Ֆիբրինոգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆիբրինոգեն, արյան պլազմայում լուծված անգույն սպիտակուց։ Արյան մակարդման համակարգի ակտիվացման ժամանակ թրոմբին ֆերմենտի ազդեցությամբ ենթարկվում է ֆերմենտային ճեղքման։ Արդյունքում ձևավորված ֆիբրինի մոնոմերը արյան մակարդման ութերորդ գործոնի ազդեցությամբ պոլիմերիզացվում է և վերածվում ֆիբրին պոլիմերի սպիտակ թելիկների։

Ֆիբրինոգենի ալֆա շղթա

Ֆիբրինոգենը արտադրվում է լյարդում, անհրաժեշտության դեպքում վերածվում է անլուծելի ֆիբրինի` արյան մակարդուկի հիմքը հանդիսացող նյութի։ Այնուհետև ֆիբրինը ձևավորում է թրոմբ, ինչով ավարտվում է արյան մակարդման գործընթացը։

Ֆիբրինոգենի անալիզի համար օգտագործվում է նատրիումի ցիտրատ(3.8 տոկոսանոց)։ Ֆիբրինոգենի անալիզը նախավիրահատական հետազոտության անհրաժեշտ փուլերից է, իրականացվում է բորբոքային, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։ Ֆիբրինոգենը նաև հեմոստազի անփոխարինելի ցուցիչներից է։

Արյան մեջ ֆիբրինոգենի պարունակությունը բարձրանում է սուր բորբոքային հիվանդությունների և հյուսվածքների քայքայման դեպքում։ Ֆիբրինոգենը ազդում է նաև էրիթրոցիտների նստեցման արագության վրա։

Ֆիբրինոգենի նորման 2-4 գ/լ է։ Նորածինների դեպքում այն 1.25-3 գ/լ է։

Ֆիբրինոգենի նորման հղիության ընթացքում ավելի բարձր է։ Այդ ժամանակաշրջանում ֆիբրինոգենի պարունակությունն աստիճանաբար բարձրանում է և երրորդ եռամսյակում հասնում է 6գ/լ-ի։ Այլ դեպքերում մարդու արյան մեջ ֆիբրինոգենի բարձր քանակությունը վկայում է հետևյալ հիվանդությունների մասին. սուր բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններ(գրիպ, տուբերկուլոզ), կաթված, սրտամկանի ինֆարկտ, հիպոթիրեոզ, ամիլոիդոզ, թոքաբորբ, չարորակ ուռուցքներ։ Ֆիբրինոգենի քանակության ավելացումը կարելի է կանխել վիրահատական միջամտությամբ, էստրոգենի ընդունումով։

Ֆիբրինոգենի նորմալ քանակությունն ընկնում է հետևյալ հիվանդությունների դեպքում. լյարդի հիվանդություններ (հեպատիտ, ցիրոզ), հղիության տոքսիկոզ, վիտամին C-ի և B12-ի պակաս, քրոնիկ միելոլեյկոզ, պոլիցիտեմիա։ Այն ընկնում է նաև օձի թույնով թունավորման, անաբոլիկ հորմոնների, անդրոգենների և օմեգա-3 ճարպաթթուների ընդունման դեպքում։

Ֆիբրինոգենից զուրկ արյան պլազման կոչվում է շիճուկ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]