Ձեռք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու աջ ձեռքի ափն ու երեսը
Handskelett.png
Tupaia javanica, Homo sapiens

Ձեռք, մարդու վերին վերջույթին նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։ Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից։ Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ ոսկորներից, որոնք միմյանց հետ միացած են միջդաստակային միջոսկրյա շարակցական կցումների և հոդերի միջոցով։ Դաստակը միացած է նախաբազկի հետ ճաճանչ-դաստակային հոդով, իսկ առաջին և երկրորդ շարքը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող ներդաստակային հոդը: Նախադաստակի հենքակմախքը կազմված է կարճ խողովակավոր , բարակ ոսկրերից, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ առաջացնում են դաստակ-նախադաստակային հոդեր։ Մատների հենքակմախքը մատոսկրերը կամ ֆալանգներն են. յուրաքանչյուր մատ ունի երեք ֆալանգ՝ հիմային, միջին և եղնգային, բացի բութ մատից(երկու ֆալանգ՝ հիմային և եղնգային)։ Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 42 մկանների կծկմամբ, որոնց փոքր մասը կազմող կարճ մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացածը դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին։ Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնական, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով։ Ձեռքի կազմավորումը, որպես աշխատանք կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է գլխուղեղի հարաճունզարգացմամբ։