Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1843)։ 1856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 471)։