Կարբիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարբիտներ (լատ.՝ carboածուխ), ածխածնի միացությունները էլեկտրադրական տարրերի, գլխավորապես մետաղների և մի քանի ոչ մետաղների հետ։ Ըստ քիմիական կապի տեսակի, բաժանվում են երեք հիմնական խմբի՝ իոնական (կամ աղանման), կովալենտ և մետաղակերպ։ Որոշ Կարբիտներ ոչ ստեքիոմետրիկ միացություններ են։ Իոնական Կարբիտնեը պարունակում են ուժեղ էլեկտրադրական մետաղների (Na, Ca, Mg, Al, La և այլն) կատիոններ և ածխածնի անիոններ։ Դրանցից են ացետիլենիդները և մեթանիդները, որոնք ջրի ու նոսր թթուների հետ փոխազդելիս կամ տաքացնելիս քայքայվում են, համապատասխանաբար՝ ացետիլենի և մեթանի։ Կովալենտ Կարբիտները ունեն միջատոմական կապերի մեծ ամրություն, քիմիապես իներտ են և հրակայուն, կիսահաղորդիչներ են, մի քանիսը (օրինակ, սիլիցիումի կարբիդը) կառուցվածքով մոտ են ալմաստին։ Մետաղակերպ Կաբիտները սովորաբար պատկերվում են որպես ածխածնի ատոմների ներդրված ֆազեր՝ անցումային մետաղների բյուրեղային ցանցերի ծակոտիներում։ Կարծր, ոչ առաձգական, փշրվող նյութեր են։ Լավ էլեկտրահաղորդիչներ են, որտեղից էլ ստացել են «մետաղակերպ» անվանումը։ Կայուն են թթուների, քիչ կայուն՝ ալկալիների նկատմամբ։ Իոնական Կարբիտներից, որպես ացետիլենի ստացման աղբյուր, տեխնիկայում կարևոր նշանակություն ունի կաւցիումի կարբիդը։ Մետաղակերպ և կովալենտ Կարբիտները լայնորեն կիրառվում են քիմիական մեքենաշինության ու արդյունաբերության մեջ, էլեկտրոնիկայում և այլ բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png