Խոցային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստամոքսի խորը խոց

Խոցային հիվանդությունը (լատիներեն Ulcus ventriculi et duodeni) քրոնիկական(չբուժման դեպքում կարող է հարատևել շատ տարիներ), ցիկլային ընթացք ունեցող(այն ընթանում է ռեցիդիվներով(սրացումներով) և ռեմիսիաներով) հիվանդություն է, որի հիմնական կլինիկական և ձևաբանական արտահայտությունը ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցն է։ Խոցը բնորոշվում է որպես լորձաթաղանթի դեֆեկտ (թերություն), որի խորությունը մեծ է կամ հավասար 0,5 սմ-ին։

Դասակարգումը[խմբագրել]

Ըստ տեղակայման`

  • Դուոդենալ խոց (տեղակայված է տասներկումատնյա աղում)
  • Էզոֆագալ խոց (տեղակայված է կերակրափողում)
  • Գաստրիկ խոց (տեղակայված է ստամոքսում)
  • Մեկելյան դիվերտիկուլի խոց

Ջոնսոնի դասակարգումը`

  • I տիպ Ստամոքսի մարմնի խոց` ավելի հաճախ ստամոքսի փոքր կորության (curvatura minor) անկյունային կտրուճի (incisura angularis) մասում (locus minoris resistantiae)
  • II տիպ` Ստամոքսի մարմնի խոցի և դուոդենալ խոցի կոմբինացիա` այն կապված է աղաթթվի գերարտադրությամբ (հիպերսեկրեցիայով)
  • III տիպ` Ստամոքսի պիլորիկ հատվածում` այն կապված է աղաթթվի հիպերսեկրեցիայով
  • IV տիպ` պրոքսիմալ գաստրոէզոֆագալ խոց(մոտակա ստամոքս-կերակրափողային)
  • V տիպ` կարող է տեղակայված լինել ամբողջ ստամոքսով մեկ, այն կապված է ՈՍՀԲԴ(Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ` Ասպիրին,Դիկլոֆենակ,Իբուպրոֆեն) կիրառմամբ

Նշանները և ախտանիշները[խմբագրել]

  • Ցավ որովայնում՝ ավելի հաճախ էպիգաստրալ (վերորովայնային) շրջանում՝ խոցի հիմնական ախտանիշն է։ Տարբեր տասներկումատնյա աղու խոցի ցավը առաջանում է քաղցած ժամանակ (քազցած ցավ) և թուլանում է սնունդն ընդունելիս, իսկ ստամոքսի խոցի պարագայում՝ ընդհակառակը, ուժեղանում է ուտելուց հետո
  • Այրոց
  • Սրտխառնոց և առատ փսխում` սննդի ընդունումից հետո
  • Ախորժակի անկում և քաշի կորուստ
  • Հեմատեմեզիս(արյունափսխում)` ստամոքսի խոցից ուղղակի արյունահոսություն կամ սուր/շարունակական փսխումների հետևանքով կերակրափողի լորձաթաղանթի վնասումից առաջացած արյունահոսություն
  • Մելենա` սև, ձութանման կղանք` խոցից` ներքին արյունահոսության հետևանքով
  • Հազվադեպ, պերֆորացիա(թափածակում) և պերիտոնիտի(որովայնամզաբորբի)զարգացում`ստամոքսի կամ տասներկումատնյա աղու պատի ավելի խորը շերտերի ախտահարման պարագայում

Պատճառագիտությունը(Էթիոլոգիան)[խմբագրել]

Խոցային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է։ Նրա զարգացման մեջ կարևորվում են մի քանի գործոններ։ Հիմնական պատճառագիտական գործոնը քրոնիկական բորբոքումն է՝ Helicobacter pylori բակտերիայի առկայության պայմաններում։

Ստամոքսի լորձաթաղանթը, իր ֆունկցիոնալ նշանակությունից ելնելով, անընդհատ ենթարկվում է ագրեսիվ, քայքայող ազդեցությունների։ Դրանցից գլխավորը թթվային միջավայրն է (թթվապեպսիկ գործոնը)։ Դա պայմանավորված է հետևյալով. ինչպես գիտենք, ստամոքսում սկսվում է սպիտակուցների մարսողությունը, սննդի մեջ առկա սպիտակուցները ճեղքվում են ստամոքսի լորձաթաղանթի գլխավոր բջիջների կողմից արտադրվող պեպսին ֆերմենտով, որը ակտիվ է թթվային միջավայրում։ Իսկ դրա համար ստամոքսում անհրաժեշտ ժամանակավորապես միջավայրը թթվայնացնել (իջեցնել pH-ը)։ Դա իրականանում է լորձաթաղանթի առպատային բջիջների կողմից արտադրվող աղաթթվով(HCl)։

Ստամոքսի անտրալ հատվածում բարորակ խոց

Աղաթթու մեծ քանակությամբ արտադրվում է սննդի ընդունման ժամանակ։ Նորմալ պայմաններում ստամոքսի լորձաթաղանթը պատված է լորձով, որը խանգարում է աղաթթվի անցումը դեպի էպիթել և վերջինիս վնասումը։ Ստամոքսում, բացի լորձի արտադրությունից, կան նաև այլ պաշտպանական գործոններ` բիկարբոնատների արտադրություն, լորձաթաղանթի բջիջների բարձր վերականգնողական (ռեգեներատիվ) հատկություն, ըստ պահանջի, նորմալ արյունամատակարարում, իմունային պաշտպանություն և այլն: Իսկ աղաթթուն, ստամոքսի մարսողական ֆերմենտները, ստամոքսի շարժողական ակտիվության խանգարումները, պիլորիկ հելիկոբակտեր բակտերիան հանդիսանում են ագրեսիայի գործոններ: Այս 2 խումբ գործոնների միջև հավասարակշռության խախտումն էլ հանդիսանում է խոցածին գործոնների ազդեցության թիրախը: Խոցի առաջացումը կապված է ագրեսիայի գործոնների ակտիվացմամբ կամ պաշտպանության գործոնների թուլացմամբ: Խոցի առաջացման մեջ կարևոր ռիսկի գործոններ են համարվում`

  • Հոգեհուզական սթրեսներ` երկարատև, չհակազդվող
  • Անկանոն և սխալ սնվել
  • Helicobacter pylori բակտերիա

Վերջին տարիներին խոցային հիվանդության պատճառագիտության մեջ շատ մեծ դեր է տրվում հենց այս բակտերիային։ Ստամոքսի խոցերի ժամանակ այն 75% դեպքերում հայտնաբերվում է այնտեղ, իսկ տասներկումատնյա աղու խոցերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է մինչև 99%: H.pylori բակտերիան ոլորուն, միջին չափերի, սպոր և պատիճ չառաջացնող, գրամ բացասական, ուրեազա դրական միկրոօրգանիզմ է: Նրա պտուտակաձև շարժումները պայմանավորված են լոֆոտրիխ դասավորությամբ մտրակներով: Նրա ադհեզիան (կպչումը) ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթի էպիթելին պայմանավորված է բակտերիայի միկրոթավիկներով, իսկ ինվազիան` նրա արտադրած մուցինազա ֆերմենտով։

Ըստ վիճակագրության,մարդկանց ռիսկի խմբերին են պատկանում`

  • Արական սեռին պատկանելը
  • Արյան I(0) խումբը

Գրականություն[խմբագրել]

  • Harrison's Principles of Internal Medicine։ 17th edition։ 2008
  • Pathologic Basis of Disease։Robbins & Cotrans 8th edition։2010 Sounders Elsevier
  • Մասնավոր ախտաֆիզիոլոգիա։ Գ.Նավասարդյան և ուրիշներ։ Երևան 2003։Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ախտաբանական անատոմիա։ Ն.Դ.Վարդազարյան։ Երևան 2002։Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Ախտաբանական անատոմիայի ամբիոն
  • Патофизиология։Том 2։Литвицкий П.Ф.։Москва Геотар-Мед 2003