Նորվեգիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հոկտեմբերի 23, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Նորվեգիա
ՄայրցամաքԵվրոպա
տարածաշրջանՍկանդինավյան թերակղզի
Տարածքտեղը
 • Ընդհանուր385170
 • ցամաք94.95%
 • ջուր5,05%
Ափային հատված25148
Սահման2515 կմ
Բարձրագույն կետԳալհյոպիգեն
(2469 մ)
Ցածրագույն կետՆորվեգական ծով
(0 մ)
Ամենաերկար գետԳլոմմա
(604 կմ)
Ամենամեծ լիճՄյոսա
(362կմ2)
Կլիմամերձարկտիկական և բարեխառն ծովային

Նորվեգիայի աշխարհագրություն, ուսումնասիրում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածում գոյություն ունեցող պետության՝ Նորվեգիայի լեռնագրությունը, ջրագրությունը, կլիման, բուսական ու կենդանական աշխարհը։

Նորվեգիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ զբաղեցնելով Սկանդինավյան թերակղզու հյուսիսային ու արևմտյան ծովափը։ Եզերում է Հյուսիսային ծովին (հարավ-արևմուտք) և Սկագերակ նեղուցին (հարավ), Նորվեգական ծովին (արևմուտք) և Բարենցի ծովին (հյուսիս-արևելք)։ Նորվեգիան երկար տարիներ սահմանակցում էր երկու երկրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած սահմանային փոփոխությունների արդյունքում Ֆինլանդիան զրկվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ունեցած իր ափերից, որոնք հանձնվում են Նորվեգիային։ Արդյունքում Նորվեգիան մի քանի կիլոմետրանոց սահման է ունենում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության հետ)։ Տարածքը կազմում է 385 186 կմ²։ Դրա մեջ մտնում են նաև բազմաթիվ կղզիներ՝ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում, որոնցից առավելապես հայտնի է Շպիցբերգեն կղզեխումբը։ Ունենալով միևնույն բնակլիմայական պայմանները, ինչ հարևան Շվեդիան ու Նորվեգիան, ինչպես նաև ՌԴ տարածքում գտնվող Կոլայի և Կանին թերակղզիները, Նորվեգիան մտնում է Ֆենոսկանդիա բնական ու տնտեսական մարզի մեջ[1]։

Նորվեգիան ունի հյուսիս-հարավ ձգվածություն։ Նրա կտրատված ծովափը զուգակցվում է ծովածոցերով (ֆյորդ) և կղզիներով։ Վերջինների քանակը հասնում է 50000-ի[2]։ Հիմնական ցամաքը զբաղեցնում է 13° լայնություն՝ հյուսիսային լայնության 58°-ից 71°-ը, (Սվաբալդ՝ հյուսիսում, 81°)։ Արևմուտքում սահմանը հասնում է արևելյան երկայնության 5°-ին (Սոլունդ), իսկ արևելքում՝ 31°-ին (Վարդյո)։ Երկրի, ինչպես և Եվրոպայի ամենահյուսիսային կետը բուն ցամաքում գտնվում է հյուսիսային լայնության 71,2°-ի վրա։ Այս աշխարհագրական կոորդինատներով Նորվեգիան ամենահյուսիսայիններից է աշխարհում։ Նրա միջին բարձրությունը 460 մ է, և տարածքի 32%-ը գտնվում է անտառային գոտուց վեր։ Նման տվյալներով այն ամենալեռնայիններից է Եվրոպա աշխարհամասի տարածքում։

Սկանդինավյան լեռները, որի հողմահայաց լանջերին տարածվում է Նորվեգիան, ունեն իրենց ֆիզիկաաշխարհագրական շարունակությունը. դրանք Ատլանտյան օվկիանոսի տակով հասնում են Շոտլանդիա և Իռլանդիա, ինչպես նաև՝ հեռավոր Ապալաչներ (ԱՄՆ)։ Դրանք ժամանակին եղել են հինավուրց մայրցամաքի՝ Պանգեայի մասը, և այսօր դրանք բոլորը հին լեռներ են։ Մինչ այժմ, արդեն հազարամյակներ անց, այստեղ զգացվում է սառցադաշտերի գոյությունը։ Դրանք են պատճառ հանդիսանում Նորվեգիայի ափերի կտրատված լինելուն։ Տեղի ունեցող մակընթացությունների ալիքը ծովային քամիների պատճառով կարող է հասնել մի քանի տասնյակ մետրի։ Լինելով սառը քամիներ՝ դրանք բացասաբար են ազդում ջերմաստիճանի վրա. այստեղ ցուրտ ծովային կլիմա է։

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյրանգեր բնակավայրը. տիպիկ նորվեգական լանդշաֆտ

Նորվեգիայի տարածքը գտնվում է երկրաբանական երկու տարասեռ գոտիներում։ Նրա հիմնական մասը Կալեդոնյան գեոսինկլինալային ծալքավոր հատվածն է, որը ձևավորվել է Մեզոզոյան դարաշրջանի ընթացքում։ Վերջինս տևել է 186 միլիոն տարի՝ 252-66 միլիոն տարի առաջ և հայտնի էր խոնավ և մեղմ կլիմայով։ Կալեդոնյան ծալքավորությունը հասնում է Մյոսա լճին և Հարգանդեր ֆյորդին՝ մինչև Շվեդիայի սահման։ Այս գծից հարավ ընկած տարածքը գտնվում է Բալթյան մինչքեմբրյան վահանի վրա։ Այս ամենից զատ գտնվում է Օսլո-ֆյորդը կամ Օսլոյի դաշտը, որը իրենից գրաբենային գոտի է ներկայացնում։ Այն Սկանդինավյան թերակղզու եզակի տարածքներից է, որտեղ բյուրեղյա վահանը պատված է առավել երիտասարդ հողային գոյացություններով։ Այդպիսով, Նորվեգիան բաժանվում է երեք երկրաբանական գոտիների[3]։

Նորվեգիան գտնվում է ցածր սեյսմիկ գոտում, հազվադեպ են երկրաշարժերը, առհասարակ չկան գործող հրաբուխներ։ Դա երկրակեղևի համեմատաբար հանգիստ զոնաներից է։ Չորրորդական շրջանում երկրակեղևի բարձրացումը այստեղ հանգեցրել է ցամաքի ընդհանուր կորացման, որը ամբողջությամբ ազատված էր նրան ճնշող սառցե գագաթից։ 19-20-րդ դարերում Նորվեգիայում առհասարակ տեղի չեն ունեցել երկրաշարժեր[4]։ Երկրաբանական գործընթացների արդյունքում հողը դեռ վաղուց ունեցել է ճկվածքներ, որը արևելքում լցվել է գետերի ջրերով, իսկ արևմուտքում՝ ծովի (ֆյորդեր)[5]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Նորվեգիայի ռելիեֆը ամբողջությամբ արտահայտում է նրա տարածքում տեղի ունեցած լեռնակազմական գործընթացները։ Նորվեգիայի երկրաբանական կազմավորման պատմությունը կարելի է բաժանել չորս փուլի.

Գալհյոպիգեն՝ ամենաբարձր գագաթը (2469 մ)
  • Առաջին փուլի ժամանակ՝ արքեյան դարաշրջանում, տեղի են ունենում լեռնակազմական առաջին գործընթացները։ Առհասարակ, երկրագնդի վրա քիչ են պահպանվել երկրամասեր, որոնք դեռևս կրում են այդ դարաշրջանի հետքերը։ Բանն այն է, որ արքեյան շրջանը տևել է մոտ մեկուկես միլիարդ տարի (4-2.5 միլիարդ տարի առաջ) և հանդիսանում է երկրագնդի կազմավորման առաջին դարաշրջանը։ Այն ընդունված է բաժանել չորս փուլի՝ Նեոարքեյան, Մեզոարքեյան, Պալեոարքեյան, Էոարքեյան (ավելի ուշ շրջանից դեպի ավելի վաղ շրջան)։

Այդպիսով, Սկանդինավյան թերակղզու կազմավորման առաջին փուլը տևել է մինչև այդ դարաշրջանում ձևավորված լեռնային համակարգի քայքայումը՝ մինչքեմբրյան շրջան։ Այդ ժամանակ ձևավորվում է Բալթյան վահանը։ Արքեյան դարաշրջանում ձևավորված հնագույն լեռներից են ոչ միայն Սկանդինավյան, այլև Ապալաչյան, Ուրալյան և Մեծ Ջրբաժան լեռնաշղթաները։

  • Երկրորդ փուլը սկսում է Կալեդոնյան ծալքավորության ձևավորմամբ։ Վերջինս ընդգրկում էր Հյուսիսային Եվրոպայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի և Հյուսիսային Ամերիկայի տարածքները՝ ճեղք առաջացնելով Գրենլանդիայի ու Սկանդինավիայի միջև։ Այս լեռնակազմավորման գործընթացը տևել է Արքեյին հաջորդած՝ Պրոտերոզոյան դարաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ սկսում է վերջին դարաշրջանը՝ ֆաներոզոյը, որն ընդունված է բաժանել երեք փուլի՝ պալեոզոյ (541-252 միլիոն տարի առաջ), մեզոզոյ (252-66 միլիոն տարի առաջ) և կայնոզոյ (66 միլիոն- մինչ այժմ)։ Ֆաներոզոյում հենց առաջացել է կյանքը երկրագնդի վրա։ Այդ ժամանակ առաջանում են նոր լեռնաշղթաներ ու լեռնային համակարգեր, որոնցից առավել հայտնի են Ալպ-հիմալայան և Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտիները։ Այս ժամանակ վերջնական տեսք են ստանում Նորվեգիայի տարածքում գտնվող Սկանդինավյան լեռները։ Նրանք սկսում են զգալիորեն իջնել և ձևավորել հարթություններ ու հովիտներ։ Դրանք առավելապես տեսանելի են Հարավային Նորվեգիայում՝ Տելեմարկի պլատոյում, որի հետևանքով առաջանում են Նորվեգիայի ևս մեկ առանձնահատուկ լանդշաֆտային ձևեր՝ ֆյելդներ։
Բերենբերգ (2277 մ) հրաբուխը Յան Մայեն կղզում
  • Երրորդ փուլը սկսում է այն ժամանակ, երբ Եվրոպայի կենտրոնական ու հարավային հատվածներում տեղի են ունենում Ալպյան, Ապենինյան, Պիրենեյան ու Բալկանյան լեռների կազմավորման գործընթացները։ Այն անհետք չի անցնում Սկանդինավյան թերակղզու համար։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում տեղի են ունենում տեկտոնական հզոր տեղաշարժեր, որի արդյունքում Ատլանտյան օվկիանոսը միանում է Հյուսիսային Սառուցյալին առավել լայն ջրատար նեղուցներով ու հոսանքներով։ Սկանդինավյան թերակղզու տարածքը դրա հետևանքով սկսում է բարձրանալ՝ որոշ տեղերում հասնելով 1000 մետրի։ Վերջնականապես սկսում է ձևավորվել ցամաքային ժամանակակից տեսքը։ Այս փուլը տեղի է ունենում մեզոզոյան և վաղ կայնոզոյան շրջանում։
  • Լեռնակազմավորման չորրորդ փուլը իրենից ներկայացնում է կայնոզոյան դարաշրջանի վերջին հատվածը՝ չորրորդական ժամանակաշրջանը կամ անթրոպոգենը, երբ երկիր մոլորակը սառցակալում է չորս անգամ։ Դարաշրջանը սկսել էր մոտ 2.6 միլիոն տարի առաջ և կոչվել էր անթրոպոգեն, քանի որ այդ ժամանակ ձևավորվել էր կենդանական աշխարհի վերջին էակը՝ բանական մարդը։ Սառցակալումը առավելապես ակտիվ է լինում հյուսիսային բևեռում ու դրան հարող շրջաններում, որի մեջ մտնում էր ամբողջ Սկանդինավյան թերակղզին։ Ֆյորդային ու էրոզիոն բոլոր գործընթացները տեղի են ունենում այս փուլում։

Նորվեգիայի տարածքում հաշվվում են 185 լեռնագագաթներ, որոնք ունեն 2000 մետրից ավելի բարձրություն։ Դրանք տեղակայված են ամբողջ երկրի տարածքում։ Առավել հայտնի լեռներից են Գալհյոպիգենը (2469 մ), Գլիտերտինդը (2465 մ) և Ստորենը (2405 մ)։ Նորվեգիայի տարածքում հաշվվում է չորս հանգած հրաբուխ, որոնցից ամենաբարձրը՝ Բերենբերգը (2277 մ), գտնվում է Յան Մայեն կղզում։

2016 թվականի հուլիսին կառավարության որոշմամբ Նորվեգիան հարևան Ֆինլանդիային է նվիրելու Հալթի շրջանը՝ ի նշան 2017 թվականի Ֆինլանդիայի 100-ամյա տարելիցի։ Հալթի երկու գագաթներից մեկը, որն ունի 1331 մ բարձրություն, կդառնա Ֆինլանդիայի ամենաբարձր կետը[6]։


Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի տարածքը, լինելով հնագույն Սկանդինավյան լեռների գոտի, ունի բազմազան օգտակար հանածոներ։ Դրանց մեջ առավելապես գերակշռում են վառելիքային օգտակար հանածոները (նավթ և բնական գազ), ինչպես նաև՝ մետաղականները (պղինձ և երկաթ)։ Կան տիտանի (100 միլիոն տոննա), վանադիումի (12-15 միլիոն տոննա), ցինկի (194 հազար տոննա), նիկելի (160 հազար տոննա), ոսկու և այլ մետաղական պաշարներ։ Որոշակի մաս են կազմում նաև շինանյութերը[7]։

Նավթի հանքավայր Հյուսիսային ծովում
  • Նավթ և բնական գազ։ 2000 թվականի դրությամբ Նորվեգիան Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը նավթի (1600 միլիոն տոննա) և երկրորդ տեղը՝ բնական գազի (1480 մլրդ մ3) պաշարներով։ Առավել խոշոր հանքավայրեր են Ստատֆորդը (317 միլիոն տոննա), Տրոլը (50 միլիոն տոննա նավթ և 1287 մլրդ մ3 գազ), Օզեբերգը (145 միլիոն տոննա նավթ և 60 մլրդ մ3 գազ), Ֆրիգը (225 մլրդ մ3)։ 1997 թվականի դրությամբ, Հյուսիսային ծովի նորվեգական հատվածում նավթի պաշարները գնահատվել են 1,5 միլիարդ տոննա, իսկ բնական գազինը՝ 765 մլրդ մ3։ Այդպիսով, այստեղ կենտրոնացած է Արևմտյան Եվրոպայի նավթի պաշարների ու հանքավայրերի 3/4-ը։ Աշխարհի նավթային պաշարներ ունեցող երկրների շարքում Նորվեգիան զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Բացի այդ, Հյուսիսային ծովի բնական գազի պաշարները զբաղեցնում են Արևմտյան Եվրոպայի բնական գազի գրեթե կեսը, որի շնորհիվ Նորվեգիան եզրափակում է բնական գազ ունեցող երկրների առաջին տասնյակը։ Բնական գազի ու նավթի պաշարներ հայտնաբերվում են նաև Նորվեգիայի հյուսիսային ափերին և Նորվեգական ծովում։ 2011 թվականի դրությամբ, Նորվեգիայի տրամադրության տակ գտնվում է 5,67 միլիարդ բարել նավթ, ընդ որում դրանց երրորդ հատվածը գտնվում է մեկ այլ՝ Բարենցի ծովի հատակին։ Վերջինի պաշարները դեռևս չեն շահագործվում։ 21-րդ դարի սկզբին հայտնաբերվել են նորանոր պաշարներ
  • Քարածուխ։ Հին լեռներին բնորոշ է վառելիքային ռեսուրսների բազմազանությունը։ Նավթից ու բնական գազից բացի, Նորվեգիան հարուստ է քարածուխով։ Նորվեգիան ունի արկտիկական Եվրոպայի քարածխի առավելապես մեծ պաշարներ։ Դրանք կենտրոնացած են հիմնականում Շպիցբերգեն կղզեխմբում։ Վերջինիս քարածխի պաշարները 2002 թվականին գնահատվել են 10 միլիարդ տոննայի չափ, որոնցից առավել վստահելի ու ակնհայտ են 135 միլիոն տոննայի չափով հանքավայրերը։ Դրանք կենտրոնացած են Պիրամիդա լեռան, Բարենցբուրգի, Գրումանտ-սիթիի և այլ հանքավայրերում։ Միայն Արևելյան Շպիցբերգեն կղզում կա 4 հանքավայր։
Գեյրանգեր ֆյորդ՝ լեռնիվեր հողատեսակների փոփոխություն
  • Երկաթ և պղինձ։ Մետաղական հանածոներից գլխավորը Նորվեգիայում երկաթն է, որի պաշարներով Նորվեգիան զբաղեցնում է 7-րդ տեղը Եվրոպայի երկրների շարքում։ Երկաթի հանքաքարը ներկայացված է հիմնականում երեք տեսակի նյութերով՝ մինչքեմբրյան շրջանի երկաթե կվարցիտներ (Բյորնեվատն՝ 1 միլիարդ տոննա), մագնետիտ-գեմատիտային պաշարներ՝ քեմբրային տարիքի և գեմատիտ-մագնետիտներ։ Պղնձի պաշարներով 1999 թվականին Նորվեգիան Եվրոպայի առաջին տասնյակում էր։ Առավել նշանակալի հանքավայրերը գտնվում են հրաբխային հատվածներում և առաջացել են ժայթքումների ժամանակ։ Հայտնի են Տրոնհեյմ, Սուլիտյելմա, Ռեպարֆյորդ, Գրոնգ շրջանները։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Նորվեգիայի հողերի ձևավորումը ունի բավական կարճ պատմություն։ Դրանք նոր և թույլ հողեր են, որոնք տեղ-տեղ զիջում են Բալթյան վահանին։ Դրանք առաջացել են հիմնականում չորրորդական շրջանում՝ սառցադաշտերի հալոցքի հետևանքով։ Այդ ժամանակ ձևավորվել են սակավաթիվ և նեղ հովիտները։ Մյուս կողմից, հողերը սկսել են ձևավորվել նաև գնեյսի, գրանիտի, գաբրոյի, ավազուտների հիման վրա։

Նորվեգիայի հողերի յուրահատկություններից մեկն է խոնավությունը։ Դրանք գտնվում են տայգայի ու խառնանտառների շրջանում։ Կան նաև գորշ հողեր։ Հողերը տարբերվում են ոչ միայն հյուսիս-հարավ զոնայականությամբ, այլև լեռնիվեր։

Երկրագործության համար առավել նպաստավոր են Հարավային Նորվեգիայի հովիտները, որոնք ոռոգվում են Սկանդինավյան լեռներից հոսող գետերով ու գետակներով։ Դրանց վրա կան լճեր ու ջրամբարներ։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիան հարուստ է ջրային պաշարներով։ Լեռներից դեպի ծովափ են հոսում բազմաթիվ գետեր՝ իրենց վտակներով, որոնք քաղցրահամ ջուրը հասցնում են բնակավայրերին։ Նորվեգիայի հարավային շրջանները հարուստ են նաև ստորերկրյա ջրերով. դրանք սառցադաշտի մնացորդներն են, որով ժամանակին պատված էր ամբողջ Սկանդինավյան թերակղզին։ Հյուսիսային բևեռային շրջագծին մոտ գտնվող կղզիները ունեն սառցապատ լեռներ, որոնք նույնպես քաղցրահամ ջրի աղբյուրներ են։

Վյորինգսֆոսսեն ջրվեժը Նորվեգիայի հարավում (145 մ)

Նորվեգիայի տարածքում տեղումները նվազում են արևմուտքից արևելք, քանի որ հողմահայաց լանջերին շատ են օվկիանոսից փչող արևմտյան քամիները։ Մյուս կողմից, առավել բարձրադիր լեռները գտնվում են հենց արևելքում՝ շվեդական սահմանին զուգահեռ, և ապահովում են գետերի հոսքը դեպի արևմուտք[8]։ Հարավային Նորվեգիայում, որտեղ տեղակայված է մայրաքաղաք Օսլոն, թափվում են Եվրոպայի ամենաշատ տեղումները՝ 1500 մմ մեկ տարում։ Շարժվելով արևելք՝ դրանք հասնում են 400 մմ-ի։ Դրանց արդյունքում առաջանում են նաև լճակներ ու լճեր, որոնք գերազանցապես քաղցրահամ ջուր ունեն։ Այստեղ ջրի ավելցուկը կարող է հանգեցնել նաև ճահիճների առաջացմանը[9]։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիան ունի լավ զարգացած գետային ցանց, որը ներառում է լեռնային խոր հունով գետեր։ Դրանք հոսում են նեղ հովիտներով և տարվա ամբողջ ընթացքում ջրառատ են։ Սնուցվում են ինչպես տեղումներից, այնպես էլ սառույցի հալոցքից։ Առավելագույն հորդացման հասնում են գարնանը և ամռանը։ Որոշ գետերի վրա կան ջրվեժներ՝ մինչև 600 մետր բարձրությամբ[10]։

Երկրի ամենաերկար գետը Գլոմման է (հարավ), որի ջրահավաք ավազանը գրեթե ամբողջությամբ գտնվում է Նորվեգիայի տարածքում և կազմում է մոտ 42 000 կմ 2։ Դա Նորվեգիայի տարածքի 11 %-ն է։ Գետի երկարությունը անցնում է 600 կմ-ը։ Տարեկան ծախսը կազմում է 705 մ3/վ։ Գետը հոսում է Սկանդինավյան լեռներում մի քանի լճերի միջով՝ հաճախ գահավիժելով ու առաջացնելով ջրվեժներ, թափվում է Սկագերակի նեղուցը

Հաջորդ խոշոր գետը հյուսիսում է՝ Պաատսյոկին, Իվալոյի հետ միասին։ Նրա երկարությունը 380 կմ է, բայց հիմնական հատվածը գտնվում է Նորվեգիայից դուրս։ Այսպիսով՝ այս գետը մոտ երկու անգամ կարճ է Գլոմմայից։ Գետերի վրա ձևավորվող ջրվեժներից առավել երկար են Վինուֆոսսեն (860 մ), Մարդալսֆոսսեն (705 մ) ջրվեժները և այլն։

Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի ամենախոշոր՝ Մյոսա լիճը

Գետահովիտներում ու ֆյորդերից ոչ հեռու տարածված են լճերը, որոնք ձևավորվում են հիմնականում անձրևների ու ձյան հալոցքից, սնուցվում են լեռների ու ստորերկրյա սառցադաշտերից։ Դրանց հիմնական մասը ունի քաղցրահամ ջուր և երկկողմանի հոսք։ Մոտ 400 լճեր ունեն 5 կմ2-ուց ավելի տարածք։ Դրանց մեջ առավել խոշորները յոթն են՝ Մյոսա (362 կմ2), Ռյոսվատնետ (218.61 կմ2), Ֆեմունդ (203.52 կմ2), Ռանդսֆյորդեն(139.23 կմ2), Տիրիֆյորդեն (138.56 կմ2), Սնեսավատնետ (121.58 կմ2) և Տունսյոեն (100.18 կմ2

Մյոսա լիճը բացի ամենախոշորը լինելուց, նաև չորրորդ ամենախորը լիճն է՝ Հորնինդալսվանտետ (514 մ), Սալսվատնետ (482 մ) և Թին (460 մ) լճերից հետո։ Նրա խորությունը հասնում է 444 մետրի։

Ֆյորդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյորդերը (նորվ.՝ fjord) նեղ ու խոր ծովածոցեր են, որոնք մտնում են ցամաքի մեջ ու ունեն լավ ընդգծված ժայռոտ ափեր։ Ֆյորդերի երկարությունը մի քանի, նույնսիկ՝ տասնյակ անգամներ գերազանցում է լայնությանը։ Ափերի բարձրությունը հասնում է 1 կիլոմետրի։ Նորվեգիան, գտնվելով Հյուսիսային ու Նորվեգական ծովերի ափին, ունի բազմաթիվ այդպիսի կտրատված ֆյորդեր, որոնք առաջացել են ջրի կողմից Սկանդինավյան թերակղզին էրոզիայի ենթարկելու արդյունքում։ Նորվեգիայի տարածքում ամենամեծ ֆյորդը Սոգնեն է, որի երկարությունը 204 կմ Է, լայնությունը՝ 1,5-6 կմ, խորությունը՝ 1208 մ։ Ժայռոտ ափերի բարձրությունը հասնում է 1500 մետրի։

Առավել հաճախ ֆյորդերը ունեն տեկտոնական ծագում և առաջանում են տեկտոնական սալերի կտրուկ փոփոխության արդյունքում։ Նման դեպքերում ֆյորդը բացի բարձր ժայռերից կարող է ունենալ մինչև 800 մետր խորություն։ Ֆյորդեր ունեն գլխավորապես Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ալյասկան և Չիլին։ Հանդիպում են նաև Գրենլանդիայում, Իսլանդիայում, Շոտլանդիայում և այլուր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով գրեթե ամբողջությամբ բարեխառն կլիմայական գոտում՝ Նորվեգիայի հարավը ավելի տաք է, քան նույն լայնություններում գտնվող Հյուսիսային Ամերիկայի ու Եվրասիայի այլ շրջանները։ Դա հետևանքն է նաև Գոլֆստրիմ տաք հոսանքի, որը արևադարձային տաք հոսանքները հասցնում է Հյուսիսային ու Նորվեգական ծովեր[11]։ Սակայն հասնելով Սկագերակ նեղուցին՝ փոխվում է Բալթիկ ծովի սառը հոսանքի պատճառով։

կանաչ՝ բարեխառն կլիմա, մուգ կապույտ՝ բևեռային, երկնագույն՝ արկտիկական

Ցուրտ ձմեռներն ու զով ամառները պայմանավորված են նաև առավել հյուսիսային շրջաններից եկող քամիներով, որոնք հարավ են հասնում արկտիկական հոսանքների միջոցով։ Քանի որ Նորվեգիան գերազանցապես գտնվում է ծովափին, իսկ հովիտները հիմնականում միջօրեականներին զուգահեռ են, ապա տաք քամիներն այստեղ երկար կյանք չեն ունենում։ Ծովը, սակայն, ապահովում է տեղումների քանակը։

Միջին հունվարյան ջերմաստիճանը տատանվում է -17 °C-ից (հյուսիս) մինչև +1.5 °C (հարավ)։ Միջին հուլիսյան ջերմաստիճանը +7 °C է հյուսիսում, և մոտ +17 °C՝ մայրաքաղաք Օսլոյում։

Արևմտյան ու հյուսիսային շրջանները առավելագույն տեղումներ են ստանում ամբողջ Եվրոպայում։ Դրանց քանակը որոշ բնակավայրերում կարող է հասնել տարեկան 3,575 մմ-ի։ Հյուսիսային բևեռային շրջագծի մոտ տեղումները հասնում են 2,935 մմ-ի, որը բավական բարձր է մերձարկտիկական կլիմայի համար։ Ապրիլ-հուլիս ամիսներին գալիս են առավելագույն տեղումները։ Ինչ վերաբերում է ֆյորդերին, ապա դրանք առավելապես ցամաքային են։ Այստեղ կառուցվել են բազմաթիվ նավահանգիստներ, որոնք մեծապես նպաստում են ծովային առևտրի, ձկնորսության ու նավագնացության զարգացմանը։

Ծովափնյա շրջանները, համեմատ լեռնային հատվածների, ունեն ավելի ջերմ ամառներ ու մեղմ ձմեռներ։ Այստեղ իրենց դերն են խաղում երկու հանգամանքներ։ Նախ՝ ծովի ափին է գտնվում տաք հոսանքը, երկրորդ՝ վերընթաց լեռնային կլիմայի հետևանքով գագաթային մասերը միշտ ավելի ցուրտ են։ Ամենացուրտ և ամենատաք ամիսների տարբերությունը կարող է հասնել 11-15 °C-ի։ Մինչդեռ ներցամաքային շրջաններում մաքսիմալ ամպլիտուդը կարող է հասնել 30 °C-ի։ Հյուսիսային Նորվեգիայում գրանցվել է ջերմաստիճանի ամենամեծ տատանումը՝ 50 °C։

Նորվեգիային պատկանող կղզիները, որոնք եզերում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, ունեն առավել ցուրտ կլիմա։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի բուսական աշխարհը կարելի է բաժանել մի քանի գոտիների։

  • Տունդրա։ Առավել տարածված է ոչ միայն երկրի հյուսիսային շրջաններում, այլև լեռնային հատվածներում ու սառցադաշտերին կից տարածքներում։ Այստեղ ջերմաստիճանը ցածր է, վեգետացիայի շրջանը խիստ կարճ, շատ են ձյան ու սառույցի անգվածները, մեծ է ուժեղ քամիների առկայությունը, պտղատու չէ տեղի հողը։ Այս անբարենպաստ պայմանները, որոնք վատթարագույնն են Նորվեգիայի տարածքում, թույլ չեն տալիս բուսականությանը զարգանալ և բազմանալ։ Տունդրան ներկայացված է հիմնականում երկու բուսատեսակներով՝ մամուռներ և քարաքոսեր։
Անտառածածկ ժայռ և ջրվեժ հյուսիսային Նորվեգիայում
  • Ալպյան մարգագետիններ։ Այս բուսականությունը մեծ տարածքներ է զբաղեցնում ֆյելդների շրջանում և արևմտյան ափի առավել բարձրադիր գոտում՝ անտառներից վեր ընկած հատվածներում։ Բուսականությունը տարածվում է հիմնականում 800-1700 մ միջին բարձրության վրա՝ արևմուտքից արևելք, ինչպես և նախորդ՝ տունդրայի գոտին։ Կլիմայական պայմանները այստեղ նույնպես անբարենպաստ են. ծառերը աամբողջությամբ բացակայում են, գերակշռող են թփերը, թփուտներն ու բազմազան խոտերը, ընդ որում՝ թփուտները խիստ սակավաթիվ են և հիմնականում անցումային են անտառների ու մարգագետինների միջև։ Ձյունապատ հատվածներում դարձյալ կարել է հանդիպել մամուռներ ու քարաքոսեր։ Ծաղիկները հիմնականում գույնզգույն են և հիշեցնում են ալպյան գորգ։ Դրա պատճառն այն է, որ վեգետացիայի շրջանը այստեղ նույնպես կարճ է տևում, և արագ փոշոտման համար ծաղիկները պետք է լինեն գրավիչ՝ դրանք փոշոտող միջատների համար։
  • Լեռնանտառներ ու սակավանտառներ։ Այս գոտին առավել տարածվածն է Նորվեգիայում։ Հաջորդում է Ալպյան գոտուն և սփռվում է գրեթե ամբողջ սահմանային գոտու տարածքում՝ լեռների հողմահայաց լանջերին։ Մայրցամաքային հատվածում դրանք գտնվում են մինչև 1000 մետր բարձրության վրա, իսկ Ատլանտյան օվկիանոսի ափերին զբաղեցնում են նաև ավելի ցածր բարձրություններ՝ կապված սառը ծովային քամիների հետ։ Այս գոտում տարածված են կեչուտները (արևմտյան շրջաններ) և սոճուտ-կեչուտները ներցամաքային հատվածներում։
  • Տայգա և խառնանտառներ։ Այս գոտիների բուսականությունը տարածվում է հիմնականում հարավային Նորվեգիայում՝ Օստլան ու Արևելյան Սերլան երկրամասերը, ինչպես նաև Տրյոնելագի հարթավայրը։ Այնտեղ ուժեղ է օվկիանոսի ջերմացնող ազդեցությունը, որը թույլ է տալիս փշատերև և լայնատերև անտառներին տարածվել։ Այս բուսականությունը հիմնականում բացակայում է ֆյորդերի ափին, որտեղ ներկայանում է արդեն եղևնուտների ու սոճուտների տեսքով։ Խառնանտառների հիմնական բուսատեսակները եղևնիներն ու կաղնիներն են։
  • Մերձատլանտյան չորուտներ։ Այս գոտին զբաղեցնում է նեղ ծովափնյա շերտ՝ արևմտյան ափին զուգահեռ՝ չհասնելով նույնիսկ ֆյորդերին։ Հիմնական տարածված բույսերը հավամարգիներն են։ Ծառային ու թփային տեսակները այստեղ հիմնականում բացակայում են, սակայն կարող են տեղ-տեղ, որտեղ քամիները բացակայում են, հանդիպել։ Հանդիպում են նաև խոտաբույսեր, հացահատիկային ձևեր, մամուռներ ու քարաքոսեր։
Շպիցբերգեն կղզեխմբի հիմնական բնակիչները՝
սպիտակ արջ և ծովացուլ
  • Խառը լայնատերև անտառներ։ Նորվեգիայի տարածքում կան լայնատերև անտառների ոչ մեծ զանգվածներ։ Դրանք կենտրոնացած են ամենահարավային հատվածներում։ Երբեմն հանդիպում են նաև ֆյորդերի ափերին, ձևավորելով ներզոնային բուսականություն։ Ներկայացված են կաղնիների, հաճարենիների ու հացենիների տեսքով։
  • Ծովափնյա բուսականություն։ Դյունային բուսականությունը խիստ սակավաթիվ տարածքներ է զբաղեցնում, որը կապված է հիմնականում հողի տեսակի հետ։ Հանդիպում է հարավային Նորվեգիայում՝ Հյուսիսային ծովի ափերին։
  • Գետահովիտների բուսականություն։ Հատկապես հանդիպում է խոշոր գետերի՝ Գլոմմայի և Լոգենի ափերին։ Ջրի ավելցուկի պատճառով այստեղ կենտրոնացած են հիմնականում խոնավասեր բույսեր։ Հանդիպում են ինչպես թփուտային, այնպես էլ անտառային ձևեր, հաճախ՝ եղևնիներ ու լաստենիներ։

Այս բուսականությանը զուգահեռ՝ բազմազան է նաև Նորվեգիայի կենդանական աշխարհը։ Նորվեգիայի կենդանի բնության հետևյալ ներկայացուցիչներն են՝ միջատները 16,000-ն են (ևս 4000-ը ունեն հավելյալ ուսումնասիրման կարիք), 20,000-ը՝ ջրիմուռներ, 1,800-ը՝ քարաքոսներ, 1,050-ը՝ մամուռներ, 2,800 տեսակ՝ անոթային բույսեր, մինչև 7,000 տեսակի սնկեր, 450 տեսակի թռչուններ (250-ը բնադրում են Նորվեգիայում), 90 կաթնասուններ, քաղցրահամ ջրերում ապրող 45 և աղի ջրերում ապրող 150 ձկնատեսակներ, ինչպես նաև՝ քաղցրահամ ջրի 1,000 և աղի ջրի 3,500 անողնաշարավորներ[12]։ Այս տեսակներից մոտ 40,000-ը բացահայտված են գիտության կողմից, իսկ 2010 թվականի դրությամբ 4599-ը գրանցվել են Նորվեգիայի կարմիր գրքում[13]։

Անտառներում հանդիպում են որմզդեղն, ազնվացեղ եղջերու, գորշուկ, կուղբ, աքիս, կզաքիս, գայլ, արջ, աղվես, լուսան, սկյուռ, նապաստակ և այլն։ Տունդրայում հանդիպում են հյուսիսային եղջերու, կապույտ ու սպիտակ բևեռաղվես, լեմմինգ և այլ կաթնասուններ։ Տունդրայում երբեմն հանդիպում են աղվեսներ ու նապաստակներ, նախկինում կային գայլեր ու արջեր։ Բևեռային շրջագծից հյուսիս ընկած հատվածներում՝ Նորվեգիային ենթակա կղզիներում, հիմնական բնակիչներն են սպիտակ արջերը և ծովացուլերը։

Շատ են թռչնաշուկաները, որոնք տարածված են հիմնականում ծովափնյա ժայռային հատվածներում։ Նորվեգիան հարուստ է փետրավորներով, որոնցից շատերն ունեն արդյունաբերական նշանակություն։ Անտառներում հանդիպում են ցախաքլոր և խլահավ, իսկ տունդրայում՝ բևեռային կաքավ։ Ծովափնյա հատվածներում ու ֆյորդերում, լճերի ու գետերի ափերին հանդիպում են ճայեր, այդերուկներ, վայրի բադեր ու վայրի սագեր։

Ծովը հարուստ է զանազան ձկնատեսակներով (թառափ, ձողաձուկ, սկումբրիա), գետերում ու լճերում շատ են սաղմոնաձկները, կարմրախայտերը և այլն։ Տաք և պլանկտոնով հարուստ ջրերը, որոնք բերվում են Գոլֆստրիմի տաք հոսանքով, այստեղ խառնվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառը բևեռային ջրերի հետ, որոնք հարուստ են թթվածնով[14]։ Այստեղ բազմանում է զոոպլանկտոնը՝ ձկների հիմնական կերակրատեսակը։ Այդ է պատճառը, որ այստեղ հավաքվում են վերոնշյալ ձկնատեսակները[15]։

Բնության պահպանության համար Նորվեգիայի կառավարությունը 45 650 քառ. կմ է հատկացրել 44 ազգային պարկի[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European comission - The delineation of European mountain areas
  2. «The world factbook». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Хольтедаль У. Геология Норвегии В 2 т. // М., Из-во иностранной литературы, 1957
  4. Ерамов Р. А. «Норвегия»// Москва, 1950
  5. "Protected Areas and World Heritage - Norway". United Nations Environment Programme. July 2005.
  6. Norway considers giving mountain to Finland as 100th birthday present
  7. Горная энциклопедия: Норвегия.// Москва, 1989
  8. Романова Э. П. «Современные ландшафты Европы»// Москва, 1997.
  9. Кац Н.Я «Болота земного шара» 1974 г.// Москва, 1974 г.
  10. Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 18. НИККО-ОТОЛИТЫ. — М.: «Советская энциклопедия», 1970. — С. 105.
  11. «The chaotic current that warms Norway». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. "NOU 2004". Regjeringen.no
  13. The 2010 Norwegian Red List for Species
  14. Climate mythology: The Gulf Stream, European climate and Abrupt Change
  15. Encyclopedia of Earth -Norwegian Shelf large marine ecosystem
  16. Minifacts about Norway, statistics -Geography, climate and environment, էջ 6-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։