Իվանե Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանե Ա
Թագավոր Հայոց/Շահնշահ
Իշխանություն1212-1227
Լրիվ անունԻվանե Ա Զաքարյան
ՏիտղոսներՀայ-վրացական բանակի ամիրսպասալար/Աթաբեկ
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝1227
Թաղվել է՝Ախթալայի վանք
Ախթալայի վանք[1]
ԱզգությունՀայ
ՆախորդԶաքարե Բ
ՏոհմԶաքարյաններ
զորավար, կառավարիչ և քաղաքական գործիչ
ՀայրՍարգիս Զաքարյան
ՄայրՍահակդուխտ Արծրունի[1]
ԵրեխաներԱվագ Զաքարյան և Թամթա
ՀավատքՈւղղափառություն

Իվանե Ա Զաքարյան, (անհայտ[1] - 1227[1]), Զաքարյան տոհմի ներկայացուցիչ։ Հոր՝ Սարգիս Զաքարյանի մահից հետո վրաց արքայի օժանդակությամբ Զաքարե Զաքարյանը նշանակվել է գլխավոր զորքերի սպարապետ՝ ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ մսախուրթուխուցես[2]։ Զաքարե Բ Զաքարյանի մահից (1212 թվական) հետո Իվանե Զաքարյանը ստացել է ամիրսպասալարի, 1213 թվականին՝ 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի (Իվանե Ա-ն նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո` նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել է վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Իվանե Զաքարյանի մահից (1227 թվական) հետո Զաքարյանների տոհմի ավագությունն անցել է Իվանեի որդուն՝ Ավագ Զաքարյանին (ծննդյան թվականն անհայտ է – 1250 թվական), վերջինս ժառանգել է նաև աթաբեկի պաշտոնը: Սակայն մոնղոլական տիրապետության հաստատումից հետո թուլացած Զաքարյանները տրոհվել են ֆեոդալական առանձին տների[3]: Վրացական արքունիքում Զաքարյանները պահպանել են իրենց ազդեցությունը, շարունակել են վարել ամիրսպասալարի, արքունի մեծ վեզիրի, աթաբեկի պաշտոնները: Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշատակվում Զազան (1345–80 թվականներ): Այնուհետև մինչև XVIII դարը Զաքարյանների մասին հիշատակություններ չկան: Զաքարե Բ Զաքարյանի ազատագրական կռիվներին մասնակցել է նաև Իվանեն, վերջինս Խլաթի պաշարման մարտական գործողություններում գերի է ընկել։ Զաքարեն եղբորը վերադարձնելու համար ստիպված է եղել դադարեցնել կռիվը Այյուբյան սուլթանական պետության հետ և հաշտության պայմանագիր կնքել նրանց հետ[4]։

Կենսագրական տեղեկություններ

Իվանեն ծնվել է Վրաստանում, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի ընտանիքում։ Եղել է ընտանիքի միջնեկ զավակը։ Ունեցել է ավագ եղբայր՝ Զաքարեն և փոքր քույր՝ Նանա։ 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ[5]: 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ։

1190-1210 թվականներին զինակցել է ամիրսպասալար եղբորը՝ Զաքարե Բ-ին և մասնակցել Հայաստանի ազատագրական պատերազմներին։ Քսանամյա պատերազմների արդյունքում, եղբոր՝ Զաքարե Բ-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից առավել մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Ազատագրված տարածքներից ստացել է Աղստևը, Ձորագետը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, Դվինը։ Կայեն և Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել Դվին քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը։ 1209 թվականին Խլաթի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնով՝ դստերը՝ Թամթային Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով[6]։ (Թամթան 1245 թվականին դարձել է Խլաթի կառավարիչ-թագավոր)։ Զաքարե Բ-ի մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը։ Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է իրականացրել Հայաստանի մոտիկ ու հեռավոր հարևանների հետ՝ ապահովելով Հայաստանի անկախությունը։

Ախթալայի Ս. Աստվածածին վանք

1219 թվականին ազատագրել է Սյունիքի Որոտան բերդը[7]։ 1225 թվականին Հայ-վրացական միացյալ բանակով Գառնի գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի դեմ և պարտվել։ Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել է աշխարհիկ ու հոգևոր շինություններ[8]։ Իվանեն դավանել է ուղղափառ եկեղեցուն, որի մասին պատմության մեջ կա մի հետաքրքիր դրվագ. Սելջուկյան սուլթանական պետության դեմ արշավանքների ժամանակ վրացի ուղղափառ հոգևորականները սպասավորում էին շարժական վրաց-եկեղեցուն: Հայ-վրացական բանակի հրամանատար Զաքարե Զաքարյանը ցանկանում էր, որ հայոց եկեղեցու հետևորդ զինվորականներն իրենց հոգևոր կարիքների համար նույնպես նման շարժական եկեղեցի ունենան: Այդ ցանկությունը հանդիպում է հայ հոգևորականության դիմադրությանը: 1205 թվականին Լոռեի հոգևոր ժողովը մերժում է Զաքարե Զաքարյանի այս առաջարկը: Վերջինս սպառնում է բռնություն գործադրել: Վեճը կարգավորվում է Զաքարեի խոստովանահայր Մխիթար Գոշի միջամտությամբ, որն Անիում 1207 թվաակնին կրկին ժողովված հոգևորականությանը խորհուրդ է տալիս բավարարել Զաքարեի ցանկությունը[9].

Դուք հոգացեք ազգի համար, որ այդ սովորությամբ չմիանան վրացիներին, ես կհոգամ զորավարի (Զաքարե Զաքարյանի) համար, որ նա իր եղբոր նման վրացի չդառնա (Զաքարեի կրտսեր եղբայր Իվանեն ուղղափառություն էր ընդունել):
- Մխիթար Գոշի՝ Անիում հրավիրած ժողովի ճառից մի հատված

Իվանե Զաքարյանը մահացել է 1227 թվականին, և թաղվել Ախթալայի Ս. Աստվածածին վանքում:

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է՝

Մահացավ և Իվանեն, Զաքարեի եղբայրը, և թաղվեց Պղնձահանքում՝ իր կառուցած եկեղեցու մուտքի մոտ, այն նա խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ եկեղեցի)
- Կիրակոս Գանձակեցի, «Հայոց Պատմություն»

Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդին՝ իշխան Ավագը (մահացել է 1250 թվականին, Բջնիում)։

Քաղաքական-ռազմական գործունեություն

Դվինի ավերակներ

Լինելով ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ և ունենալով նշանակալից և կարևոր դիրք արքունիքում, ի վիճակի է եղել վարելու հայանպաստ քաղաքականություն։ Եղբոր հետ միասին հաղթանակ է տարել Շամքորի ճակատամարտում, որով էլ սկսցել է Հայաստանի ազատագրական պայքարը[10]։ 1196 թվականին Զաքարե և Իվանե եղբայրները վերջնականապես ազատագրել են Ամբերդը, որը Իվանեի հովանավորությամբ հանձնվել է իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկած Վաչե Վաչուտյանին, վերջինս այն դարձրել է իշխանանիստ[11]։ Այդ ժամանակաշրջանից Կամսարականների նախկին այս ամրոցը դարձել է Արարատյան կողմնակալության իշխանանիստ կենտրոնը: Վաչե Վաչուտյանն ու իր որդի Քուրդն Ամբերդում վերականգնողական ու շինարարական հսկայական աշխատանքներ են կատարել: Իվանեի հովանավորությամբ Ամբերդում իշանություն հաստատած Վաչե Ա Վաչուտյանը վարել է նաև շինարարական քաղաքականություն՝ կառուցելով Սանահինի վանքի Մեծ (բաց) գավիթը (1211 թվական), Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին (1213 թվական), Արա գյուղի իջևանատունը, Մակարավանքի գավիթը (1216 թվական), Հովհաննավանքի գմբեթավոր գավիթը[12]:

Դեռևս 1124 թվականից սկսած Անիի ազատագրական կռիվները անամփոփ էին մինչև Զաքարեի և Իվանեի քաղաքական դաշտում հայտնվելը։ Անին Զաքարյան իշխանների կողմից ազատագրվել է երեք անգամ, սակայն վրաց արքան ետ է վերադարձրել այն Շադդադյաններին՝ ապագայում կրկին ազատագրելու մտադրություններով։ Սակայն այս անգամ հերթը վրաց արքային չի հասել, Իվանեն և Զաքարեն 1199 թվականին արշավել են Անի և վերջնականապես գրավել հայերի համար ստրատեգիական նշանակության այդ քաղաքը։ Շադդադյանները հիմնահատակ հեռացել են Անիից․ քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին։ Թշնամուց մաքրվեել են նաև Արցախը, Սյունիքը և Արարատյան դաշտը։ Շարունակելով հաղթարշավը՝ 1201 թվականնին ազատագրվել է Բջնին, 1203 թվականին հայ-վրացական ուժերը արշավել են Դվին և ազատագրել այն: 1206 թվականին ազատագրվել է Կարսը, ապա նաև Բասենն ու Բագրևանդը: Շարունակելով հաղթարշավը հայկական ուժերը հասել են Մանազկերտ և Արճեշ: 1209 թվականին հայ-վրացական ուժերը պաշարել են Վանա լճի ափին ընկած Խլաթը՝ Շահ Արմենների նստավայրը, սակայն հարձակվող ուժերը ստիպված էին կասեցնել Խլաթի ազատագրումը, քանի որ աթաբեկ Իվանեն պատահաբար ընկել էր որսափոսը և գերվել էր թշնամու կողմից: Իվանեին ազատ արձակելու համար Զաքարեն ստիպված է եղել հանգիստ թողնել Խլաթում հաստատված Շահ Արմեններին, իսկ Իվանեն իր դստերը՝ Թամթային կնության է տվել Խլաթի ամիրայի որդուն՝ էմիրին [13]:

Պատկեր:Manzikert.jpg
Մանազկերտի ճակատամարտ

Իվանե աթաբեկը և նրա ժառանգները իշխում էին Գուգարքի մնացյալ հատվածում, Այրարատ նահանգի արևելյան մասում, Սևանի ամբողջ ավազանում և Սյունիքի հյուսիսարևելյան գավառներում: Նրանց իշխանաիստ կենտրոններն էին նախ Բջնին, ապա՝ Դվինը: Զաքարյանները, շնորհիվ Զաքարեի և Իվանեի ազատագրական գործունեության, կարողացան ստեղծել խոշոր և ինքնուրույն իշխանապետություններ: Այն իր մեջ էր ընդգրկվում Շիրակը՝ Անի մայրաքաղաքով, Արարատյան դաշտը, Արաքս գետի միջին հոսանքը, Սևանի շրջակայքը: Զաքարյանները այնքան էին տարածքային աճ գրանցել և հզորացել, որ ունեին կախյալ իշխանապետությունները. Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշում, Գարդմանում և Փառիսոսում ստեղծվել էր Զաքարյաններից կախվածության մեջ գտնվող Վահրամյան իշխանությունը, որի կենտրոնը Գագ ամրոցն էր: Այս իշխանության հիմնադիրը Վահրամն էր՝ Սարգիս Զաքարյանի եղբայրը: Զաքարյանների մի ճյուղն էլ հաստատվել էր Ջավախքում՝ Թմուկ բերդում:

Իվանեի և Զաքարեի ազատագրական կռիվներից հետո՝ Զաքարյանների իշխանապետության տարածքը

Զաքարյանների ենթակա իշխանություններ հաստատվել են նաև Վայոց ձորում՝ Պռոշյանները, Արագածոտնում՝ Վաչուտյանները՝ Ամբերդ նստավայրով, Սյունիքում՝ Օրբելյանները, իսկ Արցախում գործում էր Հասան-Ջալալյանների ենթակա իշխանությունը: 1210-1211 թվականների, վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժել է Ատրպատական և հասել մինչև Ղազվին: Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թվականին Զաքարե Զաքարյանը կնքել է իր մահկանացուն և թաղվել Սանահինի վանքում: Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցվել են: Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում: Զաքարեի եղբայր Իվանեն, էլ ավելի է ամրապնդել Զաքարյանների դիրքերը՝ Թամար թագուհուց ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը: Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը:

Տես նաև

  1. Զաքարյանների իշխանապետություն
  2. Շամքորի ճակատամարտ (1195)
  3. Ամբերդի գրավում (1196)

Ծանոթագրություններ