Ցավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխացավ

Ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, տհաճ զգացմունք։

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից ցավը՝ օրգանիզմի պաշտպանողական ռեակցիաներից մեկն է, ցավն ունի «տեղեկատվական» նշանակություն։ Սակայն իր ինֆորմացիոն ֆունկցիան կատարելուց հետո ցավը երբեմն ձուլվում է պաթոլոգիական պրոցեսին, ինչի պատճառով վերջինս ավելի վտանգավոր է դառնում, քան բուն վնասվածքը։

Ցավն ուսումնասիրվում է հոգեբանության, դեղագիտություն և հոգեբուժության կողմից։

Գիտնականները դիտարկել են, որ նախանձի և ցավի զգացմունքներն ակտիվացում են առաջացնում ուղեղի միևնույն շրջանում։

Ֆիզիկական ցավի տեսակները[խմբագրել]

Սուր ցավը պատճառի հետ հեշտությամբ նույնականացվող կարճաժամկետ ցավի առաջացումն է: Այն օրգանիզմին զգուշացնում է տվյալ պահին գոյություն ունեցող վտանգի կամ հիվանդության մասին:

Քրոնիկական ցավը վեց ամիս կամ ավել շարունակվող ցավն է: Հաճախ այն ավելի դժվար է բուժվում կամ վերանում քան սուր ցավը: Հատուկ ուշադրություն են պահանջում այն ցավերը, որոնք դարձել են քրոնիկական: Բացառիկ դեպքերում նեյրովիրաբույժներն անց են կացնում շատ բարդ վիրահատություն, երբ հեռացնում են հիվանդի գլխուղեղի առանձին հատվածներ` քրոնիկական ցավերին դիմակայելու համար: Նման միջամտությունը կարող է ազատել մարդուն ցավի սուբյեկտիվ զգացողությունից, բայց քանի որ ազդակները ցավի օջախից փոխանցվում են նեյրոնների միջոցով` մարմինը շարունակում է հակազդել դրանց:

Մաշկային ցավն առաջանում է մաշկային կամ ենթամաշկային հյուսվածքների վնասումով: Մաշկային նոցիցեպտորները վերջանում են մաշկից քիչ ներքև գտնվող խորության վրա և նյարդային վերջույթների մեծ խտության շնորհիվ ներկայացնում են ճշգրիտ, լոկալ և քիչ տևականությամբ ցավի զգացողություն:

Սոմատիկ կամ մարմնական ցավն առաջանում է հանգույցներում, հոդերում, ջլերում, ոսկորներում, արյունատար անոթներում և նույնիսկ նյարդերում: Այն որոշվում է սոմատիկ նոցիցեպտորներով: Այդ մասերում ցավային ռեցեպտորների անբավարար քանակության պատճառով դրանք բութ, վատ տեղայնացված, մաշկային ցավերից ավելի երկար ցավ են առաջացնում: Այսպիսի ցավ կարող են առաջացնել ոսկորների կոտրվածքները, հոդերը գերձգումով վնասելը:

Ներքին ցավն առաջանում է մարմնի ներքին օրգաններից: Ներքին նոցիցեպտորները դասավորված են ներքին օրգաններում և ներքին խոռոչներում: Այստեղ ցավային ռեցեպտորների ավելի շատ անբավարարությունը բերում է ավելի տնքացող, երկարատև ցավի քան սոմատիկն է:Ներքին ցավերը շատ դժվար է տեղայնացնել: Դրանք երբեմն սխալ օրգանների են վերագրվում, որոնք կապ չունեն վնասված օրգանի հետ: Վառ օրինակ կարող է ծառայել սրտի իշեմիան (արյան պակաս սրտամկանում): Զգացողությունը կարող է լինել թևի հատվածում, ձեռքի ափի մեջ, կրծքավանդակի վերևի մասում և այլն: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ ցավային ռեցեպտորները ներքին օրգաններում գրգռում են նաև ողնուղեղային նեյրոնները, որոնք գրգռվում են մաշկային վնասվածքների ժամանակ: Երբ ուղեղը սկսում է 14զուգորդել մաշկում կամ մկաններում ողնուղեղի նեյրոնների գրգռումը սոմատիկ հյուսվածքների խթանումների հետ, ներքին օրգաններից եկող ցավային ազդակները սկսում են ուղեղի կողմից մեկնաբանվել որպես մաշկային:

Ֆանտոմային ցավն առաջանում է կորցրած վերջույթներում: Տվյալ երևույթը պրակտիկորեն միշտ կապված է լինում անդամահատության և անդամալուծության դեպքերի հետ:

Նևրոպաթիկ ցավը (‹‹նևրալգիա››) կարող է առաջանալ որպես նյարդային հյուսվածքների հիվանդության կամ վնասվածքների արդյունք (ատամի ցավ): Սա կարող է խախտել զգայական նյարդերի կողմից տալամուսին (отдел промежуточного мозга) ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելու ընդունակությունը և ուղեղը սկսում է սխալ մեկնաբանել ցավային խթանները, նույնիսկ եթե բացակայում են ակնհայտ ֆիզիոլոգիական պատճառները:

Պսիխոգեն ցավն ախտորոշում են օրգանական հիվանդության բացակայության կամ էլ այն դեպքում, երբ վերջինս չի կարողանում բացատրել ցավային ախտանիշի բնույթն ու արտահայտվածությունը: Պսիխոգեն ցավը քրոնիկական է և առաջանում է հոգեկան խախտումների` ընկճախտի, տագնապների, իպոխոնդրիաների, հիստերիաների, ֆոբիաների ֆոնի վրա: Հիվանդների մեծ մասի մոտ կարևոր դեր են խաղում հոգեսոցիալական գործոնները` դժգոհություն աշխատանքից, բարոյական կամ նյութական շահ ստանալու ձգտում և այլն: Սերտ կապի մեջ են գտնվում հատկապես քրոնիկական ցավն ու ընկճախտը:

Պաթոլոգիկ ցավը ցավային խթանների խեղաթյուրված ընկալումն է` կենտրոնական նյարդային համակարգի կեղևային և ենթակեղևային հատվածներում խախտումների արդյունքում:

Ի տարբերություն ֆիզիկականի, հոգեկան ցավը կապված չէ օրգանական կամ ֆունկցիոնալ խարգարումների հետ։ Հոգեկան ցավով հաճախ ուղեկցվում է դեպրեսիան։ Հոգեկան ցավի պատճառ կարող են լինել՝ հարազատի կամ ընկերոջ կորուստը, անհաջողությունը, աղքատությունը, միայնությունը, նպատակադրման կամ ցանկության չիրականանալը և այլն։


Հղումներ[խմբագրել]