Հազ
Հազ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հետևանք | օդակաթիլային փոխանցում և մաքրում |
Coughing Վիքիպահեստում |
Հազ (լատին․՝ tussis), ռեֆլեկտոր արտաշնչում բերանով, անսպասելի ի հայտ եկող և հաճախ կրկնվող ռեֆլեքս, որն ուղղված է շնչուղիները օտար մասնիկներից մաքրմանը։
Առաջացման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազն առաջանում է ի պատասխան շնչուղիների (կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթում (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում) տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։
Հազային ընկալիչների դրդումն առաջացնում է խորը շնչառում, որից հետո ձայնաճեղքը փակվում է, լարվում են շնչական ու որովայնի մամուլի մկանները, ինչը հանգեցնում է բարձր դրական ներկրծքային ճնշման ստեղծման և հետևապես շնչուղիներում ճնշման բարձրացման։
Այնուհետև կտրուկ բացվում է ձայնաճեղքը և ստեղծված ճնշումների տարբերությունը բերում է օդի կտրուկ արտահոսքի այնպիսի արագության, որ բրոնխիալ ծառի տարբեր հատվածներում կարող է հասնել 0,5֊ից մինչև 50-120մ/վ֊ի։ Օդի հոսքի նման արագությունը նպաստում է լորձի և օտար մասնիկների հեռացմանը բրոնխիալ ծառից, շնչափողից, կոկորդից։
Հազվադեպ նկատվում է ռեֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս։ Երբեմն հազն առաջանում է հուզական լարվածությունից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է։ Հազը տարբերակվւմ ՝
1. Ըստ տևողության
- նոպայանման (կապույտ հազի դեպքււմ)
- պարբերական (բրոնխաբորբի ժամանակ)
- անընդհատ
- կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում)
2. Ըստ ձայներանգի
- «հաչոցանման» (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ)
- խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ)
3. Ըստ բնույթի
- Թաց՝ խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում);
- Չոր՝ առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում)։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել։ Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր։ Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա։ Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հազի մասին դասարան․ամ֊ում Արխիվացված 2013-06-25 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 44)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազ» հոդվածին։ |
|