Սառցահատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենին սառցահատ

Սառցահատ, սառույցներում լողալու համար նախատեսված նավ՝ սառչող ջրավազաններում նավարկությունը չընդհատելու նպատակով։ Սառցահատի հիմնական նշանակումն է ինքնուրույն նավարկության համար սառցածածկույթի ջարդելը, ուրիշ, նավերի համար ուղի բանալը և սառույցներում նավարկելիս դրանց օգնություն ցույց տալը։ Սառցահատները լինում են ծովային, այդ թվում նաև արկտիկական (բևեռային), որոնք նախատեսված են բևեռային ավազանների առավել հաստ սառույցների համար, 1լ լճային ու գետային։ Ըստ հզորության սառցահատները բաժանվում են դասերի (խմբերի)։ Սառցադաշտին հանդիպելիս սառցահատը քթամասով բարձրանում է սառույցի եզրակտորի վրա և ծանրության ուժով ճեղքում այն։

Շարունակելով շարժումը սառցահատը հաղթահարում է ջարդված սառույցի դիմադրությունը գոյացած անցուղում և, կողամասերով կոտրատելով սառույցի եզրակտորները, լայնացնում անցուղին։ Սառցահատի, այսպես կոչված, սառցային հատկությունները բնութագրվում են սառցային արագընթացությամբ, մանևրայնությամբ և որոշ կառուցվածքային առանձնահատկություններով։ Սառցահատի իրանի քթամասի և խելի վերջավորությունները սրված են։ Սառույցի վրա բարձրանալու համար սառցահատի քթամասի վերջավորության ստորջրյա մասը ջրագծի նկատմամբ 20—30° թեքություն ունի։

Կրասին սառցահատ

Սառցահատի իրանի երկարության և լայնության հարաբերությունը (3,5—5) ապահովում է սառցահատի լավ մանևրայնությունը և անցուղու ուղղագիծ լինելը։ Որպես հիմնական շարժիչ սառցահատում օգտագործվում են դիզելներ և շոգե տուրբիններ (երբեմն գազային տուրբիններ)։ Ատոմային էներգիայի կիրառումը հնարավորություն տվեց ստեղծելու մեծ հզորության էներգետիկական տեղակայանքներով սառցահատներ։

Ժամանակակից տիպի առաջին սառցահատը 44,2 կվտ հզորությամբ «Փայլոտ» շոգենավն էր (1864), որը նավարկում էր Կրոնշտադտի և Օրանիենբաումի միջև։ 1899 թվականին կառուցվել է աշխարհում առաջին՝ արկտիկական «Երմակ» Սառցահատը (հզորությունը՝ 6,6 Մվտ)։ Արդի խոշորագույն սառցահատներից սովետական «Արկտիկա» (1975, 1982 թվականից՝ «Լեոնիդ Բրեժնև») և «Սիբիր» (1977) ատոլքագնացներն ունեն 23,4 հզ․ ա ջրատարողություն և գլխավոր տուրբինի՝ 55 Մվտ հզորություն։ Առավել խոշոր սառցահատային նավատորմեր ունեն ԱՄՆ-ը, Կանադան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Ռուսաստանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 191