Կտածում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կտածում (հայերեն կուտ-սպի բառից, աշխարհի շատ լեզուներում օգտագործվում է պոլինեզ. tatau բառը), Մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։ Կատարվում է փայտե, ոսկրե, մետաղյա ասեղներով ծակծկելու կամ ներկած թելով կարելու միջոցով (թելը հետո հանում են)։ Առաջացել է նախնադարյան համայնական և վաղ դասակարգային հասարակարգերում, չափահաս պատանիներին տղամարդ օծելու փորձության արարողություններից։ Զարդարանքից բացի, կտածումը եղել է տոհմի, ցեղի, տոտեմի, հասարակական պատկանելության, ինչպես նաև չար ոգիներից և հիվանդություններից իբր պաշտպանող ցուցանշան։ Կտածումը տարածված է եղել ոչ սևամորթ ժողովուրդների մեջ (սևամորթները մարմինը դաջել են սպիներ առաջացնելու եղանակով)։ Հին աշխարհի քաղաքակրթված երկրներում կտածումը արդեն համարվել է պախարակելի երեույթ և արգելվել։ Հին Հռոմում կտածումով տարբերանշել են ռազմագերիներին և հանցագործներին։ Քրիստոնեական եկեղեցին կտածման է ենթարկել հերետիկոսներին և աղանդավորներին։ Երուսաղեմ այցելած հավատացյալներն իրենց դաստակին դրոշմել են քրիստոնեության խորհրդանիշը և հորջորջվել մահտեսի կամ հաջի։ Կտածումը հատկապես տարածված է Հյուսիս Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում, Օվկիանիայում, հնդկացիների մեջ (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց)։ Պոլինեզիայում կտածել են մարմնի գրեթե ամբողջ մակերեսը, անգամ լեզուն։ Կտածման սովորույթը Եվրոպայում վերստին տարածվել է XVII—XVIII դարերից՝ Օվկիանիայի կղզիներն այցելած ծովայինների միջոցով։ Կտածումը հեռացվում է վիրահատմամբ, լազերային ճառագայթների, քիմիական նյութերի միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png