Իգոր Կուրչատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Իգոր Վասիլևի Կուրչատով
ռուս.՝ И́горь Васи́льевич Курча́тов
Kurchatov.gif
Ծնվել է դեկտեմբերի 30 1902 (հունվարի 12 1903)[7] կամ հունվարի 8 (21), 1903[8] Q194623?
Մահացել է փետրվարի 7, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}}) (57 տարեկանում) Մոսկվա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գիտական ոլորտ ֆիզիկոս և գյուտարար
Ալմա մատեր Q1517401? և Q32637?

Իգոր Վասիլևի Կուրչատով (1902 թ. դեկտեմբերի 30, (1903 թ. հունվարի 12), ք. Սիմ (Չելյաբինսկի մարզում)–1960 թ. փետրվարի 7, Մոսկվա), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական կազմակերպիչ, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թ.-ից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946 թ.) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949 թ.)։

Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկներին, միջուկային ռեակցիաներին, որոնք առաջանում են նեյտրոնների ազդեցությամբ, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1903 թ. հունվարի 12-ին (նոր տոմարով) Ուրալում, նախկին Ուֆիմի գուբերնիայի Սիմի Գործարան գյուղում (ներկայումս Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքում): Հայրը՝ Վասիլ Կուրչատովը (1869–1941 թթ.), անտառտնտեսության հողաչափական-հողաբաշխական աշխատանքերի աշխատակից էր: Մայրը՝ Մարիյա Կուրչատովան (1875–1942 թթ.), մինչև ամուսնությունը Ուֆիմի Զլատոուստովյան գուբերնիայի վարժարանի ուսուցչուհի էր:

1908 թ. երեխաների միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով ընտանիքը տեղափոխվում է Սիմբիրսկ քաղաք, որտեղ 1911 թ. Իգոր Կուրչատովը սկսում է հաճախել հանրային դպրոց: 1912 թ. քրոջ՝ Անտոնինայի, հիվանդության (պալարախտ) հետ կապված ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Անտոնինային փրկել չի հաջողվում, բայց ընտանիքը մնում է Սիմֆերոպոլում: Եղբոր՝ Բորիս Կուրչատովի հետ Իգորը հաճախում է տեղի հնրային վարժարանը: Ամառային արձակուրդների ժամանակ, ընտանիքի կարիքները հոգալու համար աշխատում էին գերմանացիների մոտ: Առաջին Համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքի կարիքներից ելնելով Իգորը Սիմֆերոպոլի արական հանրային վարժարանում ուսանելուն զուգընթաց ավարտում է երեկոյան արհեստագործական դպրոցը: Ստանալով փականագործի մասնագիտություն, աշխատանքի է անցնում Տիսենի մեխանիկական ոչ մեծ գործարանում: Նաև վաստակում էր որպես կրկնուսույց, հոր գեոդեզիական արշավներին էր մասնակցում՝ ոտքի տակ տալով ամբողջ Ղրիմը:[9]

Կրթություն[խմբագրել]

1920 թ. գերազանցությամբ ավարտում է ութնամյակը: Նույն տարում ընդունվում է Ղրիմի (այն ժամանակ Տավրիյան) համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին: Այն ժամանակ համալսարանում աշխատում էին Ն. Մ. Կրիլովը, Ն. Ս. Կոշլյակովը, Վ. Ի. Սմիրնովը, ֆիզիկոս և էլեկտրտեխնիկ Ս. Ն. Ուսատին, երիտասարդ ֆիզիկոսներ Ի. Ե. Տամմը և Յա. Ի. Ֆրենկելը, քիմիկոս և մետաղագետ Ա. Ա. Բայկովը: Իսկ համալսարանի ռեկտորն էր Վ. Ի. Վերնադսկին: 1923 թ., չնայած սովին և կարիքին, ժամկետից շուտ հաջողությամբ ավարտում է համալսարանը և ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Պետրոգրադ: 1923 թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է Պետրոգրադի Պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինարարական ֆակուլտետի երրորդ կուրս և կրթությանը զուգընթաց աշխատում է Սլուցկի (ներկայումս Պավլովսկ) Գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարանում:

Ընտանիք[խմբագրել]

1927 թ. փետրվարի 3-ին ամուսնանում է իր մտերիմ ընկեր և կոլեգա Կիրիլ Սինելնիկովի քրոջ՝ Մարինա Սինելնիկովայի հետ:[10]

Սինելնիկնովները Ուկրաինայի Պավլոդար քաղաքից էին, ազնվական տոհմից։ Հայրը բժիշկ էր, մահացել է տիֆից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մոր առողջությունից ելնելով ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մայրը մահանում է։ Մարինան աշխատանքի է անցնում որպես մեքենագրուհի, իսկ Կիրիլը ընդունվում է համալսարան։ Այստեղ էլ Կուրչատովը 1921 թ․–ին ծանոթանում է Կիրիլի , իսկ հետագայում նաև քրոջ՝ Մարինայի հետ։ Երեխաներ չեն ունեցել։ Մարինա Սինելնիկովան մահացել 1969 թ․։

Գիտական առաջին քայլեր[խմբագրել]

1923–1924 թթ. ձմռանը նա կատարում է իր առաջին փորձարարական հետազոտությունը ձյան ալֆա-ռադիոակտիվության չափման վերաբերյալ: Աշխատանքը հրատարակվում է 1925 թ. «Երկրաֆիզիկայի և օդերևութաբանության ամսագիր»-ում (Журнал геофизики и метеорологии) [11] 1924 թ. հունիսին թողնում է աշխատանքը և ուսումը, գնում է Ղրիմ ընտանիքի հետ լինելու համար, քանի որ հոր արտաքսման հետ կապված պետք է հեռանային Ղրիմից:

1924 թ. ամռան՝ հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատում է Թեոդոսիայում Սև և Ազովի ծովերի Կենտրոնական հիդրոօդերևութաբանական կայանում: Շատ կարճ ժամանակում մի քանի գիտական աշխատանքներ է կատարում: Նույն թվականին պրոֆեսոր Ուսատովի հրավերով ընդունվում է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում ասիստենտ, որտեղ հետազոտական աշխատանք է կատարում դիէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ:

Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ (ЛФТИ)[խմբագրել]

Ակադեմիկոս Աբրամ Իոֆֆեն պրոֆեսոր Սեմյոն Ուսատովից տեղեկանալով տաղանդավոր գիտնականի մասին, հրավիրում է Կուրչատովին իր ինստիտուտ՝ որպես առաջին կարգի գիտաշխատող, իր անմիջական գլխավորությամբ աշխատելու: Այդպիսով, 1925 թ.-ից աշխատանքի է անցնում Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում (հիմնադիր՝ Իոֆֆե, 1918 թ.), որի մասին ասում էին «Իոֆֆե հայրիկի մանկապարտեզ»: Այն ժամանակի ԽՍՀՄ ֆիզիկայի հիմնական կենտրոն, միջազգային բարձր չափանիշներին համապատասխան գիտական դպրոց՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և որտեղ կենտրոնացած էին երկրի խոշորագույն ֆիզիկոսներն ու տաղանդավոր երիտասարդությունը: Հենց այստեղ էլ Ի. Վ. Կուրչատովը ձևավորվում է որպես գիտնական: ԼՖՏԻ-ում աշխատում է 1925-1943 թթ.:

Առաջին գիտական աշխատանք[1][խմբագրել]

Իր գիտական գործունեությունը սկսում է կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների, ինչպես նաև բյուրեղների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությամբ, ստեղծում է նոր մեկուսիչ նյութեր: ԼՖՏԻ-ում Կ. Դ. Սինելնիկովի հետ համատեղ 1925 թ.-ին կատարում է իր առաջին գիտական աշխատանքը՝ բարակ մետաղական թիթեղի միջով դանդաղ էլեկտրոնների անցումը: 1930 թ.-ից ղեկավարում է ԼՖՏԻ-ի Ֆիզիկայի բաժինը:

Սեգնետաէլեկտրիկներ[1][խմբագրել]

Այդ շրջանում հատուկ նշանակություն է ստանում սեգնետային աղի անոմալ բարձր դիէլեկտրիկ թափանցելիության հետազոտությունները: Սեգնետաէլեկտրականության մասին նոր պատկերացումները Կուրչատովին հնարավորություն տվեցին բացատրել փորձարարական նյութի հատկությունները: Կուրչատովը Պ. Պ. Կոբեկոյի և իր եղբոր՝ Բ. Վ. Կուրչատովի հետ համատեղ նյութերի նոր դաս հայտնագործեց և սեգնետաէլեկտրիկների ֆիզիկայի հիմքը դրեց: 1933 թ. Կուրչատովը թողարկեց «Սեգնետաէլեկտրիկներ» մենագրությունը, որտեղ ակնարկ կատարեց դիէլեկտրիկների ֆիզիկայի բնագավառում այդ երևույթի վիճակի մասին:

Գիտական կոչում[խմբագրել]

1926–1933 թթ. դիէլեկտրիկների և կիսահաղորդիչների, նրանց հարող թեմաների վերաբերյալ լույս են տեսել Կուրչատովի մոտ հարյուր հոդվածներ, ակնարկներ և ռեֆերատներ (համահեղինակներ՝ Ա. Ֆ. Իոֆֆե, Կ. Դ. Սինելնիկով, Պ. Պ. Կոբեկո, Բ. Վ. Կուրչատով և այլոք): Արդյունքը եղավ այն, որ 1934 թ. Կուրչատովին շնորհվեց ֆիզկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում (առանց դիսերտացիայի պաշտպանության), իսկ 1935 թ. պրոֆեսորի կոչում: 1935 թ. լույս տեավ Կուրչատովի «Ատոմի միջուկի բաժանումը» (Расщепление атомного ядра) գիրքը:

Հեռատես քայլ: Կտրուկ շրջադարձ[2][խմբագրել]

Առաջին հաջողությունը՝ սեգնետաէլեկտրականության հայտնագործումը շատ այլ գիտնականի համար բավարար կլիներ ողջ հետագա կյանքի համար 1932 թ. միջուկային ֆիզիկայի պատմության մեջ անվանում են «ոսկե» տարի. առաջատար երկրների գիտնականները մի շարք հայտնագործություններ արեցին գիտության այդ բնագավառում (Անգլիայում Ջեյմս Չեդվիկը՝ նեյտրոն, ԱՄՆ-ում Կարլ Անդերսոնը՝ պոզիտրոն, Հարոլդ Յուրի՝ դեյտերին): Այդ ժամանակ Կուրչատովը կտրուկ փոխելով իր աշխատանքի ուղղվածությունը ամբողջովին նվիրվեց միջուկային ֆիզիկային: Դա հնարավոր եղավ ԼՖՏԻ-ում տիրող գիտական միջավայրի շնորհիվ: Այդ քայլը միջազգային ճանաչում բերեց Կուրչատովին և նրա գիտական խմբին: Միջազգային կոնֆերանսներ, ընկերական հարաբերություններ երիտասարդ ականավոր գիտնականներ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի (Ֆրանսիա), Ռուդոլֆ Պայերլսոնի (Անգլիա), Պաուլեմ Էրենֆեստոմի (Նիդերլանդներ) հետ:

Ատոմի միջուկի ուսումնասիրություն[2][3][խմբագրել]

Իոֆեյի նախաձեռնությամբ ստեղծված Ատոմային միջուկի ուսումնասիրության լաբորատորիայում ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը եղավ Կուրչատովը, որ սկսեց ատոմի միջուկի ֆիզիկայի՝ ռադիոակտիվության և միջուկային փոխակերպումների, միջուկի ճեղքման ուսումնասիրությունը:[12]

1932 թ. ԼՖՏԻ-ի Ատոմի միջուկի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ, 19ЗЗ թ.-ից Միջուկային ֆիզիկայի բաժնի վարիչ: Միաժամանակ 1935-1941 թթ. ղեկավարում է Լենինգրադի պետական Մ. Ն. Պոկրովսկու անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը և ԽՍՀՄ ԳԱ Ռադիումային ինստիտուտի ցիկլատրոնային լաբորատորիան:

1933 թ.-ից ատոմի միջուկի ֆիզիկայով է զբաղվում, 1934 թ. հայտնաբերում է նեյտրոնների ռմբակոծմամբ պայմանավորված միջուկային շղթայական ռեակցիաների ճյուղավորումը, ուսումնասիրում է որոշ էլեմենտների արհեստական ռադիոակտիվությունը: 1935 թ. Իգոր Կուրչատովը Բորիս Կուրչատովի, Միսովսկիի և Ռուսինովի հետ բացահայտում է արհեստական-ռադիոակտիվ իզոտոպների միջուկային իզոմերիաները: Այդ երևույթի հետ կապված խորը ուսումնասիրությունները Կուրչատովին հնարավորություն տվեցին Միջուկային իզոմերիայի տեսությունը ստեղծել:

Միջուկային ռեակցիաների և միջուկի էներգետիկ կառուցվածքների ուսումնասիրության գործում կարևոր նշանակություն ունեն նեյտրոնների ռեզոնանսային կլանման և ջրածնի հետ նրանց փոխազդեցության վերաբերյալ Կուրչատովի աշխատանքները: Կուրչատովն իրականացրել է մի շարք հետազոտություններ միջուկային ֆիզիկայի առավել հրատապ խնդիրներից մեկի՝ ծանր միջուկների տրոհման վերաբերյալ, աշխարհում առաջինը դիտել է ուրանի սպոնտան ինքնաբուխ տրոհումը:

Ցիկլատրոն[խմբագրել]

Ուսումնասիրությունները սկսելով միջուկային ռեակցիաների ընդունակ լիցքավորված մասնիկների արագացուցիչների նախագծումից, անձամբ մասնակցել է բարձրավոլտ արագացուցիչի շինարարությանը: 1939 թ. անձամբ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին 6 ՄէՎ էներգիայով ցիկլատրոնի մեկնարկը: Ղեկավարում է Եվրոպայում և ԽՍՀՄ-ում ժամանակի ամենախոշոր ցիկլատրոնի (տարրական մասնիկների արագացուցիչ) կառուցումը, որը գործարկվեց Ռադիումային ինստիտուտում (1937 թ.): 1940 թ. նրա ղեկավարությամբ Կ. Ա. Պետրժակը և Գ. Ն. Ֆյոդորովը հայտնաբերեցին ուրանի միջուկների տարերային բաժանումը:[13]

Պատերազմական տարիներ[խմբագրել]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն պես ԽՍՀՄ-ում դադարեցվում է միջուկային ֆիզիկայի բոլոր տեսակի հետազոտությունները: Կուրչատովը սկսում է ռազմածովային նավատորմի պաշտպանական ծրագիրն իրականացնել:

Նավերի ապամագնիսացում[խմբագրել]

1941–1945 թթ.-ին Կուրչատովն այլ գիտնականների հետ պաշտպանական նշանակություն ունեցող մի շարք աշխատանքներ է կատարում: 1941 թ. օգոստոսի 9-ին Կուրչատովը մեկնում է Սևաստոպոլ , նոյեմբերին՝ Փոթի, Տուապսե (Սևծովյան նավատորմ), դեկտեմբերին՝ Բաքու (Կասպիական նավատորմ), 1943 թ. փետրվարին՝ Պալյարնի (Հյուսիսային նավատորմ): Լինելով ռազմածովային նավատորմի նավաշինարարական կազմակերպության գլխավոր խորհրդատուն, Վ. Ի. Կուրչատովը կատարում էր խորհրդատվական, հետազոտական աշխատանքներ, կանոննոր և նորմեր է մշակում, դասախոսություններ է կարդում նավաստիների համար և ուսուցանում է անձնակազմը, նաև աշխատում է նավերի ապամագնիսացման և նույնիսկ ականների ապամոնտաժման աշխատանքներին: Հայրենկական պատերազմի ընթացքում Կուրչատովի և Անատոլի Ալեքսանդրովի ստեղծած «ԼՖՏԻ համակարգը» տեղադրվում է հարյուրավոր նավերի վրա և գերմանական մագնիսական ծովային ականներից հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում:[14][15][16][17]

Ատոմային նախագի[խմբագրել]

Պատմական իրավիճակ[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում ԽՍՀՄ միջուկային հետազոտությունները դադարեցնելուց հետո 1941 թ. սեպտեմբերից հետախուզական տեղեկատվություններ եղան այն մասին, որ ԱՄՆ, Անգլիան և Գերմանիան աշխատում են ատոմային զենքի պատրաստման ուղղությամբ:[18][19] Այդ ինֆորմացիան հաստատող տվյալներ ստանալուց հետո, պատերազմի դաշտում իրավիճակը մի փոքր կարգավորվելուն պես 1942 թ. սեպտեմբերի 28-ին Պետական պաշտպանության կոմիտեն[20] որոշում կայացրեց «կազմակերպել ուրանի վերաբերյալ աշխատանքները»: Այդպիսով «Մանհեթենյան նախագծի» սկսումից մեկ ու կես ամիս անց խորհրդային «Ատոմային նախագիծ» ստեղծելու որոշում կայացվեց: Սակայն աշխատանքները գործնականորեն կազմակերպելը որոշակի ժամանակ պահանջեց: Նախագիծը իրականացվում էր Լավրենտի Բերիայի անմիջական հսկողությամբ: 1943 թ. փետրվարի 11-ին ՊՊԿ-ը որոշում ընդունեց ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները սկսելու մասին: Ամերիկյան նախագիծը ավելի արագ էր առաջ գնում և 1945 թ. Ճապոնական քաղաքների՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներով ԱՄՆ մենաշնորհային դիրք ձեռք բերեց: Սակայն 1949 թ. օգոստոսի 29-ին ավարտվեց ԱՄՆ մենաշնորհի կարգավիճակը Սեմիպալատինսկի բազայում խորհրդային առաջին ատոմային ռումբի փորձարկմամբ: Այդպես ավարտվեց ԱՄՆ մոնոպոլիան և սկսվեց միջուկային և հրթիռային սպառազինության մրցավազքը Արևելքի և Արևմուտքի միջև:

Կուրչատովի ընտրությունը[4][խմբագրել]

1942 թ. ապրիլին Իոֆեն և ՊՊԿ-ի հանձնակատար Կաֆտանովը (ավելի վաղ Ֆլյորովը[21]) ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները վերսկսելու անհրաժեշտությամբ դիմում են Ստալինի: Իոֆեն խիստ անհանգստացած էր, քանի որ ատոմի միջուկի ուսումնասիրությունների վերաբերյալ արևմտյան հրապարակումները դադարեցվել էին: Հետազոտությունների գաղտնիությունը լուրջ վտանգ էր պարունակում: Բերիայի խորհրդով Ստալինը խորհրդակցություն է հրավիրում ակադեմիկոսներ Իոֆեի, Սեմյոնովի, Խլոպինի մասնակցությամբ:[22] Որոշում է ընդունվում ատոմային ռումբի ստեղծման նախագիծը անվանել Ծրագիր համար մեկ և աշխատակազմ ընտրել, հսկողությունը հանձնարարել Մոլոտովին: Պատերազմական իրավիճակից ելնելով այն ձգձգվում է:

Ֆլյորովի այդ թեմայով զեկուցագիրը ֆիզիկոսներին երկու խմբի է բաժանում. ավագ սերունդը Իոֆեյի ղեկավարությամբ նախկինի պես ատոմային ռումբի ստեղծումը ապագայի գործ է համարում, պատերազմի պայմաններում ֆինանսական միջոցների վատնում[23], իսկ երիտասարդ սերունդը՝ Կուրչատովը, Ալիխանովը Ֆլյորովի տեսակետը արդիական են համարում: Կապիցան և Իոֆեն տարբեր պատճառներով հրաժարվում են ղեկավարել նախագիծը: Ստալինը որոշում կայացնելու համար ատոմային գործում ամենահեղինակավորներին հրավիրում է իր ամառանոց: Քննարկումների արդյունքում առաջադրվում է Իոֆֆեի, Ալիխանովի և Կուրչատովի թեկնածությունը: Ստալինին շնորհակալություն հայտնելով՝ Իոֆեն հրաժարվում է[24] (Կապիցան նախապես հրաժարվել էր[25]):

ՊՊԿ-ի խորհրդակցության ժամանակ Ստալինն այդ իրավիճակն այսպես բացատրեց.

։Ատոմային գործերին առավել մոտ են Իոֆեն և Կապիցան, բայց նրանք արդեն համաշխարհային համբավ ունեն, նաև մեծ գիտա-հետազոտական ինստիտուտների տնօրեններ են: Եթե այս լուրջ խնդիրը հանձնարարենք նրանց, ապա այն կխանգարի իրենց ամենօրյա աշխատանքին: Պետք է փնտրել տաղանդավոր և համեմատաբար երիտասարդ այնպիսի ֆիզիկոս, որի համար ատոմային խնդրի լուծումը լինի նրա կյանքի միակ գործը: Իսկ մենք նրան իշխանություն կտանք, կդարձնենք ակադեմիկոս և իհարկե ուշադիր կհսկենք նրա աշխատանքը:[26]

Նախնական ցուցակով հիսուն թեկնածու կար: 1942 թ. աշնանը երկուսը մնացին: Առավել իրական թեկնածուն Իոֆեյի աշակերտ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, գիտական աշխարհում ճանաչում ստացած 37 ամյա պրոֆեսոր Ալիխանովն էր:

Իոֆեն՝ խորհրդային ֆիզիկայի հիմնադիրը համարում էր, որ ատոմային նախագծի գիտական ղեկավարի ամենահարմար թեկնածուն Կուրչատովն էր:

1942 թ. սեպտեմբերի 28 Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ի. Վ. Ստալինի հրահանգով ուրանի վերաբերյալ աշխատանքները վերականգնվեցին: 1943 թ. հունվարին Կուրչատովը, Ալիխանովը և Սվերդլովսկից պրոֆեսոր Կիկոինը քիմիական արդյունաբերության ժողկոմ Պետվուխինի մոտ ընդունելության ժամանակ հանձնարարական ստացան. ատոմայի զենք ստեղծելու պլանի վերաբերյալ զեկուցագիր կազմել:[27] Կուրչատովը Կառավարությանը ներկայացրեց «Ուրանի խնդիրները» թեմայով զեկուցագիր և 1943 թ. փետրվարի 15-ին ՊՊԿ որոշում ընդունեց Կուրչատովի ղեկավարությամբ ստեղծել միասնական գիտական կենտրոն ԽՍՀՄ ատոմային զենք ստեղծելու համար:[28] Կենտրոնը կոչվեց ԽՍՀՄ «Գիտությունների ակադեմիայի №2 լաբորատորիա»[29][30], Կուրչատովը՝ №2 լաբորատորիայի վարիչ:

Արժանիքները[4][խմբագրել]

Կուրչատովի մասին Մոսկվայում լուրեր էին տարածվել, որ երիտասարդ պրոֆեսորը շատ ցրված է, Իոֆե հայրիկի ուշադրությունից երես առնելով մի մոդայիկ գիտական թեմայից թռչում է մեկ այլ թեմայի: Սակայն Կուրչատվը իր բոլոր ձեռնարկումներում արագ հաջողության էր հասնում, նկատելի գիտական արդյունքներ էր տալիս: Մոցարտյան տաղանդի նման ստեղծագործական բնույթի խնդիրների լուծման նույն արտաքին, թվացյալ թեթևությունը, որի հիմքը հսկայական աշխատասիրությունն էր, ինտելեկտը, ընդունակությունը տեսնելու այն, ինչը ուրիշ գիտնականներ խնդիր չէին համարում: Կուրչատովն իր տաղանով նյարդայնացնում էր հատկապես պահպանողական գիտնականներին: Եվ Գիտությունների ակադեմիայի ընտրություններում թղթակից-անդամի նրա թեկնածությունը դնելով ցանկանում էին վրեժխնդիր լինել:[4]

Ըստ Իոֆեի Կուրչատովի մոտ առավել ներդաշնակ միահյուսված էին գիտնականի և ղեկավարի տաղանդը, նա առաջնորդի վառ արտահայտված հատկություններ ուներ: Կուրչատովը հեշտությամբ լեզու էր գտնում ցանկացած մարդու հետ, ում հետ շփվում էր՝ բառացիորեն հմայվում էին նրանով: Այդուհանդերձ, սկզբունքային էր, անհրաժեշտության դեպքում՝ կտրուկ, ոչ դաժան, բայց պահանջկոտ ղեկավար էր: Բարձր պահանջկոտությունը անկեղծության հետ համահունչ էր: Շրջապատի նկատմամբ դրսևորում էր ոչցուցադրական հարգանք: Հավանաբար այդ էր պատճառը, որ առանց գոռալու, «ճամբարի փոշի դարձնել» սպառնալիքների նա կարողացավ ստիպել իր գործընկերներին ուժերի ողջ նվիրումով աշխատել: Մարդիկ մինչև վերջ գնում էին Կուրչատովի հետևից՝ հավատալով նրան:

Նրան հնարավոր չէր չսիրել. սև, փայլուն աչքերը, ասես անհավանական մագնիսականությամբ էին օժտված, հմայիչ ժպիտը, առողջ լավատեսությունը, հումորի զգացումը զրուցակցի վրա վառ տպավորություն էին գործում:[4]

Մասնագետների ներգրավում[խմբագրել]

Կուրչատովը ստացավ արտակարգ լիազորություններ և Կառավարության համակողմանի աջակցություն: Աշխատանքի համար լրացուցիչ մասնագետներ էին հարկավոր և Կուրչատովը երիտասարդ տաղանդավոր գիտնականների է ներգրավում՝ Յակով Զելդովիչ (28 տարեկան), Յուլիյ Խարիտոն (34 տարեկան), Գեորգի Ֆլյորով (29 տարեկան), Իսահակ Կիկոին (34 տարեկան) և այլն։ Այդ նախագծի մեջ ներգրավում է Զինաիդա Երշովային, որը Մարի Կյուրիի լաբորատորիայում լավ դպրոց էր անցել: Նրա գլխավորությամբ ստեղծվում է № 1 լաբորատորիան, որի առջև խնդիր էր դրված ստանալ ուրանի կարբիդ և մետաղական ուրան:[31]

Գերմաքուր գրաֆիտի ստացումը հանձնարարեց № 2 լաբորատորիայից Գոնչարովին և Պրավդյուկին, իսկ գրաֆիտի արտադրության պատասխանատվությունը՝ Եֆիմ Պավլովիչ Սլավսկիին (գունավոր մետալուրգիայի ժողկոմի տեղակալ), որը հետագայում ատոմային խնդրի աշխատանքներում է մասնակցում:

Եվ նրան հաջողվեց ետ կանչել Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ծառայությունից ԽՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիան (որտեղ 1943—1945 թթ. բացառապես հետազոտական աշխատանքներ էր կատարվում) ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ մասնագետների: Այդ տարի (1943 թ.) ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ լիիրավ անդամ:

Միջուկային ռեակտորի տեսությունը տալիս էր ուրանի միջուկի քայքայման շղթայական ռեակցիաների բացատրությունը: Այդ գործում նշանակալից ներդրում ունեցան Ի. Ի. Գուրևիչը, Յու. Բ. Խարիտոնը, Ի. Յա Պոմերանչուկը, Ա. Ի. Ախիեզերը, Վ. Ս. Ֆուրսովը, Ս. Մ. Ֆեյնբերգը, Ի. Մ. Ֆրանկը, նաև Միգդալը, Կոզոդաևը, Ի. Ս. Պանասյուկը:[32]

Նեյտրոնների արագությունը մեղմելու էֆեկտիվ միջոցներից՝ գրաֆիտ, սովորական ջուր թե ծանր ջուր, ընտրություն կատարելու նպատակով երեք սեկտոր ձևավորվեց

  • № 1 սեկտոր ուրանա-գրաֆիտային, որը ղեկավարում էր Ի. Վ. Կուրչատովը, Ի. Ս. Պանասյուկի, Ե. Ն. Բաբուլաևիչի Բ. Գ. Դուբովսկիի, Ի. Ֆ. Ժեժերունի, Վ. Ա. Կուլակով Ն. Մ. Կոնոպատկին:
  • № 2 սեկտորը՝ ծանր ջուր, որը ղեկավարում էր Ա. Ի. Ալիխանովը: Իրոք, այդ տիպի ռեակտորի համար 15 անգամ ավելի քիչ ուրան էր անհրաժեշտ, քան գրաֆիտային դանդաղացուցիչի դեպքում (դա, իրոք այդ պահին արդիական հարց էր): Սակայն ծանր ջուր ամբողջ ԽՍՀՄ-ում 2 կգ ջրից էլ քիչ կար, իսկ տասնյակ տոննաներ պետք կլիներ և շատ էներգատար էր: Տասը տարի հետո երկու տիպի ռեակտորների աշխատանքի փորձից պարզվեց, որ այս տարբերակի առավելությունները ավելի մեծ են, բայց այդ ժամանակ առավելությունը տրվեց Կուրչատովի սեկտորին:
  • № 3 սեկտորը. եթե պլուտոնիումային ռումբը երեք մեթոդով կարելի էր ստանալ, ապա ուրանային ռումբը՝ երկու. գազադիֆուզիոն և էլեկտրամագնիսական: Գազադիֆուզիոն ուրանային ռումբի ստացումը Կուրչատովը հանձնարարեց ղեկավարել Ի. Կ. Կիկոինին: Էլեկտրամագնիսական ուրանային ռումբի ստացման աշխատանքները մշակում էր Լ. Ա. Արցիմովիչի ղեկավարած խումբը:

Պլուտոնիումի հատկություններն ուսումնասիրելու համար Կուրչատովը Լ. Մ. Նեմերովին պատվիրեց Լենինգրադից բերել ցիկլատրոնի հիմնական մասերը:

Նեյտրոններով ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման արտադրական տեխնոլոգիաները մշակելու համար ներգրավվեց Վ. Գ. Խլոպինը, որը մինչ պատերազմը «Ուրանի հանձնաժողովի» նախագահն էր[33], բայց 1943 թ. գարնանը նույնիսկ տեղյակ չէր ՊՊԿ-ի նոր որոշման մասին: Ռադիումային արտադրության հիմնադիրը կարողացավ զսպել իր ամբիցիաները և այս իրավիճակին ըմբռնումով մոտենալով (հանուն ընդհանուր գործի), նոր տեխնոլոգիայի մշկման գործին անցավ գլխավորելով Ռադիումային ինստիտուտի առաջատար մասնագետներ Բ. Ա. Նիկիտինին, Ի. Ե. Ստարիկին, Վ. Մ. Վդովենկոյին, Ա. Պ. Ռատներին, Գ. Մ. Տոլմաչովին:[34]

Կուրչատովի բոլոր առաջարկությունները, հայտնագործությունները և նորարարությունները գրեթե միանգամից կիրառություն էին ստանում, մտնում էին արտադրություն:

«Ատոմային նախագծի» մասնակիցներից Ի. Ն. Գոլովինը հետագայում գրել է.

«Բ. Լ. Վաննիկովն ու Ի. Վ. Կուրչատովը հրաշալի լրացնում էին միմյանց: Կուրչատովը պատասխանատու էր գիտական խնդիրների լուծման, ինժեներներին և հարակից գիտաշխատողներին ճիշտ կողմնորոշելու համար, իսկ Վաննիկովը՝ արդյունաբերական պատվերների շտապ կատարման և աշխատանքների կոորդինացման համար»:

Այդ տեսակետի հետ համամիտ էր նաև հրթիռա-տիեզերական արդյունաբերության ստեղծման աշխատանքների մասնակից, նշանավոր գիտնական, կոնստրուկտոր Բ. Ե. Չերտոկը:[35]

Առաջին միջուկային ռեակտոր[խմբագրել]

Ատոմային նախագծի առաջին գլխավոր փուլը միջուկային ռեակտորի ստեղծումն էր և ուրանի բաժանման կարգավորվող շղթայական ռեակցիայի իրականացումը: Կուրչատովի ղեկավարությամբ ԽՍՀՄ ԳԱ Իոֆֆեյի անվան ԼՖՏԻ-ի (Գ. Ն. Ֆլյորով) և ԽՍՀՄ ԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան Ռադիումային ինստիտուտի (Կ. Ա. Պետժակ) աշխատակիցների շնորհիվ հայտնաբերվեց ուրանի միջուկի ինքնաբերաբար տրոհումը: Կուրչատովն անձամբ մասնակցում էր բոլոր աշխատանքներին և 1946 թ. հայրենական գիտության և տեխնիկայի մեծագույն նվաճումը եղավ առաջին միջուկային ռեակտորի գործարկումը: Այն էական կարևորություն էր ներկայացնում ամբողջ ատոմային նախագծի համար: Հետագայում Կուրչատովը ղեկավարեց միջուկային մի շարք ռեակտորների նախագծման և ստեղծման աշխատանքները:

Ֆ-1 ռեակտոր[5][խմբագրել]

Կուրչատովը առաջինը կանխատեսեց, որ պայթյունով միջուկային շղթայական ռեակցիան կարելի է իրականացնել ոչ միայն հարստացված ուրանիով, այլ նաև միջուկային ռեակտորներում ստացված արհեստական պլուտոնիումով, ընդ որում էականորեն ավելի արագ:

№2 լաբորատորիային տրամադրվեց 120 հա հողատարածք Մոսկվայի ծայրամասում (Պակրովսկի-Ստրեշնև) ատոմային ռեակտոր կառուցելու համար: Ճառագայթման խնդիրը մեղմելու նպատակով նրա մեծ մասը գետնի մակարդակից ցածր նախագծվեց: 1946 թ. նոյեմբերին սկսվեց ռեակտորի հավաքումը: Ռեակտորի ակտիվ գոտու (Ֆ-1՝ առաջին ֆիզիկական) վերջին 62-րդ շերտը տեղադրվեց 1946 թ. դեկտեմբերի 25-ի երեկոյան:[5] Կուրչատովն անձամբ մանրակրկիտ ուշադրությամբ ղեկավարում էր միջուկային շղթայական հսկվող ռեակցիայի գործնական իրականացման աշխատանքները և ԽՍՀՄ առաջին փորձարարական ուրան-գրաֆիտային Ֆ-1 ռեակտորի ներդրման աշխատանքները: Ռեակտորի աշխատանքը իրականացվում էր բնական ուրանի և գրաֆիտային նեյտրոնային դանդաղեցուցիչի հիմքի վրա: Պետք էր բացարձակ մաքուր գրաֆիտ և մետաղական ուրան, քանի որ աննշան անմաքրությունը կլանում էր նեյտրոնները և շղթայական ռեակցիան խափանվում էր:[36]

Մի վերջին անգամ անվտանգության համակարգերը ստուգելուց հետո Կուրչատովը հանձնարարեց լարի մոտ, որից կախված էր անվտանգության համակարգի կադմիումային ձողը, դնել ամենասովորական կացին. եթե անվտանգության համակարգերը չաշխատեն և ստեղծվի վթարային վիճակ, լարը կտրելով ձողը կընկներ ակտիվ գոտի և շղթայական ռեակցիան կընդհատվեր:

Ղեկավարման վահանակի մոտ մնացին միայն ռեակտորի հիմնական աշխատանքների պատասխանատուները, Մինիստրների խորհրդից լիազորված Ն. Ի. Պավլովը, իսկ Կոուրչատովը անձամբ նստեց ղեկավարման համակարգի մոտ և ակտիվ գոտուց սկսեց հանել կադմիումային ձողերը: Համակարգը աշխատեց չորս ժամ: Փորձարկումը հաջողությամբ ավարտվեց: Հաջորդ օրը Բերիայի ներկայությամբ գործարկվեց ռեակտորը:

«Կուրչատովի ինտիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնի նախագահ ակադեմիկոս Եվգենի Վելիխովի խոսքերով.
Նրա կառուցած այդ ռեակտորն առ այսօր աշխատում է առանց վերանորոգման և վառելանյութը փոխելու, և կգործի ևս 300 տարի, եթե որևե «խելոք» չպահանջի ապամոնտաժել այն:[37]

Ամերիկյան Ֆերմի միջուկային ռեակտորը ապամոնտաժվեց, իսկ Ֆ-1 շարունակում է աշխատել: Շնորհիվ նեյտրոնային հոսքի բարձր կայունության, այն էտալոն է ծառայում նոր ԱԷԿ-երի ռեակտորների համար նախատեսված սարքավորումների չափաբերման (կալիբրովկայի) համար:[5]

Պլուտոնիում-239[խմբագրել]

Ուրան-238-ի բլոկները, որոնք վերածվել էին պլուտոնիումի, ուղարկվեց Ա. Ա. Բոչկարի НИИ-9 լաբորատորիա՝ միջուկային և ֆիզիկա-քիմիական հատկությունները ուսումնասիրելու համար, առանց որի հնարավոր չէր ատոմային ռումբ կառուցել:[5]

Լաբորատոր պայմաններում պլուտոնիում-239-ի ստացումը (1947 թ.) հնարավորություն տվեց մշակել արդյունաբերական արտադրության մեթոդները: Այդ ընթացքում ստեղծվել էր ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման տեխնոլոգիական սխեման, լուծվել էին մետաղական պլուտոնիումի ստացման և ատոմային ռումբի բաղադրիչների պատրաստման խնդիրները: Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, Ֆ-1-ի փորձի հիման վրա Հարավային Ուրալում (Չելյաբինսկ-40, ներկայումս՝ Օզյորսկ) սկսեց 100 հազ. Կվտ հզորությամբ Ի-1 առաջին արտադրական ռեակտորի շինարարությունը: 1949 թ. այտեղ ճառագայթված ուրանից անջատվեց մոտ 4 կգ պլուտոնիում: Այսպիսով, երկրի առաջին պլուտոնիումային գործարանը սկսեց արտադրանք տալ:

Արզամաս-16[խմբագրել]

Կուրչատովը 1946 թ. միաժամանակ № 2 լաբորատորիայի КБ-11 մասնաճյուղի (Արզամաս-16 գիտավան, այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք) ստեղծման աշխատանքների գիտական ղեկավարն էր, որտեղ մշակվում էին միջուկային ռումբի առաջին նմուշները:

Առաջին ատոմային ռումբի նախագիծը սկզբում տարվում էր միաժամանակ մի քանի նախագծային բաժիններում, բայց երբ պարզ դարձավ, որ Ստալինի նշանակած ժամկետը (1948 թ.-ի սկիզբ) իրատեսական չէ, Հատուկ կոմիտեն ողջ ուժերը կենտրոնացրեց КБ-11-ում. ստեղծվեց հզոր փորձարարական բազա, անհրաժեշտ գիտական և մաթեմատիկական մտքի ապահովմամբ՝ կիրառելով այդ ժամանակի համար չտեսնված ԷՀՄ-եր: Արզամաս-16-ի կոնստրուկտորները հենց առաջին տարում արդեն ռումբի առավել էֆեկտիվ տարբերակ գտան, բայց Բերիան կատեգորիկ դեմ էր նորարարությանը, թեկուզ որոշ տարրերի ամենաչնչին արդիականացմանը, քանի որ ռումբի փորձարկումը անվրեպ պետք է լիներ: Իսկ ամերիկյան ռումբն արդեն փորձարկված լինելով առավել հուսալի էր:

Յու. Բ. Խարիտոնը հիշում է.
...առաջին խորհրդային ատոմայի ռումբի նախագծի համար օգտագործվեց Կ. Ֆուկսի և հետախուզության շնորհիվ մեզ հասած ամերիկյան արդեն փորձարկում անցած ատոմային ռումբի մանրամասն սխեման և նկարագրությունը:[38]

1949 թ. պլուտոնիումային գործարանի տված արտադրանքով Արզամաս-16-ում Յու. Բ. Խարիտոնի ղեկավարությամբ պատրաստվեց առաջին միջուկային լիցքը և առաջին միջուկային զենքը:

Այսպիսով, № 2 լաբորատորիայի ստեղծման օրվանից չորս տարվա ընթացքում գիտնականներին հաջողվեց ստեղծել ատոմային ռեակտորում միջուկի գործընթացների տեսության հիմքերը, կարգավորել ուրանի ջերմարձակող էլեմենտների արտադրությունը, ստանալ գերմաքուր գրաֆիտ, նախագծել և կառուցել շղթայական ռեակցիաները հսկող և ղեկավարող սարքեր և, ամենակարևորը՝ կառուցել ռեակտոր: Կուրչատովն ըստ էության կարողացավ ստեղծել և՛ գրաֆիտի, և՛ մետաղական ուրանի արդյունաբերական արտադրությունը:

№ 2 լաբորատորիայի մասնաճյուղի (КБ-11) ջանքերով 1949 թ. օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի բազայում Կուրչատովի ղեկավարությամբ իրականացվեց ԽՍՀՄ առաջին РДС-1 (Россия Делает Сама) պլուտոնիումային միջուկային ռումբի փորձարկումը՝ առաջին միջուկային պայթյունը (ամերիկյան ռումբի կրկնօրինակը):[39]:

ԱՄՆ ատոմային մենաշնորհի չեզոքացումը էական նշանակություն ունեցավ «սառը պատերազմի» սկզբնական շրջանում միջազգային իրավիճակի կարգավորման գործում: Ինքը՝ Իգոր Կուրչատովը ատոմային խնդրի լուծումը համարում է իր մեծագույն ներդրումը խաղաղության գործում:

Ջրածնային ռումբ[խմբագրել]

Ատոմային ռումբի ստեղծման ընթացքում հայտնաբերվեցին թեթև տարրերի սինթեզի իրականացման սկզբունքային հնարավորություններ, որը ստացավ ջրածնային (ջերմամիջուկային) ռումբ անվանումը: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԽՍՀՄ-ում: 1951 թ. ատոմային ռումբերի հայրենական նախագծերը ստուգումն անցան և ԽՍՀՄ գործարանները այդ ընթացքում լիովին յուրացրեցին միջուկային վառելիքի արտադրության տեխնոլոգիաները: Խորհրդային միության Կառավարության որոշմամբ ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքները շարունակվեց իրականացնել Ի. Վ. Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, որը Կուրչատովն իրականացրեց (նախագիծը՝ Խարիտոնովի, գաղափարը՝ Սախարովի) անհավանական կարճ ժամկետներում: 1953 թ. օգոստոսի 12-ին ԱՄՆ-ից մեկ տարի շուտ ԽՍՀՄ-ը հայտարարեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը իրականացնելու մասին:

Գիտությունը խաղաղ նպատակների համար[խմբագրել]

Ջրածնային ռումբի փորձարկումից հետո Կուրչատովն ասել է Ալեքսանդրովին.

«Դա այնպիսի հրեշավոր տեսարան էր. չպետք է թույլ տալ, որ այս զենքը կիրառություն գտնի»:

Գիտական և գիտա–կազմակերպչական հսկայական զբաղվածության պայմաններում, խոշոր գիտական, գիտա–տեխնիկական և արտադրական կոլեկտիվներ ղեկավարելով հանդերձ, Կուրչատովը ժամանակ էր գտնում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար։ Նա ելույթներ էր ունենում ԽՍՀՄ գերագույն խուրհուրդների նիստերում, կոմկուսի համագումարներում, լրատվամիջոցներում՝ ներկայացնելով հայրենական գիտության նվաճումները, զարգացման հեռանկարները։ ԽՍՀՄ Կոմկուսի 1956 թ․, 1959 թ․ համագումարներում, Գերագույն խորհրդի նիստերում (1958 թ․)՝ որպես պատգամավոր (1950 թ․–ից մինչև մահը), հոդվածներում, հարցազրույցներում, տպագիր հրատարակումներում, կոլեգաների և ուսանողների շրջանում, միջազգային կոնֆերանսներում և այլուր, ամենուրեք Կուրչատովը մատնացույց էր անում ատոմային և ջերմամիջուկային զենքի համընդհանուր արգելման հասնելու անհրաժեշտությունը։

«Մենք, խորհրդային գիտնականներս, խորապես վրդովված ենք, որ առ այսօր միջազգային համաձայնագիր չկա ատոմային և ջրածնային զենքի անվերապահ արգելման մասին» (1958 թ. մարտի 31-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստի Կուրչատովի զեկույցից)։

1955 թ․ գլխավորում է Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Առաջին Միջազգային կոնֆերանսում խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա

1955 թ. անցկացնում է Համամիութենական գիտաժողով հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների վերաբերյալ։

1956 թ․ խորհրդային պետական պատվիրակության կազմում զեկուցումով հանդես է գալիս Հարուելլի ատոմային կենտրոնում (Անգլիա) հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների խնդրի և ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ։

1958 թ. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Երկրորդ Միջազգային կոնֆերանսում գլխավորում է խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա):

1958 թ․ Կուրչատովի առաջարկով Անդրեյ Սախարովը մթնոլորտում ջերմամիջուկային փորձարկումների հետևանքների վերաբերյալ գիտական գնահատական է պատրաստում։ Արդյունքն եղավ այն, որ Սախարովը հետագայում կանգնեց մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելման մասին Համաձայնագրի կնքման նախաձեռնողների շարքերում (1963 թ․)։

Տաղանդավոր ղեկավար և գիտական կազմակերպիչ[խմբագրել]

Կյանքի վերջին ամիսը[խմբագրել]

Իգոր Վասիլևիչ Կուրչատովի կյանքը դինամիկ և սրընթաց է եղել։ Իսկ հատկապես վերջին ամիսը առավել հագեցած էր։ Նոր գաղափարներով տոգորված, նա եղավ Ուկրաինայում, ծանոթացավ Խարկովի ֆիզիկա–տեխնիկական ինստիտուտի և Ուկրաինայի ԳԱ Միջուկային հետազոտությունների ինստիտուտի աշխատանքներին, պլանավորում էր միջուկային ֆիզիկայի և ջերմամիջուկային ռեակցիաների նոր աշխատանքների զարգացումը։ Վերադառնալով Մոսկվա, նա մեծ վերելքով առավոտից իրիկուն աշխատում էր, անտեսելով բժիշկների բոլոր արգելքները, սահմանափակումներն ու խորհուրդները։

Կյանքի վերջին օրը Կուրչատովը Բարվիխա առողջարանում բուժվող իր ընկերոջ՝ ակադեմիկոս Յուլիյ Բարիսովիչ Խարիտոնին այցելության էր գնացել։ Նստարանին նստած զրույցի ժամանակ մի պահ դադար եղավ, Խարիտոնը նայեց Կուրչատովի կողմը․ նա արդեն մահացած էր։ Մահը վրա էր հասել տրոմբից առաջացած սրտի էմբոլիայի հետևանքով 1960 թ․ փետրվարի 7–ին, ժամը 12–ն անց 15 րոպ։

Գիտնականի մարմինը դիակիզման է ենթակվել, իսկ փոշին Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլյան պատի տակ է հանգչում։

Պատգամ[խմբագրել]

«Ձեր աշխատանքում կատարեք միայն ամենակարևորը, հակառակ դեպքում երկրորդականները, որոնք նույնպես էական են, հեշտությամբ կխլեն ձեր ամբողջ ժամանակը, ողջ ուժերը և ամենակարևորին չեք հասնի»:[2] Իգոր Կուրչատով

Կոչումներ և պարգևներ[խմբագրել]

ԽՍՀՄ ՄԽ Հրամանագիր[խմբագրել]

1949 թ. հոկտեմբերի 29-ին Ստալինը ստորագրեց ԽՍՀՄ ՄԽ № 5070-1944 հրամանագիրը[43]

Միջուկային էներգիայի կիրառության խնդիրների լուծման գործում Խորհրդային Հայրենիքի առջև բացառիկ վաստակը հաշվի առնելով և ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1946 թ. մարտի 21-ի № 627—258 որոշման համաձայն, ԽՍՀՄ ՄԽ ՈՐՈՇՈՒՄ է՝
  • Ակադեմիկոս, միջուկային ռեակտորների և ատոմային զենքի ստեղծման աշխատանքների գիտական ղեկավար Իգոր Վասիլի Կուրչատովին.
  • — ներկայացնել Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման,
  • — պարգևատրել 500.000 ռուբլի գումարով (ի հավելումն նախկինում տրված 500.000 ռուբլի պարգևավճարի մասի (50 %) և ЗИС-110 ավտոմեքենայի):
  • Ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովին շնորհել առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկրի կոչում:
  • Պետության հաշվին կառուցել առանձնատուն և ամառանոց, և սեփականության իրավունքով հանձնել ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովին համապատասխան պայմաններով:
  • Հաստատել ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովի աշխատավարձի կրկնապատիկ վճարումը միջուկային էներգիայի կիրառման ոլորտում նրա ողջ հետագա աշխատանքի ընթացքում:
  • Կուրչատովին տրամադրել
  • —ԽՍՀՄ սահմաններում երկաթուղային, ջրային և օդային փոխադրամիջոցների անվճար երթևեկության իրավունք (ցմահ՝ իր և իրեն կնոջ համար):

Ի պատիվ Կուրչատովի[խմբագրել]

Քաղաքներ, մարզեր և փողոցներ[խմբագրել]

Կրթական հաստատություններ[խմբագրել]

  • «Կուրչատովի ինստիտուտ»ում Հունվարի 12-ին (ծննդյան օրը) ամենամյա Կուրչատովյան ընթերցումներ[46]
  • Մոսկվայում Կուրչատովի անվան № 1189 միջնակարգ դպրոց
  • Ծննդավայրում Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքի Կուրչատովի անվան № 1 միջնակարգ հանրակրթական դպրոց: Դպրոցի առաջին հարկում նրա հուշարձանն է կանգնեցված:

Ատոմակայաններ[խմբագրել]

Հուշարձաններ[խմբագրել]

  • Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքի «Ագրեգատ» գործարանի գլխավոր մասնաշենքի առջև հուշարձան է կանգնեցված
  • Վոլգոդոնսկ քաղաքի «Ատոմմաշ» գործարանի գլխավոր մասնաշենքի առջև
  • Մոսկվայում Կուրչատովի անվան հրապարակում
  • Մոսկվայի մարզի Դուբնե քաղաքի Կուրչատով փողոցի սկզբում
  • Չելյաբինսկի Հարավ-Ուրալյան պետական համալսարանի շենքի մոտ
  • Չելյաբինսկի մարզի Օզյորսկ քաղաքի Երմոլաևի և Լենինի պողոտաների միջև գտնվող պուրակում
  • Սևաստոպոլի առափնյա Հոլանդիա բուխտայում Ի. Վ. Կուրչատովի և Ա. Պ. Ալեքսանդրովի հուշարձանն է կանգնեցված՝ ի պատիվ 1941 թ. նավերի ապամագնիսացման նրանց կատարած աշխատանքների
  • Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի Խուրչատով փողոցում
  • Սնեժինսկ քաղաքում
  • Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզի Յուժնոուկրաինսկ քաղաքում
  • Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքի Ազատութան հրապարակում
  • Ղազախստանի Արևելա-Ղազախստանյան մարզի Կուրչատով քաղաքի Կուրչատով փողոցում...

Փոստային նամականիշներ[48][խմբագրել]

  • 1963 թ. Կուրչատովի ծննդյան 60-ամյակին նվիրված նրա դիմանկարով անվանական նամականիշ (ЦФА[49] (ИТЦ «Марка») № 2829)
  • 1979 թ. Կուրչատովի պրոֆիլը (կիսադեմ) «Ակադեմիկոս Կուրչատով» գիտահետազոտական նավի հետ միասին
  • 2003 թ. Ռուսաստանի փոստային նամականիշ Կուրչատովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Հետաքրքիր է իմանալ[խմբագրել]

Կուրչատովին մականունը[խմբագրել]

Աշխատակիցները Կուրչատովին իր երկար մորուքի համար Բարադա (Борода–մորուք) մականունն էին տվել։ Այդ մորուքն իր նախապատմությունն ունի։

Կինը՝ Մարինա Սինելնիկովան, պատերազմի առաջին շաբաթներին իսկ տարհանվել էր Կազան։ 1942 թ․ հունվարին, խիստ սառնամանիքին Կուրչատովը մեկնում է Կազան։ Նրա բարակ ծովային բաճկոնը չի պաշտպանում ցրտից և նա հիվանդանում է թոքերի բորբոքումով։ Վիճակն այնքան ծանր էր, որ մի կերպ ողջ է մնում։ Հիվանդությունը երեք ամիս է տևում։ Այդ ընթացքում մորուք էր աճել։ Հիվանդությունից ոտքի կանգնելով նա հայելու մեջ տեսնում է իր խիստ հյուծված դեմքը։ Կնոջ հարցին՝ կսափրվե՞ս, պատասխանում է․ «հաղթանակից հետո»։

Մոսկվայի Կուրչատովի տուն–թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռաիսա Կուզնեցովայի խոսքերով․

։Այդ օրվանից նա չսափրեց մորուքը։ Գուցե կսափրեր, ինչպես խոստացել էր հաղթանակից հետո, բայց այդ ընթացքում փաստաթղթերի բոլոր լուսանկարներում մորուքով էր։ Չսափրվելու համար կար ևս մի կարևոր հանգամանք․ Կուրչատովի հետ աշխատող ակադեմիկոսները տարիքով մեծ էին նրանից, իսկ մորուքը ծանրակշիռ տեսք էր տալիս։[50]

Ծնողների մահը[խմբագրել]

Պատերազմի սկզբում, երբ Կուրչատովը Սևաստոպոլ գործուղման էր, 1941 թ․օգոստոսի 29–ին մայրը նամակ է ուղարկում հոր մահվան մասին։ Ի դեպ, 1949 թ․ հենց այդ օրն էլ Կուրչատովը նշանակել է առաջին խորհրդային ատոմային ռումբի փորձարկման օրը։ Ամենայն հավանականությամբ այդ օրվա ընտրությունը Վասիլ կուրչատովի հիշատակին է նվիրված։[50]

1942 թ․ փետրվարին Կուրչատովի մորը շրջափակված Լենինգրադից տեղափոխում է Կուրչատովի ասպիրանտներից մեկը։ Մարիյա Կուրչատովան երկարատև սովից խիստ հյուծված էր և մահանում է ապրիլի 12–ին, Վոլոգդայում։

Ֆիլմեր[խմբագրել]

  • Նպատակի ընտրություն («Выбор цели» Ռուսաստան 1975 թ.) ռեժիսոր՝ Իգոր Տալանկին, ռեժիսորի օգնական՝ Կարեն Շահնազարով[51], Կուրչատովի դերում Սերգեյ Բոնդարչուկ
  • Կրակի սանձահարում («Укрощение огня» Ռուսաստան, 1972 թ.), սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Դանիիլ Խրաբրովիցկիյ, Կուրչատովի դերում՝ Գալիկս Կոլչիցկիյ
  • Միջուկի գաղտնիքներ («Nuclear Secrets» Անգլիա, BBC, 2007 թ.), Կուրչատովի դերում Գերգո Դանկա:
  • «Կուրչատովի ինտիտուտ» Ազգային հետազոտական կենտրոն[41]

Գրականություն[խմբագրել]

  1. Կուրչատով Իգոր Վասիլևիչ[1] «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոն (ռուսերեն)
  2. Դարաշրջանին համահունչ կյանք[2] «Наука в России» ամսագիր (ռուսերեն)
  3. В. Новоселов, В. Толстиков․ Атомный проект: ТАЙНЫ "СОРОКОВКИ"[3] 23 Апрель 2007 ISBN 5-85383-102-X.
  4. Асташенков П. Т., Академик И.В. Курчатов, М., 1971
  5. Головин И. Н., Курчатов, 3 изд., перераб и доп., М., 1978
  6. Собрание научных трудов академика И.В. Курчатова в 6-ти томах[4]
  7. Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Собрание научных трудов академика И.В. Курчатова Том 1. "Ранние работы. Полупроводники. Диэлектрики. Сегнетоэлектрики." (2005) ISBN 5-02-033700-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Դարաշրջանին համահունչ կյանք[5]«Наука в России» ամսագիր (ռուսերեն)
  3. 3,0 3,1 КУРЧАТОВ Игорь Васильевич[6]Центральная городская библиотека им. В.Маяковского, г. Саров
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 В. Новоселов, В. Толстиков․ Атомный проект: ТАЙНЫ "СОРОКОВКИ"[7] 23 Апрель 2007 ISBN 5-85383-102-X.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ի․ Լարին, Ռեակտոր Ֆ-1 եղել և մնում է առաջինը [8]Գիտություն և կյանք ամսագիր №8, 2007
  6. Давыдов П. Г. Доквра, Уильям[9] Знаменитые люди / Персоналии почты и филателии. Мир м@рок; Союз филателистов России (25 октября 2009)(ռուսերեն)
  7. http://slovari.yandex.ru/%D0%BA%D1%83%D1%80%D1%87%D0%B0%D1%82%D0%BE%D0%B2%20%D0%B8%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%20%D0%B2%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87/%D0%91%D0%A1%D0%AD/%D0%9A%D1%83%D1%80%D1%87%D0%B0%D1%82%D0%BE%D0%B2%20%D0%98%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%20%D0%92%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87/
  8. http://www.segodnya.ua/regions/krym/Otec-sovetskoy-atomnoy-bomby-igral-na-mandoline-i-podrabatyval-vyrezaya-mundshtuki-.html
  9. Игорь ОСИПЧУК. «Курчатов подарил квартиру детям своего сотрудника, умершего от голода в блокадном Ленинграде»[10]ИЗ ЖИЗНИ ЗАМЕЧАТЕЛЬНЫХ ЛЮДЕЙ «ФАКТЫ» 12.01.2013
  10. Асташенков П. Т. — «Курчатов» (из цикла «Жизнь замечательных людей») — Москва, «Молодая гвардия», 1968.
  11. , Կուրչատով Իգոր Վասիլևիչ[11] «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոական կենտրոն (ռուսերեն)
  12. Асташенков П. Т. Подвиг академика Курчатова// М., Знание, 1979, с. 23.
  13. Е. И. Парнов. Проблема// 92, М., "Молодая гвардия", 1973.
  14. Александров А. П. Годы с Курчатовым // Наука и жизнь, 1983, № 2
  15. Коптев Ю. И. Виза безопасности. — СПб.: Изд-во Политехнического Университета, 2008. — 66 стр.
  16. Регель В. Р. Размагничивание кораблей в годы Великой Отечественной войны // Природа. 1975, № 4
  17. Ткаченко В. А. История размагничивания кораблей советского военно-морского флота. — Л.: Наука, 1975
  18. Феклисов Л.С. За океаном и на острове. Записки разведчика.// М., 1994, с. 13.
  19. С. Пестоа Бомба. Тайны и страсти атомной преисподней.// Санкт-Петербург, Шанс, 1995, с. 48-51.
  20. Իոսիֆ Ստալին (նախագահ), Լ. Պ. Բերիա (փոխնախագահ), Վ. Մ. Մոլոտով, Կ. Ե. Վորոշիլով, Գ. Մ. Մալենկով
  21. Флеров Г.Н. Начальный этап исследования деления ядер (1920-1942 гг.).//Вестник Российской Академии Наук. 1993, № 63, т. 63, с. 220.
  22. Академик В.Г. Хлопин. Очерки, воспоминания современников// А., Наука, 1987, с. 119.
  23. А.И. Иойрыш. О чем звонит колокол.// Наука, 1987, с. 18.
  24. Чуев Ф. Сто сорок бесед с Молотовым.// М.: Терра, 1991, с. 81
  25. Капица П.Л. Письма о науке.// М., J989, с. 268.
  26. Антонов-Овсеенко Лаврентий Берия.// Краснодар: Советская Кубань, 1993, с. 357.
  27. Первухин М.Г. Как была решена атомная проблема в нашей стране.// Родина, 1992, № 8-9, с. 67
  28. Берия С.Л. с. 269.
  29. Գաղտնիությունը պահպանելու նպատակով
  30. 1944 թ. փետրվարից Գիտությունների ակադեմիայի ինստիտուտ, 1949 թ. Գիտությունների ակադեմիայի չափիչ սարքերի լաբորատորիա, ЛИПАН (Лаборатория измерительных приборов Академии наук), 1960 թ. Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտ, 2012 թ «Կուրչատովի ինստիտուտ» Ռուսաստանի գիտական կենտրոն[12]
  31. Зинаида Васильевна Ершова[13] Росатом : Официальный сайт. — М..
  32. Жежерун И.Ф. Строительство и пуск первого в Советском Союзе атомного реактора.// М.: Атомиздат, 1978, с. 13.
  33. М. Г. Мещеряков "В. Г. Хлопин: восхождение на последнюю вершину".//"Природа", 1993, 3, с. 99.
  34. ФеклисовЛС. За океаном и на острове. Записки разведчика.// М., 1994, с. 13.
  35. Բ. Ե. Չերտոկ, Գլուխ 4. Կազմավորումը հարազատ հողում: Երեք նոր տեխնոլոգիաներ՝ երեք պետական կոմիտեներ[14] Հրթիռներ և մարդիկ[15]. — Մ.: Մեքենաշինություն, 1999. — հ. 1. Հրթիռներ և մարդիկ (ռուսերեն)
  36. Асташенков Л.Т. Подвиг академика Курчатова.// М.: Знание, 1979, с. 75.
  37. Академик Евгений ВЕЛИХОВ, ГОРДОСТЬ РОССИЙСКОЙ НАУКИ[16] президент Национального исследовательского центра «Курчатовский институт» (Москва)
  38. Այդ նյութերը հայտնի էին 1945 թ. երկրորդ կեսից:
  39. М. Хализева. Бомба, изменившая мир. — Наука в России, 2009, № 6
  40. Севастополь, бухта Голландия, памятник в честь подвига ученых и воинов-черноморцев[17]
  41. 41,0 41,1 41,2 Первый в России Национальный исследовательский центр - "Курчатовский институт" (2012 г.)[18]
  42. 42,0 42,1 42,2 В. Новоселов, В. Толстиков․ Атомный проект: ТАЙНЫ "СОРОКОВКИ"[19]23 Апрель 2007 ISBN 5-85383-102-X.
  43. Атомный проект CCСР. Под общ. ред. Л. Д. Рябева. Т. 2. Кн. 1. — М.: Наука. 1999. — С. 530, 544, 605. — ISBN 5-85165-402-3
  44. «ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա (2352) Կուրչատով»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=2352;orb=1։  (անգլերեն)
  45. фонд «Наследие»[20]
  46. 46,0 46,1 Կուրչատովի ինստիտուտ[21] գիտա-կազմակերպչական գործունեություն
  47. Սակայն հետագայում այդ էլեմենտն անվանվել է ռեզերֆորդիում, համարելով որ ամերիկյան կողմն ավելի նշանակալից ներդրում ունի այդ հայտնաբերման գործում
  48. Давыдов П. Г. Доквра, Уильям[22] Знаменитые люди / Персоналии почты и филателии. Мир м@рок; Союз филателистов России (25 октября 2009)(ռուսերեն)
  49. Կենտրոնական ֆիլատելիստական գործակալություն (Центральное филателистическое агентство)
  50. 50,0 50,1 >Իգոր Օսիպչուկ, Կուրչատովը Լենինգրադի շրջափակման ժամանակ սովամահ եղած իր աշխատակցի երեխաներին բնակարան նվիրեց։[23] Նշանավոր մարդկանց կյանքից «ФАКТЫ» 12.01.2013
  51. Կարեն Գեորգիի Շահնազարով[24] kino-teatr.ru կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png