Տուբերկուլոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տուբերկուլյոզից)
Տուբերկուլոզ
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

Տուբերկուլոզի հարուցիչները
ՀՄԴ-10 A15-A19
ՀՄԴ-9 010-018
Հիվանդությունների բազա 8515
Տուբերկուլոզով հիվանդ մարդու թոքերը:

Տուբերկուլոզ (լատ.՝  tuberculum նշանակում է թմբիկ, հայերեն տարբերակներ՝ պալարախտ, թոքախտ), սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան է։ Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Տուբերկուլոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։ Հայտնաբերվել են տուբերկուլոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխարտադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլոզի հետազոտություններով զբաղվող գիտության ՝ ֆթիզիատրիայի (հուն.՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը։ Այն ժամանակներում տուբերկուլոզը համարվում էր հույժ վարակիչ և ժառանգաբար փոխանցվող հիվանդություն։ Այդ պատճառով, օրինակ Պարսկաստանում, տուբերկուլոզով հիվանդներին բորոտների հետ միասին մեկուսնացնում էին, իսկ Հնդկաստանում արգելված էին նման հիվանդների կամ նրանց հարազատների հետ ամուսնությունը։

Հիվանդությունն իր տուբերկուլոզ անվանումով առաջին անգամ հայտնաբերվել է Հիպոկրատի աշխատություններում։ Հիվանդության մասին մանրամասն տեղեկություններ է տվել Ավիցենան: Օրգանների ձևաբանական փոփոխությունների առաջին ուսումնասիրությունները կատարել է Սիլվիուս դե լա Բոէն, ով տարբեր օրգաններում առաջացած թմբիկների ծագումը կապում էր հենց տուբերկուլոզի հետ։ 1689թ.ին Ռիչարդ Մորտոնը գրեց տուբերկուլոզի մասին առաջին մենագրությունը՝ «Ֆթիզիոլոգիա, կամ տրակտատ թոքախտի մասին» անվանումով։ Պաթոլոգոանատոմիական և կլինիկական առավել մանրամասն նկարագրություն տվել է ֆրանսիացի գիտնական Լաեննեկը: 1882թ.-ի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը կարողացավ առանձնացնել տուբերկուլոզի հարուցիչը։ 1993 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզը հայտարարեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը հայտարարեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր»[1]

Համաճարակաբանություն[խմբագրել]

Համաճարակաբանության տեսանկյունից կարևորվում են կենսաբանական(կապված մարդու օրգանիզմի և հիվանդության հարուցիչի փոխազդեցության հետ) և սոցիալական(բնակչության և նրա առանձին խմբերի առողջական ու սոցիալական վիճակ) գործոնները։ Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով։ Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային(շփման միջոցով) եղանակներով։

Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ(շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն)[2]:

Տուբերկուլոզը տարածված է ամենուրեք։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների(1990թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից։ Տուբերկուլոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում[3]:

Հայաստանում[խմբագրել]

Տուբերկուլոզի տարածվածությունը աշխարհի երկրներում (2009թ., ԱՀԿ)

Տուբերկուլոզը հիմնական առողջական խնդիր է Հայաստանում: 2005 թվականին Հայաստանում եղել է տուբերկուլոզի 2000 նոր վարակ։ 2006 թվականին, նվազել են 1500 նոր վարակի։[4] Հայաստանում 2010թ.-ին գրանցվել է տուբերկուլոզի նոր 1331 դեպք։[5]

Դասակարգում[խմբագրել]

Տարբերում են տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը.

  • Տուբերկուլոզային ինտոքսիկացիա երեխաների և պատանիների մոտ
  • Շնչառական օրգանների տուբերկուլոզ
    • Առաջնային տուբերկուլոզային համալիր
    • Ներկրծքային ավշային հանգույցների տուբերկուլոզ
    • Թոքերի դիսսեմինացված(տարածուն) տուբերկուլոզ
    • Թոքերի օջախային տուբերկուլոզ
    • Թոքերի ինֆիլտրատիվ(ներսփռանքային) տուբերկուլոզ
    • Թոքերի տուբերկուլեմա
    • Թոքերի կավեռնոզ(խոռոչային) տուբերկուլոզ
    • Թոքերի ֆիբրոզ-կավեռնոզ տուբերկուլոզ
    • Թոքերի ցիռոտիկ տուբերկուլոզ
    • Տուբերկուլոզային պլևրիտ(այդ թվում՝ պլևրայի էմպիեմա)
    • Բրոնխների, շնչափողի, բկանցքի, վերին շնչական ուղիների տուբերկուլոզ
    • Շնչառական օրգանների տուբերկուլոզ, զուգակցված թոքերի պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ(կոնիոտուբերկուլոզ)
  • Այլ օրգան-համակարգերի տուբերկուլոզ
    • Կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի թաղանթների տուբերկուլոզ
    • Աղիքների, որովայնամզի և միջընդերքի ավշահանգույցների տուբերկուլոզ
    • Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ
    • Միզասեռական օրգանների տուբերկուլոզ
    • Մաշկի տուբերկուլոզ
    • Ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլոզ
    • Ակնային տուբերկուլոզ
    • Այլ օրգանների տուբերկուլոզ

Բուժում[խմբագրել]

Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։ Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն՝ նույնիսկ ավելի)։ Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը՝ լավանում։ Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է։ Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին։ Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը։

Տուբերկուլոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ։ Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն։ Որոշ դեպքերում վիրաբուժական ճանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլոզով ախտահարված այլ հատվածներ։

Տուբերկուլոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել)։ Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից "Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում" դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն։[6]

Կանխարգելում[խմբագրել]

Տուբերկուլոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով՝

  • սոցիալական կանխարգելում,
  • սանիտարական կանխարգելում,
  • առանձնահատուկ(սպեցիֆիկ) հակատուբերկուլոզային կանխարգելում։

Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է։ Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը։

Տուբերկուլոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում։ Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ։ Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես՝ անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները։

Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին՝ 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ։ Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով։

Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել։ Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2%-անոց օճառասոդային լուծույթում)։ Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ։ Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից։ Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում։ Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել։

Առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան։ Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է։ Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է։ Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում։

Տուբերկուլոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում՝ հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով։[6]

Աղբյուրներ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. «Mediainform»։ http://mediainform.am/am/topic.php?id=13604։ Վերցված է 2012-03-14։ 
  2. А.Г. Хоменко (1988)։ Туберкулез органов дыхания։ 
  3. Перельман М.И., Корякин В.А., Протопопова Н.М. (1990)։ Туберкулез։ 
  4. «Հայ Բժշկական Ֆոնդի նախագծեր (անգլերեն)»։ http://www.armenianmedicalfund.org/projects.asp։ Վերցված է 2009-05-27։ 
  5. «Տուբերկուլոզը Հայաստանում, թեև դանդաղ, բայց նահանջում է»։ http://news.am/arm/news/36789.html։ Վերցված է 2012-03-13։ 
  6. 6,0 6,1 «Տուբերկուլոզ (թոքային)»։ http://www.doctors.am/am/diseases/Տուբերկուլոզ-%28թոքային%29/963։ Վերցված է 2012-03-14։