Արայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արա (գյուղ)ից)
Գյուղ
Արայի
Կոորդինատներ: 40°27′26″ հս․ լ. 44°22′27″ ավ. ե. / 40.45722° հս․. լ. 44.37417° ավ. ե. / 40.45722; 44.37417
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 611[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն արայեցի
Ժամային գոտի UTC+4
##Արայի (Հայաստան)
Red pog.png
##Արայի (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Արայի, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին: Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից՝ Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով՝ գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս՝ Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին և դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են: Արայիի վարչական տարածքը կազմում է 1019,4 հեկտար, որից բնակավայրն ունի 120 հեկտար տարածք: Արայի գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1830 մետր: Գյուղը կանաչապատ է: Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր: Գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին: Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները: Այս փոքրիկ անտառապուրակների մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար: Դրանց որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները: 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը: 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ: Այսօր Արայի գյուղում բարձր բերք է ապահովում ընկուզենին, ազնվամորին, որոշ բանջարանոցներում պտղաբերում են խաղողը, ծիրանը, դեղձը, պնդուկը: Հաշվարկների համաձայն ամառվա ընթացքում վաճառվում է մոտ 5 տոննա ազնվամորի, 5 տոննա խնձոր, 7 տոննա տանձ, մեկական տոննա կեռաս, ընկույզ, բալ: Տարեկան վաճառվում է մոտ 50 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, 1 տոննա մեղր: Որոշ անհատներ սկսել են խնձորի և տանձի օղու, բալի գինու արտադրություն: Գյուղի տները քարաշեն են, հիմնականում՝ երկհարկանի: Կլիման առողջարար է, խմելու ջուրը՝ սառնորակ: Գյուղը երկու մասի բաժանելով՝ նրա միջով հոսում է Գեղարոտ գետը:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1828-1830 թվականներին գյուղում հաստատվել է Մանազկերտից ներգաղթած 29 ընտանիք: Արայի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1852 1859 1873 1886 1914 1922 1959 1970 1979 2001
Բնակիչ 182 161 296 451 473 843 562 592 385 338 633

2010 թվականի հունվարի 1-ին Արայի գյուղում հաշվառվել է 633 բնակիչ (307 տղամարդ, 326 կին): Նույն օրվա հաշվառման համաձայն գյուղում եղել է 488 խոշոր եղջերավոր անասուն, որից 162 կով, 309 ոչխար, որից 288 մայր, 59 այծ, որից 51 մայր, 28 խոզ, որից 20 մայր, 886 թռչուն, որից 784 հավ, 139 մեղվաընտանիք, 7 ձի, 3 ավանակ: Համեմատության համար նշենք, որ 1828-1829 թթ.-ին գյուղում հաստատված մանազկերտցի նախնիներն ունեցել են 65 գոմեշ, 101 եզ, 84 կով, 48 հորթ, 211 ոչխար ու այծ, 7 ձի: 1830-ական թվականներին գյուղը եղել է պետական: 1831 թվականին գյուղում եղել է մեկ կիսաքանդ ջրաղաց: 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին: 19-րդ դարի 40-ական թվականներին գյուղի կենտրոնում եղած մատուռի վերաշինությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին: XIX դարի 80-ական թվականներից սկսած շատ արայեցիներ աշխատանքի են մեկնել Երևան և երևանամերձ տարածքներ: Աշխատել են այգիներում: Այս աշխատանքի գնահատումը կարելի է համարել մի շատ կարևոր փաստ: Արայեցի հողագործների նվիրաված աշխատանքը գնահատել է երևանցի մեծահարուստ Աֆրիկյանների ընտանիքը: Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցել է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայել է մինչև 1970-ական թվականները: 1906-1920 թվականներին Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը: Այս առիթով փաստենք, որ այս դպրոցական շենքը ողջ Ապարանի տարածաշրջանում միակն է եղել մինչև 1923 թվականը: Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Հայրենիքին նվիրվածությունը արայեցիներն ապացուցել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին իրենց մասնակցությամբ: Գյուղի ավելի քան 135 որդիներ կռվել է ֆաշիզմի դեմ: Նրանցից 61-ը մնացել են հավերժ զինվոր խորհրդա-գերմանական ռազմաճակատի տարբեր հատվածներում: Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին: Իսկ երբ իր անկախ պետականության և իր պատմական Արցախ աշխարհի ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն արեցին ադրբեջանական թուրքերը, ողջ հայ ժողովրդի հետ նրա դեմ ելան նաև տասնյակ արայեցիներ: Արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ 1999-2001 թվականներին գյուղից շուրջ 500 մետր հարավ, բլրի վրա կառուցվել է վերասլաց գմբեթավոր Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը: Իսկ որդեկորույս են բոլոր պատերազմներում որդի կորցրած մարերը: Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է: Բնակավայրի համար տեղն իդեալական է: Թիկունքում Արագած սարն է, դիմացը՝ Արա լեռը: Երկու սարերի միջև ընկած նեղ լեզվակով է անցել և ներկայումս էլ անցնում է Հյուսիսային Հայաստան - Հարավային Հայաստան մայրուղին: Գտնվելով այդ մայրուղու հարևանությամբ բնակավայրը առևտրային ու պաշտպանական բավականին հնարավորություններ է ունեցել: Այստեղ հայ մարդը ապրել է 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ: Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս, բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ: Ցավոք, պատմական արժեքների նկատմամբ խորհրդային համակարգին հատուկ արհամարհանքով հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից-ձեռք են անցել ու անհետացել: Գյուղի հյուսիս-արևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել: Գյուղից 1,5 կմ հարավ մնում են բնակավայրի, XIII դարում Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կառուցած Արայիի իջևանատան, շրջակայքում՝ երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ: Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք մնում են մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակների Արայի բերդ-ամրոցի հիմնային մասերը: Պատմաբան Տիգրան Հայազնը տպագրության է պատրաստել «Արայի» հանրագիտարանը, որի առաջաբանը և որոշ արայեցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ:

Հայտնի Արայեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Սողոյան

Գյուղում ծնված կամ գյուղի վերաբնակիչների հարկի տակ ծնված արայեցիները բավականին լուրջ մոտեցում են ունեցել և ունեն կրթության հանդեպ: Շատերն են բարձրագույն ու մասնագիտական կրթություն ստացել Հայաստանի ու արտերկրի ուսումնական հաստատություններում: Արայեցու զավակ են իրավաբանական գիտությունների թեկնածու Մնացական Սարգսյանը, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուել Մարգարյանը, գիտության թեկնածու Լյուդմիլա Կարապետյանը: Գյուղում է ծնվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահագն Աբրահամյանը: Արայիից սերած ամենաբարձր պաշտոնյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ) Մնացական Սարգսյանն է: Գյուղում են ծնվել բանասացներ Բարսեղ Սահակյանը, Երվանդ Հունանյանը, Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի առաջին կոմիսար, գնդապետ Ազիզ Կիրակոսյանը, ճարտարապետ-քանդակագործ Միշա Մարգարյանը: Խորհրդային բանակում փոխգնդապետի կոչման է արժանացել Գրիգոր Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետի կոչման է արժանացել Էդուարդ Մանուկյանը, փոխգնդապետի կոչման՝ Շողիկ Ասոյանը, Վիրաբ Սիրեկանյանը, ՀՀ արդարադատության 1-ին դասի խորհրդականի կոչման (գնդապետ)՝ Արամ Կարապետյանը, 2-րդ դասի խորհրդականի կոչման (փոխգնդապետ)՝ Աշոտ Մանուկյանը: Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը՝ ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը՝ «Հերոսուհի մայր» պատվավոր կոչման: Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները: Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում: Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը:

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայում է գտնվում 1885 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ 1,3 կմ հարավ-արևմուտք՝ 17-18 դարերի «Թուխ Մանուկ» մատուռը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյան իշխանների շինարարական գործունեությունը Ապարանի շրջանում (Հայաստանի բնություն, 1980, պրակ 2):
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանի շրջանի ձեռագրերը, հնատիպ գրքերը և այլ հնագրագիտական նյութերը (Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 1):
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանի շրջանի պատմական հուշարձանները (Բանբեր Հայաստանի արխիվների, 1983, թիվ 2):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]