Պրո Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրո Արմենիա
ֆր.՝ Pro Armenia
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզուֆրանսերեն
Հիմնադրվել էնոյեմբերի 25, 1900[1]
ՀիմնադիրՊիեռ Քիյառ
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էհուլիսի 1, 1914
ՀաջորդՀայաստանի ձայնը
ISSN2018-9257 և 2419-3097
OCLC719405803

Պրո Արմենիա (ֆր.՝ Pro Armenia)[2], ֆրանսերեն երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել Ֆրանսիայում 1900[3]-1914 թվականներին[4]։ Հրատարակության նախաձեռնողն էր Քրիստափոր Միքայելյանը, գլխավոր խմբագիրն էր Պիեռ Քիյառը, քարտուղարը՝ Ժան Լոնգեն, խմբագրական կոմիտեի անդամները՝ Ժորժ Կլեմանսոն, Ա. Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ֆ. դը Պրեսանսեն, Է. դը Ռոբերտին[5]։

Նպատակն էր ֆրանսիական և միջազգային հասարակայնությանը ծանոթացնել հայկական հարցին, հայ ժողովրդին ցույց տալ օգնություն և օժանդակություն, Եվրոպայում ուժեղացնել հայանպաստ շարժումը։ Թերթի խմբագիրները նշում էին, որ իրենք հանդես չեն գալիս ֆրանսիական որևէ կուսակցության կամ հայկական այս կամ այն խմբավորման անունից, այլ ցանկանում են միություն ստեղծել բոլոր բարի կամքի մարդկանց միջև, ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի նկատմամբ կատարվող բռնությունների վրա։ Թերթի հիմնական նպատակն էր Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի և 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների» իրականացումը[6]։

Հրատարակողները ձգտում էին հասարակական կարծիք ստեղծելու միջոցով ազդել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա, նրա կառավարողներին հուշել հայանպաստ ձեռնարկումների իրականացման անհրաժեշտությունը[7]։ «Պրո Արմենիան» հարուստ տեղեկություններ է հաղորդել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ջարդերի, հայկական հարցի օգտին եվրոպական երկրներում կազմակերպված միջոցառումների մասին։ Թերթում հրատարակվել են սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականությունը մերկացնող փաստաթղթեր։

Կովկասում հայկական դպրոցների փակման և դրան հաջորդած ռուսական առաջին հեղափոխության տարիներին «Պրո Արմենիան» տպագրել է նաև ցարիզմի ռուսականացման քաղաքականության դեմ ուղղված բազմաթիվ հոդվածներ։ Թերթի էջերում հայ ժողովրդի արդար դատի պաշտպանությամբ հաճախ հանդես են եկել II ինտերնացիոնալի առաջնորդները, ժամանակի ականավոր քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ ու պատմաբաններ (Է. Վանդերվելդե, է. Բեռնշտայն, Ա. Ֆրանս, Պ. Միլյուկով և ուրիշներ)։ Տպվել են հոդվածներ նաև Արևմտյան Հայաստանում հայ ֆիդայիների հերոսական կռիվների մասին։

1912-1913 թվականներին «Պրո Արմենիա»-ի փոխարեն հրատարակվել է "Pour les Peuples d’Orient" («Արևելքի ժողովուրդների համար») թերթը (ամիսը 2 անգամ)։ Տնօրեններ՝ Ֆ. դը Պրեսանսե և Վիկտոր Բերար, քարտուղար՝ Ժան Լոնգե։ Թերթին աշխատակցել է Մ. Վարանդյանը (M. Varandi ստորագրությամբ)։

1913 թվականի դեկտեմբերի 10-ին վերականգնվել է «Պրո Արմենիա» անվանումը։ Թերթի վերջին համարը թվագրված է 1914 թվականի հունիսի 25-հուլիսի 10[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6213532k
  2. «Pro Armenia / rédacteur en chef : Pierre Quillard ; comité de rédaction : G. Clemenceau, Anatole France, Jean Jaurès, Francis de Pressensé, E. de Roberty - 9 années disponibles - Gallica». gallica.bnf.fr. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  3. «Pro Armenia / rédacteur en chef : Pierre Quillard ; comité de rédaction : G. Clemenceau, Anatole France, Jean Jaurès, Francis de Pressensé, E. de Roberty». Gallica (ֆրանսերեն). 1900 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 «Pro Armenia». data.bnf.fr. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  5. «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  6. Vincent Duclert. «Jean Jaurès et la défense des Arméniens». Cahiers Jaures (ֆրանսերեն). N° 217 (3). ISSN 1268-5399.
  7. Ժան Ժորես (1901 փետրվարի 25). "Vigilance" «Զգոնություն» հոդված. Pro Armenia, N 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարանդյան Մ., Հ. Հ. Դաշնակցության պատմություն, հ. 1, Փարիզ, 1932, էջ 204-205։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։