Սամուրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպառազինված սամուրայ՝ թրով ու դաշույնով: Լուսանկարել է Ֆելիքս Բեատոն 1860-ականների սկզբներին Ճապոնիայում
Հեծյալ սամուարայը ճակամարտում է Ճապոնիա ներխուժած մոնղոլների դեմ, մոտ. 1293 թթ.

Սամուրայ` (ճապ.՝ , բու ́շի ճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է։ Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։

Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»։ Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը։ Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները։

Ամենացածր կաստաների սամուրայները ստանում էին 20-30 կոկու(1 կոկու=250 կիլոգրամ բրինձ), որը հավասար է 1 օբամի` ամենահայտնի մետաղադրամը այդ ժամանակներում։ Նրանք ենթարկվում էին դայմյոններին։ Սամուրայների դասը փակ սոցիալական խումբն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուրայության ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա չինական Թան արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր։ Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով այնու ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց Ճապոնիայի գավառական տոհմերի ռազմական ուժին։

X - XII դարերում` ավատատիրական պատերազմների ընթացքում, վերջնականապես ձևավորվեցին հիմնական ավատատիրական տոհմերը, որոնց տիրույթի տակ էին գտնվում զգալի ռազմական ուժեր. այդ ուժերը ձևականորեն գտնվում էին Ճապոնիայի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին դայմյոները (մեծ իշխանները)։ Նույն ժամանակաշրջանում են առաջացել սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները, որոնք արտացոլվեցին «Աղեղի և նժույգի արահետում» («Կյուբա-նո միտի»), հետագայում դառնալով սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը» (Բուշիդո)։ Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, ով ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին։

Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է Ճապոնիայում Մինամոտո տոհմի իշխանության դարաշրջանին (1192 - 1333 թթ.)։ Դրան նախորդած Թայրա և Մինամոտո իշխանատների միջև ծագած երկարատև և արյունալի Գեմպեյ քաղաքացիական պատերազմը հիմք հանդիսացավ շյոգունատի ստեղծման համար. վերջինս սամուրայական վարչակազմ էր, որը ղեկավարվում էր գերագույն հրամանատարի (շյոգունի) կողմից։

Սամուրայության ոսկե դարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուրայության ոսկե դար է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը։ Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված Ճապոնիայի վրա մոնղոլների հարձակման անհաջող փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով։

Նույն դարաշրջանում ծաղկում են ապրում սամուրայական արվեստները՝ գրականությունը, պատմական վիպասանությունը, երաժշտությունը։ Խոշոր և երկարատև պատերազմների բացակայության պայմաններում, սամուրայներն իրենց ազատ ժամանակը տրամադրում էին բանահյուսությանը, գրելով բազմաթիվ բանաստեղծություններ և փիլիսոփայական աշխատություններ։ Արդյունքում, սամուրայները դարձան ժամանակի ամենազարգացած հասարակական խավը։ Հիշյալ դարաշրջանում է տարածում ստանում հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»։

Թայրա տան հանդեպ կրած հաղթանակից հետո, Մինամոտո-նո Յորիտոմոն ստիպեց կայսրին, որ իրեն շնորհի շյոգունի տիտղոս, իսկ նախկինում աննշան Կամակուրա ձկնորսական ավանը, որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարձրեց իր համար նստավայր։ Այսուհետև, շյոգունը Ճապոնիայում դարձավ ամենաազդեցիկ անձնավորությունը՝ լինելով միաժամանակ առաջին սամուրայը և վարչապետը։ Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսրի ձեռքերում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց շյոգունն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը։ Կայսրը ստիպված էր համաձայնվել շյոգունի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից։

Մինամոտո-նո Յորիտոմոն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ բակուֆու (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»։ Ինչպես և շյոգունը, այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին։ Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բնագավառները։ Ճապոնիայի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին բակուֆուին շյոգունի ղեկավարությամբ։ Այսպիսով, շյոգունը և իր նախարարները լավատեղյակ էին երկրի անցուդարձին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարձություններին։

Արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1547 թվականի դեկտեմբերին ճիզվիտների առաջնորդ Ֆրենսիս Խավիերը Մալայզիայում սպասում էր Գոա (Հնդկաստան) վերադառնալուն, երբ նա հանդիպեց մի ցածր կարգ ունեցող սամուրայի, ում անունը Անջիրո էր։ Անջիրոն խելացի չէր, բայց նա հիացրեց Խավիերին, քանի որ նա մանրամասն գրառումներ էր կատարել նրա՝ եկեղեցում ունեցած ելույթից։ Խավիերը որոշում է մեկնել Ճապոնիա, քանի որ Անջիրոյին հաջողվում է պորտուգալերենով նրան համոզել, որ ճապոնացիները շատ կիրթ և սովորելու ձգտում ունեցող մարդիկ են։ Նրանք քրտնաջան աշխատում են և հարգում են իրենց իշխանություններին։ Իրենց օրենքներն ու ավանդույթները հիմնված էին բանականության վրա, և եթե քրիստոնեական հավատը ապացուցեր դրանց ճշմարտացիությունը, նրանք բոլորը դա կընդունեին[1]։

Մինչև 12-րդ դարը բարձր կարգի սամուրայները վերին աստիճանի գրագետ էին ի շնորհիվ Չինաստանից 7-9-րդ դարերում ընդհանուր կոնֆուցիականության հիմունքների ծանոթացմանը, ինչպես նաև թագավորական արքունիքի հետ ուղղակի կապին, որը մշակույթի և գրականության մենատերն էր գրեթե ողջ Հեիան ժամանակաշրջանում, ինչի արդյունքում էլ ազնվականության պես ավելի հղկված հմտություններ ունեին[2]։

Տաիրա Տադանորիի օրինակը (մի սամուրայ, ով հայտնվում է Հեիկե Մոնոգատարիում) ցույց է տալիս, որ մարտիկները իդեալականացնում էին արվեստները և ձգտում էին ավելի հմտանալ դրանցում։

Տադանորին հայտնի էր իր գրչի և սրի հմտությամբ՝ սովորելու և մարտնչելու հարմոնիա։ Ակնկալվում էր, որ սամուրայները պետք է լինեին հղկված և գրագետ մարտիկներ, ովքեր հետևում էին հին ասույթին՝ "bunbu-ryōdō" (文武両道, գրականագիտական արվեստներ, մարտարվեստներ, երկու ուղղությամբ էլ) կամ «Գրիչը և սուրը հարմոնիայի մեջ»։ Մինչև Էդո ժամանակաշրջանը Ճապոնիայում գրաճանաչության մակարդակը ավելի բարձր էր, քան Կենտրոնական Եվրոպայում[3]։

Այն տղամարդկանց քանակը, որ իրապես հասնում էր իդեալին և դրանով էր ապրում, բավականին մեծ էր։ Մարտիկի նախնական ձևը՝ «uruwashii», գրվում էր կանջիով, որը միավորում էր գրականագիտական ուսումնասիրության ("bun" 文) և մարտարվեստների ("bu" 武) նշանագրերը Հեիկե Մոնոգատարիի գրավածքներում։ Հեիկե Մոնոգատարին հղում է կատարում կրթված պոետ-սուսերամարտիկի՝ Տաիրայի (բայց ոչ Տադանորիի) մահվանը․[4]

Ընկերները և ախոյանները երկուսն էլ արցունքներով թրջում էին իրենց թևերը և ասում․

Ի՜նչ ափսոս․ Տադանորին մեծ զորավար էր,
հռչակավոր թե՛ սրի, թե՛ պոեզիայի արվեստներում։

Իր «Սամուրայների իդեալներ» գրքում թարգմանիչ Ուիլյամ Սքոտ Ուիլսոնը պնդում է․ «Հեիկե Մոնոգատարիում մարտիկները հետագա սերունդների համար կրթված մարտիկների լավագույն օրինակն էին, և նրանց նկարագրած իդեալները անհաս չէին։ Հակառակը՝ բարձր կարգ ունեցող մարտիկները հետևում էին այս իդեալներին։ Հեիկե Մոնոգատարիի շնորհիվ գրականության մեջ ճապոնացի մարտիկների կերպարը հասավ իր ամբողջական հասունությանը»[4]։ Հետագայում Ուիլսոնը թարգմանել է մի շարք մարտիկների գրվածքներ, ովքեր Հեիկե Մոնոգատարին համարել են այն օրինակը, որին տղամարդիկ պետք է հետևեին[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոան Օգաթա՝ սամուրայ, ֆիզիկոս, հայտնի է մի ակադեմիա հիմնադրելու համար, որը հետագայում դարձավ Օսակայի համալսարանը
Յամակավա Կենջիրո, ավագ սամուրայ Աիզու կալվածքներում, ով հետագայում դարձավ հայտնի ֆիզիկոս, համալսարանի ռեկտոր և Բոշինի պատերազմի մասին պատմող մի շարք հայտնի պատմությունների հեղինակ

Հիմնականում սամուրայները, արիստոկրատները և հոգևորականները կանջիի շրջանում գրագիտության բարձ մակարդակ ունեին։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանջիի շրջանում մյուս սոցիալական խմբերում գրագիտության մակարդակը ավելի բարձր էր , քան նախկինում կարծում էին։ Օրինակ, Կամակուրա շրջանում ֆերմերների դատական փաստաթղթերը, ծննդյան և մահվան վկայականները պատրաստված են Կանջիում։ Կամուկարա ժամանակաշրջանի վերջերին բարելավվել էին և՛ կանջիի գրագիտության մակարդակը, և՛ մաթեմատիկական հմտությունները[2]։

Որոշ սամուրայներ ունեին "բուկե բունկո" կամ "մարտիկի գրադարան"` անձնական գրադարան, որը տեքստեր էր պարունակում մարտավարության, ռազմական գիտությունների մասին և այլ փաստաթղթեր, որոնք ֆեոդալական Ճապոնիայի կռիվների այս դարաշրջանում շատ օգտակար էին։ Մի նմանատիպ գրադարան պարունակում էր 20.000 հատոր։ Բարձր դասի սամուրայները ունեին ընտանեկան գրադարաններ, որոնցում պահում էին դասական գրականություն, բուդդիստական սուրբ գրքեր, ընտանեկան պատմություններ, ինչպես նաև ծագումնաբանական արձանագրություններ[6]։

Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար սամուրայներին անվանակոչում էին` միավորելով իր հոր կամ պապի կանջին մի նոր կանջիի հետ։ Հիմնականում սամուրայները օգտագործում էին իրենց ամբողջական անվան մի փոքր մասը։

Օրինակ, Օդա Նոբունագայի ամբողջական անունն էր «Օդա Կազուսանոսուկե Սաբուրս Նոբունագա» (織田上総介三郎信長), որտեղ «Օդա»-ն կլանի կամ ընտանիքի անունն էր` ազգանունը, «Կազուսանոսուկե»-ն Կազուսա շրջանի փոխկառավարչի անունն էր, «Սաբուրո»-ն պաշտոնական մականուն էր, իսկ «Նոբունագա»-ն չափահասին տրվող անուն էր։ Մարդկանց կոչում էին իրենց ազգանունով և կոչմամբ կամ մականունով, եթե կոչում չունեին։ Այնուամենայնիվ, «նանորի»-ն մասնավոր անուն էր, որը կարող էին օգտագործել միայն քչերը՝ ներառյալ կայսրը։

Սամուրայները կարող էին ինքնուրույն ընտրել իրենց նանորին և հաճախ էին փոխում իրենց անունները, որպեսզի ցույց տային իերնց հավատարմությունը։

Սամուրայներին տրված էր երկու սուր կրելու և սամուրայական ազգանուններ տագործելու ւ արտոնո,թյունը որպեսզի տարբերվեին ժողովրդից[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուրայները ունենում էին պլանավորոված ամուսնություններ, որոնք կազմակերպվում էին մոտ կամ միևնույն խավերի միջև։ Բարձր դասի սամուրայների համար սա անհրաժեշտություն էր, քանի որ նրանցից քչերին էր հաջողվում կանանց հետ հանդիպել, իսկ ցածր դասի սամուրայների դեպքում սա ձևական բնույթ ուներ։ Սամուրայները հիմնականում ամուսնանում էին սամուրայական ծագում ունեցող աղջիկների հետ, իսկ ցածր դասի սամուրայներին թույլատրվում էր ամուսնանալ հասարակ (ոչ սամուրայական) ընտանիքի աղջիկների հետ։ Այսպիսի ամուսնություններում կնոջ կողմն էր բերում օժիտը, որը օգտագործում էին զույգի կազմած նոր ընտանիքը կազմավորվելու համար։

Սամուրայները կարող էին ունենալ քաղաքացիական ամուսնություններ և հարճեր, բայց բարձր կարգի սամուրայները ստուգում էին այդ կանանց ծագումը։ Հաճախ հարճ ունենալը չէր տարբերվում ամուսնությունից։ Թեև գրականության մեջ տարածված է հարճերի առևանգումը, իրականում դա ամոթալի էր, երբեմն էլ՝ հանցավոր։ Եթե հարճը կամ ապօրինի կինը հասարակ ծագում ուներ, սուրհանդակի հետ մի երկտող և նշանդրեքի գումար էին ուղարկում աղջկա ծնողներին նրանց հավանությանը արժանանալու համար։ Թեև կինը օրինական կարգավիճակ չուներ, շատ ունևոր վաճառականներ կարծում էին՝ իրենց դստեր համար սամուրայի հարճի կարգավիճակը շատ ավելի բարձր է, քան հասարակ գյուղացու օրինական կնոջինը։ Երբ վաճառականի դուստրը ամուսնանում էր սամուրայի հետ, աղջկա ընտանիքը վճարում էր սամուրայի պարտքերը, և սամուրայի սոցիալական կարգավիճակը բարձրանում էր` համաձայն աղջկա ընտանիքի կարգավիճակի։ Երբ սամուրայը և իր ապօրինի կինը որդի են ունենում, որդին կարող էր ժառանգել հոր սոցիալական կարգավիճակը։

Սամուրայները կարող էին բաժանվել իրենց կնոջից մի շարք տարբեր պատճառներով, իհարկե, ավելի բարձր կարգ ունեցող սամուրայների համաձայնության դեպքում։ Սամուրայների շրջանում ամուսնալուծությունները շատ հազվադեպ էին տեղի ունենում։ Ամուսնալուծության պատճառներից ամենաընդունելին կնոջ` արու զավակ չպարգևելն էր, բայց արու ժառանգի որդեգրումը ամուսնալուծության ընդունելի այլընտրանք էր համարվում։ Սամուրայը կարող էր բաժանվել կնոջից՝ անձնական պատճառներից ելնելով, օրինակ, եթե նա պարզապես չէր հավանում իր կնոջը, բայց այս պատճառաբանությունից հիմնականում խուսափում էին, քանի որ դա ամաչեցնում էր այն մադում, ով կազմակերպել էր ամուսնությունը։ Կինը նույնպես կարող էր ամուսնալուծվելու ցանկություն հայտնել, բայց այդ դեպքում, հիմնականում, դիտարկում էին, որ սամուրայն է բաժանվում կնոջից, և ոչ թե հակառակը։ Ամուսնալուծությունից հետո սամուրայը պետք է վերադարձներ օժիտի գումարը, ինչն էլ հաճախ խոչընդոտում էր ամուսնալուծությունները։

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնացի կինը պատրաստվում է ջիգայի մահացած ամուսնուն հետևելու համար
Կասուգա նո Ցուբոնեն կռվում է գողերի հետ- Ադաչի Գին

Սամուրայի կնոջ հիմնական պարտականությունը տնային տնտեսությունը կազմակերպելն էր։ Սա հատկապես կարևորվում էր ֆեոդալական Ճապոնիայում, երբ մարտիկ ամուսինները հաճախ էին արտասահմանում ճամփորդում կամ ներքաշված էի կլանային կռիվներում։ ԿԻնը՝ okugatasama (մեկը, ով տանն է մնում), մնում էր տնային աշխատանքները համակարգելու և երեխաներին դաստիարակելու համար և երբեմն ուժով պաշտպանում էին իրենց տունը։ Այս պատճառով շատ սամուրայների կանայք սովորում էին դանակի կամ այլ զենքի կիրառությունը։ Ճապոնիայում կային կանայք, ովքեր ակտիվորեն ներքաշված էին կռիվներում․ նրանք կռվում էին տղամարդկանց կողքին, չնայած այս կանանց մեծամասնությունը պաշտոնապես սամուրայ չէր համարվում։

Սամուրայ կանանց ամենաարժեքավոր հատկանիշներն էին համեստությունը, հնազանդությունը, ինքնատիրապետումը, ուժը և հավատարմությունը։ Տեսականորեն սամուրայ կինը հմուտ էր մի շարք գործերում` տնային տնտեսություն, հաշիվներ պահել, ֆինանսական միջոցները բաշխել, երեխաներին կրթել և տարեցներին հոգ տանել։ Համարում էին, որ չափազանց շատ սերը փչացնում է երեխաների, հետևաբար կինը նաև պետք է լինել կարգապահ և չափավոր[8]։

Թեև ավելի հարուստ սամուրայ-ընտանիքների կանայք վայելում էին իրենց հասարակական բարձր դիրքը (օրինակ խուսափում էին դժվար աշխատանքից), նրանց համարում էին տղամարդկանցից շատ ավելի ցածր։ Կանայք դեռ իրավունք չունեին ներգրավված լինել որևէ քաղաքական գործունեության մեջ և սովորաբար իրենց ընտանիքի գլուխը չէին։

Հանգակու Գոզեն, նկարիչ՝ Յոշիտոշի 1885

Սա չի նշանակում, որ սամուրայների դասում կանայք անուժ էին կամ չունեին իշխանություն։ Հզոր կանայք տարբեր առիթներով բանեցնում էին իրենց իշխանությունը։

Հոր մահից հետո Թաչիբանա Գինչիյոն ընտրվեց իրենց կլանի առաջնորդ։ Չիյոն` Յամաուչի Կազուտոյոյի կինը, երկար ժամանակ համարվել է սամուրայ կնոջ իդեալական կերպար։ Ըստ ավանդության` նա իր կիմոնոն պատրաստել էլ հին շորերի և հավաքած մետաղադրամների կարկատաններից, որպեսզի իր ամուսնու համար մի հրաշալի ձի գներ, որը նա հետագայում հեծնել է մի շարք հաղթանակներում։ Իր ֆինանսական միջոցների բաշխման համար այսքան բարձր հարգանք վայելող Չիյոյի օրինակը հատկապես մեկնաբանվում էր, քանի որ նա այդպես էլ ժառանգ չծնեց, և Յամաուչի կլանի շարունակողը Կազուտոյոյի կրտսեր եղբայրը։ Սամուրայների կանանց իշխանությունը գալիս էր ֆինանսական միջոցների կառավարման արտոնությունից։

Տոկուգավա շրջանի զարգացմանը զուգահեռ կանանց կրթությունը ավելի մեծ արժեք դարձավ։ Ընտանիքներում և բարձր հասարակությունում մարդիկ իրենց դուստրերին դեռ վաղ տարիքից կրթության էին տալիս։ Ֆիզիկական գրավչությունից զատ ամուսնության համար հարմար հարսնացուն պետք է ունենար կրթություն և լիներ խելացի։ Թեև այս շրջանում կանանց համար գրված տեքստերի մեծամասնությունը նրանց սովորեցնում էր լինել հաջողակ կին և տնային տնտեսուհի, կային նաև կրթական, փիլիսոփայական և գեղարվեստական գրքեր։ Տոկուգավա շրջանի ավարտին սամուրայների դասի գրեթե բոլոր կանայք արդեն գրաճանաչ էին և կիրթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coleridge, p. 100
  2. 2,0 2,1 Matsura, Yoshinori Fukuiken-shi 2 (Tokyo: Sanshusha, 1921)
  3. Philip J. Adler; Randall L. Pouwels (2007). World Civilizations: Since 1500. Cengage Learning. էջեր 369–. ISBN 978-0-495-50262-3.
  4. 4,0 4,1 Wilson, p. 26
  5. Wilson
  6. Murray, S. (2009). The library : an illustrated history. New York, NY : Skyhorse Pub. ; Chicago : ALA Editions, 2009. pg.113
  7. Wert, Michael (2019). Samurai: A Concise History. New York: Oxford University Press. էջ 38. ISBN 0190932945.
  8. Turnbull, Stephen (2012 թ․ հունվարի 20). Samurai Women 1184–1877 (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 9781780963334.