Փռշտոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փռշտոց
Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է
Կենսաբանական համակարգ
Շնչառական համակարգ
Ընդհանուր տեղեկատվություն
Գործողություն Ինքնաբուխ
Խթաններ Քթի լորձաթաղանթի գրգռիչներ, լույս, վարակ
Միջոց Օդի հեռացում քթի կամ բերանի միջոցով
Արդյունք Գրգռիչի հեռացում

Փռշտոց (լատ․՝ sternutatio), մարդու և բարձրակարգ կենդանիների պաշտպանական ոչ պայմանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից փոշու, լորձի և այլ գրգռիչների հեռացումը հարկադրված արտաշնչման միջոցով, առավելապես ըմպանով՝ կարճ ներշնչումից հետո[1]։ Ի տարբերություն հազի՝ փռշտոցի ժամանակ լեզուն սեղմվում է փափուկ քիմքին, այդ իսկ պատճառով հարկադրված արտաշնչումը տեղի է ունենում քթի միջոցով[2]։

Որպես գործընթաց՝ տեղի է ունենում հետևյալ կերպ․

  • նախորդող քորի զգացողություն քթում[3],
  • խորը ներշնչում և թոքերում օդի հավաքում[3],
  • փափուկ քիմքի բարձրացում, ըմպանի առաջնային կանթիկների կրճատում, լեզվի հետնամասի հպում կարծր քիմքին, ինչը մեկուսացնում է ըմպանն ու բերանի խոռոչը[3], աչքերի փակում[4],
  • միջկողային մկանների, ստոծանու և որովայնի ուղիղ մկանների, կոկորդի մկանների կրճատում (ձայնաճեղքի փակմամբ), ինչն առաջ է բերում ներկրծքային և ներորովայնային ճնշումների բարձրացում[5],
  • Ըմպանի բացմամբ ուղեկցվող ուժեղ արտաշնչում։

Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի[5]։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր[1]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռշտոցը առավելապես ի հայտ է գալիս քթի խոռոչի կամ ըմպանի լորձաթաղանթի՝ փոշուց (բմբուլ, մորթի, տան փոշի և այլն) գրգռման ժամանակ, ալերգեններից և այլ գրգռող նյութերից, ինչպես նաև արհեստական մեխանիկական գրգռումների դեպքում։ Ալերգենների շարքում փռշտոց առավել հաճախ առաջացնում են ծախկափոշին, բորբոսը, կենդանիների թեփուկները և փոշու մասնիկները։ Առավել հաճախ գրգռում առաջացնող նյութերի շարքին են պատկանում ծխախոտի ծուխը և օծանելիքը։ Փռշտոց կարող է առաջանալ նաև վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։

Փռշտոց կարող են առաջացնել նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ տաք տարածքից ցուրտ տարածք մարդու մուտքը և հակառակը՝ ցուրտ փողոցից տաք շինություն մուտքը։ Որոշ անձանց մոտ փռշտոց առաջանում է պայծառ լույսի նայելիս, քթին դիպչելիս կամ դրա վնասումից։

Ծննդաբերությունից առաջ բազմաթիվ կանայք բողոքում են հաճախակի փռշտոցից և քթի լորձաթաղանթի ուռչելուց՝ այսպես կոչված «հղիների հարբուխ», որը պայմանավորված է ծննդկանի օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով։

Ռեֆլեկսային աղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռշտոցը կոորդինացվում է երկարավուն ուղեղի մակարդակով՝ ռետիկուլյար գոյացման նյարդային բջիջներով։ Աֆերենտ ազդակները միջին քթային խեցուց և միջնապատից էֆմոիդալ նյարդի նյարդաթելերի օգնությամբ շարժվում են դեպի եռորյակ նյարդի նյարդահանգույց, իսկ այնուհետև՝ դեպի շնչառական կենտրոնի նեյրոններ։

Ըմպանի և շնչառական մկանների համատեղ կրճատումն ապահովվում է ստոծանային և միջկողային նյարդերի վրա աֆերենտ ազդակների հոսքի միջոցով, ինչպես նաև լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի միջոցով։ Հաճախ տեղի է ունենում դեմքի մկանների կրճատում՝ դիմային նյարդի և եռորյակ նյարդի շարժողական մանրաթելերի հաշվին[1]։

Բուլբար կաթվածի դեպքում հնարավոր է փռշտոցի ռեֆլեքսի խախտում[6]։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռշտոցը հանդիսանում է պաշտպանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից օտար նյութերի հեռացումը։ Բացի այդ այն հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների (սուր շնչառական և ալերգիկ) կարևոր ախտանիշ։ Փռշտոց ի հայտ է գալիս նաև գրգռիչ թունավոր նյութերի (լուիզիտ, արմինիում և այլն)։ Փռշտոցի միջոցով տեղի է ունենում տարբեր վարակների (գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ) հարուցիչների տարածում օդակաթիլային եղանակով[1]։

Սոցիալական ասպեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմաթիվ երկրներում գոյություն ունեն փռշտացողին պատասխանելու տարբեր ավանդական ձևեր․ առավել հաճախ առողջություն են մաղթում։
  • Հնագույն ժամանակներից ստանահավատություն կա, որ խոսակցության ժամանակ փռշտալը հաստատում է խոսքը։ Դրա առաջին հիշատակումներից մեկը կարելի է հանդիպել Հոմերոսի «Ոդիսականում»[7]։
  • Սեյ Շոնագոնի «Գլխավերևի նոթեր» գրքում կարելի է հանդիպել բացարձակ հակառակ սնահավատության՝ համարվում էր, որ եթե զրույցի ժամանակ ներկաներից որևէ մեկը փռշտում է, նշանակում է խոսողը ստում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  2. И. Г. Березняков. Механизмы возникновения кашля // Новости медицины и фармации, декабрь 2005, № 20-22 (180-182). С. 3-7.
  3. 3,0 3,1 3,2 Большая медицинская энциклопедия. Том 34
  4. Знание-сила 4/2009 ISSN 0130 1640 «Человек: неожиданные факты» стр. 91
  5. 5,0 5,1 Медицинская энциклопедия
  6. Медицинская энциклопедия
  7. Հոմերոս, «Ոդիսական», 17-րդ երգ, 545-րդ տող