Ֆիլատելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական նամականիշերի հավաքածու ալբոմի մեջ

Ֆիլատելիան դրամի փոխարեն փոստային վճարումների համար նախատեսված դրոշմաթղթերի (փոստային նամականիշներ, ծրարներ ու բացիկներ՝ տպագրված կամ սոսնձված նամականիշերով) օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային ու ֆիլատելիստական այլ նյութերի հավաքածուների ստեղծումն է։

Անվանում[խմբագրել]

Ֆիլատելիա անվանումը (ֆր. philatélie, հուն. φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ), առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15- ին «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան («τέλος» -թելոս) էին դնում։ Դա նշան էր, որ նամակի ուղղարկման համար վճարված է և այլևս վճարել պէտք չէ։ Այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախահայրն է։

Պատմություն[խմբագրել]

XIX դար[խմբագրել]

Հավաքածուների առաջացումը[խմբագրել]

Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840- ական թվականներին, երբ որ փոստային նամականիշերը մտան շրջանառության մեջ։ Հայտնի է, որ 1840 թվականի մայիսի 6- ին Լոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած «Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկել Շոտլանդիա։ Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»։ Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարված նամականիշով, հայտնվել է առաջին նամականիշի թողարման օրը։ 1992 թվականին այդ ծրարը Ցյուրիխի աճուրդում վաճառվել է 690 հազար ֆրանկով։

Արդեն 1846 թվականին Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշեր հավաքելու փաստեր, ընդ որում առանց որևէ սիստեմի (օրինակ՝ պատերին փակցնելու համար)։ Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է 1850- ական թվականների կեսերից։ Առաջին ֆիլատելիստը համարվում է Փարիզեցի փորագրիչ Մանսենը, որը 1855 թվականին վաճառել է իր հավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին։ Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլոր նամականիշերը։ Փոստային նամականիշերի պահանջարկի պատճառով հայտնվեցին վաճառականներ, որոնք զբաղվում էին հատուկ հավաքածուների համար նամականիշ վաճառելով։

XIX դարի վերջին նամականիշ հավաքելը դարձավ հարյուր հազարավոր մարդկանց զբաղմունք, անկախ սոցիալական աստիճանից՝ սկսած աղքատների երեխաներից մինչև արքայական տների արքայազները։ Որոշ կառավարություններ ունեին փոստային նամականիշերի սեփական հավաքածուները (օրինակ՝ Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բավարիան, Բուլղարիան)։ Այդ նպատակով որոշ երկրներում 1870- ական թվականներից կազմակերպվեցին ազգային փոստային թանգարաններ։ Առաջին թանգարանները բացվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիա։ Առաջին տեղն էր գրավում Բրիտանական թանգարանի հավաքածուն. այն հավաքել էր պառլամենտի անդամ Տապլինգը և կտակել էր թանգարանին, ժամանակին այն արժեր 800000 գերմանական մարկ։ Բեռլինի կայսերական փոստային թանգարանը նույնպես ընդարձակ նամականիշերի հավաքածու ուներ։ Առաջացան խոշոր անհատական հավաքածուներ։ Ամենախոշորը, ամենաթանկը և իր տեսակի մեջ ինքնուրույնը պատկանում էր Փարիզաբնակ բարոն Ֆիլիպ Ֆերրարիին (1 մլն գերմանական մարկ

Քանի որ նամականիշերի թիվը գնալով ավելանում էր, նրան հավաքելը դժվարանում էր։ 1880-ականների սկզբից հայտնվեցին մասնագետ հավաքողներ, որոնք սահմանափակվում էին աշխարհի որևէ մասի, կամ մի քանի երկրների նամականիշերով։

Ֆիլատելիստական ընկերություններ և ցուցահանդեսներ[խմբագրել]

«Ֆիլատելիստը» Գրիգոր Շլդյան
փոստային նամականիշի օրվան նվիրված թողարկում, Կուբա, 1968

Քանի որ նամականիշերի քանակը ավելացավ և մեկ անձի համար դժվար էր կոլեկցիոներությամբ զբաղվել, ապա հավաքողները սկսեցին միավորվել ընկերություններում։ Առաջիններն էին ԱՄՆ-ում (1868 թ.), Մեծ Բրիտանիայում («Philatelic Society», Լոնդոն, 1869 թ.), Գերմանիայում (1869 թ.), Ֆրանսիայում («Société française de timbrologie», Փարիզ, 1874 թ.)։ XIX դարի վերջին աշխարհում հաշվվում էր ավելի քան 400 ֆիլատելիստական ընկերություն, որոնց մեծ մասը Գերմանիայում և ԱՄՆ-ում։ Գերմանական ֆիլատելիստական ընկերությունների ներկայացուցիչները սկսած 1889 թվականից հավաքվում էին ամենամյա համագումարում։

Ֆիլատելիստական ընկերությունները կազմակերպում էին նամականիշերի ցուցահանդեսներ։ Առաջին անհատական հավաքածուի ցուցահանդեսը կազմակերպվել է 1852 թվականին Բրյուսելում։ Առաջին ֆիլատելիստական ցուցահանդեսները կազմակերպվել են Բեռլինում (1870 թ.), Վիեննայում (1873 թ. - առաջին միջազգայինը), Փարիզում (1878 թ.), Անտվերպենում (1887 թ. - միջազգային), Նյու-Յորքում (1889 թ.)։ 1890 թվականին նամականիշի 50-ամյակի առթիվ երեք ցուցահանդես կազմակերպվեց Վիեննայում, Մագդեբուրգում և Լոնդոնում։ Առաջին համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսը կայացել է 1962 թվականի աշնանը Պրահայում։ 2004 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 1Սինգապուրում կայացավ ֆիլատելիայի պատմության մեջ առաջին Նամականիշերի համաշխարհային չեմպիոնատը։

Նամականիշերի առք և վաճառքը[խմբագրել]

Նամականիշերի առևտրով զբաղվել են հազարավոր մարդիկ, խոշոր կենտրոններում կային բորսաներ և կազմակերպվում էին աճուրդներ։ Հազվագյուտ նամականիշերի համար վճարում էին մեծ գումարներ։Բրիտանական Գվիանայի առաջին թողարկման (1850 թ. վարդագույն թղթի վրա երկու ցենտ անվանագնով) համար՝ վճարվել է 1010 դոլար։ Հազվագյուտ նամականիշերի բարցր գներից ելնելով հայտնվեցին մեծ թվով կեղծ նամականիշեր։ Փարիզում բազվել էր կեղծ նամականիշերի տպարան։ Ֆիլատելիստական ընկերությունների խնդիրներից մեկը դարցավ կեղծ նամականիշեր հայտնաբերելը։ Հաճախ շատ պետություններ օգնության էին գալիս կոլեկցիոներներին՝ երբ հայտնվում էր կեղծ նամականիշ, նրանք տպագրական հին տախտակներից տպում էին նոր սերիա, որը վաճառվում էր առավել մատչելի գներով։ Հաճախ տպագրական տախտակները հայտվում էին մասնավոր անձանց մոտ, որոնք և տպում և վաճառում էին նամականիշերը, իհարկե ավել էժան գներով։

Կոլեկցիոներները բարձր էին գնահատում փորձնական նամականիշերը ((անգլ. Essays)), որոնք պատրաստվում էին փոստային վարչության կողմից մինչև նանականիշի թողարկվելը, որպեսզի որոշեն գույնը կամ նկարը փոփոխության կարիք ունի, թե ոչ։ Շատ պետություններ թողարկում էին նամականիշեր, ոչ թե կարիքից ելնելով, այլ կոլեկցիոներներին բարձր գներով վաճառելու համար։ Առավել շատ նամականիշերը թողարկվում էին Կենտրոնական ևՀարավային Ամերիկայում։ Այստեղ շուտ-շուտ փոխվում էին քաղաքական ղեկավարները, որոնցից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում նոր նամականիշեր թողարկել։

Ֆիլատելիստական գրականություն[խմբագրել]

1860 թվականից սկսեցին թողարկվել ֆիլատելիստական ամսագրեր և կատալոգներ։ Առաջին ամսագիրը հայտնվեց Լիվերպուլում 1862- ից մինչև 1864 թվականը «The Stamp Collector’s Review and Monthly Advertiser» անվամբ։ 1863 թվականից լույս տեսան Բրյուսելում «Le Timbreposte»-ը և «Magazin für Briefmarken-Sammler»-ը Լեյպցիգում։ 1864 թվականին լույս տեսավ առաջին ֆիլատելիստական ամսագիրը ԱՄՆ-ում։

XIX դարի վերջում թողարկվում էր բավականին մեծ քանակությամբ ֆիլատելիստական գրականություն՝ 13 լեզվով 800 անուն ամսագիր։ Ամենահայտնի ամսագիրը, որ թողարկում էին Զենֆ եղբայրները՝ «Illustriertes Briefmarkenjournal»-ը, ուներ 17000 բաժանորդ։ Մինչև ամսագրերը սկսեցին թողարկվել կատալոգները՝ առաջինը Փարիզում 1861 թվականին Ա. Պոտիկեն։ Հետո լույս տեսան Ժ.-Բ. Մոէնսի (Moens Բրյուսել, 1862), Սկոտտի (Scott Նյու Յորք, 1867), «Stanley Gibbons» (Մեծ Բրիտանիա, 1879-1895), «Yvert et Tellier» (Ֆրանսիա, 1897-1913)։ Մինչև XIX դարի վերջը թողարկվում էր 720 կատալոգ, որոնցից ամենահայտնիներն էին՝

  • Զենֆ Եղբայրներ (Senf, Gebrüder), «Illustrierter Postwertzeichenkatalog» (Լեյպցիգ, 1892)
  • Ժ.-Բ. Մոէնս «Bibliothèque des Timbrophiles» (Բրյուսել, 1862)
  • Կարլ Լինդերբերգ «Die Briefumschläge der deutschen Staaten» (Բեռլին, 1892)

XX-րդ դար[խմբագրել]

Միջազգային ֆիլատելիստների ֆեդերացիայի նշանը

Ֆիլատելիան, որպես կոլեկցիոներական ամենաժողովրդական տեսակներից մեկը, շարունակեց զարգանալ XX դարում։ «Scott», «Stanley Gibbons» և «Yvert et Tellier» շարքին ավելացան «Ցումշտեյն»-ը (Zumstein Շվեյցարիա, 1909) և «Միխել»-ը («Michel» Գերմանիա, 1910

1926 թվականին հիմնվեց Միջազգային ֆիլատելիստների ֆեդերացիան, որի ղեկավարությամբ 1929 թվականից կազմակերպվում է ամենամյա միջազգային ցուցահանդես։

XX դարի երկրորդ կեսից ֆիլատելիան փոխվեց ավելի սիրողական կոլեկցիոներության, որին նպաստեց նամակագրության աճը երկրների մեջ, շատ երկրների կողմից կոմմեմորատիվ (հիշարժան դեպքերին նվիրված), նամականիշերի գունեղ սերիաները, պատմությանը, արվեստին, ֆաունային և ֆլորային, սպորտին և այլին նվիրված թողարկումները։ Մեծ դեր է խաղացել կոլեկցիոն նամականիշերի, ֆիլատելիայում օգտագործվող առարկաների ազատ վաճառքը, նամականիշերի կատալոգների հրատարակումները, ֆիլատելիստական ցուցահանդեսների կազմակերպումը, ֆիլատելիայի պրոպագանդան զանազան ամսագրերում և պարբերականներում։

Ֆիլատելիստական գրականությունը հրատարակվում էր բազմաթիվ երկրներում՝

Եզակի հավաքածուների տեր էին Բրիտանական թանգարանը (Լոնդոն), Ստոգհոլմի, Փարիզի, Բեռնի փոստային թանգարանները։ Հայտնի անհատների հավաքածուներ էին անգլիական թագավորական ընտանիքի, Ֆ. Ֆերրարիի (Ավստրիա), Մ. Բուրրուսի (Շվեյցարիա), Ա. Լիխտենշտեյնի, Ա. Հինդի և Դ. Բոկերի (ԱՄՆ) և Հ. Կանայի (Ճապոնիա) հավաքածուները։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Ֆիլատելիստների ցուցակ 

Գրականություն[խմբագրել]

  • Бабинцев С. Филателистическая библиография. - М., 1970.(ռուսերեն)
  • Филателистическая журналистика как отдельная профессия] // Независимая газета. - 2005. - № 3 (3399). - 14 января.(ռուսերեն)
  • Вигилев А. Из истории филателии // Филателия СССР. - 1979. - № 7. - С. 52 - 53.(ռուսերեն)
  • Владинец Н. И. Филателия. - М., 1975.(ռուսերեն)
  • Календарь филателиста на 1973 год. - М.։ Связь, 1972. - 16 - 22 июля.(ռուսերեն)
  • Левитас И. Я. С марками в страну знаний. Заметки о почте и филателии. - К., 1987.(ռուսերեն)
  • Сашенков Е. П. Полярная почта. - М., 1975.(ռուսերեն)
  • Читатель спрашивает - отвечаем // Филателия СССР. - 1984. - № 3. - С. 42.(ռուսերեն)
  • Grallert W. Einführung in die Briefsmarkenkunde. - Leipzig, 1957.(գերմ.)
  • Groer M. Praktyczna filatelystika. - Warszawa, 1975.(լեհ.)
  • Hamann H. Kleine Briefsmarkenkunde. - Berlin, [1973].(գերմ.)
  • Hille Н. Moderne Philatelie. - Berlin, [1968].(գերմ.)
  • Williams L. N., Williams М. Techniques of Philately. - London, 1969.(անգլերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Кисин Б. Страна Филателия. Москва. Просвещение (1969).(ռուսերեն)
  2. Левитас И. Я. С марками в страну знаний. Заметки о почте и филателии. — К., 1987. — С. 35.(ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]