Մեծ Ջրբաժան լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Ջրբաժան լեռնաշղթա

Մեծ Ջրբաժան լեռնաշղթա (Great Dividing Range) (Արևելա-Ավստրալիական լեռներ), Ավստրալիայում։ Ձգվում է Ավստրալիայի արևելյան և հարավ-արևելյան ափով, Քեյփ Յորք թերակղզուց մինչև Բասի նեղուց, 4000 Կմ։ Երբեմն Մեծ Ջրբաժան լեռնաշղթա անունը տարածվում է միայն արևմտյան շղթայի վրա Քվինսլենդում։ Խոշոր կամարաձև բարձրացում է, առաջացած նեոգեն-անթրոպոգենում։ Հիմնականում կազմված է պալեոզոյան, սակավ՝ մեզոզոյան նստվածքներից։ Երկրաբանական տեսակետից համապատասխանում է Տասմանյան պալեոզոյան ծալքավորման մարզին։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ, անագ, բազմամետաղներ, ոսկի, պղինձ, տիտանամագնետիտային և մոնացիտային ավազներ, քարածուխ և այլն։ Հարավային լայնության 28°-ից հյուսիս բաղկացած է մոտ 1000 մ բարձրության զանգվածներից, սարահարթերից ու գոգավորություններից, դեպի հաարավ՝ առանձին զանգվածներից մինչև 2230 մ բարձրությամբ (Կոսցյուշկո լեռ)։ Գտնվում է մերձհասարակածային և մերձարևադարձային գոտիներում։ Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևելյան լանջերից սկիզբ են առնում՝ կարճ, սահանքավոր, ջրառատ գետեր, արևմտյան լանջերից՝ Մուրեյը և Դառլինգը։ Արևելյան լանջերը ծածկված են խոնավտերևաթափ մշտականաչ անտառներով, արևմտյան լանջերը՝ անտառասավաննաներով, սավաննաներով ու քսերոֆիտային թփուտներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png