD006989. doi:10.1002/14651858.CD006989.pub2. PMID 20614452.
  32. 32,0 32,1 32,2 May, J.R.; Smith, P.H. (2008). «Allergic Rhinitis». In DiPiro, J.T.; Talbert, R.L.; Yee, G.C.; Matzke, G.; Wells, B.; Posey, L.M. (eds.). Pharmacotherapy: A Pathophysiologic Approach (7th ed.). New York: McGraw-Hill. էջեր 1565–75. ISBN 978-0071478991.
  33. Karaki M, Akiyama K, Mori N (2013). «Efficacy of intranasal steroid spray (mometasone furoate) on treatment of patients with seasonal allergic rhinitis: comparison with oral corticosteroids». Auris Nasus Larynx. 40 (3): 277–81. doi:10.1016/j.anl.2012.09.004. PMID 23127728.
  34. Ohlander BO, Hansson RE, Karlsson KE (1980). «A comparison of three injectable corticosteroids for the treatment of patients with seasonal hay fever». J Int Med Res. 8 (1): 63–9. doi:10.1177/030006058000800111. PMID 7358206.
  35. Baroody FM, Brown D, Gavanescu L, Detineo M, Naclerio RM (2011). «Oxymetazoline adds to the effectiveness of fluticasone furoate in the treatment of perennial allergic rhinitis». The Journal of Allergy and Clinical Immunology. 127 (4): 927–34. doi:10.1016/j.jaci.2011.01.037. PMID 21377716.
  36. Head, Karen; Snidvongs, Kornkiat; Glew, Simon; Scadding, Glenis; Schilder, Anne GM; Philpott, Carl; Hopkins, Claire (2018-06-22), «Saline irrigation for allergic rhinitis» (PDF), The Cochrane Library (անգլերեն), John Wiley & Sons, Ltd, vol. 6, էջեր CD012597, doi:10.1002/14651858.cd012597.pub2, PMID 29932206
  37. Van Overtvelt L. et al. Immune mechanisms of allergen-specific sublingual immunotherapy. Revue française d’allergologie et d’immunologie clinique. 2006; 46: 713–720.
  38. Passalacqua G, Bousquet PJ, Carlsen KH, Kemp J, Lockey RF, Niggemann B, Pawankar R, Price D, Bousquet J (2006). «ARIA update: I—Systematic review of complementary and alternative medicine for rhinitis and asthma». The Journal of Allergy and Clinical Immunology. 117 (5): 1054–62. doi:10.1016/j.jaci.2005.12.1308. PMID 16675332.
  39. Terr A (2004). «Unproven and controversial forms of immunotherapy». Clin Allergy Immunol. 18 (1): 703–10. PMID 15042943.
  40. Witt CM, Brinkhaus B (July 2010). «Efficacy, effectiveness and cost-effectiveness of acupuncture for allergic rhinitis — An overview about previous and ongoing studies». Autonomic Neuroscience. 157 (1–2): 42–5. doi:10.1016/j.autneu.2010.06.006. PMID 20609633.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալերգիկ ռինիտ» հոդվածին։