Լեբրոն Ջեյմս
| Լեբրոն Ջեյմս | |
| Ակումբ | Մայամի Հիթ |
|---|---|
| Դիրքը | Պաշտպան, հարձակվող |
| Համար | № 6 |
| Ի ծնե տրված անունը | Լեբռոն Ռայմոն Ջեյմս |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1984 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 203 սմ |
| Քաշ | 113 կգ |
| Դպրոց | Սենթ Վինսենթ - Սենթ Մերի |
| Դրաֆթի տարի | 2003 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին |
| Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս |
| Կարիերայի պատմություն | |
| Մեդալներ | Օլիմպիական խաղեր ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն |
Լեբրոն Ռայմոն Ջեյմս (անգլ.՝ LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ.` Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում` որպես թեթև հարձակվող: Կրելով «Ջեյմս արքա» ("King James") մականունը` Լեբրոն Ջեյմսը Օհայոյի քոլեջի տարիներին հաղթել է «Միստր բասկետբոլ» տիտղոսը, իսկ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում հանդես գալու ժամանակ նրան մամուլում արդեն ներկայացնում էին որպես «NBA-ի ապագա գերաստղ»: Առաջնություն Ջեյմը մուտք է գործում 2003 թվականի NBA դրաֆթով: Նրան ընտրում է «Կլիվլենդ Կավալիերսը»` #1 ընտրության իրավունքով: NBA-ի բասկետբոլիստ դառնալուց ի վեր Ջեյմսն իր հաշվին ունի մի շարք ռեկորդներ, ինչպես նաև պարգևներ, ինչպիսիք են`
- 2003–04 խաղաշրջանի տարվա նորեկ
- 2008–09 և 2009–10 խաղաշրջանի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP)
- All-NBA խորհրդանշական հավաքականի և բոլոր աստղերի խաղի մասնակից` 2005թ.-ից
2010 թվականին Ջեյմսն հեռանում է «Կավալիերսից» և պայմանագիր կնքում «Մայամի Հիթի» հետ` միանալով թիմի առաջատարներ և նույն թվականին դրաֆթացված Դուեյն Ուեյդին և Քրիս Բոշին` ձևավորելով «Հիթի» աստղային եռյակը: 23 ամիս անց` 2012 թվականին, «Հիթը» դառնում է NBA-ի չեմպիոն, իսկ Ջեյմսին է շնորհվում գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը:
Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 2004թ.-ի Աթենքի (բրոնզե մեդալ), 2008թ.-ի Պեկինի (ոսկե մեդալ) և 2012թ.-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Ջեյմսը մտնում է աշխարհի ամենահարուստ մարզիկների հնգյակի մեջ:
Բովանդակություն |
Վաղ կյանքը և պատանեկությունը [խմբագրել]
Ջեյմսը ծնվել է 1984թ.-ի դեկտեմբերի 30-ին` Ակրոնում (Օհայո նահանգ): Մայրը` Գլորիա Մարի Ջեյմսը ծննդաբերելիս եղել է ընդամենը 16 տարեկան, իսկ կենսաբանական հայրը` Էնթընի Մաքլելընդ անունով, եղել է նախկինում ազատազրկման ենթարկված մի անձնավորություն, ով լքում է կնոջը` երեխայի հոգսը ամբողջովին թողնելով վերջինիս ուսերին:[1][2]
Կյանքի վաղ տարիները խոստումնալից չէին թվում ոչ Լեբրոնի, ոչ էլ Գլորիայի համար: Նրանք բավականին հաճախ էին փոխում բնակության վայրը` մինչև որ մայրն ի վիճակի լինում հիմնական աշխատանք ձեռք բերել: Ջեյմս ընտանեկան անհաջողությունների պատճառով դպրոցում բավականին փակ երեխա էր և դժվարությամբ էր ընկերանում համադասարանցիների հետ:
Ջեյմսը սպորտով, մասնավորապես` բասկետբոլով և ամերիկյան ֆուտբոլով զբաղվելով ցանկանում էր ցրել վրդովմունքները: Սկսելով առավել խորը զբաղվել ֆուտբոլով` Ջեյմսի մարզիչ Ֆրենկի Ուոքերը Գլորիայի հետ համաձայնության է գալիս, որ որդին ապրի Ուոքերների ընտանիքի հետ` այդպիսով վերջ դնելով Լեբրոնի անընդհատ տեղափոխություններին և դպրոցից բացակայություններին: Ուոքերի այս քայլը մեծ հրաշքներ պիտի գործեր պատանի Ջեյմսի համար, ով կրկին սկսում է կանոնավոր դպրոց այցելել: Մարզչի ընտանիքում 18 ամիս ապրելուց հետո մայրը որդուն ետ է բերում իր մոտ, սակայն որոշ ժամանակ անց կանխագուշակելով մոտակա ֆինանսական խնդիրների առաջացումը` որդուն կրկին ետ է բերում մարզիչ Ուոքերի մոտ: Ուքերների հետ ապրելու ժամանակ Լեբրոնը ձեռք է բերում մի շարք ընկերներ դպորոցում, սակայն առավել մտերմանում է համադասարանցիներ Դրու Ջոյս III-ի, Սայեն Քոթոնի և Վիլլի Մակգիի հետ: Դառնալով անբաժան ընկերներ` նրանք մասնակցում են բասկետբոլի դպրոցական առաջնությանը` 1999թ.-ին հաղթելով առաջնության գավաթը:[3] Խումբը, սակայն, հարուցում է տեղացիների վրդովմունքը, երբ որպես ավագ դպրոց ընտրում է ոչ թե տեղի հանրային դպրոցը, այլ տեղափոխվում Սենթ Վինսենթ-Սենթ Մերի, որտեղ աշակերտները մեծամասամբ սպիտակամորթ էին: Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի երկրորդ տարում տղաների բասկետբոլային կազմը համալրում է նորեկ Ռոմեո Թրևիսը (այժմ հանդես է գալիս եվրոպական ակումբներում) [4] Տղաների ամուր ընկերությունը հետագայում ծառայում է որպես «Ավելին քան պարզապես խաղ» (More Than a Game) վավերագրական ֆիլմի ստեղծման առարկա:[5]
Ավագ դպրոցի կարիերան [խմբագրել]
Ջեյմսն հաճախել է Ակրոնի Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցը, որտեղ խաղում է և՛ բասկետբոլ և՛ ամերիկյան ֆուտբոլ: Խաղալով որպես լայն ընդունիչ (հարձակվողական դիրք ամերիկյան ֆուտբոլում), Ջեյմսն արժանանում է հանրության ուշադրությանը, երբ իր թիմի կազմում արժանանում է մի շարք ճանաչողական մրցանակների, ինչպես նաև թիմն առաջնորդում դեպի տարածքային առաջնության կիսաեզրափակիչ: Որպես ֆուտբոլիստ հանդես գալու 4-րդ տարին դառնում է ճակատագրական Լեբրոնի համար, երբ վերջինս զուգահեռ մասնակցելով բասկետբոլային խաղերին` կոտրում է ձեռքի դաստակը[6] և ստիպված հրաժարվում ամերիկյան ֆուտբոլով զբաղվելը շարունակելուց: Ըստ մի շարք սպորտային վերլուծաբանների` եթե Լեբրոնը շարունակեր ամերիկյան ֆուտբոլով զբաղվելը, ապա միանշանակ կդառնար NFL-ի ֆուտբոլիստ:[7]
Ջեյմսը հենց առաջին օրվանից եղել է Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի բասկետբոլային թիմի մեկնարկային խաղացողը: Իններորդ դասարանում նրա միջին ցուցանիշներն էին 21 միավոր և 6,2 անդրադարձ, որը նրան օգնում է ի վերջո թիմին պարգևել Օհայոյի ավագ դպրոցների ազգային ասոցիացայի (Ohio High School Athletic Association, կրճատ` OHSAA) 3-րդ դիվիզիոնի տիտղոսը: Հաջորդ տարի Լեբրոնը բարելավում է միջին ցուցանիշները. 25,2 միավոր և 7,2 անդրադարձ, ինչպես նաև 5,8 արդյունավետ փոխանցում և 3,8 գնդակի խլում: Թիմն ամփոփում է մրցաշրջանը 26–1 ցուցանիշով և կրկին դառնում դիվիզիոնի չեմպիոն: Իր ակնառու խաղի համար Ջեյմսին շնորհվում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» տիտղոսը, ինչպես նաև All-USA առաջին թիմ ճանաչողական մրցանակը:
Հաջորդ տարին Ջեյմսի համար էլ ավելի հաջող է անցնում` նրա ճանաչումը դարձնելով համազգային: Մրցաշրջանի մեկնարկից առաջ հայտնվում է «Սլեմ» ամսագրի շապիկին, իսկ գրող, հրապարակախոս Ռայան Ջոնսը Ջեյմսին անվանում է «Ներկա պահին ԱՄՆ-ի լավագույն ավագ դպրոցի բասկետբոլիստ» ("the best high school basketball player in America right now"): Այս անգամ միջինը բերելով 29 միավոր, 8,3 անդրադարձ, 5,7 արդյունավետ փոխանցում և 3,3 խլում` Ջեյմսը կրկին հռչակվում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» և կրկին արժանանում All-USA առաջին թիմ մրցանակին: Ջեյմսը նվաճում է նաև 2001–2002 խաղաշրջանի «Գեյթորեյդի տարվա բասկետբոլիստ» տիտղոսը: Դժբախտաբար, Սենթ Վինսենթ-Սենթ Մերիի թիմը չի կարողանում ևս մի տարի պաշտպանել նահանգային տիտղոսը և պարտվում է Ջոջեր Բեյքոնի ավագ դպրոցի սաներին: Պարտությունիս հետո Լեբրոնը լուրջ մտադրություններ ուներ մուտք գործել 2002 թվականի NBA դրաֆթ` անտեսելով NBA-ի դրաֆթում մասնակցելու իրավասության կանոններից մեկը, որը ենթադրում է, որ մուտք գործող բասկետբոլիստները պետք է առնվազն ավարտած լինեն ավագ դպրոցը: Խնդրագրի մերժումը ավելի է մեծացնում Ջեյմսի էքսպոզիցիան:
Մինչ դպրոցական վերջին տարվա մեկնարկը` Լեբրոնն արդեն հայտնվել էր «ESPN ամսագրի» և «Sports Illustrated»-ի շապիկներին: Լեբրոնի հուժկու խաղաոճը ստիպում է ավագ դպրոցին տան հանդիպումները անցկացնել ավելի մեծ` «Ջեյմս Ա. Ռոուդզի արենայում»: Խաղերը երբեմն դիտելու էր գալիս մեծն Շաքիլ Օ'Նիլը, իսկ որոշ հանդիպումներ էլ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ` ESPN2 հեռուստաալիքով: Այս խաղաշրջանում Ջեյմսի ցուցանիշներն էին արդեն 31,6 միավոր, 9,6 անդրադարձ, 4,6 արդյունավետ փոխանցում և 3,4 խլում: Արդեն երրորդ տարին անընդմեջ Ջեյմս արժանանում է «Օհայոյի Միստր Բասկետբոլ» և All-USA առաջին թիմ տիտղոսներին: Նույն տարի Ջեյմսը մասնակցում է ավագ դպրոցների բասկետբոլիստների շրջանակներում անցկացվող երեք բոլոր-աստղային խաղի` EA Sports Roundball Classic, Jordan Capital Classic և McDonald's All-American Game, ինչով նա կորցնում էր NCAA-ում հանդես գալու իրավունքը և միանգամից պաշտոնապես դառնում 2003թ.-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) դրաֆթի օրինական թեկնածու: Ջեյմսը վերջապես ավարտում է ավագ դպրոցը` ընդհանուր առմամբ իր հաշվին գրանցելով 2 657 միավոր, 892 անդրադարձ և 523 փոխանցում:
Չնայած մեծաթիվ հաղթանակներին` Լեբրոնի ավարտական տարին լի էր հուզումներով և լարվածությամբ. իր 18-ամյակի կապակցությամբ Լեբրոնը մորից «Համմեր Հաշ 2» մակնիշի մեքենա է նվեր ստանում: Մայրը բանկից մեքենայի համար վարկ վերցնելիս որպես ապահովագրություն առաջ էր քաշել որդու` ապագայում որպես պրոֆեսիոնալ մարզիկի` գումար աշխատելու կարողությունը:[8] Այս երևույթը OHSAA-ի կողմից աժանանում է լուրջ հետաքննության, քանի որ ըստ կառույցի կանոնակարգի` նրանում հանդես եկող սիրողական մարզիկը իր սպորտային ցուցաբերումների համար իրավունք չունի 100 դոլարից ավել արժեք ունեցող պարգև ընդունել: Բացի այդ Ջեյմսը քաղաքային հագուստի խանութից նվեր է ստանում երկու բասկետբոլային մարզաշապիկ, յուրաքանչյուրը` $845` խանութի համար գովազդային պաստառում նկարահանվելու դիմաց, ինչը արդեն OHSAA-ի կանոնների պաշտոնական խախտում էր: Լեբրոնը զրկվում է դպրոցական մրցումներում մասնակցելու իրավունքից, ինչը, սակայն, հետագայում կրճատվում է մինչև երկու հանդիպման, որից հետո նա կրկին վերադառնում է:[9]
NBA-ի կարիերան [խմբագրել]
Կլիվլենդ Կավալիերս (2003–2010) [խմբագրել]
Վերջապես Ջեյմսը մուտք է գործում ասոցիացիա` 2003 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ` «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից: Որպես արդեն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ` իր մեկնարկային խաղում Ջեյմսն իր հաշվին գրանցում է 25 միավոր, 9 փոխանցում, 6 անդրադարձ և 4 խլում` ընդհանուր ունենալով 60% նետման արդյունավետություն:[10] Ջեյմսը պետք է մասնակցեր 2004թ.-ի «Սլեմ դանկ մրցույթին», սակայն ծնկի վնասվածքի պատճառով փոխարինվում է:[11] Մրցաշրջանի մայրամուտին «Նյու Ջերսի Նեթսի» դեմ խաղում` Ջեյմսը գրանցում է խաղաշրջանի բարձրագույն 41 միավոր: Կանոնավոր առաջնության ավարտին Ջեյմսին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը` ունենալով 20,9 միավոր, 5,9 փոխանցում և 5,5 անդրադարձ միջին ցուցանիշները: Չնայած այդ ժամանակ 19-ամյա Ջեյմսի մեծաթիվ ջանքերին` նրա թիմն այնուամենայնիվ չի կարողանում մուտք գործել փլեյոֆ` ընդ որում լինելով շատ մոտ որակավորվելուն:
2004-05 մրցաշրջանում Կավալիերսն անհամեմատ առավել հաջող է խաղում քան նախորդ տարի. Ջեյմսն իր որակյալ խաղի համար ստանձնում է ակումբի առաջնորդի պաշտոնը: Հունվարի 29-ին Ջեյմսը արձանագրում է իր առաջին թրիփլ դաբլը: Այս մրցաշրջանում Լեբրոնն առաջին անգամ ճանաչվում է աստղ և մասնակցում ամենամյա «NBA-ի բոլոր աստղերի խաղին»: Մարտի 20-ին կայացած «Կլիվլենդ» - «Տորոնտո» հանդիպման ժամանակ, Ջեյմսը վաստակում է կարիերայի բարձրագույն 56 միավոր: Սեզոնն ամփոփելով և 27,2 միավոր 7,2 փոխանցում, 7,4 անդրադարձ և 2,2 խլում տվյալներով` Լեբրոնի թիմը, չնայած մրցաշրջանի սկզբում խոստումնալից մեկնարկին, կրկին չի կարողանում դուրս գալ փլեյոֆ` ունենալով 42–40 ցուցանիշը:[12]
2006թ.-ի բոլոր աստղերի խաղում Ջեյմսն առաջին անգամ արժանանում է «հանդիպման ամենաարդյունավետ խաղացողի» (MVP) տիտղոսին` դառնալով այդ մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ տիտղոսակիրը (21 տարեկան, 51 օրեկան): 2005-06 խաղաշրջանն ավարտելով 31,4 միավոր, 7,0 անդրադարձ և 6,6 փոխանցում տվյալներով` Ջեյմսն առաջադրվում է մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին, սակայն այն տրվում է կանադացի խաղարկող Սթիվ Նեշին:
Ջեյմսի առաջնորդությամբ «Կլիվլենդը» վերջապես կարողանում է դուրս գալ փլեյոֆ, մի բան, որը թիմին չէր հաջողվել իրագործել 1998թ.-ից ի վեր: Արևելյան կոնֆերենցիայի փլեյոֆի առաջին ռաունդում «Կավալիերսի» հակառակորդն էր Վաշինգթոն Վիզարդսը, որի հետ անցկացնելով 6 հանդիպում «Կավալիերսը» կարողանում է հաղթահարել առաջին ռաունդի պատնեշը և ընթանալ դեպի կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ (2-րդ ռաունդ), որտեղ թիմի հակառակորդն էր նախորդ տարվա կոնֆերենցիայի չեմպիոն «Դետրոյթ Փիստոնսը»: Կավալիերսը տանուլ է տալիս սերիան Փիստոնսին և դուրս մնում հետագա մրցապայքարից:
Մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմսը նոր պայմանագիր է կնքում «Կլիվլենդի» հետ` 3 տարվա 60 միլիոն դոլար արժողությամբ (ինչպես նաև խաղացողի հայեցողությամբ` 4 տարվա):
2006–07 խաղաշրջանում Ջեյմսի վիճակագրական ցուցանիշներն էին 27,3 միավոր, 6,7 անդրադարձ, 6,0 փոխանցում և 1,6 խլում: Այդ տարի ակումբին կրկին հաջողվում է թափանցել փլեյոֆ` կանոնավոր առաջնությունում անցկացրած 82 խաղերից 50-ում տարած հաղթանակների շնորհիվ:[13] Փլեյոֆի առաջին ռաունդում «Կլիվլենդի» մրցակիցը կրկին «Վիզարդսն» էր, որը կրկին դուրս է մնում մրցակցությունից այս անգամ արդեն 0-4 հաշվով: Երկրորդ ռաունդում Կավալիերսը մրցապայքարից դուրս է թողնում «Նյու Ջերսի Նեթսին» և առաջ ընթանում դեպի կոնֆերենցիայի եզրափակիչ (3-րդ ռաունդ), որտեղ բախվում է «Դետրոյթ Փիստոնսի» հետ, որի հարկի տակ անցակացարած առաջին երկու հանդիպումներում կրած պարտություններից հետո հետ է մնում մրցակցից 0–2 հաշվով, սակայն արդեն Կլիվլենդում թիմը կարողանում է հավաքվել և հաշվի տարբերությունը հասցնում է զրոյականի` 2-2: 5-րդ խաղում Ջեյմսը ցուցաբերում է փլեյոֆների պատմության մեծագույն խաղերից մեկը: Խաղի վերջին 2 վայրկյանում, երբ Կլիվլենդը հետ էր հաշվի մեջ, Ջեյմսը լեյափ-նետումով կարողանում է իր թիմի համար անչափ անհրաժեշտ հաղթանակ կորզել: «Կլիվլենդը» վերջապես դուրս է գալիս NBA-ի գերեզրափակիչ ընդհարվելով Թիմ Դանքանի, Թոնի Պարկերի և Մանու Ջինոբիլիի գլխավորած «Սան Անտոնիո Սփըրսին»: Սերիան, սակայն, «Կավալիերսի» համար այդքան էլ հաջող չի անցնում և թիմը անցկացվող 4 հանդիպումներում պարտվում է, և այդ տարի արդեն 4-րդ անգամ NBA-ի չեմպիոն է դառնում «Սան Անտոնիոն»: Շատ քննադատներ այս ձախողումը կապում էին այն փաստի հետ, որ թիմում չկար Ջեյմսի մակարդակի ևս մի բասկետբոլիստ, ով կկարողանար արդյունավետ կերպով օգտակար լինել նրան:
Հաջորդ` 2007-08 մրցաշրջանում` 4-րդ անգամ հանդես գալով բոլոր աստղերի խաղում Ջեյմսը 2-րդ անգամ ճանաչվում է «հանդիպման ամենաարժեքավոր խաղացող» (MVP): Այս անգամ 45–37 ընդհանուր ցուցանիշով «Կլիվլենդը» դուրս է գալիս փլեյոֆ և երրորդ հաջորդական անգամ ընդհարովում «Վաշինգթոն Վիզարդսի» հետ և կրկին դուրս մղում վերջինիս հետագա մրցապայքարից: Սերիայի նախօրեին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ «Վաշինգթոնի» պաշտպան Դեշոն Սթիվենսոնը Լեբրոնին անվանում է «չափից դուրս շատ գնահատված», ինչին Ջեյմսը նախընտրում է չարձագանքել նշելով, թե «սա նույնը կլիներ, ինչ որ Ջեյ Զիի մակարդակի ռեփերը բանի տեղ դներ Սոլջա Բոյի կողմից արված բացասական դիտողություններին»: Ջեյ Զիի հետ լինելով մտերիմ ընկերներ` Ջեյմսն հետո ավելացնում է, որ ոչ մի անձնական վիրավորանք չի ցանկանում պատճառել Սոլջա Բոյին, ով սկսնակ ռեփեր էր: Տեղափոխվելով հաջորդ ռաունդ` 7-խաղյա լարված մրցապայքարում «Կլիվլենդը» ի վերջո դիրքերը զիջում է «Բոստոն Սելտիքսին»: Վերջինս նույն տարի դառնում է NBA-ի չեմպիոն:
2008–09 մրցաշրջանի փլեյոֆում Ջեյմսի թիմը առաջին ռաունդում հաղթում է «Դետրոյթ Փիստոնսին», 2-րդում` «Ատլանտա Հոքսին», սակայն կոնֆերենցիայի եզրափակչում տանուլ է տալիս սերիան` դիրքերը զիջելով Դուայթ Հովարդի «Օռլանդո Մեջիքին»:
2009–10 մեկնարկին Կավալիերսը փոխանակում է Շաքիլ Օ'Նիլին և ձեռք բերում նախկինում աստղ ճանաչված Անտուան Ջեյմիսոնին: Մրցաշրջանի ավարտին Ջեյմսը երկրորդ անգամ արժանանում է «կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի» կոչմանը: Փլեյոֆի առաջին ռաունդում «Կլիվլենդը» հաղթում է «Չիկագո Բուլսին», սակայն երկրորդ ռաունդում պարտություններ կրում «Բոստոն Սելտիքսի» կաղմից: Ջեյմսն ընկնում է քննադատական քարկոծումների մեջ` վատ խաղի համար, մասնավորապես 5-րդ խաղում, որտեղ նա ընդամենը 20 % նետման արդյունավետությամբ հանդիպումն ավարտում է իր հաշվին ունենալով ընդամենը 15 միավոր:[14] Այդ խաղի ավարտից հետո Լեբրոնը դուրս է գալիս խաղահրապարակից` տնային հարկի երկրպագուների բացասական սուլոցների և «բու»-երի ներքո: Հաջորդ 6-րդ խաղում կրկին պարտություն կրելով` «Կլիվլենդը» կրկին դուրս է մնում փլեյոֆից: Սակայն այդ խաղը այնքանով էր նշանակալի լինելու Ջեյմսի կյանքում, որ լինելու էր նրա անցկացրած վերջին հանդիպումը որպես «Կավալիեր»:
Ազատ գործակալ [խմբագրել]
2010թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ջեյմսն արդեն համարվում էր ազատ գործակալ, քանի որ լրացել էր նրա պայմանագիրը «Կավալիերսի» հետ: Ջեյմսի ծառայությունների համար հետաքրքրություններ են ցուցաբերում «Չիկագո Բուլսը», «Լոս Անջելես Կլիպերսը», «Մայամի Հիթը», «Նյու Յորք Նիքսը», «Նյու Ջերսի Նեթսը» և, իհարկե, նախկին ակումբ «Կլիվլենդ Կավալիերսը»:[15] Հուլիս 8-ին` ESPN հեռուստաալիքի կազմակերպած The Decision (թարգ.` որոշում) կոչվող հաղորդումով Ջեյմսը պաշտոնապես հայտնում է, որ պայմանագիր կստորագրի «Մայամի Հիթի» հետ: Մի քանի օր մինչև Լեբրոնի պաշտոնական ելույթը, ազատ գործակալներ դարձած և նույն թվականին դրաֆտացված բասկետբոլիստներ Քրիս Բոշը և Դուեյն Ուեյդը նույնպես ցանկություն են հայտնում միանալ «Մայամի Հիթին» (Ուեյդը երկարաձգում է պայմանագիրը թիմի հետ): Այս երեք ասղային բասկետբոլիստները ձևավորում են Մայամի Հիթի պինդ կորիզը: Ջեյմսն իրեն երջանիկ է զգում նոր ակումբում, քանի որ ըստ նրա` ընկերները կթեթևացնեին իր բեռը հարձակման մեջ: Լեբրոնը գտնում է, որ այս կերպ նրա` NBA-յան ոսկի շահելու հավանականությունն ավելի մեծ կլինի, քան եթե նա մնար Կլիվլենդում:[16][17]
Ջեյմսի որոշումն այդքան էլ դրական արձագանքներ չի ունենում Կլիվլենդում: Ակումբի նախագահ Դեն Գիլբերտը, Ջեյմսի որոշման մասին տեղեկանալուց հետո, բաց նամակ է գրում կլիվլենդցի երկրպագուներին, որում սառը կերպով վիրավորում է Ջեյմսին: Որոշ երկրպագուներ այնքան էին տաքացել, որ համացանցում տեղադրում էին հոլովակներ, որեղ նրանք խմբակային այրում էին Ջեյմսի կլիվլենդյան մարզաշապիկը:[18] NBA-ի նախկին բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը և Մեջիք Ջոնսոնը նույնպես չեն ողջունում Ջեյմսի որոշումը` պնդելով, որ նա պիտի մնար նախկին ակումբում և այնտեղ տղամարդավարի պայքարեր NBA-ի գավաթի համար:[19][20][21]
Ինչևէ Ջեյմսն իր որոշումը համարում է արդարացված` չնայած ավելացնում է, որ եթե ինքի մոլի երկրպագու լիներ, և նրա սիրած մարզիկը լքեր թիմը, ապա նա էլ կդժգոհեր:
Մայամի Հիթ (2010–այժմ) [խմբագրել]
2010-ի հուլիսի 9-ին Ջեյմսն արդեն պաշտոնապես համարվում էր «Մայամի Հիթի» մարզիկ: Չնայած պայմանագիրը ենթադրում էր կոլեկտիվ բանացկություններ` գումարի հարցերով, սակայն Ջեյմսը` ի շահ իր նոր ակումբի, որոշում է համեմատաբար քիչ գումար վերցնել` որպեսզի հնարավոր լինի պայմանագիր կնքել Քրիս Բոշի հետ: Այդ երեկոյան Մայամիի American Airlines Arena մարզպալատում կազմակերպվում է թիմի նոր «մեծ եռյակի» ողջունման արարողությունը, որն ուղեկցվում է ռոք համերգով: Միջոցառման ժամանակ Ջեյմսը նշում է, որ առջևում դեռ շատ հաղթանակներ ու գավաթներ է տեսնում: Մայամիի սահմաններից դուրս, սակայն, արարողությունը բացասական գնահատանքների է արժանանում:
2010-11 խաղաշրջանի ընթացքում Ջեյմսը փորձում էր իրեն ներկայացնել չարագործի կերպարում: Նա նշում էր, որ իրեն շրջապատող բացասական վերաբերմունքից ազդված, այսուհետ խաղալու է մի այլ մակարդակի բասկետբոլ` ավելի ագրեսիվ և անկառավարելի:
Դեկտեմբերի 2-ին Ջեյմսը վերադառնում է Կլիվլենդ, սակայն արդեն որպես հակառակորդ թիմի անդամ: Խաղն ավարտվում է «Մայամիի» հաղթանակով, ինչի մեջ առյուծի բաժինը հենց Ջեյմսինն էր, ով, սակայն, ամեն անգամ գնդակին դիպչելիս դահլիճից ահռելի բացասական սուլոցներ էր ստանում:
Ջեյմսն ամփոփեց կանոնավոր առաջնությունը 26,7 միավոր/խաղ արդյունքով: Փլեյոֆի առաջին ռաունդում Մայամին հեշտությամբ հաղթում է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսին», երկրորդում` 5-խաղյա մրցապայքարում դուրս է մղում «Բոստոն Սելտիքսի»ն և անցնում կոնֆերենցիայի եզրափակիչ` ընդհարվելով 2011.-ի MVP ճանաչված Դերիք Ռոուզի «Չիկագո Բուլսին», որին նույնպես 5-խաղյա մրցապայքարում դուրս է մղում մրցակցությունից և տեղափոխվում NBA-ի գերեզրափակիչ, որտեղ հակառակորդը «Դալաս Մավերիքսն» էր` Դըրք Նովիցկու և Ջեյսոն Քիդի գլխավորությամբ: Սակայն այս անգամ բախտը «հիթին» չի ժպտում, և ակումբը 6-խաղյա մրցապայքարում պարտվում է «Մավերիքսին», և վերջինս դառնում է 2011թ.-ի NBA-ի չեմպիոն:
Մինչ 2011–12 մրցաշրջանի մեկնարկը Ջեյմսը սկսում է մարզվել NBA-ի լեգենդ Հակիմ Օլաջուվոնի հետ, ով օգնում է կատարելագործել նրա խաղային ունակությունները: Մրցաշրջանը սակայն նախատեսվածից ուշ է սկսվում` տխրահռչակ լոկաուտի պատճառով, որն իրենից ներկայացնում էր բասկետբոլիստների այսպես կոչված «գործադուլ»: Խաղերի մեկնարկը դրվեց ոչ թե հոկտեմբեր ամսին, ինչպես արվում է սովորաբար, այլ դեկտեմբերին: Ինչևէ կանոնավոր առաջնությունն ավարտելով նախորդներից ոչ պակաս տպավորիչ ցուցանիշներով (27,1 միավոր, 7,9 անդրադարձ, 6,2 փոխանցում, և 1,9 խլում` 53 % նետման արդյունավետությամբ)` Ջեյմսը մուտք է գործում փլեյոֆ: Առաջին ռաունդում Մայամին առանց շատ ջանալու ճանապարհից մաքրում է «Նյու Յորք Նիքսին», իսկ երկրորդ ռաունդում մի քանի խաղ Ինդիանա Փեյսերսի հետ անցկացնելով զիջում է 2-1 հաշվով, սակայն կարողանում է վերականգնել տարբերությունները և ընդհուպ դուրս մղել Փեյսերսին փլեյոֆից: Կոնֆերենցիայի եզրափակչում Մայամիի հակառակորդն էր «Բոստոն Սելտիքսը», որի հետ մրցապայքարը բավականին լարված է ընթանում, սակայն 7-խաղյա երկար պայքարում ի վերջ հաղթում է Լեբրոնի ակումբը` դուրս գալով NBA-ի գերեզրափակիչ և ուժերը չափելով «Օկլահոմա սիթի Թանդերի» հետ: «Օկլահոմայի» կազմում էին հանդես գալիս այնպիսի երիտասարդ աստղեր, ինչպիսիք են Քևին Դյուրանտը, Ռասել Վեստբրուկը և Ջեյմս Հարդենը: Առաջին խաղի առաջին խաղակեսում Մայամի հաշվի մեջ առաջ էր 13 միավորով, սակայն Օկլահոմայի բասկետբոլիստներին հաջողվում է ոչ միայն կրճատել այլ նաև հաշվի մեջ առաջ անցնել և հաղթել խաղը: Երկրորդ խաղում «Հիթը» կարողանում է հաղթող դուրս գալ` սերիան հավասերեցնելով 1-1-ի: Հաջորդ երկու հանդիպումները, համաձայն կանոնակարգի, անցկացվում են Մայամիում: Երրորդ խաղում Մայամին նույնպես հաղթանակ է տանում` սերիան դարձնելով 2–1: Չորրորդ խաղն առանձակի հիշարժան է դառնում Ջեյմսի համար, ով ոտքի վնասվածք է ստանում այն պահին, երբ խաղավարտին մնացել էր հինգ րոպե, սակայն 2 րոպե անց, չապաքինված վիճակում նորից մտնում է խաղի մեջ և իրացնում թիմի համար չափազանց կարևոր 3-միավորանոց նետում: Խաղն ավարտվում է Մայամիի հաղթանակով: Հինգերորդ խաղում նույնպես հաղթանակ տանելով «Մայամի Հիթը» դառնում է 2012 թվականի NBA-ի չեմպիոն, իսկ ինքը` Ջեյմսը ստանում է գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը:[22]
2012–13 մրցաշրջանում Ջեյմսը վաստակեց իր կարիերայի 20 000-րդ միավորը` դառնալով պատմության ամենաերիտասարդ մարզիկը` 20 000-ի շեմը հատելու կատեգորիայում (28 տարեկան, 17 օրական):[23] Մրցաշրջանում «Մայամի Հիթն» ունեցավ 27 հաղթանակների շարան, որի ընթացքում Ջեյմսը խաղում էր բացառիկ արդյունավետությամբ:[24] Փլեյոֆի առաջին ռաունդում «Մայամին» 4-0 առավելությամբ պայքարից դուրս մղեց «Միլոուքիին»:
Կարիերան հավաքականի կազմում [խմբագրել]
Ջեյմսը Միացյալ Նահանգների հավաքականում առաջին անգամ հանդես է գալիս 2004թ.-ին` Աթենքի ամառային օլիմպիական խաղերում, որտեղ Միացյալ Նահանգները զարմանալիորեն գրավում է 3-րդ տեղը` հաղթելով բրոնզե մեդալ:
Հաջորդ անգամ Ջեյմսը հավաքականի կազմում մասնակցում է ՖԻԲԱ-ի 2006թ.-ի աշխարհի առաջնության խաղերին, որտեղ նա հանդիսանում էր թիմի ավագներից մեկը: Այս անգամ հավաքականը կրկին անհաջող է հանդես գալիս և տուն վերադառնում բրոնզե մեդալով: Պեկին 2008-ի մասնակցության որակավորում ստանալու համար ԱՄՆ-ի հավաքականը ստիպված է լինում մասնակցելու 2007թ.-ի ամերիկյան առաջնությունում, որտեղ էլ գրավում է առաջին տեղը` պաշտոնապես դառնալով Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից երկիր: Առաջնության ժամանակ հատկապես ուշագրավ էր Արգենտինայի հետ հանդիպումը, որի ժամանակ Ջեյմսը 31 միավոր է գրանցում իր հաշվին: Պեկինի օլիմպիական խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում Միացյալ Նահանգները 118–107 հաշվով պարտության է մատնում Իսպանիային և վերջապես տիրում օլիմպիական ոսկու` մի բան, որը թիմին չէր հաջողվել Սիդնեյի օլիմպիական խաղերից ի վեր (2000թ.):[25]
Ջեյմսը չի մասնակցում 2010թ.-ի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը` առաջ բերելով իր բարդ գրաֆիկը ամառվա ընթացքում, սակայն նրան ընտրում են ներկայացնելու Միացյալ Նահանգները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում (2012), որտեղ դրիմ թիմը կրկին գրավում է առաջին տեղը` եզրափակչում 107-100 հաշվով հաղթելով Իսպանիային, իսկ Ռուսաստանի հավաքականը` Անդրեյ Կիրիլենկոյի գլխավորությամբ նվաճում է բրոնզե մեդալ: Փաստացիորեն Լեբրոն Ջեյմսը, Մայքլ Ջորդանը և Սկոտի Պիպենը միակ բասկետբոլիստներն են NBA-ի պատմության մեջ, ովքեր նույն տարվա մեջ հաղթել են NBA-ի գավաթը և դարձել օլիմպիական ոսկե մեդալակիր:[26]
Բասկետբոլից դուրս [խմբագրել]
Անձնական կյանքը [խմբագրել]
Ջեյմսը նշանված է ավագ դպրոցի զուգընկերուհի Սավաննա Բրինսոնի հետ և ունի երկու որդի` Լեբրոն Ջեյմս կրտսեր (ծնվ.` հոկտեմբերի 6, 2004թ.) և Բրայս Մաքսիմուս Ջեյմս (ծնվ.` հունիսի 14, 2007թ.): Երիտասարդ ընտանիքը ներկա պահին բնակվում է Մայամիի արվարձաններից մեկում` Կոկոնատ Գրոուվում, որտեղ Ջեյմսը գնել էր երեք հարկանի առանձնատուն` 9 միլիոն դոլար արժողությամբ:
Աշխատավարձն ըստ մրցաշրջանի [խմբագրել]
| Խաղաշրջանը | Ակումբը | Աշխատավարձը |
|---|---|---|
| 2003–04 | Կլիվլենդ | $4,018,920 |
| 2004–05 | Կլիվլենդ | $4,320,360 |
| 2005–06 | Կլիվլենդ | $4,621,800 |
| 2006–07 | Կլիվլենդ | $5,828,090 |
| 2007–08 | Կլիվլենդ | $13,041,250 |
| 2008–09 | Կլիվլենդ | $14,410,581 |
| 2009–10 | Կլիվլենդ | $15,779,912 |
| 2010–11 | Մայամի | $14,500,000 |
| 2011–12 | Մայամի | $16,022,500 |
| 2012–13 | Մայամի | $17,545,000 |
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Լեբռոն Ջեյմսի կենսագրությունը»։ jockbio.com։ http://www.jockbio.com/Bios/James/James_bio.html։ Վերցված է Մայիսի 23, 2010թ.։
- ↑ Ֆրենդ, Թոմ (Դեկտեմբերի 10, 2002թ.)։ «Հաջորդը` Լեբրոն Ջեյմս»։ ESPN ամսագիր։ http://espn.go.com/magazine/vol5no26next.html։ Վերցված է Հուլիսի 7, 2010թ.։
- ↑ Քովերթ, Քոլին։ «ֆիլմի վերլուծություն` «Ավելին քան պարզապես խաղ» վավ. ֆիլմի եղբայրների նվագախումբը»։ Ստարտրիբուն։ http://www.startribune.com/entertainment/movies/64387712.html?elr=KArksD:aDyaEP:kD:aUnc5PDiUiD3aPc:_Yyc:aULPQL7PQLanchO7DiUr։ Վերցված է 1 հուլիսի, 2012թ.։
- ↑ «Լեբրոն Ջեյմս, ՍՎՍՄ-ի բասկետբոլիստների փառք սրահ»։ Cleveland.com։ http://highschoolsports.cleveland.com/news/article/-1627030445399566344/lebron-james-svsm-teammates-to-enter-schools-hall-of-fame-high-school-newswatch/։ Վերցված է 1 հուլիսի, 2012թ.։
- ↑ ««Ավելին քան պարզապես խաղ» - պաշտոնական կայք»։ http://www.morethanagamemovie.com/։ http://www.morethanagamemovie.com/։ Վերցված է 1 հուլիսի 2012թ.։
- ↑ Աբրամս, Ջոնաթան։ «Լեբրոն Ջեյմս` երկու սպորտ, մեկ գերաստղ»։ «Նյու Յորք Թայմս»։ http://www.nytimes.com/2009/05/03/sports/basketball/03james.html?pagewanted=all։ Վերցված է Մայիսի 27, 2012թ.։
- ↑ Գրեհեմ, Թիմ (Մայիսի 31, 2009թ.)։ «LBJ և NFL` Իրականության վրա հիմնված ֆանտազիա»։ Հոդված և տեսանյութ։ ESPN։ http://sports.espn.go.com/nfl/news/story?id=4194437։ Վերցված է Օգոստոսի 9, 2009թ.։
- ↑ «Կաղապար:Citation error»։ ESPN։ Հունվարի 27, 2003թ.title=Աստղային բասկետբոլիստի մարզումները կարող են շարունակվել թիմից դուրս։ http://static.espn.go.com/nba/news/2003/0127/1499490.html։ Վերցված է Մարտի 8, 2009թ.։
- ↑ «Ջեյմսը կորցնում է ավագ դպրոցների մրցումներում մասնակցելու իրավունքից»։ ESPN։ Հունվարի 31, 2003թ.։ http://static.espn.go.com/nba/news/2003/0131/1502001.html։ Վերցված է Մարտի 8, 2009թ.։
- ↑ «Ջեյմսի վրա դրված ակնկալիքներն ավելի քան արդարացված»։ ESPN։ http://espn.go.com/nba/recap?id=231029023։ Վերցված է Մայիսի 30, 2012թ.։
- ↑ «Լեբրոնը չի մասնակցի Սլեմ դանկ մրցույթին – Բոլոր աստղերի ուիքենդ - Էն Բի Սի Սպորտս»։ Nbcsports.msnbc.com։ Հունվարի 29, 2004թ.։ http://nbcsports.msnbc.com/id/4080275։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2010թ.։
- ↑ Բասկետբոլ-ռեֆերենս 2004–05 Կլիվլենդ Կավալիերս. Ապրիլի 29, 2007թ.
- ↑ Բասկետբոլ-ռեֆերենս, 2006–07 «Կլիվլենդ Կավալիերս»: Ապրիլի 29, 2007թ..
- ↑ Moore, Matt։ «NBA-ի փլեյոֆ «Սելտիքս» - «Կավս», 5-րդ հանդիպում. Բոստոնը պարզապես դոմինանտ ուժ է մանրահատակի վրա»։ Էն Բի Սի սպորտս։ http://probasketballtalk.nbcsports.com/2010/05/11/nba-playoffs-celtics-cavs-game-5-celtics-dominate-as-lebron-james-fails-in-the-big-time/։ Վերցված է Հուլիսի 3, 2012թ.։
- ↑ «Լեբրոնը հայտարարեց, որ կմիանա «Մայամի Հիթին»»։ Msn.foxsports.com։ Օգոստոսի 9, 2010թ.։ http://msn.foxsports.com/nba/story/lebron-james-says-he-will-join-miami-heat-070810։ Վերցված է Հոկտեմբերի 30, 2010թ.։
- ↑ Թոմսեն, Յան (Հուլիսի 19, 2010թ.). «Ներկայացումն սկսված է ...». Սպորտս Իլուստրեյթիդ. http://sportsillustrated.cnn.com/vault/article/magazine/MAG1172070/2/index.htm։ Վերցված է Հունվարի 23, 2011թ..
- ↑ Թոմսեն, Յան։ «Ներկայացումն սկսված է ...(էջ 3)»։ «Սպորտս Իլուստրեյթիդ»։ http://sportsillustrated.cnn.com/vault/article/magazine/MAG1172070/3/index.htm։ Վերցված է Հուլիսի 1, 2012թ.։
- ↑ «Կլիվլենդի վերջնական պատասխանը Լեբրոն Ջեյմսին». «Նեյշընալ փոստ» (Կանադա). Նոյեմբերի 9, 2010թ.. արխիվացված Նոյեմբերի 9, 2010թ.-ին։ Կաղապար:Citation error. http://www.webcitation.org/5u6VTATTe.
- ↑ Ջոնաթան Աբրամս; Քեթրին Շիփ (Հուլիսի 10, 2010թ.). «Ջեյմսի` Մայամի ժամանելուն պես քննադատության ալիքը չի իջնում». «Նյու Յորք Թայմզ». արխիվացված Նոյեմբերի 9, 2010թ.-ին։ Կաղապար:Citation error. http://www.webcitation.org/5u6WE9tSM։ Վերցված է Նոյեմբերի 9, 2010թ..
- ↑ «Ջորդան, Մեջիք և Բըրդ»։ ESPN։ Հուլսիս 19, 2010թ.։ http://sports.espn.go.com/nba/news/story?id=5391478։ Վերցված է Հուլիսի 19, 2010թ.։
- ↑ Ռոթբարդ, Բարի (Հուլիսի 20, 2010թ.). «Մեջիք Ջոնսոնն ասում է, որ իր ակտիվ տարիներին երբեք չէր միանա Լարի Բըրդին». «Բլումբերգ». արխիվացված Նոյեմբերի 9, 2010թ.-ին։ Կաղապար:Citation error. http://www.webcitation.org/5u6UVAdjv։ Վերցված է Նոյեմբերի 9, 2010թ.. "Դեռ համալսարանային տարիներից ես փորձում էի Լարի Բըրդին հաղթելու ստրատեգիաներ մշակել"
- ↑ Ուոշբուրն, Գարի։ «MVP-ի մաքուր ընտրություն»։ Բոստոն գլոբ։ http://www.boston.com/sports/basketball/articles/2012/06/22/lebron_james_win_nba_finals_mvp/։ Վերցված է Հունիսի 22, 2012թ.։
- ↑ «Լեբրոն Ջեյմսը գրանցում է կարիերայի 20000-րդ միավորը»։ ESPN։ http://espn.go.com/nba/story/_/id/8852134/lebron-james-miami-heat-becomes-youngest-20000-points։ Վերցված է Փետրվարի 17, 2013։
- ↑ ««Բուլսը» հյուրանկալում է «Հիթին»»։ NBA.com։ Մարտի 27, 2013։ http://www.nba.com/games/20130327/MIACHI/gameinfo.html։
- ↑ «Դրիմ թիմը ջախջախում է Իսպանիային և տիրում օլիմպիական ոսկուն»։ Օլիմպիկ 2012։ http://www.olympic2012.org/2012/06/16/team-usa-beats-spain-for-mens-basketball-gold-2/։ Վերցված է Հուլիսի 4, 2012թ.։
- ↑ Սմիթ, Սեկու (Օգոստոսի 12, 2012թ.)։ «Դրիմ թիմը հաղթում է Իսպանիային և նվաճում 2-րդ անընդմեջ օլիմպիական ոսկե մեդալը»։ NBA.com։ NBA.com։ http://hangtime.blogs.nba.com/2012/08/12/u-s-surges-past-spain-late-claims-second-straight-olympic-gold-medal/։ Վերցված է Օգոստոսի 13, 2012թ.։
|
||||||||
|
|||||