Դիվերտիկուլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիվերտիկուլիտ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս intestinal disease[1], diverticular disease և բորբոքային հիվանդություն[2]
Բուն պատճառ C26752[3][2] և C26752[1]
Հիվանդության ախտանշաններ abdominal pain, տենդ, սրտխառնոց, Լուծ, փորկապություն և melena
Բուժաքննություն արյան բիոքիմիական հետազոտություն, Համակարգչային շերտագրություն, Աղեդիտում և Lower gastrointestinal series
Բժշկական մասնագիտություն աղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9 562
ՀՄԴ-10 K57
Հիվանդությունների բազա 3876
MedlinePlus 000257
eMedicine 173388
MeSHID D004238 և D004238
Disease Ontology DOID:7475 և DOID:7475
NCI Thesaurus C26752[3][2] և C26752[1]
Բուժում Հակաբիոտիկներ
Diverticulitis Վիքիպահեստում

Դիվերտիկուլիտ, մասնավորապես՝ հաստ աղու դիվերտիկուլիտ, աղեստամոքսային ուղու հիվանդություն, որի ժամանակ դիվերտիկուլը (հաստ աղու պատի պարկանման արտափքում) ներգրավվում է բորբոքային պրոցեսի մեջ[4]: Ախտանշաններից է որովայնի ստորին հատվածներում սուր առաջացող ցավը, սակայն ցավը կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում[4]: ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակչության մոտ ցավը տեղակայվում է հիմնականում որովայնի ձախ ստորին հատվածում (սիգմայաձև աղի), իսկ Ասիայի բնակչության մոտ՝ հիմնականում որովայնի աջ կողմում (վերել հաստ աղի)[5][6]: Կարող են առաջանալ սրտխառնոց և լուծ (կամ փորկապություն)[4]: Տենդը կամ կղանքում արյան առկայությունը վկայում է բարդությունների մասին[4]: Հնարավոր են կրկնակի գրոհներ[5]:

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են[4]: Ռիսկի գործոններից են՝ գիրությունը, մարզանքների բացակայությունը, ծխելը, ընտանեկան պատմությունում տվյալ հիվանդության առկայությունը և ՈՍՀԲԴ-ների (ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ) օգտագործումը[4][5]: Սննդաթելերով աղքատ սննդակարգի ռիսկը հիվանդության առաջացման պատճառագիտությունում պարզված չէ[5]: Հաստ աղու պատերին արտափքված պարկերի առկայությունը կոչվում է դիվերտիկուլյոզ[4]: Դիվերտիկուլյոզի բորբոքումը առաջանում է մոտ 10-25 %-ի մոտ կյանքի ընթացքում, որը բակտերիալ ինֆեկցիայի արդյունք է[5][7]: Հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ, սակայն լրացուցիչ արյան քննությունը, կոլոնոսկոպիան կամ իրրիգոգրաֆիան կարող են օգտակար լինել[4]: Տարբերակիչ ախտորոշումը ներառում է գրգռված աղու համախտանիշը[5]:

Կանխարգելիչ միջոցառումները ներառում են ռիսկի գործոնների վերացումը, ինչպիսիք են հավելյալ քաշը, ֆիզիկական պասսիվությունը և ծխելը[5]: Մեսալազինը և ռիֆաքսիմինը ցուցաբերել են դրական էֆեկտ դիվերտիկուլիտի գրոհների կանխարգելման հարցում[5]: Ընկուզեղենի և սերմերի ընդունումը այլևս հակացուցված չէ, քանի որ 18 տարվա հետազոտությունները չեն հաստատել դրանց ընդունման և դիվերտիկուլի բորբոքման միջև կապի առկայությունը[4][8]: Մեղմ դիվերտիկուլիտի դեպքում նշանակվում են ներքին ընդունման հակաբիոտիկներ և հեղուկ սննդակարգ[4]: Ծանր դեպքերում՝ ներերակային հակաբիոտիկներ, ստացիոնար հիվանդանոցային պայմաններ, որևիցե սնունդի ընդունման բացառում[4]: Պրոբիոտիկների ընդունում հստակեցված չէ[5]: Բարդությունները՝ թարախակույտ (աբսցես), խուղակ, հաստ աղու թափածակում (պերֆորացիա), պահանջում են վիրահատական միջամտություն[4]:

Դիվերտիկուլիտը առավել բնորոշ է Արևմտյան աշխարհին և բնորոշ չէ Աֆրիկային ու Ասիային[4]: Արևմուտքում բնակչության 35 %-ն ունի դիվերտիկուլյոզ, մինչդեռ Աֆրիկայի գյուղաբնակ շրջաններում այդ թիվը չի գերազանցում 1 %-ը[7], ընդ որում՝ ընդամենը 4-15 %-ի մոտ դիվերտիկուլյոզը կարող է վերածվել դիվերտիկուլիտի[9]: Հիվանդության հանդիպման հաճախականությունը կախված է տարիքից՝ ավելի բնորոշ լինելով 50 տարին անց մարդկանց[4]: Բացի այդ, այն սկսել է ավելի հաճախ հանդիպել աշխարհի բոլոր մասերում[5]: 2003 թվականին Եվրոպայում դիվերտիկուլիտի պատճառով գրանցվել է մոտավորապես 13,000 մահվան դեպք[5]: Այն հանդիսանում է հաստ աղու ամենատարածված անատոմիական ախտահարումը[5]: ԱՄՆ-ում դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված ծախսերը 2013 թվականին կազմել են մոտավորապես 2.4 միլիարդ ԱՄՆ դոլար[5]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվերտիկուլիտը արտահայտվում է ձախ զստափոսի (որովայնի ձախ ստորին հատված) հանկարծակի սկսվող ցավով[4]: Կարող է նաև լինել տենդ, սրտխառնոց, լուծ կամ փորկապություն և կղանքում արյան առկայություն[4]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են՝ մոտավորապես 40 % գենետիկական և 60 % շրջակա միջավայրի գործոններից կախված[10]: Ռիսկային գործոններից են զարկերակային գերճնշումը (հիպերտենզիա) և իմուն համակարգի ընկճումը (իմունոսուպրեսիա)[11]: Մեկ ուրիշ ռիսկի գործոն է ավելորդ քաշը[10]: Վիտամին D-ի պակասորդը ասոցացված է դիվերտիկուլիտի առաջացման բարձր ռիսկի հետ[12]:

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդաթելերի դերը դիվերտիկուլիտի զարգացման մեջ պարզաբանված չէ[10]: Հաճախ սննդաթելերով աղքատ սննդակարգը սահմանվում է որպես ռիսկի գործոն, սակայն այս պնդման ապացույցները պարզ չեն[10]: Ընկուզեղենի և սերմերի օգտագործումից դիվերտիկուլյոզի բարդացումը սուր դիվերտիկուլիտի ապացուցված չէ[8][13]: Փաստացի, ընկուզեղենի և հացահատիկի ընդունումը մեծահասակ տղամարդկանց մոտ կարող է կանխարգելել դիվերտիկուլիտի զարգացումը[13]:

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջակողմյան (վերել) հաստ աղու դիվերտիկուլները հիմնականում իսկական դիվերտիկուլներ են, դրանք պարունակում են հաստ աղու պատի բոլոր շերտերը[5]: Ձախակողմյան (վայրէջ) հաստ աղու դիվերտիկուլները իրենց հերթին կեղծ են. պարունակում են բոլոր շերտերը՝ բացի մկանայինից[5]: Ապացուցված է, որ դիվերտիկուլիտը զարգանում է հաստ աղում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով, օրինակ՝ չափից ավել ուժեղ կծկողունակություն[14]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երևում է համակարգչային շերտագրության միջոցով ստացված լուսանկարում՝ դիվերտիկուլիտը գտնվում է ստորին ձախ անկյունում (անոմալիան գտնվում է շրջանի մեջ վերցված հատվածում):
Համակարգչային շերտագրության սկանավորմամբ երևացող դիվերտիկուլիտ
Դիվերտիկուլիտ, որը ցույց է տալիս սուր բորբոքային պրոցես՝ դեպի ճարպաբջջանքը տարածվող:

Վերոնշյալ գանգատներով մարդկանց զննումը տեղի է ոնենում համակարգչային շերտագրության միջոցով (ՀՇ)[15]: Դիվերտիկուլիտի ախտորոշման հարցում ՀՇ-ն բավականին ճշգրիտ հետազոտություն է (98 %): Հիվանդի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություն ստանալու նպատակով օրալ և ներերակային կոնտրաստավորումից հետո կատարվում են ամբողջ որովայնի և կոնքի համակարգչային բարակ կտրվածքներ (5 մմ): Պատկերները ցույց են տալիս հաստ աղու պատի հաստացում՝ նրա շուրջ առկա բորբոքային պրոցեսով, որը տարածվում է աղին շրջապատող ճարպաբջջանք[16]: Սուր դիվերտիկուլիտ ախտորոշումը դրվում է միայն այդ շրջանում առկա դիվերտիկուլների դեպքում[17]: ՀՇ-ն, բացի այդ, կարող է ախտորոշել դիվերտիկուլիտի ավելի բարդացած դեպքերը, օրինակ՝ համատեղ թարախակույտի (աբսցես) առկայություն: Նրա օգնությամբ նույնիսկ կարելի է իրականացնել համակցված աբսցեսի դրենավորում՝ դրանով իսկ կանխելով շտապ վիրահատական միջամտությունը:

Հաստ աղու բարիում-կոնտրաստային ռենտգեն հետազոտումը (իրրիգոգրաֆիա) և կոլոնոսկոպիան սուր դիվերտիկուլիտի ժամանակ հակացուցված են՝ աղու թափածակման բարձր ռիսկի պատճառով[18][19]:

Դասակարգում՝ ըստ ծանրության աստիճանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս հրատարակվել է ըստ ծանրության աստիճանի դասակարգման 4 աստիճան: Ամենավերջինը և ամենաընդունվածը հաջորդիվ[20]՝

  • 0 աստիճան-անախտանիշ դիվերտիկուլիտ
  • 1a աստիճան՝ չբարդացած դիվերտիկուլիտ
  • 1b աստիճան՝ ֆլեգմոնոզ դիվերտիկուլիտ
  • 2a աստիճան՝ քողարկված թափածակումով դիվերտիկուլիտ, թարախակույտի չափը չի գերազանցում 1 սմ-ը
  • 2b աստիճան՝ 1 սմ-ից մեծ աբսցեսով դիվերտիկուլիտ
  • 3a աստիճան՝ ախտանշաններով դիվերտիկուլիտ՝ առանց բարդությունների
  • 3b աստիճան՝ կրկնվող դիվերտիկուլիտ՝ առանց բարդությունների
  • 3c աստիճան՝ կրկնվող դիվերտիկուլիտ բարդություններով

Ճառագայթային հետազոտությունների միջոցով դիվերտիկուլիտի ծանրության աստիճանը որոշվում է Հինչիի դասակարգմամբ[21]:

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակիչ ախտորոշումը ներառում է հետևյալ հիվանդությունները՝ հաստ աղու քաղցկեղ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, իշեմիկ կոլիտ, գրգռված աղու համախտանիշ, ինչպես նաև բազմաթիվ ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ:

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդացած դիվերտիկուլիտի ժամանակ ախտահարված դիվերտիկուլը կարող է թափածակվել՝ հետագայում առաջացնելով որովայնի խոռոչի բակտերիալ ախտահարում (պերիտոնիտ): Երբեմն բորբոքված դիվերտիկուլը կարող է առաջացնել հաստ աղու լուսանցքի նեղացում և անանցանելիություն: Որոշ դեպքերում ախտահարված մասը հարում է միզապարկին կամ որովայնի խոռոչի ուրիշ օրգաններին՝ առաջացնելով խուղակ (հաղորդակցվող կամրջակ՝ հաստ աղու և տվյալ օրգանի միջև):

Դիվերտիկուլիտի բարդություններն են՝

  • Աղիքային անանցանելիություն
  • Պերիտոնիտ
  • Աբսցեսներ
  • Խուղակ
  • Արյունահոսություն
  • Ստրիկտուրա

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ և չբարդացած դիվերտիկուլիտների մեծամասնությունը ենթարկվում է դեղորայքային բուժման:

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում սահմանվում էր ցածր սննդաթելերով դիետա[22]՝ համարելով, որ սննդաթելերի քիչ քանակը հաստ աղուն տալիս է վերականգնվելու հնարավորություն, սակայն 2011 թվականին հրապարակված հոդվածով ապացուցվեց հակառակը՝ դիետայում սննդաթելերի բարձր պարունակությունը կարող է կանխարգելել դիվերտիկուլյար հիվանդությունը[23]: Ըստ 2012 թվականին հրապարակված մեկ այլ հոդվածի՝ չկան բարձրակարգ հետազոտութուններ, սակայն որոշ ուսումնասիրություններ և ուղեցույցներ հավանություն են տալիս սննդաթելերի բարձր պարունակությանը դիետայում դեղորայքային բուժման ընթացքում[24]: Բուժման մեջ ընդգրկված պրոբիոտիկների էֆեկտիվության փաստարկները ո՛չ ժխտվում են, ո՛չ էլ հաստատվում[25]:

Հակաբիոտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արտահայտված և չբարդացած դիվերտիկուլիտների ժամանակ հակաբիոտիկների կիրառումը հաստատվում է միայն «նոսր և ցածրորակ» փաստարկներով՝ առանց դրանց ընթացիկ օգտագործման ապացույցների[20][26]: Չնայած սրան՝ որոշ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հակաբիոտիկների օգտագործում:

Վիրահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային շերտագրումով հաստատված աբսցեսը, խուղակը կամ պերիտոնիտի զարգացումով աղու պատի պատռվածքը ցուցում է վիրահատական միջամտության[14]: Այս բարդությունները բավականին հազվադեպ են հանդիպում[14]: Աբսցեսի կամ խուղակի վիրահատությունը կատարվում է շտապ կամ պլանային կարգով: Պլանային վիրահատության ժամկետները որոշում են ըստ հիվանդության փուլի, հիվանդի տարիքի, նրա ընդհանուր առողջական վիճակի, ցավերի գրոհի և ուժգնության, և արդյոք ախտանշանները շարունակվում են սուր սկիզբ ունենալուց հետո: Հիմնականում պլանային վիրահատական միջամտություն նշանակվում է, երբ վիրահատության ռիսկերը չեն գերազանցում հիվանդության բարդության ռիսկերը: Պլանային վիրահատությունը նշանակվում է սուր դեպքից առնվազն վեց շաբաթ անց[27]: Շտապ վիրահատությունը ցուցված է աղիքային պատռվածքով պերիտոնիտների դեպքում[28]:

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վիրահատական տեխնիկան կազմված է մասնահատումից և առաջնային բերանակցման (անաստամոզ) ձևավորումից: Այս մեթոդը կիրառվում է լավ արյունամատակարարում ունեցող, առանց այտուցների և լարվածության աղու դեպքում: Հաստ աղու մոտակա (պրոքսիմալ) եզրը պետք է լինի ճկուն՝ առանց գերաճի և բորբոքման նշանների: Ստորին (հեռակա, դիստալ) եզրը պետք է հասնի ուղիղ աղու վերին երրորդականին, որտեղ թենիաները (հաստ աղու պատի երեք ժապավենաձև մկանային ձգվածքներ) միաձուլվում են: Հաստ աղու դիվերտիկուլ ունեցող ոչ բոլոր հատվածներն են ենթակա հեռացման, քանի որ վայրէջ և սիգմայաձև հաստ աղուն մոտ գտնվող դիվերտիկուլները ավելի քիչ են բարդություններ առաջացնում[29]:

Մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվերտիկուլիտի վիրահատությունը կատարվում է հաստ աղու մասնահատմամբ և կոլոստոմայի ձևավորմամբ կամ առանց կոլոստոմայի: Երկու մեթոդն էլ հնարավոր է իրականացնել թե՛ ավանդական լապարատոմիայով, թե՛ լապարասկոպիայով[30]: Աղու ավանդական մասնահատումը բաց վիրահատական մոտեցում է, որը կոչվում է կոլէկտոմիա: Կոլէկտոմիայի ժամանակ հիվանդը գտնվում է ընդհանուր անզգայացման տակ: Կոլէկտոմիա իրականացնող վիրաբույժը կատարում է ստորին միջին կամ էլ ստորին կողմնային թեք կտրվածք: Ախտահարված հատվածը հեռացվում է, ապա երկու առողջ եզրերը իրար են կարվում ձեռքով կամ հատուկ սարքի միջոցով: Կոլոստոմա դրվում է այն դեպքում, եթե անհրաժեշտ է աղին ազատել իր նորմալ գորժունեությունից, քանի դեռ այն լավանում է: Կոլոստոմա ձևավորելուց հաստ աղին կցվում է մաշկային բացվածքին և նրա պարունակությունը դատարկվում է հատուկ պարկի մեջ[31]:

Այնուամենայնիվ, վիրաբույժների մեծամասնությունը նախընտրում է կոլէկտոմիայի լապարասկոպիկ մոտեցումը, քանի որ վերջինիս շնորհիվ վերքերի արագ լավացումը կարճացնում է ցավային համախտանիշի տևողությունը: Լապարասկոպիկ վիրահատությունը մինիմալ ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ որովայնի պատին կամ պորտին կատարվում են երեք կամ չորս փոքր կտրվածքներ: Որպես այլընտրանք՝ սուր առաջացած դիվերտիկուլիտների դեպքում լապարասկոպիկ սիգմյաձև աղու մասնահատումը չի ցուցաբերել առավելություններ բաց եղանակով սիգմայաձև աղու մասնահատման հանդեպ: Ավելին, լապարասկոպիկ լավաժը նույնքան ապահով է, որքան դիվերտիկուլիտի արդյունքում թափածակված հաստ աղու մաստահատումը և առաջացած պերիտոնիտը[32]:

Հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ աղու վիրահատությունները կատարվում են երեք հնարքների կիրառմամբ, որոնց բարդությունը տատանվում է՝ կախված հաստ աղու հատվածից և հիվանդության բնույթից: Այդ հնարքներն են՝ հաստ աղու մոբիլիզացիա, կպումների անջատում և միջընդերքի հատում[33]: Հաստ աղու մասնահատումից հետո՝ նորմայում վիրաբույժը հաստ աղին առանձնացնում է լյարդի և բարակ աղու հետ կպումներից: Կպումներն անջատելուց հետո՝ հաստ աղու միջընդերքը՝ իր մեջ մտնող անոթներով, կապվում և հատվում է: Առանձնացված հաստ աղու հատվածը հեռացվում է, եզրերը դրվում են հատուկ կարող սարքի մեջ, որը միաժամանակ նրանց հատում և կարում է միմյանց:

Հաստ աղու մասնահատում կոլոստոմայի ձևավորմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հաստ աղին ներգրավված է արտահայտված բորբոքման մեջ, առաջնային մասնահատումը ռիսկային է. որպես տարբերակ՝ մնում է կոլոստոմայի ձևավորումը: Այս վիրահատությունը կոչվում է Հարթմանի վիրահատություն, տեխնիկապես ավելի բարդ է և օգտագործվում է հիմնականում կյանքին սպառնացող դեպքերում: Կոլոստոմայի ձևավորմամբ հաստ աղու մասնահատումը ենթադրում է առաջին փուլով կոլոստոմայի ձևավորում, իսկ երկրորդ փուլով՝ աղու ամբողջականության վերականգնում: Կոլոպրոկտոլոգ-վիրաբույժը որովայնի պատին կտրվածք է բացում և այնտեղից դուրս հանում հաստ աղու եզրը (կոլոստոմայի ձևավորում), որը օգնում է ձերբազատվել ինֆեկցիայից և բորբոքումից, իսկ աղիքային պարունակությունը հավաքվում է հատուկ պարկի մեջ (калоприемник)[34]:

Դեպքերի մեծամասնությունում կոլոստոման ժամանակավոր է, սակայն հնարավոր է՝ այն ընդմիշտ լինի՝ կախված դեպքի ծանրությունից[35]: Մի քանի ամիս անց կատարվում է ժամանակավոր կոլոստոմայի վերականգնում՝ մեծածավալ վիրահատություն, որի ժամանակ ստոմայի ծայրատը միացվում է ուղիղ աղու ծայրատին՝ վերականգնելով հաստ աղու նորմալ անատոմիան:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվերտիկուլիտով հիվանդանում են հիմնականում տարեցները: Արևմյան երկրներում դիվերտիկուլյար հիվանդությունը հիմնականում տեղակայվում է սիգմայաձև աղում (հիվանդների 95%-ի մոտ): Դիվերտիկուլյար հիվանդության տարածվածությունը 1920-ականներին 10%-ից դարձավ 1960-ականներին 35-50%: 85 տարեկանից բարձր մարդկանց 65%-ը ենթադրվում է, որ ունի դիվերտիկուլյար հիվանդության որևիցե մի արտահայտում: 40 տարեկանից ցածր մարդկանց 5%-ը ունեն դիվերտիկուլյար հիվանդություն:

Ձախակողմյան (վայրէջ և սիգմայաձև հաստ աղի) դիվերտիկուլյար հիվանդությունը առավել տարածված է Արևմուտքում, մինչ դեռ աջակողմյանը (կույր և վերել հաստ աղի) ավելի բնորոշ է Ասիային և Աֆրիկային[6]: Դիվերտիկուլյոզ ունեցող հիվանդների 4-15%-ն են հակված դիվերտիկուլիտի առաջացման[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-04-18 — 2019-04-18 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 «Diverticular Disease»։ www.niddk.nih.gov։ September 2013։ Արխիվացված օրիգինալից 13 June 2016-ին։ Վերցված է 12 June 2016 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Tursi A (March 2016)։ «Diverticulosis today: unfashionable and still under-researched»։ Therapeutic Advances in Gastroenterology 9 (2): 213–28։ PMC 4749857։ PMID 26929783։ doi:10.1177/1756283x15621228 
  6. 6,0 6,1 Feldman Mark (2010)։ Sleisenger & Fordtran's Gastrointestinal and liver disease pathophysiology, diagnosis, management (9th ed.)։ [S.l.]: MD Consult։ էջ 2084։ ISBN 9781437727678։ Արխիվացված օրիգինալից 2016-08-08-ին 
  7. 7,0 7,1 Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases։ Churchill Livingstone։ 2014։ էջ 986։ ISBN 9781455748013։ Արխիվացված օրիգինալից 2016-08-08-ին 
  8. 8,0 8,1 Young-Fadok TM (October 2018)։ «Diverticulitis»։ New England Journal of Medicine 379 (17): 1635–42։ PMID 30354951 ։ doi:10.1056/NEJMcp1800468 
  9. 9,0 9,1 Pemberton John H (16 June 2016)։ «Colonic diverticulosis and diverticular disease: Epidemiology, risk factors, and pathogenesis»։ UpToDate։ Արխիվացված օրիգինալից 2017-03-14-ին։ Վերցված է 13 March 2017։ (subscription required (help)) 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Templeton AW, Strate LL (August 2013)։ «Updates in diverticular disease.»։ Current Gastroenterology Reports 15 (8): 339։ PMC 3832741։ PMID 24010157։ doi:10.1007/s11894-013-0339-z 
  11. Böhm Stephan K. (29 April 2015)։ «Risk Factors for Diverticulosis, Diverticulitis, Diverticular Perforation, and Bleeding: A Plea for More Subtle History Taking»։ Viszeralmedizin 31 (2): 84–94։ PMC 4789955։ doi:10.1159/000381867 
  12. «The role of vitamin D in reducing gastrointestinal disease risk and assessment of individual dietary intake needs: Focus on genetic and genomic technologies»։ Mol Nutr Food Res 60 (1): 119–33։ January 2016։ PMID 26251177։ doi:10.1002/mnfr.201500243 
  13. 13,0 13,1 Weisberger L, Jamieson, B (July 2009)։ «Clinical inquiries: How can you help prevent a recurrence of diverticulitis?»։ Journal of Family Practice 58 (7): 381–2։ PMID 19607778 
  14. 14,0 14,1 14,2 Morris AM, Regenbogen, SE, Hardiman, KM, Hendren, S (Jan 15, 2014)։ «Sigmoid diverticulitis: a systematic review.»։ JAMA 311 (3): 287–97։ PMID 24430321։ doi:10.1001/jama.2013.282025 
  15. Lee Kyoung Ho, Lee Hye Seung, Park Seong Ho, Bajpai Vasundhara, Choi Yoo Shin, Kang Sung-Bum, Kim Kil Joong, Kim Young Hoon (2007)։ «Appendiceal Diverticulitis»։ Journal of Computer Assisted Tomography 31 (5): 763–9։ PMID 17895789։ doi:10.1097/RCT.0b013e3180340991 
  16. «CT scan of diverticulitis»։ ClariPACS։ 2017։ Վերցված է 19 June 2017 
  17. Horton KM, Corl FM, Fishman EK (2000)։ «CT evaluation of the colon: inflammatory disease»։ Radiographics 20 (2): 399–418։ PMID 10715339։ doi:10.1148/radiographics.20.2.g00mc15399 
  18. Sai V. F., Velayos F, Neuhaus J, Westphalen A. C. (2012)։ «Colonoscopy after CT Diagnosis of Diverticulitis to Exclude Colon Cancer: A Systematic Literature Review»։ Radiology 263 (2): 383–390։ PMC 3329267։ PMID 22517956։ doi:10.1148/radiol.12111869 
  19. Tursi A (2015)։ «The role of colonoscopy in managing diverticular disease of the colon»։ Journal of Gastrointestinal and Liver Diseases 24 (1): 85–93։ PMID 25822438։ doi:10.15403/jgld.2014.1121.tur։ Արխիվացված օրիգինալից 2017-08-10-ին 
  20. 20,0 20,1 Kruse E, Leifeld L (April 2015)։ «Prevention and Conservative Therapy of Diverticular Disease.»։ Viszeralmedizin 31 (2): 103–6։ PMC 4789966։ PMID 26989379։ doi:10.1159/000377651 
  21. Klarenbeek B. R., De Korte N, Van Der Peet D. L., Cuesta M. A. (2011)։ «Review of current classifications for diverticular disease and a translation into clinical practice»։ International Journal of Colorectal Disease 27 (2): 207–214։ PMC 3267934։ PMID 21928041։ doi:10.1007/s00384-011-1314-5 
  22. Spirt Mitchell (2010)։ «Complicated Intra-abdominal Infections: A Focus on Appendicitis and Diverticulitis»։ Postgraduate Medicine 122 (1): 39–51։ PMID 20107288։ doi:10.3810/pgm.2010.01.2098 
  23. Tarleton S, DiBaise JK (April 2011)։ «Low-residue diet in diverticular disease: putting an end to a myth.»։ Nutrition in Clinical Practice 26 (2): 137–42։ PMID 21447765։ doi:10.1177/0884533611399774 
  24. Ünlü C, Daniels L, Vrouenraets BC, Boermeester MA (April 2012)։ «A systematic review of high-fibre dietary therapy in diverticular disease.»։ International Journal of Colorectal Disease 27 (4): 419–27։ PMC 3308000։ PMID 21922199։ doi:10.1007/s00384-011-1308-3 
  25. Lahner E, Bellisario C, Hassan C, Zullo A, Esposito G, Annibale B (March 2016)։ «Probiotics in the Treatment of Diverticular Disease. A Systematic Review.»։ Journal of Gastrointestinal and Liver Diseases 25 (1): 79–86։ PMID 27014757։ doi:10.15403/jgld.2014.1121.251.srw 
  26. «Use of antibiotics in uncomplicated diverticulitis»։ Br J Surg 98 (6): 761–7։ June 2011։ PMID 21523694։ doi:10.1002/bjs.7376 
  27. Merck, Sharpe & Dohme. "Diverticulitis treatments" Archived 2010-03-06 at the Wayback Machine. 2010-02-23.
  28. What's the diverticulitis surgery? Archived 2010-02-27 at the Wayback Machine. Digestive Disorders portal. Retrieved on 2010-02-23
  29. Diverticulitis: Treatment & Medication Archived 2010-03-16 at the Wayback Machine. eMedicine. 2010-02-23
  30. Diverticulitis Surgery Archived 2010-02-12 at the Wayback Machine. 2010-02-23
  31. Gupta Aditya K., Chaudhry Maria, Elewski Boni (2003)։ «Tinea corporis, tinea cruris, tinea nigra, and piedra»։ Dermatologic Clinics 21 (3): 395–400, v։ PMID 12956194։ doi:10.1016/S0733-8635(03)00031-7 
  32. Ahmed Ali Mahmoud, Mohammed Abdelrahman Tarek, Mattar Omar Mohamed, Mohamed Esraa Mowafy, Faraag Esraa Abdelmon'em, AlSafadi Ammar Mohammed, Hirayama Kenji, Huy Nguyen Tien (1 July 2018)։ «Surgical treatment of diverticulitis and its complications: A systematic review and meta-analysis of randomized control trials»։ The Surgeon 20։ doi:10.1016/j.surge.2018.03.011 
  33. Bowel resection procedure Archived 2010-01-29 at the Wayback Machine. Encyclopedia of surgery. Retrieved on 2010-02-23
  34. Diverticulitis treatments and drugs Archived 2010-02-12 at the Wayback Machine. Mayo Clinic. 2010-02-23
  35. «Restoration of bowel continuity after surgery for acute perforated diverticulitis: should Hartmann's procedure be considered a one-stage procedure?»։ Colorectal Disease 11 (6): 619–24։ July 2009։ PMID 18727727։ doi:10.1111/j.1463-1318.2008.01667.x 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]