Ոսկոր
Ոսկրը (Լատիներեն՝ Os, Հունարեն՝ οστούν, հայերենում նաև Ոսկոր) պինդ շարակցական հյուսվածքից կազմված օրգան է, որը մարդու և բազմաթիվ կենդանիների կմախքի կառուցվածքային միավորն է։ Հասուն մարդը ունի մոտավորապես 200 ոսկր, որոնք իրար են միացած աճառային, ֆիբրոզ կամ սինովյալ հոդավորումներով։ Ոսկրերի հիմնական ֆունկցիաներն են՝ պաշտպանողական, հենաշարժական, արյունաստեղծ և մետաբոլիկ։ Ոսկրի կառուցվածքային առանձնահատկությունները վերջինիս թույլ են տալիս լինել թեթև, ճկուն և միաժամանակ շատ ամուր։ Ոսկրի ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք[1]։
Բովանդակություն |
Տեսակները [խմբագրել]
Ըստ անատոմիական կառուցվածքի (ձևի) ոսկրերը լինում են
- խողովակավոր (ազդրոսկր, ոլոք, ճաճանչոսկր, բազկոսկր և այլն)
- անկանոն (դաստակի ոսկրեր, կրունկոսկր, վեգոսկր, ողներ և այլն)
- տափակ կամ լայն (գանգոսկր, կրծոսկր, կողոսկրեր և այլն)
- սեսամաձև (ծնկոսկր, բոլոր հավելյալ ոսկրերը)[2]
Կառուցվածքը [խմբագրել]
Վերը նշված բոլոր ոսկրերը ունեն միևնույն կառուցվածքային առանձնահատկությունը՝ նրանք կազմված են արտաքին կամ կորտիկալ (կեղևային) շերտից և ներքին շերտից (սպունգանման նյութից)։ Շերտերի խտությունը, քանակը և տեղակայումը տարբերվում է կախված ոսկրի անատոմիական կառուցվածքից. օր՝ ազդրոսկրի կորտիկալ շերտը բավականին հաստ է և ամուր, իսկ օրինակ կրծոսկրի կազմության մեջ գերակշռում է առավելապես սպունգանման նյութը։ Կորտիկալ շերտը պատված է վերնոսկրով մինչև հոդամակերեսները և ապահովում է կորտիկալ շերտի արյունամատակարարումը սնուցող անցքերով։ Խողովակավոր ոսկրի ներսում գտնվում է ցիլինդրիկ խոռոչ, որի հիմնական բաղադրությունը ոսկրածուծն է։ Արյունատար անոթները անցնում են Հավերսյան ուղիներով։ Խոշոր խողովակավոր ոսկրերի դիաֆիզար կոտրվածքների ժամանակ առաջանում է առատ արյունահոսություն (ներքին կամ արտաքին), որը պայմանավորված է ոսկրախողովակի արյունամատակարարող ցանցով։ Ոսկրածուծի գրեթե 96% կազմված է ճարպերից, որը և պայմանավորում է դիաֆիզար կոտրվածքների ժամանակ առաջացող ճարպային էմբոլիայի վտանգը։
Հյուսվածքաբանորեն ոսկրը կազմված է օստեոբլաստ և օստեոկլաստ բջիջներից։ Վերջիններս նպաստում են համապատասխանորեն ոսկրագոյացման և ոսկրի ներծծման պրոցեսներին։
Ոսկրագոյացում [խմբագրել]
Սաղմնային շրջանում, ինչպես նաև օրինակ կոտրվածքների ժամանակ առաջանում է ռետիկուլյար ոսկրանյութ, որը հետագայում վերածվում է լամելլար (թիթեղային) ոսկրանյութի։ Ռետիկուլյար ոսկրի արյունատար անոթները և կոլագենային թելերը ունեն խառը դասավորություն։ Ռետիկուլյար ոսկրագոյացումը տեղի է ունենում երկու ճանապարհով
- թաղանթային (դեսմալ) ոսկրագոյացում
- անուղղակի (էնդոխոնդրալ) ոսկրագոյացում
Օրգանիզմի աճին զուգահեռ ոսկրերը ենթարկվում են ադապտացիայի, փոխելով իրենց ձևը և ամրությունը որը ապահովում են օստեոբլաստ
և օստեոկլաստ բջիջները շնորհիվ ոսկրանյութի ներծծման մեկ տեղում և կուտակման մեկ այլ տեղում։
Ոսկրային Ախտահարումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ The Human Body An Introduction to Structure and Function A. Faller, M.D. ISBN 1-58890-122-X
- ↑ Anatomy of the human body. Henry Gray ISBN 0-443-04560-7
- ↑ Campbell's operative orhtopaedics 11th edition ISBN 978-0-323-03329-9