Jump to content

Միզուկաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզուկաբորբ
Տեսակհիվանդության տեսակը և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
 Urethritis Վիքիպահեստում

Միզուկաբորբ, ուրեթրիտ, միզուկի լորձաթաղանթի բորբոքում։ Ախտահարվում է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիմնականում ուղեկցվում է միզուկային համախտանիշով, որն արտահայտվում է դիզուրիկ երևույթներով (հիմնականում դժվար, ցավոտ և հաճախակի միզարձակություն): Հիվանդությունը կարող է առաջանալ հատկապես սեռավարակների ռիսկային խմբի, ինչպես նաև իմունիտետի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:[1][2]

Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Վարակվում են սեռական ճանապարհով։ Ըստ ընթացքի լինում է սուր և քրոնիկական, ըստ պատճառի՝ գոնոռեային, տրիխոմոնադային և ոչ սպեցիֆիկ։ Սուր միզուկաբորբը սկսվում է վարակումից մի քանի օր (գոնոռեայինը՝ 3-4, տրիխոմոնոզի և ոչ սպեցիֆիկ միզուկաբորբի դեպքում՝ 5-20) հետո։ Քրոնիկական միզուկաբորբ առաջանում է սուր միզուկաբորբի անբավարար բուժման հետևանքով։ Արտահայտվում է միզուկի ցավերով կամ քորով։ Բարդությունները․ շագանակագեղձի, մակամորձու բորբոքումներ, միզուկի նեղացում։

Հիվանդությունը արտահայտվում է տարբեր ախտանշաններով։ Ուրեթրիտի հիմնական ախտանշանը միզարձակմանն ուղեկցող ցավը և ծակոցներն է, հաճախակի կամ անհապաղ միզելու ցանկությունը և միզարձակում սկսելու հետ կապված դժվարությունները։ Հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև քորի և տհաճ զգացողության առաջացմամբ` այրոց, շփման ժամանակ անհարմարություն, միզուկի կարմրածություն, թարախային կամ արյունային արտադրություն: Միզուկաբորբի ժամանակ կարող է հանդիպել նաև այլ ախտանիշներ, օրինակ՝ սեռական հարաբերության ժամանակ ցավեր, միզուկի արտաքին բացվածքից կամ հեշտոցից արտադրություն, տղամարդկանց մոտ՝ արյուն սերմնահեղուկում:[3][4]

Հիվանդությունն ախտորոշվում է լաբորատոր քննությունների միջոցով: Հիմնականում կատարվում է միզուկից վերցրած քսուքի մանրէաբանական հետազոտություն, մեզի քննություն, ինչպես նաև միզուկի արտադրության բակտերաբանական քննություն (ցանքս): Կասկածի դեպքում կատարվում է նաև սեռավարակների հետազոտություն:[5]

Միզուկաբորբի բուժումն իրականացվում է հակաբիոտիկների, հակավիրուսային և հակաբորբոքային պատրաստուկների միջոցով՝ բժշկի ցուցմամբ[5][6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Միզուկի նեղացում/ Ուրեթրալ ստենոզ». urologist.am. 2025-05-10. Վերցված է 2026-01-17-ին.
  2. «Միզուկի բորբոքում (Ուրեթրիտ)». medroom.am. Վերցված է 2026-01-17-ին.
  3. «Միզուկաբորբ (ուրեթրիտ)». Medex.am. Վերցված է 2026-01-17-ին.
  4. «Միզուկաբորբ». www.doctors.am. Վերցված է 2026-01-17-ին.
  5. 1 2 urolog.am. «Ուրեթրիտ (Urethrtis)». urolog.am (անգլերեն). Վերցված է 2026-01-17-ին.
  6. «Ուրեթրիտի, Միզուկաբորբի բուժում Երևանում, Հայաստան». www.doctor911.am. Վերցված է 2026-01-17-ին.