Ջեյմս Կուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Կուկ
James Cook
Captainjamescookportrait.jpg
(ծովագնաց)
Ծնվել է հոկտեմբերի 27, 1728
Ծննդավայր Մարտոն
(Անգլիայի Յորքշիրի կոմսություն)
Մահացել է փետրվարի 14, 1779
Մահվան վայր Հավայի
Ջեյմս Կուկի գծած Նյուֆաունդլենդի ծովային քարտեզը, 1775թ.

Ջեյմս Կուկ (անգլերեն՝ James Cook, ծնվ. 1728, հոկտեմբերի 27, Մարտոն, Անգլիայի Յորքշիրի կոմսություն, մահ. 1779, փետրվարի 14, Հավայի), անգլիացի խոշորագույն ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար։ Նրա անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։

Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունն սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգեր աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։ Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752 դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։ Յոթնամյա պատերազմի ընթացքում 1756 - 1762 նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ 1768 Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար։ 1772 թվականին նա նշանակվել է «Ֆրենդշիփ» նավի նավապետի օգնական։

Գլխավորել է համաշխարհային օվկիանոսի հետազոտման 3 արշավախումբ, որոնց ընթացքում կատարել է աշխարհագրական հայտնագործություններ։ Առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ 1768 - 1771, նա հետազոտել է Նոր Զելանդիան, նավարկել է Հյուսիսային և Հարավային կղզիների շուրջը, ապացուցել, որ դրանք առանձին կղզիներ են, գծել է դրանց ճշգրիտ քարտեզը, ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը՝ դրանք հայտարարելով անգլիական տիրապետության տարածքներ՝ Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք։

Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ՝ 1772 - 1775 թթ., Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան կղզիներ), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին։ Այդ ընթացքում նա թափանցել է նաև հարավային բևեռային շրջանը՝ հասելով մինչև հարավային լայնության 71 աստիճան 10՝ , սակայն Հարավային ցամաքը գտնել չի հաջողվել։

Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1776 - 1779) ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները (Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը, Բերինգի նեղուցը, Չուկոտյան ծովը), ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին. այստեղ էլ սպանվել է բնիկների կողմից։

Նրա կազմած քարտեզները անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Կուկը հայտնի էր բնիկների նկատմամբ համբերատարությամբ և մեղմ վերաբերմունքով, հեղաշրջում է կատարել ծովագնացության մեջ՝ հաջողությամբ պայքարելով ցինգա հիվանդության դեմ, բացառելով մահացության դեպքերը։ Նրա նավակություններին մասնակցել են այնպիսի նշանավոր ծովագնացներ, ինչպիսիք են՝ Ջորջ Դիքսոնը, Ջոզեֆ Բանկսը, Ջորջ Վանկուվերը, Վիլյամ Բլեյը, Յոհան Ռեյնհոլդը։ Կուկն ամուսնացել է 1762 թվականին, ունենցել է 6 երեխա։

Նա շատ ժամանակ էր հատկացնոմ ընթերցանությանը, աշխատանքից ազատ ժամանակը նվիրում էր աշխարհագրության, մաթեմատիկայի, աստղագիտության, ծովագնացության ուսումնասիրմանը։ 1757 թվականին Կուկը նշանակվել է «Փեմբրոուք» նավի նավապետ։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեկում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու։ Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ, Կուկն հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով անգլիացիների կողմից Քվեբեկի գրավմանը։ 1768 թվականին Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ Ջեյմս Կուկը, «Ինդեվըր» նավով, գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումբը, որի նպատակն էր ուսումնասիրելու Վեներայի անցումն Արեգակի դեմով, ինչպես նաև՝ կատարելու աշխարհագրական ուսումնասիրություններ Խաղաղ օվկիանոսում։ Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը, ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ թե Հարավային Մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս։ Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառցով։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]