Ռախիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռախիտ
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
 Rickets Վիքիպահեստում

Ռախիտ (հուն․՝ ῥάχις՝ ողնաշար) հիվանդություն, որը բնութագրվում է երեխաների ոսկրերի փափկեցմամբ և թուլացմամբ[1]։ Ախտանիշները ներառում են ծռված ոտքերը, աճի կանգը, ոսկրային ցավը, մեծ ճակատը և քնկոտությունը[1][2]։ Բարդությունները կարող են ներառել՝ ոսկրերի կոտրվածքներ, մկանային սպազմներ, աննորմալ ծռված ողնաշար կամ մտավոր հետամնացություն

Ռախիտի ամենատարածված պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է[1]։ Դրան կարող է հանգեցնել առանց բավարար վիտամին D-ի սննդակարգը, մուգ մաշկը, չափազանց քիչ արևի ճառագայթները, կրծքով կերակրելն՝ առանց վիտամին D-ի հավելման, ցելիակիան և որոշ գենետիկական հիվանդությունները[1][2] Այլ գործոններ կարող են լինել կալցիումի կամ ֆոսֆորի ոչ բավարար քանակը[3][4] Հիմնական մեխանիզմը ներառում է աճի թիթեղիկի անբավարար կալցիֆիկացումը[5] Ախտորոշումը կատարվում է ռենտգեն հետազոտությամբ և արյան թեստերի հիման վրա, որը բացահայտում է ցածր կալցիումի և ֆոսֆորի մակարդակ, բարձր հիմնային ֆոսֆատազայի ակտիվություն[1]

Կանխարգելումը ներառում է կրծքով կերակրվող երեխաների վիտամին D-ի հավելումների օգտագործումը[4]։ Բուժումը կախված է հիմնական պատճառից[1]։ Եթե պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է, բուժումը սովորաբար վիտամին D-ի և կալցիումի ընդունումն է[1]։ Սա մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ բերում է վիճակի բարելավման[1] Ոսկրային ձևափոխությունները նույնպես կարող են ժամանակի ընթացքում բարելավվել[4] Երբեմն ոսկրային դեֆորմացիաները շտկելու համար վիրահատական միջամտության կարիք է լինում[2] Հիվանդության գենետիկական ձևերը սովորաբար պահանջում են հատուկ բուժում[4]։

Ռախիտը համեմատաբար տարածված է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում[3]։ Հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և Եվրոպայում[2][3]։ Այն սկսվում է մանկական հասակում, սովորաբար 3-ից 18-ամսականում[2][3]։ Հիվանդության տարածվածությունը տղամարդկանց և կանանց մոտ հավասար է[2] Ռախիտի դեպքեր նկարագրվել են դեռ 1-ին դարից[6], հիվանդությունը լայնորեն տարածված էր Հռոմեական կայսրությունում[7] Ռախիտն տարածված հիվանդություն էր 20-րդ դարում[6] Սկզբնական բուժումը ներառում էր ձողաձկան լյարդի յուղի օգտագործումը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտով երեխայի կմախք, 1881։

Հույն բժիշկ Սորանուս Եփեսացին՝ Մեթոդական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, որը սովորել է Ալեքսանդրիայում և հետագայում Հռոմում, դեռևս առաջին ու երկրորդ դարերում նկարագրել է նորածինների ոսկրային դեֆորմացիաների դեպքեր։ Ռախիտը որպես բժշկական պաթոլոգիա չի սահմանվել մինչև 1645 թվականը։ Այդ թվականին միայն անգլիացի բժիշկ Դանիել Ուիստլերը տվեց մեզ հայտնի առաջին նկարագրությունը։ 1650 թվականին Ֆրենսիս Գլիբսոնը հրապարակեց ռախիտի մասին գիտական աշխատություն (բժիշկ Քեյուս քոլեջ, Քեմբրիջ)[8]։ Նա նշեց, որ հիվանդությունն առաջին անգամ հայտնվել է դեռ 30 տարի առաջ Դորսեթի և Սոմերեսթի շրջաններում[9]։ 1857 թվականին Ջոն Սնոուն կարծում էր, որ այդ ժամանակ Բրիտանիայում տարածված ռախիտը, առաջանում է հացթուխների պատճառով, որոնք խարդախություն են անում և հացի հետ շիբ են խառնում[10]։ Գերմանացի մանկաբույժ Կուրտ Հուլդշինսկին 1918-1919 թվականների ձմռանը հաջողությամբ ապացուցեց, որ ռախիտը կարելի է բուժել ուլտրամանուշակագույն լամպերով։ Սննդակարգի դերը ռախիտի առաջացման գործում հաստատել է Էդուարդ Մելանբը[11][12] 1918-1920 թվականներին[13]։ 1923 թվականին, ամերիկացի բժիշկ Հարրի Սթենբուքը ապացուցեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելացնում է սննդում և այլ օրգանական նյութերում վիտամին D-ի պարունակությունը։ Սթենբուքի ճառագայթման տեխնիկան օգտագործվել է սննդամթերքի, ավելի շատ կաթի համար։ 1945 թվականին արդեն ռախիտն արդեն վերացվել էր Միացյալ Նահանգներում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտը ծագել է հունարեն «rachitis» բառից (ῥαχίτης[14], նշանակում է «ողնաշարի մեջ»)։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնացած դաստակ

Ռախիտի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ոսկրերի փափկեցումն ու ոսկրային կոտրվածքների հանդեպ զգայունությունը։ Հատկապես հաճախ են հանդիպում «կանաչ ճյուղի» տիպի կոտրվածքները[15] Նորածինների մոտ կարող են առաջանալ այնպիսի դեֆորմացիաներ, ինչպիսիք են փափուկ, բարակած գանգի ոսկորները՝ վիճակ, որը հայտնի է կրանիոտաբես անվամբ[16][17]. այն ռախիտի առաջին նշանն է։

Երեխաները կարող են ունենալ ծռված ոտքեր, հաստացած ոտնաթաթեր ու դաստակներ[18]։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են ունենալ ծռված ծնկներ[15]։ Կարող են հանդիպել ողնաշարի ծռումներ կիֆոսկոլիոզի կամ լորդոզի տեսքով։ Կարող է հանդիպել նաև կոնքի ոսկրերի դեֆորմացիա։ Վիճակը, որը հայտնի է ռախիտի վարդեր անվամբ կարող է բերել ոսկրաաճառային հոդերի հաստացման, ինչը պայմանավորված է ոսկրաաճառային հոդերում հանգույցների առաջացմամբ։ Սա երևում է որպես տեսանելի ուռածություն յուրաքանչյուր կողոսկրի մեջտեղում, մի գծի վրա՝ մարմնի յուրաքանչյուր կողմում։ Այն փոքր-ինչ նման է վարդերի ծաղկանոցի, որից էլ ստացել է իր անունը։ Հարիսոնի ակոսի առկայության դեպքում կարող է հանդիպել աղավնու կուրծք դեֆորմացիան[15]։

Հիպոկալցիեմիան՝ արյան մեջ կալցիումի ցածր մակարդակը, կարող է հանգեցնել տետանիայի (անկառավարելի մկանային սպազմի)։ Ատամնաբուժական խնդիրներ նույնպես կարող են զարգանալ[15]։

Ռախիտով տառապողի ռենտգենը կամ ռադիոգրաֆիան ունի դասական պատկեր` խոնարհված ոտքեր (ոտքերի երկար ոսկրերի արտաքին կորություն) և դեֆորմացված կրծքավանդակ։ Բնորոշ է նաև քառակուսաձև գանգը, որը հայտնի է որպես «caput quadratum»[19]։ Չբուժելու դեպքում այս դեֆորմացիաները պահպանվում են։ Երկարատև չբուժելը կարող է առաջավնել երկար ոսկրերի թեքումներ ու ձևախախտումներ, ծռված ողնաշար[20]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական օրգանիզմում վիտամին D պակասը կարող է ծնվելուց առաջ առաջացնել ոսկրային հիվանդություն և ոսկրերի որակի վատացման պատճառ՝ ծնունդից հետո[21][22]։ Բնածին ռախիտի առաջնահերթ պատճառը մայրական արյան մեջ վիտամին D-ի անբավարարությունն է[22]։ Վիտամին D-ն ապահովում է ոսկրերի հանքայնացման համար անհրաժեշտ շիճուկի ֆոսֆատի և կալցիումի բավարար մակարդակը[23]։ Բնածին ռախիտի պատճառ կարող են դառնալ նաև մայրական այլ հիվանդություններ, այդ թվում `ծանր օստեոմալացիան, չբուժված ցելիակիան, մալաբսորբցիան, նախաէկլամսիան և վաղաժամ ծննունդը[21]։ Երեխաների ռախիտը նման է տարեցների օստեոպորոզին։ Նախածննդյան խնամքը ներառում է վիտամինի մակարդակի ստուգումն ու բոլոր պակասների լրացումը[24]։

Բացառապես կրծքով կերակրվող նորածինների մոտ ռախիտի կանխարգելման համար կարող են կիրառվել վիտամին D-ի հավելումներ կամ արևի ճառագայթներ[25]։

Արևոտ երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Հարավային Աֆրիկան և Բանգլադեշը, արևի ազդեցությամբ պայմանավորված կա բավարար էնդոգեն վիտամին D։ Այնուամենայնիվ, այս երեխաների շրջանում հիվանդությունը նույնպես հանդիպում է, որը պայմանավորված է սննդով ավելի քիչ կալցիումի ընդունմամբ` հիմնականում հացահատիկի վրա հիմնված սննդակարգի պատճառով[26]։

Ռախիտի զարգացման համար բարձր ռիսկի խումբը ներառում է.

    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնց մայրերը չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնք չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող երեխաներ, որոնք քիչ արևային ճառագայթման տակ են։
    • Պատանիները, հատկապես, հասունացման շրջանում[27]։
    • Ցանկացած երեխա, ում սննդակարգը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամին D կամ կալցիում։

Հիվանդությունները որոնք հանգեցնում են նորածինների ոսկրերի փափկեցման, ինչպիսիք են հիպոֆոսֆատազիան կամ հիպոֆոսֆատեմիան՝ նույնպես կարող են ռախիտի պատճառ դառնալ[28]։  

Ստրոնցիումը կալցիումի նման անցնում է ոսկրերի մեջ։ Չափազանց շատ քանակներով ստրոնցիումն ունի ռախիտոգեն (ռախիտ առաջացնող) ազդեցություն[29]։

Արևի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի լույսը, հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթները, մաշկի բջիջներին թույլ են տալիս փոխակերպել ոչ ակտիվ վիտամին D-ն ակտիվ վիտամին D-ի։ Վիտամին D-ի բացակայության դեպքում, սննդի կալցիումը չի ներծծվում ինչպես հարկն է, հանգեցնելով հիպոկալցեմիայի, որն էլ առաջացնում է կմախքային և ատամնային դեֆորմացիաներ ու նյարդամկանային ախտանշաններ, օրինակ ` գերգրգռականություն։ Վիտամին D պարունակող սննդամթերքներն են կարագը, ձուն, ձկան լյարդի յուղը, մարգարինը, կաթը, շամպինյոնը և շիիտակ սնկերը և այնպիսի յուղոտ ձկներ, ինչպիսիք են թունան, ծովատառեխը և սաղմոնը։ Հանդիպում է նաև հազվագյուտ X-շղթայակցված դոմինանտ ռախիտ, որը կոչվում է վիտամին D-ռեզիստենտ ռախիտ կամ X-շղթայակցված հիպոֆոսֆատեմիա։

Վերջին տարիներին Բրիտանիայում տարբեր սոցիալական ծագմամբ երեխաների մոտ արձանագրվել են ռախիտի դեպքեր[30] մարմնում վիտամին D-ի անբավարարության պատճառով, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն հասնում մաշկին արևից պաշտպանող կրեմների օգտագործման, չափից շատ արևից պաշտպանման կամ արևի տակ դուրս չգալու պատճառով։ Այլ դեպքեր են արձանագրվել այնպիսի էթնիկ խմբերի երեխաների շրջանում, որոնց մայրերը խուսափում են արևի ազդեցությունից կրոնական և մշակութային պատճառներով, ինչը հանգեցնում է մայրական վիտամին D-ի անբավարարության[31][32]։ Հարկ է նշել, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ վիտամին D-ի քանակը պահպանելու համար ավելի շատ արևի ճառագայթների կարիք ունեն։ Ռախիտը Լոնդոնում պատմականորեն խնդիր էր դարձել, հատկապես արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Կայուն խիտ մառախուղը և ծանր արդյունաբերական ծուխը, որը ծածկում էր քաղաքը, արգելափակում էր արևի ճառագայթներն այն աստիճան, որ երեխաների 80 տոկոսը միաժամանակ ունեին տարբեր աստիճանի բարդության ռախիտ։ Գերմանիայում ռախիտը հայտնի է որպես «անգլիական հիվանդություն» (Die englische Krankheit)։

Էվոլյուցիոն նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի բնական ընտրության վարկածները․ Ռախիտը հաճախ վիտամին D3-ի անբավարարության արդյունք է։ Մարդու մաշկի գույնի և աշխարհագրական լայնության կորելացիան համարվում է դրական բնական ընտրության արդյունք։ Հյուսիսային լայնություններում բնական ընտրությունն ավելի բաց մաշկի համար է, որը թույլ է տալիս ՈՒՄ ճառագայթներին արտադրել վիտամին D՝ 7-դեհիդրոխոլեստերոլից։ Հասարակածին մոտ լայնություններն ունեն մուգ մաշկի բնական ընտրություն, որը կարող է արգելափակել ՈւՄ ճառագայթների մեծամասնությունը` պաշտպանելով մաշկը վիտամին D-ի թունավոր քանակից, ինչպես նաև մաշկի քաղցկեղի առաջացումից[33]։

Այս վարկածի օգտին բերում են մի օրինակ, ըստ որի Արկտիկայի բնակիչները, որոնց մաշկն համեմատաբար ավելի մուգ է լայնության համար, օրինակ՝ ինուիտները, ունեն սննդակարգ, որը պատմականորեն հարուստ է վիտամին D-ով։ Քանի որ այս մարդանց սննդակարգը հարուստ է վիտամին D-ով, չկա արևի ճառագայթներից վիտամին D սինթեզելու բնական ընտրության դրական ուժ[34]։

Շրջակա միջավայրի անհամապատասխանություն. Ի վերջո, վիտամին D-ի դեֆիցիտը առաջանում է բնակչության նախորդ էվոլյուցիոն միջավայրի և անհատի ներկա միջավայրի միջև անհամապատասխանությունից։ Անհամապատասխանության այս ռիսկը մեծանում է փոխադրամիջոցների առաջընթացով և բարձր լայնություններում քաղաքային բնակչության քանակի աճով։

Շրջակա միջավայրի անհամապատասխանության նման, երբ մուգ մաշկով մարդիկ ապրում են բարձր լայնություններում, ռախիտը կարող է հայտնվել նաև այնպիսի կրոնական համայնքներում, որոնք պահանջում են գլխարկներով և քողերով երկար հագուստ[35]։ Այս երկար հագուստները ծառայում են արևի ճառագայթների խոչընդոտներ և թույլ չեն տալիս անհատներին արևից ճառագայթներից սինթեզել վիտամին D։

Միթալի և ուրիշների կատարած ուսումնասիրության մեջ[36], վիտամին D-ի անբավարարությունը տարբեր երկրներում չափվել է ցածր 25-հիդրօքսիվիդամին D-ով։ 25 (OH) D-ն վիտամին D-ի անբավարարության ցուցանիշ է, որը կարելի է հեշտությամբ չափել։ Այս տոկոսները պետք է դիտարկել, որպես հարաբերական վիտամին D մակարդակ, և ոչ թե որպես ռախիտի կանխատեսելի զարգացման ապացույց։

Եվրոպայում ապրող ասիացի ներգաղթյալների համար վիտամին D անբավարարության առաջացման ռիսկն ավելի բարձր է։ Վիտամին D-ի անբավարարություն հայտնաբերվել է Նիդերլանդներում ապրող ոչ արևմտյան ներգաղթյալների 40%-ի շրջանում, թուրք ու մարոկկացի ներգաղթյալների ավելի քան 80%-ի շրջանում։

Մերձավոր Արևելքը, չնայած արևի ճառագայթման բարձր ազդեցությանը, ամբողջ աշխարհում ռախիտի ամենաբարձր ցուցանիշներն ունի[37]։ Սա կարելի է բացատրել մշակութային նկատառումներով ավելի քիչ արևի տակ գտնվելով և կերակրող մայրերի համար վիտամին D հավելումների բացակայությամբ։ Իրանում և Սաուդյան Արաբիայում դեռահաս աղջիկների համապատասխանաբար 70% և 80%-ն ունեն վիտամին D-ի անբավարարություն։ Կարևոր են նաև սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք սահմանափակում են վիտամին D-ով հարուստ սննդի օգտագործումը։ ԱՄՆ-ում վիտամին D-ի անբավարարությունը զգալիորեն տարբերվում է տարբեր էթնիկ խմբերի մոտ։ 70 և ավելի բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, շիճուկում ցածր 25 (OH) D-ի տարածվածությունը կազմում է 23%՝ ոչ իսպանախոս սպիտակամորթների, 45% մեքսիկացի ամերիկացիների, և 58%` ոչ իսպանախոս սևամորթ ներկայացուցիչների համար։ Կանանց շրջանում տարածվածությունը կազմել է համապատասխանաբար 28.5%, 55% և 68%։

Կոքրանի գրադարանում հրապարակված համակարգային ուսումնասիրությունը հետազոտել է Թուրքիայի և Չինաստանի մինչև երեք տարեկան երեխաներին ու գտել, որ կա կապ վիտամին D-ի և ռախիտի միջև։ Թուրքիայում այն երեխաների մոտ, ովքեր ստանում են վիտամին D՝ միայն 4% ռախիտի առաջացման հավանականություն կա, համեմատած այն երեխաների, ովքեր բժշկական միջամտություն չեն ստացել։ Չինաստանում վիտամին D-ի, կալցիումի և սննդի համադրությունը նվազեցրել է ռախիտի ռիսկը[38]։

Էվոլյուցիոն տեսանկյունից ելնելով՝ ծնողները կարող են ավելացնել վիտամին D-ի սննդային ընդունումը, եթե զգում են, որ երեխայի մոտ կա վիտամին D անբավարարության զարգացման բարձր ռիսկ[39]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակի ռենտգենային լուսանկարը, որում երևում են ռախիտի փոփոխությունները։
Կրծքավանդակի ռենտգենային լուսանկարը ցույց է տալիս ռախիիտի հետևանքով տեղի ունեցած փոփոխությունները։

Ռախիտը կարող է ախտորոշվել `

  • Արյան թեստերով[40]
    • Շիճուկում կալցիումի և ֆոսֆորի մակարդակները կարող են ցածր լինել, իսկ հիմնային ֆոսֆատազը կարող է բարձր լինել։ Կարող է դիտվել ոսկրերի ձևի և կազմության փոփոխություն։ Սա կարող է արտահայտվել մեծացած վերջույթներով ու հոդերով։
  • Հնարավոր է կատարել ոսկրերի խտության հետազոտություն[40]։
  • Ռադիոգրաֆիան սովորաբար ցույց է տալիս ոսկրերի դեմիներալիզացիայի հետևանքով առաջացած մետաֆիզների երկրորդային կալցիֆիկացիայի զոնաների լայնացումը։ Մետաֆիզների մաշումը սովորաբար ի հայտ է գալիս աճման և շարունակական քաշ հավաքելու շրջանում[41]։ Այս փոփոխությունները հիմնականում դիտվում են արագ աճի հատվածներում, այդ թվում `բազկոսկրի պրոքսիմալ, ճաճանչոսկրի դիստալ, ազդրոսկրի դիստալ, ինչպես նաև ոլոքի պրոքսիմալ ու դիստալ հատվածներում։ Հետևաբար, ռախիտի կմախքային հետազոտությունը կարող է կատարվել ծնկների, դաստակի և սրունք-թաթային հոդի առաջահետին ռադիոգրաֆիայով[41]։

Տեսակները

Դիֆերենցիալ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտով նորածինները հաճախ ունենում են ոսկրերի կոտրվածքներ, ինչը երբեմն հանդիսանում է երեխաների նկատմամբ բռնության կասկածի պատճառ։ Այս խնդիրը կարծես ավելի տարածված է ձմռանը բարեխառն կլիմայական պայմաններում ապրող սևամորթ նորածինների շրջանում, որոնք բացառապես սնվում են մոր կաթով, աղքատ սննդով և վիտամին D-ի հավելումներով[44]։ Սա բացատրվում է նրանով, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ ավելի քիչ վիտամին D են սինթեզում, քան բաց մաշկ ունեցողները, նույնիսկ արևի ճառագայթների ներքո[45]։

Բուժում և կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտի ամենատարածված բուժումը վիտամին D-ի օգտագործումն է[46]։ Այնուամենայնիվ ծանր ոսկրային դեֆորմացիաների պարագայում վիրահատության կարիք է առաջանում[42]։

Սննդակարգ և արևային ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլեկալցիֆերոլ (D3)
Էրգոկալցիֆերոլ (D2)

Բուժումը ներառում է կալցիումի, ֆոսֆատների և վիտամին D-ի ընդունում։ Ուլտրամանուշակագույն B ճառագայթները (առավել ինտենսիվ են, երբ արևը երկնքի ամենաբարձր կետում է), լյարդի յուղը, հալիբութ ձկան լյարդի յուղը և վիստերոլը համարվում են վիտամին D-ի աղբյուր։

Ամեն օր բավականաչափ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելը և սննդակարգում բավարար կալցիումի և ֆոսֆորի քանակները կարող են կանխել ռախիտը։ Մուգ մաշկ ունեցող մարդիկ պետք է ավելի երկար ենթարկվեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։ Հաստատվել է, որ վիտամին D փոխարինող թերապիան ուլտրամանուշակագույն ճառագայթային թերապիայով ու դեղամիջոցներով նույնպես արդյունավետ է ռախիտի դեպքում[47]։

Խորհուրդ է տրվում օրական վիտամին D-ի 400 միջազգային միավոր (IU) նորածինների և երեխաների համար։ Երեխաները, որնք չեն ստանում բավարար քանակով վիտամին D, գտնվում են ռախիտի բարձր ռիսկի խմբում։ Վիտամին D-ն նպաստում է կալցիումի անցմանը դեպի ոսկրեր և ոսկրերի կալցիֆիկացմանը։

Հավելումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը կարելի է նաև լրացնել դիետիկ հավելումների և/կամ արևի ճառագայթների ազդեցության միջոցով։ Վիտամին D3-ը (խոլեկալցիֆերոլ) ավելի նախընտրելի տարբերակ է, քան վիտամին D2-ը, որովհետև այն ավելի հեշտ է ներծծվում։ Շատ դերմատոլոգներ խորհուրդ են տալիս վիտամին D-ի հավելումները որպես ուլտրամանուշակագույն ճառագայթների այլընտրանքային տարբերակ՝ մաշկի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց։ Արևի ճառագայթմամբ մարմնում վիտամին D-ի օրական սինթեզը կազմում է մոտ 250 μg (10,000 IU)[48]։

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի (AAP) կարծիքով, բոլոր նորածինները, այդ թվում`միայն կրծքով կերակրվողները, պետք է ստանան վիտամին D հավելումներ, մինչև օրական սկսեն առնվազն 17 US (500ml) վիտամին D-ով հարուստ կաթ խմել[49]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած երկրներում ռախիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է[50] (1-ը 200,000-ից պակաս)։ Վերջերս ռախիտի դեպքեր հայտնաբերվել են այն երեխաների շրջանում, որոնց սննդակարգը չի ներառում բավականաչափ վիտամին D[51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Rickets». Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն). 2013. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Rickets, Vitamin D Deficiency». NORD (National Organization for Rare Disorders). 2005. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Creo, AL; Thacher, TD; Pettifor, JM; Strand, MA; Fischer, PR (May 2017). «Nutritional rickets around the world: an update». Paediatrics and international child health. 37 (2): 84–98. doi:10.1080/20469047.2016.1248170. PMID 27922335.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Rickets - OrthoInfo - AAOS». September 2010. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Florin, Todd; MD, Stephen Ludwig; Aronson, Paul L.; Werner, Heidi C. (2011). Netter's Pediatrics E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 430. ISBN 1455710644.
  6. 6,0 6,1 6,2 Rajakumar, K (August 2003). «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective». Pediatrics. 112 (2): e132-5. doi:10.1542/peds.112.2.e132. PMID 12897318.
  7. Brown, Mark (2018 թ․ օգոստոսի 19). «Evidence in the bones reveals rickets in Roman times». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  8. Claerr, Jennifer (2008 թ․ փետրվարի 6). «The History of Rickets, Scurvy and Other Nutritional Deficiencies». An Interesting Treatise on Human Stupidity. Yahoo! Voices. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին. «URL references»
  9. Gibbs D (1994). «Rickets and the crippled child: an historical perspective». Journal of the Royal Society of Medicine. 87 (12): 729–32. PMC 1294978. PMID 7503834.
  10. Dunnigan M (2003). «Commentary: John Snow and alum-induced rickets from adulterated London bread: an overlooked contribution to metabolic bone disease». International Journal of Epidemiology. 32 (3): 340–1. doi:10.1093/ije/dyg160. PMID 12777415.
  11. «The role of vitamin D and intestinal phytase in the prevention of rickets in rats on cereal diets». Archives of Biochemistry and Biophysics. 58 (1): 194–204. September 1955. doi:10.1016/0003-9861(55)90106-5. PMID 13259690.
  12. «Biochemical Response of Late Rickets and Osteomalacia to a Chupatty-free Diet». British Medical Journal. 3 (5824): 446–7. 1972. doi:10.1136/bmj.3.5824.446. PMC 1786011. PMID 5069221.
  13. Rajakumar K (2003). «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective» (PDF). Pediatrics. 112 (2): e132–5. doi:10.1542/peds.112.2.e132. PMID 12897318. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  14. Հունարեն բառերի ծագումնաբանություն
  15. 15,0 15,1 15,2 15,3 Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  16. Harvey, Nicholas C.; Holroyd, Christopher; Ntani, Georgia; Javaid, Kassim; Cooper, Philip; Moon, Rebecca; Cole, Zoe; Tinati, Tannaze; Godfrey, Keith (2014). «Vitamin D supplementation in pregnancy: a systematic review». Health Technology Assessment (Winchester, England). 18 (45): 1–190. doi:10.3310/hta18450. ISSN 2046-4924.
  17. Prentice, Ann (July 2013). «Nutritional rickets around the world». The Journal of Steroid Biochemistry and Molecular Biology. 136: 201–206. doi:10.1016/j.jsbmb.2012.11.018. PMID 23220549.
  18. Մայո Կլինիկան - Ռախիտի նշանները եւ ախտանիշները
  19. «caput quadratum». TheFreeDictionary.com.
  20. Pharmacologyonline. «Rickets and its Management: A Review» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  21. 21,0 21,1 Elidrissy AT (2016). «The Return of Congenital Rickets, Are We Missing Occult Cases?». Calcif Tissue Int (Review). 99 (3): 227–36. doi:10.1007/s00223-016-0146-2. PMID 27245342.
  22. 22,0 22,1 «Congenital rickets due to vitamin D deficiency in the mothers». Clin Nutr (Review). 34 (5): 793–8. 2015. doi:10.1016/j.clnu.2014.12.006. PMID 25552383.
  23. «Office of Dietary Supplements - Vitamin D».
  24. «Pregnancy and prenatal vitamins».
  25. «Vitamin D deficiency in exclusively breast-fed infants». The Indian Journal of Medical Research (Review). 127 (3): 250–5. 2008. PMID 18497439.
  26. «Nutritional rickets: deficiency of vitamin D, calcium, or both?». The American Journal of Clinical Nutrition (Review). 80 (6 Suppl): 1725S–9S. 2004. doi:10.1093/ajcn/80.6.1725S. PMID 15585795.
  27. «Vitamin D/dietary calcium deficiency rickets and pseudo-vitamin D deficiency rickets». BoneKEy Reports (Review). 3: 524. 2014. doi:10.1038/bonekey.2014.19. PMC 4015456. PMID 24818008.
  28. «Hypophosphatasia: Signs and Symptoms». Hypophosphatasia.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  29. Pors Nielsen, S. (2004). «The biological role of strontium». Bone. 35 (3): 583–588. doi:10.1016/j.bone.2004.04.026. PMID 15336592.
  30. Daily Telegraph , էջ 4, Չորեքշաբթի 19 Հունվար 2011
  31. Rise in rickets linked to ethnic groups that shun the sun The Independent , հրապարակված 2011-07-25, մուտք գործել 2011-07-251
  32. Doctors fear rickets resurgence BBC, 2007-12-28, հասանելի է 2011-07-25
  33. Loomis, W.G. (August 1967). «Skin-pigment regulation of vitamin-D biosynthesis in man». Science. 157 (3788): 501–6. doi:10.1126/science.157.3788.501. PMID 6028915.
  34. Barr, Sharma; Macdonald H.M., Sheehy T., Novotny R., Corriveau A. (August 2011). «Vitamin D deficiency and disease risk among aboriginal Arctic populations». Nutritional Review. 69 (8): 468–478. doi:10.1111/j.1753-4887.2011.00406.x. PMID 21790613.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. Bachrach, S.; Fisher J., Parks J.S. (1979). «An outbreak of vitamin D deficiency rickets in a susceptible population». Pediatrics Volume. 64 (6): 871–877.
  36. Mithal, A.; Wahl D.A., Bonjour J.P., Burckhardt T., Dawson-Hughes B., Eisman J.A., El-Hajj Fuleihan G., Josse R.G., Lips P., Morales-Torres J. (2009 թ․ հունիսի 19). «Global vitamin D status and determinants of hypovitaminosis D» (PDF). Osteoporosis International. 20 (11): 1807–1820. doi:10.1007/s00198-009-0954-6. PMID 19543765.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  37. ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԸ, Ամփոփագիր, համաճարակաբանություն, օստեոպորոզի ծախսերը և բեռը 2011 թ. Արխիվացված 2017-08-25 Wayback Machine, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամ, www.iofbonehealth.org, ստացված 6 ապրիլի, 2017 թ.
  38. Lerch, C; Meissner, T (2007 թ․ հոկտեմբերի 17). «Interventions for the prevention of nutritional rickets in term born children». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD006164. doi:10.1002/14651858.CD006164.pub2. PMID 17943890.
  39. Weisberg, P.; Scanlon K.S., Ruowei L., Cogswell M.E. (2004). «Nutritional rickets among children in the United States: review of cases reported between 1986 and 2003». The American Journal of Clinical Nutrition. 80 (6): 1697S–1705S. doi:10.1093/ajcn/80.6.1697S. PMID 15585790.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. 40,0 40,1 NHS ընտրություն - Rickets Diagnoses
  41. 41,0 41,1 Cheema, Jugesh I.; Grissom, Leslie E.; Harcke, H. Theodore (2003). «Radiographic Characteristics of Lower-Extremity Bowing in Children». RadioGraphics. 23 (4): 871–880. doi:10.1148/rg.234025149. ISSN 0271-5333.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Ռախիտ. Անցյալի հիվանդություն
  43. Levy-Litan V, Hershkovitz E, Avizov L, Leventhal N, Bercovich D, Chalifa-Caspi V, Manor E, Buriakovsky S, Hadad Y, Goding J, Parvari R. «Autosomal-recessive hypophosphatemic rickets is associated with an inactivation mutation in the ENPP1 gene». Am J Hum Genet. 86: 273–8. doi:10.1016/j.ajhg.2010.01.010. PMC 2820183. PMID 20137772.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  44. Keller, Kathy A.; Barnes, Patrick D. (2008 թ․ սեպտեմբերի 22). «Rickets vs. abuse: a national and international epidemic» (PDF). Pediatric Radiology. 38 (11): 1210–1216. doi:10.1007/s00247-008-1001-z. PMID 18810424. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  45. Live Strong. «CDark Skin Color & Vitamin D». Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  46. Meschino Health. «Complete Guide to Vitamin D». Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  47. Rajakumar, Kumaravel (2003 թ․ օգոստոսի 1). «Vitamin D, Cod-Liver Oil, Sunlight, and Rickets: A Historical Perspective». Pediatrics. 112 (2): e132–e135. doi:10.1542/peds.112.2.e132. PMID 12897318. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  48. Vieth R (May 1999). «Vitamin D supplementation, 25-hydroxyvitamin D concentrations, and safety». The American Journal of Clinical Nutrition. 69 (5): 842–56. doi:10.1093/ajcn/69.5.842. PMID 10232622.
  49. «Prevention of rickets and vitamin D deficiency: new guidelines for vitamin D intake». Pediatrics. 111 (4 Pt 1): 908–10. April 2003. doi:10.1542/peds.111.4.908. PMID 12671133. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  50. Անգլիայի ազգային առողջապահական ծառայությունը> Rickets Վերջին անգամ դիտվել է։ 28 հունվարի, 2010 թ
  51. http://www.stmichaelshospital.com/media/detail.php?source=hospital_news/2014/20141020_hn

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]