Մալթայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալթան(չաշխատող հղում) հարուստ է մեգալիթյան հուշարձաններով, տես՝ Մալթայի Մեգալիթյան տաճարները և Խալ-Սաֆլիենի։

Մալթայի պատմությունը շատ հին է՝ այն բնակեցված է եղել մ․թ․ա․ մոտ 5900 թվականից։ Առաջին բնակիչները եղել են ֆերմերներ, գյուղատնտեսական աշխատանքների վարման եղանակները վատթարացրել են հողի վիճակը՝ բերելով նրան, որ կղզիները դարձել են անմարդաբնակ։ Մ․թ․ա․ 3850 թվականին կղզիները կրկին վերաբնակեցվել են՝ այստեղ ձևավորելով քաղաքակրթություններ, որոնք իրենց զարգացման գագաթնակետին կառուցել են մեգալիթյան տաճարներ, և այսօր դրանք համարվում են աշխարհում պահպանված հնագույններից։ Այդ քաղաքակրթությունը վերացել է մ․թ․ա․ մոտ 2350 թվականին, որից քիչ հետո կղզիները բնակեցվում են բրոնզե դարի ռազմիկներով։

Մալթայի պախապատմական շրջանն ավարտվում է մ․թ․ա․ մոտ 700 թվականին, երբ կղզիները գաղութացվում են փյունիկեցիների կողմից։ Նրանք կառավարում են կղզիները՝ մինչև մ․թ․ա․ 218 թվականը՝ Հռոմեական հանրապետության կողմից դրանց նվաճմանը։ VI դարում հռոմեացիներին հաջորդում են բյուզանդացիները, որոնք Աղլաբիդների կողմից վռնդվել են 870 թվականի պաշարումից հետո։ Մալթան, հավանաբար, դարեր շարունակ շատ նոսր է բնակեցված եղել, մինև XI դարում արաբներով բնակեցումը։ 1091 թվականին կղզիները նվաճվում են Սիցիլիայի Նորմանդական թագավորության կողմից, և սկսվում է կղզիների աստիճանաբար քրիստոնեացումը։ Այդ շրջանում կղզիներում հաջորդաբար գերակայում էին ավատատիրական կառավարիչները, այդ թվում՝ շվաբները, արագոնցիները, և վերջապես նաև իսպանացիները։

1530 թվականին կղզիները փոխանցվում են Սուրբ Հովհաննու Միաբանությանը, որը կառավարում էր կղզին որպես Սիցիլիայի թագավորության վասալ։ 1565 թվականին Օսմանյան կայսրությունը փորձում է գրավել կղզիները՝ Մալթայի Մեծ պաշարման ժամանակ, որը չեզոքացվում է։ Միաբանությունը շարունակում է կառավարել շուրջ երկու հարյուրամյակ և այդ շրջանը բնութագրվում է որպես մշակույթի և ճարտարապետության ծաղկման և հասարակական առաջընթացի շրջան։Միաբանությունը վռնդվում է այն բանից հետո, երբ 1798 թվականին Ֆրանսիական Առաջին Հանրապետությունը զավթում է կղզիները, սկսվում է Մալթայի ֆրանսիական օկուպացիայի շրջանը։

Ֆրանսիական տիրապետության մի քանի ամիսներից հետո մալթացիներն ապստամբում են, որի արդյունքում անգլիացիների, նեապոլցիների և պորտուգալացիների աջակցությամբ ֆրանսիացիները վռնդվում են 1800 թվականին։ Մալթան արդյունքում դառնում է բրիտանական պրոտեկտորատ, 1813 թվականին Դե Ֆակտո դառնալով գաղութ։ Մեկ տարի անց դա հաստատվում է Փարիզի համաձայնագրով։ Մեծ Բրիտանիայի համար կղզիները դառնում են կարևոր ռազմածովային բազա՝ ծառաելով որպես Միջերկրածովյան նավատորմի շտաբ։ Այդ պատճառով է Մալթան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվում հարձակման առանցքի երկրների կողմից, իսկ 1942 թվականին կղզին պարգևատրվում է Գեորգիեվյան խաչի շքանշանով, որն այսօր արտացոլված է Մալթայի պետական խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա։ Թագավորական գաղութը ինքնակառավարման համակարգ է ունեցել 1921–1933 թվականներին, 1947–1958 թվականներին և 1962–1964 թվականներին։

Մալթան անկախություն է ձեռք բերել որպես Համադաշնության միավոր՝ Մալթա Պետություն,1964 թվականին, իսկ 1974 թվականին կոչվում է Մալթայի հանրապետություն։ 2004 թվականից Եվրամիության անդամ է։

Երկրաբանությունը և նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթան տեղաբաշխված է ստորջրյա լեռնաշղթայի վրա, որը ձգվում է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Սիցիլիա։ Հնագույն ժամանակներում Մալթան գտնվել է ջրի տակ, որի վկայություններից են ծովային բրածոների առկայությունը կղզու նույնիսկ ամենաբարձր կետերում։ Երբ լեռնաշղթան տեկտոնական շարժումների արդյունքում սեղմվում է և առաջանում է Ջիբրալթարի նեղուցը, ծովի մակարդակն իջնում է և Մալթան հայտնվում է ցամաքում՝ ձգվելով երկու մայրցամաքների միջև և շրջապատված մեծ լճերով։ Մալթայի որոշ քարանձավներում հայտնաբերվել են փղերի, գետաձիերի և այլ խոշոր կենդանիների ոսկորներ, որոնք այժմ հանդիպում են Աֆրիկայում, միաժամանակ, որոշ քարանձավներում էլ հանդիպում են այնպիսի կենդանիների ոսկորներ, որոնք հանդիպում են Եվրոպայում։

Նեոլիթյան դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահար(չաշխատող հղում) Կիմ մեգալիթյան տաճարը

Մարդիկ առաջին անգամ հայտնվել են Մալթայում մոտ մ․թ․ա․ 5900 թվականին, ինչն ապացուցել են հնագույն հողերի հետազոտությունները[1]։ Առաջին նեոլիթյան մարդիկ հավանաբար այստեղ են եկել Սիցիլիայից (մոտ 100 կմ կամ 62 մղոն դեպի հյուսիս), բայց ԴՆԹ հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք Միջերկրածովյան տարբեր շրջաններից են, ներառյալ Եվրոպան և Աֆրիկան[2]։ Դրանք հիմնականում եղել են ֆերմերային և ձկնորսական համայնքներ, որոնք երբեմն զբաղվել են նաև որսորդությամբ։ Հավանաբար ապրել են քարանձավներում և բաց օթևաններում։ Հետագա հարյուրամյակների ընթացքում շփվել են այլ մշակույթների հետ, որոնք իրենց հետքն են թողել տեղացիների վրա, որի մասին վկայում են կերամիկական կոնստրուկցիաները և կերամիկայի գունային երանգները։ հողագործության եղանակները վատթարացնում են հողերի որակը՝ դրանք ենթարկելով դեգրադացիայի, իսկ տարիների ընթացքում կղզիներն աստիճանաբար չորանում են, անհնարին դարձնելով գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Դա տեղի է ունեցել նաև կլիմայի տաքացման պատճառով և կղզիները դարձել են անմարդաբնակ մոտ հազարամյակ[3]։

Tarxien(չաշխատող հղում), գեր կինը
Զսպանակե(չաշխատող հղում) մոտիվներ մեգալիթյան տաճարից , Հնագիտության Ազգային թանգարան

Գաղութացման երկրորդ ալիքը գալիս է Սիցիլիայից՝մ․թ․ա․ մոտ 3850 թվականին։Մալթայի պատմության առավել հիշարժան շրջաններից մեկը համարվում է տաճարների շրջանը, որն սկսվել է մ․թ․ա․ մոտ 3600 թվականին։ Աղանթիայի տաճարը Գոզոյում համարվում է առանձին կանգուն հնագույն տաճարներից մեկն աշխարհում։ Համալիրի անվանումը գալիս է մալթայերեն ġgant բառից, որըն արտացոլում է տաճարի չափերի մեծությունը։

Տաճարներից շատերն ունեն հինգ կիսաշրջանաձև սենյակների տեսք, որոնք միավորվում են կենտրոնում։ Ենթադրվում է, որ դրանք կարող են ներկայացնել աստվածության գլուխ, ձեռքեր և ոտքեր, քանի որ ամենատարածված արձաններից մեկը՝ գտնված այդ տաճարներում, դա գեր կին է՝ պտղաբերության խորհրդանիշը։ Քաղաքակրթությունը, որը տաճարներ էր կառուցում, գոյություն է ունեցել մոտ 1500 տարի, մինչև մ․թ․ա․ 2350 թվականը, որից հետո այդ մշակույթը հավանաբար վերանում է։ Կան բազում ենթադրություններ, թե Ինչ կարող էր կատարվել այդ քաղաքակրթության հետ, միգուցե ամբողջովին վերացել է, կամ ուծացվել, բայց հաշվվում է, որ կոլլափսը տեղի է ունեցել կլիմայի և երաշտի պատճառով[4]։

Բրոնզե դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանից պահպանվել են մի շարք բնակավայրեր և գյուղեր, ինչպես նաև դոլմեններ՝ խորանատիպ կառույցներ, պատրաստված քարե խոշոր սալերից։ Հաստատվել է, որ դրանք պատկանում են բնակչությանը, որոնք տարբերվում են նախկին՝ մեգալիթյան տաճարներ կառուցող բնակիչներից։ Ենթադրվում է, որ այդ բնակչությունը եկել է Սիցիլիայից, ելնելով արտաքին հատկանիշների նմանությունից՝ գտնված Միջերկրական ծովի ամենախոշոր կղզուց[5]։ Պահպանված մենհիրներից մեկը, որն օգտագործվել է տաճարների կառուցման ժամանակ, այժմ էլ գտնվում է Կիրկոփում (մեկն այն քչերից, որ գտնվում են լավ վիճակում)։

Այդ դարաշրջանի առավել հետաքրքիր և խորհրդավոր վայրերից մեկը, այսպես կոչված, սայլերի ուղեգծերն են, որոնք կարելի է տեսնել Մալթայում՝ Միսրագ Գյար–իլ–Քբիր վայրում (ոչ պաշտոնական անվանումը «Կլեպհեմի միավորում»)։ Դրանք զույգ զուգահեռ ուղիներ են, փորված հարթության վրա և տարածված հիմնականում ուղիղ գծով։ Դրանց իրական օգտագործման բնագավառը հայտնի չէ։ Ենթադրություններից մեկն այն է, որ կենդանիների ուժն օգտագործվել է ծանրությունների տեղափոխման համար և այդ ուղիներն օգնել են կենդանիներին չշեղվել ճանապարհից։

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկեցիներ և Կարթագեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկյան(չաշխատող հղում) մարմարե արձաններից մեկը, որը հայտնաբերվել է Մալթայում

Փյունիկեցիները, հավանաբար, Տիրից, սկսել են գաղութացվել կղզիներ մ․թ․ա․ մոտ VIII դարի սկզբին, որտեղից նրանք ընդլայնել են ծովային հետազոտությունները և առևտուրը Միջերկրական ծովում։ Փյունիկյան դամբարաններ են հայտնաբերվել Ռաբաթում՝ Մալթայում, և նույնանուն քաղաքում՝ Գոզո կղզում, որը խոսում է այն մասին, որ այդ շրջանում հիմնական քաղաքային կենտրոնները եղել են ժամանակակից Մդինան՝ Մալթայում և Չիտադելլան՝ Գոզոյում[6]։ Նախկին բնակավայրը կոչվել է Մալեթ, որը նշանակում է անվտանգ ապաստարան և ամբողջ կղզին ևս կոչվեց այդ անունով։

Մալթայան կղզիները Կարթագենի տիրապետության տակ են անցնում մ․թ․ա․ VI դարի կեսերին, ինչպես և Միջերկրածովյան ավազանի փյունիկյան գաղութների մեծ մասը։ Մ․թ․ա․ VI դարի վերջերին Մալթան դառնում է առևտրային կենտրոն, որն իրար էր կապում հարավային Իտալիան և Սիցիլիան՝ Տրիպոլիտանիային։ Դա բերում է նրան, որ այստեղ սկսում է տարածվել հելլենիստական մշակույթի առանձնահատկությունները ճարտարապետության և բրուտագործության մեջ, Մալթան սկսում է նույնպես հելլենիզացվել։ Դեռևս անհայտ է, Մալթան բնակեցված է եղել արդյոք որպես ավանդական հունական «ապոյկա», որոշակի է այն, որ Մալթան երբեք չի եղել հունական գաղութ[7]։ Հելլենիստական ճարտարապետական առանձնահատկություններ կարելի է տեսնել Կուրրիկեի Տաս–Սիլու Փյունիկյան տաճարում։ Մալթայում սկսում է օգտագործվել հունարենը, որի ապացույցն են երկլեզու՝ հունարեն և փյունիկերեն արձանագրությունները՝ գտնված Սիպպում, Մելկարտայում։ XVIII դարում ֆրանսիացի գիտնական Ժան Ժակ Բարտելեմը վերծանում է փյունիկյան այբուբենը, օգտագործելով արձանագրությունները[6]։

Մ․թ․ա․ 255 թվականին Առաջին Պունիկյան պատերազմի ժամանակ հռոմեացիները հարձակվում են Մալթայի վրա՝ ավերելով կղզու մեծ մասը[8]։

Հռոմեական կառավարման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական(չաշխատող հղում) խճանկարներ Domvs Romana

Ըստ լատինացի պատմագիր Լիվիոսի մալթայան կղզիներն անցել են հռոմեացիներին Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ, մ․թ․ա․ 218 թվականին։ Ինչպես գրում է Լիվիոսը, կղզու փյունիկյան կայազորը առանց դիմադրության հանձնվում է Տիբերիոս Սեմպրոնինո Լոնգին, այդ ժամանակվա երկու կոնսուլներից մեկին, որը ուղևորվում էր Հյուսիսայի Աֆրիկա։ Արշիպիլագը Սիցիլիայի պրովինցիայի մասերից էր, բայց մ․թ․ա․ I դարում նա ուներ սեփական սենատը և ժողովրդական ժողովը։ Այս շրջանում Մալթան և Գոզոն դրամներ էին հատում՝ հիմնվելով հռոմեական չափման միավորների վրա[9]։

Հունա-հռոմեական(չաշխատող հղում) մշակույթի մնացորդները Մալթայի Ծովային թանգարանում

Հռոմեական շրջանում փյունիկյան Մալեթ քաղաքը դառնում է հայտնի որպես Մելիթ, այն դառնում է կղզու վարչական կենտրոնը։ Նրա չափսերն աճում են մաքսիմալ կերպով, զբաղեցնելով ժամանակակից Մդինայի ամբողջ տարածքը և Ռաբաթի մեծ մասը՝ ձգվելով մինչև ներկայիս Սուրբ Պողոսի եկեղեցի։ Մնացորդները ցույց են տալիս, որ քաղաքը շրջապատված է եղել հաստ պաշտպանիչ պատերով, ինչպես նաև պաշտպանիչ խրամուղով, որն անցնում էր Սուրբ Ռիտայի փողոցի նույն գծով՝ կառուցված ուղիղ դրա վերևում։ Մնում է այն ակնարկը, որ տաճարին մոտ կրոնական կենտրոնը կառուցված է եղել հրվանդանի ամենաբարձր կետում։ Առանձնատներից մեկում պահպանվել են Պոմպեյի ոճի հրաշալի խճանկարներ, որոնք հայտնի են ինչպես «Domvs Romana»։ Այդ տունը, հավանաբար եղել է հարուստ հռոմեացի արիստոկրատի ապարանք ու կառուցված է եղել մ․թ․ա․ I դարում և լքվել է մ․թ․ա․ II դարում[10]։

Հռոմեական տիրպետության շրջանում կղզիները ծաղկում են ապրում, արդյունքում վերածվելով Foederata Civitas։ Շատ հռոմեական հնավայրեր դեռևս պահպանվում են, որը վկայում է մալթացիների և Սիցիլիայի սերտ կապի մասին[11]։ Հռոմեական տիրապետության շրջանում Մալթայում լատիներենը դառնում է պաշտոնական լեզու, ներմուծվում է նաև հռոմեական կրոնը։ Չնայած դրան, տեղական փյունիկյան և հելլենիստական մշակույթը, լեզուն պահպանվում են մինչև մ․թ․ա․ I դարը[12]։

60 թվականին «Սուրբ Առաքյալների գործերը» աշխատության մեջ ասվում է, որ սուրբ Պողոսը նավաբեկության է ենթարկվում Մելիթ անունով կղզու մոտ, որն Աստվածաշունչն ուսումնասիրողները կապում են Մալթայի հետ։ Գոյություն ունի կարծիք, ըստ որի նավաբեկությունը տեղի է ունեցել դիպուկ կոչված «Սուրբ Պողոսի ծոց»–ի ափերի մոտ։

Մալթան մնացել է Հռոմեական կայսրության կազմում մինչև VI դարի սկիզբը[12]։ Վանդալները, իսկ ավելի ուշ օստգոթերը, հավանաբար, որոշ ժամանակով գրավում են կղզիները V դարում[13], սակայն չկան հնագիտական վկայություններ այդ մասին[14]։

Մալթայան կղզիները բնակեցրել են նաև հին եգիպտացիներն ու հին հույները[15]։

Բյուզանդական կառավարման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական(չաշխատող հղում) եկեղեցու մնացորդներ Տաս-Սիլուում, որը կառուցված է եղել ավելի վաղ մեգալիթյան և փյունիկա-հռոմեական շրջանի տաճարների տեղում։

533 թվականին բյուզանդացի հրամանատար Վելիզարիոսը կարճ ժամանակով կանգ է առնում Մալթայում՝ Սիցիլիայից Հյուսիսային Աֆրիկա ուղևորվելու ճանապարհին, իսկ 535 թվականին կղզին միացվում է բյուզանդական Սիցիլիա պրովինցիային։ Բյուզանդական տիրապետության շրջանում հիմնական բնակավայրերն էին Մելիթը՝ Մալթայի մայրցամաքային հատվածում և Գոզոյի միջնաբերդը, միևնույն ժամանակ Մարսաշլոկը, Մարսասկալան, Մարսան և Քսլենդին ծառայում էին որպես նավահանգիստներ։ Մալթայի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ կերամիկան ենթադրում է, որ կղզին կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել կայսրությունում VI դարից մինչև VIII դարը[16]։

VII դարի վերջից Միջերկրական ծովը հայտնվում է մուսուլմանական նվաճման վտանգի առջև։ Այդ ժամանակ բյուզանդացիները հավանաբար ուժեղացնում են Մալթայի պաշտպանությունը, ինչի ապացույցն է պաշտպանիչ պատերի կառուցումը Տաս-Սիլու եկեղեցու շուրջը VIII դարում։ Բյուզանդացիները, հնարավոր է, նաև կրճատել են Մելիթի տարածքը մեկ երրորդով[17]։

Փաստվում է նաև այն, որ հույները գաղութացրել են Մալթան մինչև 870 թվականը։ Այդ հաշվարկը հիմնված է երկրորդական՝ Ալ–Հիմջարի աղբյուրի վրա և կարող է լինել հավաստի կամ ոչ հավաստի։ Այնուամենայնիվ, տվյալները վկայում են այն մասին, որ Մալթան բնակեցված է եղել ուղղափառ հունական համայնքով մինչև արաբական տիրապետության շրջանը[18]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե(չաշխատող հղում) տապանաքար, ենթադրաբար գտնված Գոզոյում։

870 թվականին Մալթան գրավվում է Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանների կողմից։ Ըստ Ալ–Հիմյարիի Աղլաբիները Հալաֆ ալ–Հադիմի գլխավորությամբ պաշարում են Մելիթ քաղաքը, որը կառավարում էր նահանգապետ Ամրոսը (հավանաբար Ամբրոսիոսը)։ Ալ–Հադիմը սպանվում է մարտում, Սավադա Իբն Մուհամմեդը ուղարկվում է Սիցիլիա, որպեսզի շարունակի պաշարումը։ Պաշարման ժամանակագրությունը չի պահպանվել, սակայն, հավանաբար այն ձգվել է մի քանի շաբաթ կամ ամիս։ Այն բանից հետո, երբ Մելիթն ընկնում է զավթիչների ձեռքը, բնակիչները սպանվում են, քաղաքն ամբողջովին ավերվում, իսկ եկեղեցիները՝ թալանվում։Մելիթի եկեղեցու մարմարն օգտագործվում է Սուսս ամրոցի կառուցման համար[19]։ Ըստ Ալ–Հիմյարի, Մալթան դառնում է գրեթե անմարդաբնակ, քանի դեռ չի բնակեցվում մոտ 1048 կամ 1049 թվականին մուսուլմանական համայնքով, նրանց ստրուկներով, որոնք վերակառուցում են և վերածում Մելիթ քաղաքը Մեդինայի, որը դառնում է «ավելի գեղեցիկ, քան նախկինում էր»։Սակայն հնագիտական պեղումները վկայում են, որ Մելիթ/Մեդինան արդեն իսկ մուսուլմանական ազգաբնակչությամբ ծաղկուն քաղաք էր XI դարի սկզբից և Ալ–Հիմյարի պատմությունն այլևս այնքան էլ հավաստի չի թվում[20]։ 1053–1054 թվականներին բյուզանդացիները պաշարում են Մելիթը, սակայն նրանք հետ են շպրտվում քաղաքի պաշտպանների կողմից[21]։ Չնայած ոչ այնքան երկար են իշխում արաբներն այստեղ, այնուամենայնիվ նրանց ազդեցությունը բավականին նշանակալի է։ Արաբերեն լեզվի հետ մեկտեղ՝ այստեղ են բերվում բամբակ, նարինջ, կիտրոն, ինչպես նաև ոռոգման նոր համակարգեր։ Դրանցից շատերը, ինչպես օրինակ ջրանիվը, օգտագործվում է մինչև հիմա առանց փոփոխության։ Աշխարհագրական բազմաթիվ անուններ կապվում են այդ ժամանակաշրջանի հետ։

Պատմաաշխարհագրական շատ հակասություններ են կապված միջնադարյան մուսուլմանական Մալթայի հետ։ Ըստ «Քրիստոնեական շրջանի անխափանության», որը ղեկավարվում էր Ջովաննի Ֆրանչեսկո Աբելլայի կողմից, Մալթայում մշտապես պահպանվել է քրիստոնեական համայնքը՝ նույնիսկ մուսուլմանական շրջանում։ Դա վիճարկվել է 1970–ական թվականներին միջնադարյան պատմիչ Գոդֆրի Վեթթինգհեմի կողմից, որը պնդում էր, որ ոչնչով չի հիմնավորվում Մալթայում քրիստոնեության անխափանության վարկածը IX–ից XI դարերում և հավանաբար մալթացիները ինտեգրվել են նոր արաբական իսլամական համայնքին։ Քրիստոնեության անխափանության վարկածը վերաբացվել է 2010 թվականին՝ Սթենլի Ֆիորինիի, Հորացիո Վելլայի և Ժոզեֆ Բրինկատի Tristia экс Melitogaudo հրապարակությունից հետո, որոնք մարտահրավեր էին նետել Վեթթինգհեմի մեկնաբանություններին՝ հենվելով բյուզանդական բանաստեղծական տողերի վրա (որը հավանաբար սխալ է թարգմանվել)։ Արդյունքում Վեթթինգհեմը հաստատում է իր տեսակետը՝ հենվելով արաբական պատմիչների աղբյուրների վրա և աշխարհագետների՝ Ալ–Բաքրի և Ալ–Հիմյարի, Իբն Հաուկալա Քազվինիի տեղեկությունների վրա, որոնք կարծես թե համաձայն էին այն տեսակետի հետ, որ «Մալթա կղզին դառնում է ամայի՝ առանց բնակիչների», այդպիսով բացառելով մալթացիների շարունակականությունը մինչև 870 թվականը և դրանից հետո։ Դա համաձայնեցվել է նաև Ժոզեֆ Բրինկատի կողմից գտնված «s»–ի առկայությունը՝ արաբերենի սահմաններից դուրս, մալթայերենում շատ հազվադեպ հանդիպող, որը բացատրվում է միայն կտրուկ շրջադարձերով՝ մի շրջանից մյուսն անցման դեպքում։ Ընդհակառակը, ոչ շատ բյուզանդերեն բառեր մալթայերենում կարելի է հաշվել մինչև 400–ը, 1530 թվականին այստեղ եկած եկվոր ասպետների, ինչպես նաև Սիցիլիայից հույն քրիստոնյաների հոսքով[22]։

Սիցիլիայի Նորմանդական թագավորության կառավարման շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանդական նվաճումից հետո Մալթան վերադառնում է քրիստոնեական կառավարման շրջան։ Արաբական վերջին հենակետը արածաշրջանում եղել է Նոտոն՝ Սիցիլիայի հարավային մասում, որը նվաճվել է քրիստոնյաների կողմից[23]։ 1091 թվականին Սիցիլիայի կոմս Ռոջեր I–ը գրավում է Մալթան և մուսուլման կառավարիչներին դարձնում իր վասալները։ 1127 թվականին նրա որդին՝ Ռոջեր II–ը Մալթայում ամբողջովին հաստատում է նորմանդական կառավարում՝ տանելով կղզիները քրիստոնեացման[24]։

Palazzo(չաշխատող հղում) Falzon, կառուցված է եղել XV դարի վերջից մինչև XVI դարի կեսերը։ Մդինայում երկրորդ հնագույն շինությունը։

Շուրջ 440 տարի Մալթան Սիցիլիական թագավորության մաս էր կազմում։ Այդ ընթացքում Մալթան մաս–մաս վաճառվում է տարբեր ֆեոդալների և բարոնների, այստեղ հաջորդաբար իշխում էին Շվաբների, Անժուի[25], Արագոնների, Կաստիլիայի և Իսպանիայի կառավարիչները։ Վերջապես, Արագոնները, որ այդ ժամանակ իշխում էին Մալթայում, միացնում են այն Կաստիլիային 1479 թվականին, և Մալթան դառնում է Իսպանական թագավորության մաս[26]։ Միաժամանակ, Մալթայի վարչարարությունն անցնում է տեղի անվանի պաշտոնյաներին, և ձևավորվում է կառավարչական մարմին, որ հայտնի էր Università։

Կղզիները երկար ժամանակ բնակեցված են մնում մուսուլմաններով՝ նույնիսկ արաբական կառավարման շրջանից բավական ժամանակ հետո։ Տեղում պահպանվում են նաև արաբական վարչական կառավարիչները[27] և մուսուլմաններին թույլատրվում է ազատորեն դավանել իրենց կրոնը մինչև XIII դարը[28]։ Նորմանները թույլ են տալիս արաբներին կառավարել՝ փոխարենը նրանք պետք է նվիրաբերեին այծեր, ձիեր և տարբեր պարագաներ[29]։ Արդյունքում մուսուլմանները շարունակում են իշխել Մալթայում և՛ ժողովրդագրական առումով, և՛ տնտեսական առումով դեռևս 150 տարի՝ քրիստոնյաների կողմից գրավվելուց հետո[30]։

1122 թվականին Մալթայում բռնկվում է մուսուլմանների ապստամբություն, սակայն 1127 թվականին Ռոջեր II–ը Սիցիլիայից կրկին գրավում է այն[31]։

1175 թթվականին Բուրգհարդը՝ Ստրասբուրգցի եպիսկոպոսը, Ֆրիդրիխ II–ի սուրհանդակը (Սրբազան Հռոմեական կայսրության), Մալթա կարճ այցից հետո համոզվում է, որ կղզում հիմնականում մուսուլմաններ են բնակվում[32]։

1192 թվականին Տանկրեդը (Սիցիլիայի թագավորը) Մարգարիտա Բրինձիացուն նշանակում է Մալթայի առաջին կոմս։ 1194–ից մինչև 1530 թվականը Մալթայան կղզիները կառավարվում էին Սիցիլիայի թագավորության կողմից, Մալթայում սկսվում է լատինականության շրջանը։ Սակայն մինչև 1224 թվականը կղզում գոյություն ուներ ուժեղ մուսուլմանական համայնք։

1224 թվականին Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Ֆրիդրիխ II–ը Մալթա է ուղարկում արշավախումբ, որպեսզի այնտեղ հաստատի իր գերակայությունը և թույլ չտա մուսուլման ազգաբնակչությանը օգնելու մուսուլման ապստամբներին Սիցիլիայի Թագավորությունում[33]։

Նորմանդական նվաճումներից հետո մալթայան կղզիների ազգաբնակչությունն աճել է հյուսիսից ներգաղթի շնորհիվ (Սիցիլիա և Իտալիա), ինչպես նաև Իտալիայի Չեպանո քաղաքից 1223 թվականին արական սեռի բնակչության տեղահանության հաշվին,1240 թվականին Մալթայում նորմանդական և սիցիլիական կայազորների տեղակայման հաշվին, 1372–ից մինչև 1450 թվականներին ազնվական ընտանիքների վերաբնակեցման հաշվին։ 2005 թվականին հաստատվել է, որ «Մալթայի ժամանակակից տղամարդիկ Հարավ–իտալական ծագում ունեն, ներառյալ Սիցիլիան՝ մինչև Կալաբրիի մարզ»[34]։

Համաձայն Ֆրիդրիխ II–ի նահանգապետ Գիլիլբերտո Աբբատեի հաշվետվության, Սիցիլիայում գենուեզյան շրջանի Մալթայի կոմսությունում, 1240 կամ 1241 թվականներին[35], Մալթա և Գոզո կղզիներում կային 836 մուսուլման ընտանիքներ, 250 քրիստոնյա ընտանիքներ և 33 հրեա ընտանիքներ[18]։ Մոտ 1249 թվականին մալթացի մուսուլմանները ուղարկվում են իտալական Լուչերա գաղութ, որն ստեղծվել էր հատուկ սիցիլիացի մուսուլմանների համար[36]։

1266 թվականին Մալթան փոխանցվում է Կառլոս Անժուացուն՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI–ի եղբորը, պահպանում է կառավարումը մինչև 1283 թվականը, երբ սկսվում է Իսպանիայի կառավարման շրջանը[37]։

1429 թվականի սեպտեմբերին Խաֆսիդի սարակինոսները փորձում են գրավել Մալթան, սակայն հետ են մղվում մալթացիների կողմից։ Զավթիչները թալանում են գյուղերը, ստրկության քշում մոտ 3000 բնակչի[38]։

XV դարի վերջին մալթացի մուսուլմանները ստիպված են լինելու ընդունել քրիստոնեություն և լատինականացվել[39]։

Հիվանդախնամների կառավարման շրջանը (1530-1798)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթան գտնվել է Սուրբ Հովհաննու միաբանության իշխանության տակ՝ որպես Սիցիլիայի թագավորության վասալ, 1530-ից մինչև 1798 թվականը։

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1530(չաշխատող հղում) թվականին կայսր Կառլոս V-ի կողմից Մալթայի, Գոզոյի և Տրիպոլիի նվիրաբերումը Սուրբ Հովհաննու միաբանությանը։

XVI դարի սկզբին Օսմանյան Կայսրությունն սկսում է տարածվել Միջերկրական ծովի ափերին և հասնում է մինչև Հարավ–Արևելյան Եվրոպա։ Իսպանիայի թագավոր Կառլոս V–ը վախենում էր, որ եթե Հռոմը ընկնի թուրքերի տիրապետության տակ, դա կլինի քրիստոնեական Եվրոպայի վերջը։ 1522 թվականին Սուլեյման I–ը վտարում է հիվանդախնամների միաբանության ասպետներին Հռոդոս կղզուց։ Ցանկանալով պաշտպանել Հռոմը հարավից, 1530 թվականին Կառլոս V–ը Մալթա կղզին փոխանցում է սուրբ Հովհաննու միաբանությանը։ Հետագա 275 տարիների ընթացքում «Մալթայի ասպետները» կառավարում են կղզին, իսկ պաշտոնական լեզուն դառնում է իտալերենը։ Նրանք կառուցում են նոր քաղաքներ, եկեղեցիներ, այգիներ և պաշտպանական կառույցներ, ինչպես նաև զարդարում արվեստի և մշակույթի բազմաթիվ ստեղծագործություններով։

«Ֆիլիպ(չաշխատող հղում) Վիլյե դե Լ’Իլ-Ադամը ընդունում է Մալթա կղզին 1530 թվականի հոկտեմբերի 26-ին», նկարը՝ Ռենե Թեոդոր Բերտոնի։

Սուրբ Հովհաննու միաբանությունն ի սկզբանե ստեղծվում է որպես ֆորպոստ՝ դեպի Սուրբ երկիր ուխտավորների ճանապարհին։ Սակայն խաչակիրների և մուսուլմանների բազմաթիվ բախումների հետ կապված՝ նրանց գլխավոր խնդիրներից մեկը դառնում է բժշկական օգնության ցուցաբերումը, նույնիսկ հիմա ութծայր խաչը լայնորեն օգտագործվում է շտապ օգնության մեքենաների վրա։ Բժշկական օգնության ցուցաբերման համար՝ որպես փոխհատուցում, նրանք ստանում են շատ տարածքներ՝ գրավված խաչակիրների կողմից։ Բացի գրավված տարածքների և ուխտավորնեի պաշտպանությունից, միաբանությունը իրականացնում է նաև ասպետների ուժեղ ռազմական կրթություն։ Աստիճանաբար միաբանությունը դառնում է ավելի ու ավելի ուժեղ և հարուստ, ինչպես նաև հայտնի են դառնում որպես հմուտ ծովայիններ։

Մալթայից ասպետները վերսկսում են օսմանյան նավերի վրա ծովային հարձակումները։ Շուտով թուրք սուլթան Սուլեյման Հիասքանչը հրամայում է գրոհել Մալթայում հիվանդախնամների միաբանության վրա։ Այդ ժամանակ ասպետները զբաղեցնում են Բիրգու քաղաքը, որը հիանալի նավահանգիստ էր՝ նավատորմի տեղակայման համար։ Այդ շրջանում Բիրգուն գլխավոր քաղաքներից մեկն էր, առաջինը Մդինան էր՝ Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Բիրգուի շուրջ ուժեղացվում է պաշտպանությունը, իսկ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Սենգլեան, կառուցվում են նոր ամրություններ։ Թերակղզու ծայրամասում կառուցվում է ոչ մեծ բերդ, ներկայիս մայրաքաղաք Վալլետտայի տեղում, և այն կոչվում է Սուրբ Էլմի Բերդ։

Մեծ պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ(չաշխատող հղում) Էլմայի գրավումը, 1565

1565 թվականի մայիսի 18–ին Սուլեյման Հիասքանչը պաշարում է Մալթան։ Այն ժամանակ, երբ օսմանյան նավատորմը ժամանում է, ասպետներն արդեն պատրաստ էին պաշտպանության։ Նախ օսմանցիները հարձակվում են նոր կառուցված Սուրբ Էլմի բերդի վրա, որը մեկ ամիս անց վեր է ածվում ավերակների, սակայն շարունակում է պաշտպանվել։ Օսմանցիները հարձակվում են նաև Բիրգուի և Սենգլեայի վրա, բայց ապարդյուն։

Մոտենում էին ձմեռային փոթորիկները, որոնք սպառնում են օսմանյան նավատորմին և ստիպում հեռանալ․ Մալթայի պաշարումն ավարտվում է 1565 թվականի սեպտեմբերի 8–ին Օսմանյան կայսրության պարտությամբ։ Պաշարումը պատմության մեջ է մտնում որպես Մալթայի Մեծ պաշարում։ Օսմանյան կայսրությունը, որը հույս ուներ հեշտ հաղթանակի հասնել մի քանի շաբաթվա ընթացքում, ջախջախիչ պարտություն է կրում։ Օսմանցիների զորքերի թիվը հասնում էր 40000–ի՝ ասպետների 9000–ի և քաղաքի հասարակ պաշտպանների դիմաց։ Թուրքերը մեծ կորուստներ են կրում, որը պատճառ է դառնում բանակի բարոյալքման համար։ Հետագա տարիներին օսմանցիները հաջողություններ չեն ունենում նաև Եվրոպայում, իսկ մի քանի տարի անց սուլթան Սուլեյման Հիասքանչը մահանում է։

Պաշարումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան(չաշխատող հղում) Պարիզո դե լա Վալետտայի հուշահամալիրը Վալետտա քաղաքում։

Պաշարումից մի քանի տարի անց միաբանությունը սկսվում է նոր քաղաքի շինարարությունը՝ ունիկալ ամրություններով՝ Սկիբերրաս թերակղզում, որն օսմանցիներն օգտագործում էին որպես բազա՝ Մալթայի պաշարման ժամանակ։ Այն կոչվում է Վալլետտա՝ ի պատիվ Ժան Պարիզո դե լա Վալետտայի, որը Մալթայի Մեծ պաշարման ժամանակ մեծ մագիստրոսն էր։ Քանի որ թուրքերն այլևս չհարձակվեցին Մալթայի վրա, ամրությունները չեն ավերվել և համարվում են Եվրոպայում XVI դարի պահպանված պաշտպանական շինություններից մեկը։

Ի տարբերություն կղզու այլ կառավարիչների, Սուրբ Հովհաննու միաբանությունը կղզուց դուրս չուներ այլ «մայր երկիր»։ Կղզին դառնում է նրանց հարազատ օջախը, այդ պատճառով նրանք ոչինչ չէին խնայում այն շենացնելու համար։ Բացի դրանից, նրանք սերում էին անվանի ընտանիքներից և մեծ հարստություններ էին դիզել Արևելքում։ Ճարտարապետական և գեղարվեստական հուշարձանները կարևոր տեղ են զբաղեցնում Մալթայի պատմության մեջ, հատկապես նրանց «մարգարիտը» համարվող Վալլետտան։

Այնուամենայնիվ, քանի որ նրանք հեռացել էին իրենց նախկին գործերից, միաբանության հզորությունը անկում էր ապրում։ XVIII դարի վերջին երեք տասնամյակները միաբանության սնանկացման տարիներն էին, որի պատճառը վերջին մագիստրոսների կառավարման շրջանի շռայլություններն էին։ Դրա պատճառով միաբանության վարկանիշը ընկնում էր մալթացիների շրջանում։ 1775 թվականին ապստամբություն է բռնկվում, որը հայտնի է որպես հոգևորականների ապստամբություն։ Ապստամբներին հաջողվում է գրավել Սուրբ Էլմի բերդը և Սենտ–Ջեյմս Կովալերը, սակայն ապստամբությունը ճնշվում է, իսկ կազմակերպիչները կախաղան են բարձրացվում, բանտարկվում կամ աքսորվում[40]։

Ֆրանսիական օկուպացիան (1798-1800)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի(չաշխատող հղում) անձնատվությունը Նապոլեոնին, 1798 թվական

Տարիների հետ միաբանության ասպետների ազդեցությունն ընկնում էր և նրանց կառավարումն ավարտվում է 1798 թվականին, երբ Նապոլեոն Բոնապարտի նավատորմը կանգ է առնում Մալթայում՝ Եգիպտական արշավի ժամանակ։ Նապոլեոնը խնդրում է անվտանգ նավահանգիստ իր նավերի մատակարարման համար, բայց ջրով ապահովելու մերժումից հետո զինվորներին հրամայում է զբաղեցնել Վալլետտա քաղաքի բարձունքները։ Մեծ մագիստրոս Ֆերդինանդ ֆոն Գոմեշը կապիտուլյացիայի է ենթարկվում հունիսի 11–ին։ Հաջորդ օրը պայմանագիր է ստորագրվում, ըստ որի միաբանությունը կղզին փոխանցում էր Ֆրանսիայի Հանրապետությանը։ Փոխարենը Ֆրանսիական հանրապետությունը Ռոշտադյան կոնֆերանսում համաձայնվում է ստանալ մեծ մագիստրոսի համար դքսություն։

Մալթայում եղած շատ կարճ ժամանակահատվածում (վեց օր) Նապոլեոնը մի շարք ռեֆորմներ է իրականացնում։ Ձևավորվում է նոր վարչակարգ՝ կառավարական հանձնաժողովով, ձևավորվում են տասներկու քաղաքապետարաններ, ստեղծվում է պետական ֆինանսների վարչություն, ֆեոդալական մնացուկներն ու արտոնություններն ամբողջովին վերացվում են, վերացվում է ստրկությունը, բոլոր թուրք ստրուկներին ազատություն է շնորհվում (ընդհանուր առմամբ 2000 մարդու)։ Դատական համակարգում մտցվում է ընտանեկան կոդեքսը, նշանակվում են տասներկու դատավորներ։ Պետական կրթությունը սահմանվում է այնպես, ինչպես սահմանել էր Բոնապարտը՝ ապահովել տարրական և միջին կրթություն։ Հիմնվում են տասնհինգ տարրական դպրոցներ, իսկ համալսարանը վերափոխվում է Կենտրոնական դպրոցի, որտեղ կային ութ ամբիոններ՝ թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն և աստղագիտություն, մեխանիկա և ֆիզիկա, նավիգացիա, քիմիա և այլն[41]։

Այնուհետև Նապոլեոն I–ը վերադառնում է Եգիպտոս, Մալթայում թողնելով խոշոր կայազոր։ Քանի որ միաբանությունը չէր վայելում տեղացի մալթացիների վստահությունը, նրանք մեծ համակրանքրով են նայում ֆրանսիացիներին։ Սակայն այդ պատրանքը երկար չի շարունակվում։ Մի քանի ամսվա ընթացքում ֆանսիացիները փակում են եկեղեցիները, թալանում եկեղեցական գանձերը, այդ թվում Ժան դե Վալետտայի թուրը, որը մինչև հիմա գտնվում է Լուվրում (Փարիզ)։ դրան ի պատասխան Մալթայի բնակիչներն ապստամբում են և ֆրանսիական կայազորը գեներալ Կլոդ Անրի-Բելգրանդ դե Բուբայի հետ նահանջում է Վալլետտա, նրանք խնդրում են օգնություն անգլիացիներից։ Կոնտր- ադմիրալ լորդ Հորացիո Նելսոնը 1799 թվականին որոշում է ընդունում բլոկադայի ենթարկել կղզին։ Ֆրանսիական կայազորը հանձնվում է 1800 թվականին։

Մալթան Բրիտանական կայսրության կազմում (1800-1964)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթացիներն ապստամբում են նեապոլցիների և բրիտանական զորքերի աջակցությամբ, ստիպում են ֆրանսիական կայազորին հանձնվել։ Բրիտանացիները 1800 թվականի սեպտեմբերի 5–ին գրավում են Մալթայի մայրաքաղաք Վալլետտան և այնտեղ բարձրացնում են բրիտանական դրոշը։ Մալթան վեր է ածվում բրիտանական պրոտեկտորատի։ Ռազմական նահանգապետ է դառնում անգլիացի Ալեքսանդր Բոլլը։ Ըստ 1814 թվականի Փարիզյան համաձայնագրի Մալթան անցնում է Մեծ Բրիտանիային։ Անգլիացիներն այն դարձնում են իրենց գաղութը և ռազմա–ծովային բազան։

1921 թվականին Մալթան ստանում է ինքնակառավարման իրավունք։

Մալթայի ինքնապաշտպանությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսախորտակված(չաշխատող հղում) տանկերը՝ Ohio-ն քարշ են տալիս Վալետտայի նավահանգիստ։

1940 թվականի հունիսից մինչև 1942 թվականի դեկտեմբերը Մալթայի պաշտպանությունը՝ շնորհիվ նրա բարենպաստ ռազմավարական դիրքի, դառնում է միջերկրածովյան ավազանում դաշնակից ուժերի հաղթանակի կարևոր դրվագներից մեկը առանցքի ուժերի նկատմամբ։ Երկու տարվա պաշարման ընթացքում կղզու վրա ավելի քան 3000 հարձակում է կատարվել։ Կղզու մատակարարումն իրականացվել է կամ օդային ճանապարհով, կամ ծովային շարասյան։ Չերչիլը կղզին անվանում էր «անխորտակելի ավիակիր»։ 1942 թվականի ապրիլի 15–ին Ջորջ VI–ը պարգևատրում է «Մալթա կղզի ամրոցը և նրա ժողովրդին ու պաշտպաններին» Գեորգիևյան խաչի շքանշանով (բարձրագույն պարգև քաջության համար)։ 1942 թվականի դեկտեմբերին Մալթայի օդային և ծովային ուժերի կողմից հարձակում է իրականացվում, որի արդյունքում 1943 թվականի մայիսին խորտակում են թշնամու 230 նավեր։

1944 թվականի հունվարի 30–ից մինչև 1945 թվականի փետրվարի 3–ը կղզում անց է կացվում Մալթայի կոնֆերանսը՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի միջև։ Անգլիայի և ԱՄՆ–ի ղեկավարներին հաջողվում է պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք քաղաքական կարևոր հարցերի շուրջ՝ չնայած երկրների միջև գոյություն ունեցող անհամաձայնություններին, և մեկ ամիս անց Յալթայի կոնֆերանսում հանդես գալ համաձայնեցված ծրագրով և դիմակայել Խորհրդային Միության պատվիրակությանը՝ Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ։

Մալթան երկրորդ աշխարհամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Մալթան անկախանում է Մեծ Բրիտանիայից։ 1974 թվականից հռչակվել է հանրապետություն, սակայն մինչև 1979 թվականը, երբ Մալթայում դադարում է բրիտանական վերջին ռազմա–ծովային բազայի գործունեությունը, պետության գլուխ էր համարվում բրիտանական թագուհին։

1989 թվականին Մալթայում կայանում է հանդիպում՝ ԱՄՆ–ի նախագահ Ջորջ Բուշի և ԽՍՀՄ–ի ղեկավար Մ․Ս․Գորբաչովի միջև։

2004 թվականին Մալթան միանում է Եվրամիությանը՝ համաձայն հանրաքվեի, որն անց էր կացվել 2003 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «700 лет добавлено к истории Мальты». Таймс Мальты. 16 марта 2018 года.
  2. «700 лет добавлено к истории Мальты». Таймс Мальты. 16 марта 2018 года.
  3. «700 лет добавлено к истории Мальты». Таймс Мальты. 16 марта 2018 года.
  4. «700 лет добавлено к истории Мальты». Таймс Мальты. 16 марта 2018 года.
  5. Пикколо, Сальваторе; Дарвилл, Тимоти (2013). Древние камни, доисторические дольмены Сицилии . Абингдон / ГБ: Издательство Brazen Head.
  6. 6,0 6,1 Кармель Кассар, (2000 год). Краткая история Мальты. Мсида: Мирева Публикации.
  7. Энтони Бонанно, (1983 год), «Традиция древнегреческой колонии на Мальте», Стр. 1-17.
  8. Кассар, 2000 год, стр. 53-55
  9. Кассар, 2000 год, стр. 56-57
  10. Сюзанна Депасквале; Невилл Хуан Кардона, (2005 год), Каталог сайтов: Domvs Romana — Рабат Мальта. Мальта : Книги наследия.
  11. «Роман (218 год до н. э.-870 год н. э.)» Archived 2018-11-16 at the Wayback Machine., История юриста на Мальте, 2011 год.
  12. 12,0 12,1 Кассар, 2000 год, стр. 56-57
  13. Джульетта Рикс, (2013 год). Мальта и Гозо. Путеводители Брэдта.
  14. Брайан В. Блуэ, (2007 год), История Мальты. Публикации союзников.
  15. «На Мальте и Гозо» . п. 32 и стр. 77
  16. Кассар, 2000 год, стр. 58
  17. Стивен Спитери, (2004—2007). «Castellu di la Chitati» — средневековый замок города-крепости Мдина. Arx — Интернет-журнал военной архитектуры и фортификации.
  18. 18,0 18,1 Чарльз Далли Мусульманская община на Мальте. — ПИН, 2002. — 37 с.
  19. Джозеф М. Бринкат, «Новый свет о самом темном веке в истории Мальты».
  20. Блуэ, 2007 год, стр. 41
  21. Джозеф М. Бринкат, «Новый свет о самом темном веке в истории Мальты».
  22. Йосанна Велла, Веттингер был оправдан, но почему историки все ещё не согласны?, Мальта сегодня, 7 июля 2015 года
  23. Previté-Orton (1971), pg. 507-11
  24. Wettinger, Godfrey (1995). «The 'Norman' Heritage of Malta : GODFREY WETTINGER sifts the evidence surrounding Count Roger’s visit in 1091» (PDF). Treasures of Malta. 1 (3): 34-39.
  25. de Borja, Zeininger (January — March 1959). «Counts of Malta in Greece» (PDF). Scientia. 25
  26. Gaul, Simon (2007). Malta, Gozo and Comino. New Holland Publishers. p. 25.
  27. Krueger, Hilmar C. (1969). «Conflict in the Mediterranean before the First Crusade: B. The Italian Cities and the Arabs before 1095». In Baldwin, M. W. (ed.). A History of the Crusades, vol. I: The First Hundred Years. Madison: University of Wisconsin Press. pp. 40-53.
  28. «Arab Heritage in Malta — The Baheyeldin Dynasty». baheyeldin.com. Retrieved 15 April 2018.
  29. Stefan Goodwin (1 January 2002). «2 (Islam and Realignments)». Malta, Mediterranean Bridge (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 23.
  30. Stefan Goodwin (1 January 2002). «2 (Islam and Realignments)». Malta, Mediterranean Bridge (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 31. «Of greater cultural significance, the demographic and economic dominance of Muslims continued for at least another century and a half after which forced conversions undoubtedly permitted many former Muslims to remain.»
  31. Uwe Jens Rudolf; Warren G. Berg (27 April 2010). «Chronology». Historical Dictionary of Malta (2 (illustrated) ed.). Scarecrow Press. p. xxviii.
  32. Graham A. Loud; Alex Metcalfe (1 January 2002). «Religious Toleration in the South Italian Peninsula». The Society of Norman Italy (illustrated ed.). BRILL. p. 337.
  33. Charles Dalli From Islam to Christianity: the Case of Sicily. — p. 161 с.
  34. C. Capelli, N. Redhead, N. Novelletto, L. Terrenato, P. Malaspina, Z. Poulli, G. Lefranc, A. Megarbane, V. Delague, V. Romano, F. Cali, V.F. Pascali, M. Fellous, A.E. Felice, and D.B. Goldstein; «Population Structure in the Mediterranean Basin: A Y Chromosome Perspective», at the Wayback Machine Annals of Human Genetics, 69, 1-20, 2005.
  35. Martin R. Zammit (12 October 2012). Jørgen S. Nielsen; Jørgen Nielsen; Samim Akgönül; Ahmet Alibasi; Egdunas Racius (eds.). Yearbook of Muslims in Europe, Volume 4. Malta: BRILL. p. 389.
  36. Stefan Goodwin (1 January 2002). «2 (Islam and Realignments)». Malta, Mediterranean Bridge (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 28. The establishment of an Italian colony for Sicilian Muslims at Lucera on the Italian Peninsula beginning in 1223 has led to much speculation that there must have been a general expulsion of all Muslims from Malta in 1224. However, it is virtually impossible to reconcile this viewpoint with a report of 1240 or 1241 by Gilibert to Frederick II of Sicily to the effect that in that year Malta and Gozo had 836 families that were Saracen or Muslim, 250 that were Christian, and 33 that were Jewish. Moreover, Ibn Khaldun is on record as stating that some Maltese Muslims were sent to the Italian colony of Lucera around 1249
  37. Stefan Goodwin (1 January 2002). «2 (Islam and Realignments)». Malta, Mediterranean Bridge (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 31.
  38. Cauchi, Mark (12 September 2004). «575th anniversary of the 1429 Siege of Malta». Times of Malta.
  39. Stefan Goodwin (1 January 2002). «2 (Islam and Realignments)». Malta, Mediterranean Bridge (illustrated ed.). Greenwood Publishing Group. p. 24.
  40. «Maltese Rebellion 1775». World History at KMLA.
  41. Ben Weider "Chapter 12 – The Egyptian Campaign of 1798". — International Napoleonic Society.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]