Իվետա Ռոբերտի Մուկուչյան (հոկտեմբերի 14, 1986(1986-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի։ Ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
2017 թվականին երգչուհին և Արամ MP3-ն թողարկեցին «Դաշտերով» սինգլը, որը ստացավ «Տարվա երգ» մրցանակ Սոչիում։ Երգին հաջորդեց նույն անվանումը կրող մեկ այլ նախագիծ, որը ստացավ «Տարվա լավագույն երաժշտական համագործակցություն» մրցանակը Armenian Europe Music Awards-ի շրջանակներում։ Հոկտեմբերի 3-ին Իվետա Մուկուչյանը թողարրկել է իր առաջին ալբոմը՝ Armenian Folk, Դաշտերով նախագծի երգերով։ Նույն տարում, նա նկարահանվել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում։
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Նա մանկապարտեզ հաճախել է Երևանում[1], սակայն նրա ընտանիքը 1992 թվականին տեղափոխվել է Գերմանիա, երբ նա եղել է 5 տարեկան[2]։ Գերմանիայում Մուկուչյանը հաճախել է դպրոց, իսկ 1998-2006 թվականներին Համբուրգ քաղաքի Սանկտ Անսգար գիմնազիայում սովորել է անգլերեն և նկարչություն[2]։ 2009 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին[2]։ Մուկուչյանը ունի մեկ քույր՝ Մարիաննան, ով ոճաբան է[3]։
2009 թվականին ներկայացել է Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծի չորրորդ եթերաշրջանի լսումներին, որտեղ արժանացել է ժյուրիի անդամների հավանությանը և սկսել է մասնակցել գալա համերգներին[2]։ Այդ մրցույթում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը[2]։ 2010 թվականին Մոսկվայում անցկացված «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[4] և նույն տարում Արարատ 93-ի հետ թողարկել է «L'amour n'a pas de loi» ֆրանսերեն երգը, որը տեղ է գտել ռեփերի դեպյուտ ալբոմում[5]։ Մյուս տարի, Մուկուչյանը մասնակցել է Պարահանդես 4 մրցույթին (բրիտանական Strictly Come Dancing նախագծի հայկական տարբերակը) սակայն դուրս է մնացել մինչև կիսաեզրափակիչը։ Երգչուհին նաև զբաղեցրել է երրորդ հորիզոնականը գերմանական The Voice of Hamburg մրցույթում։
2012 թվականին ներկայացել է «Գերմանիայի ձայն» նախագծի երկրորդ եթերաշրջանի լսումներին, որտեղ կատարել է շվեդ երգչուհի Լորինի«Euphoria» երգը[6]։ Նա ընդգրկվել էր Նադյու Քսավերի թիմում, սակայն առաջին գալա համերգից հետո դուրս մնաց նախագծից։ 2012 թվականի դեկտեմբերին «El Style» ամսագրի քվեարկության արդյունքում Մուկուչյանը ճանաչվեց «Ամենացանկալի հայուհի» և հայտնվեց այդ ամսագրի շապիկին[7][8]։ Նույն ամսում հայ պրոդյուսեր Լազարոն թողարկեց իր «Freak» սինգլը, որը վոկալիստը Մուկուչյանն է[9]։ Այդ ժամանակահատվածում Մւկուչյանը տվեց իր առաջին Երևանյան մենահամերգը և կրկին հայտնվեց «El Style» ամսագրի շապիկին։ 2014 թվականին նա նաև իր մասնակցությունն ունեցավ Լազարոյի «Summer Rain» սինգլում[10]։
2015 թվականի հոկտեմբերին Մուկուչյանը թողարկեց իր «Simple Like a Flower» սինգլն ու դրա տեսահոլովակը[11]։ Նույն ամսում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ներքին ընտրությամբ Մուկուչյանը ընտրվել է Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[12]։ 2016 թվականի փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ մրցույթում նա կատարելու է «LoveWave» երգը, որի տեքստը գրվել է իր և Ստեֆանի Քրուչֆիլդի կողմից, իսկ երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները[13]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացավ մարտի 2-ին Հանրային Հեռուստաընկերության եթերում և Եվրատեսիլի ՅուԹյուբի պաշտոնական էջում[13], այնուհետև կրկին հայտնվեց El Style-ի շապիկին[14]։ Այս ընթացքում Մուկուչյանը նաև առաջին անգամ հանդես եկավ որպես դերասանուհի՝ հայտնվելով «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունում և Մկրտիչ Արզումանյանի հետ ձայնագրեց ֆիլմի սաունդթրեքը[15][16]։ Եվրատեսիլյան ամիսներին, երգչուհին և իր թիմը նորություններ էին տրամադրում Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Եվրատեսիլի օրագիր հաղորդման շրջանակներում։ Եվրատեսիլում Մուկուչյանը ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը (ետ մնաց միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևից) անցավ եզրափակիչ փուլ, որն անցկացվեց մայիսի 14-ին[17][18]։ Եզրափակչի քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը 249 միավորով։ Նա նաև հաղթել է Eurovision's Next Top Model և Եվրատեսիլ 2016-ի լավագույն կին վոկալիստ մրցանակները[19][20]։
Կիսաեզրափակչում հայտնվելուց հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ «կանաչ սենյակ»-ում բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, Իվետան պատասխանեց.
... Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել և տարածել, հետևյալն է` խաղաղություն։ Ես միայն խաղաղություն եմ ցանկանում սահմաններին, Հայաստանը խաղաղություն է ցանկանում։ Հենց այս պատճառով էլ գրել եմ այս երգը` ցանկանալով տարածել «սիրո ալիքներ»։ Իմ ցանկությունն է, որ ամենուր խաղաղություն լինի։ Ես բարձրացրեցի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանան այս խնդրի վրա։ Ես միայն խաղաղություն եմ ցանկանում այս աշխարհում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայկական կողմի այս քայլը որակավորել է որպես սադրիչ և անթույլատրելի։ Եզրափակչի օրը Էրիքսոն Գլոբ արենայի շրջակայքում ինքնաթիռ հայտնվեց ցույց տալով «Karabach loves Iveta» գրությունը[22]։
Եվրատեսիլից հետո Մուկուչյանը հյուրընկավլեց մի շարք հայկական հեռուստատեսային շոուների։ 2016 թվականի հունիսին Մուկուչյան քույրերը Բարսելոնայում մասնակցել են եռօրյա ամառային էլեկտրոնային երաժշտության փառատոնին՝ «Սոնարին»[23]։ Մուկուչյանը Լոնդոնում կայացած հուլիսյան հայկական փողոցի փառատոնում հյուրընկալված երգչուհին էր, որտեղ նա հանդես եկավ դուդուկահար Գևորգ Կարապետյանի հետ[24][25]։ Նույն ամսում նա նաև ունեցել է համերգ նվիրված Էվոկաբանկի բացմանը[26]։ Լոս Անջելեսում Microsoft թատրոնում կայացած Pan Armenian Entertainment մրցանակաբաշխության ընթացում արժանացել է տարվա ընթացքում միջազգային բեմում Հայաստանը լավագույնս ներկայացրած արտիստ կոչմանը, որտեց կատարել է իր «LoveWave» ստեղծագործությունը և նոր երգ՝ «Ամենան»[27]։ «Ամենան», որը երգ է կանանց և նրանց վերափոխման, ներքին պայքարի ու արժեքների մասին[28], թողարկվեց 2016-ի նոյեմբերի քսանչորսին։ Երգի պրոդյուսերը հենց ինքն է՝ Մուկուչյանը, իսկ տեսահոլովակը թողարկվել է 2017-ի ապրիլին[29]։ Նա եղել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի 6 ժյուրիներից մեկը, իսկ նրա թիմի վերջին մասնակիցը՝ Վահե Ալեքսանյանը, զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը 48 միավորով[30][31]։
↑«Amalgame by Ararat 94». iTunes.apple.com (անգլերեն). 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
↑«Iveta Mukuchyan: Euphoria». The Voice of Germany. 2012 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.