Երկվորյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկվորյակներ (այլ կիրառումներ)
Երկվորյակներ

Երկվորյակներ, նույն մոր երեխաներ, որոնք ներարգանդային շրջանում զարգանում են համատեղ և ծնվում ժամանակային քիչ տարբերությամբ։

Երկվորյակների մասին գիտությունը կոչվում է գեմելլոգիա (լատին․՝ gemellus - զույգ + հունարեն՝ λόγος - գիտություն

Երկվորյակները, որոնք իրենց մեջ մարմնավորում են շատերի երազանքը ամեն ինչ հասկացող երկրորդ «ես»-ի մասին, գիտնականների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանց օգնությամբ մասնագետները ակնկալում են ստանալ տարբեր հարցերի պատասխաններ, որոնք կապված են կենսաբանական երևույթների, ժառանգականության մեխանիզմների, հոգեբանության, երեխաների դաստիարակության խնդիրների հետ։

Երկվորյակների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոզիգոտային երկվորյակներ

Երկվորյակությունն ուսումնասիրելու առաջին լուրջ քայլերը կատարվել են 18-րդ դարում` կրելով նկարագրական բնույթ, իսկ փորձարարական ուսումնասիրությունները սկսվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Սակայն դա չի նշանակում, թե վաղ անցյալում երկվորյակությունը չի գրավել մտածողների ուշադրությունը։ Թեկուզ կցկտուր, շատ դեպքերում հարևանցիորեն, երկվորյակության վերաբերյալ տրվել են տեղեկություններ, որոնք իրենց ճշմարտացիությամբ այժմ էլ ուշագրավ են համարվում գիտության համար։ Երբ երկվորյակության նկատմամբ եղած ուշադրությունը գիտական բնույթ ստացավ, հայտնի դարձավ, որ որոշ երկվորյակներ զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ։ Դրանք կարող են լինել ինչպես միասեռ (աղջիկ-աղջիկ, տղա-տղա), այնպես էլ տարասեռ (տղա-աղջիկ)։ Երկու ձվաբջջից զարգացող երկվորյակները կոչվում են դիզիգոտային երկվորյակներ (ДЗ) և իրարից զանազանվում են ինչպես միածին քույրերը, եղբայրները։

Որոշ երկվորյակներ էլ զարգանում են միևնույն ձվաբջջից` բջջի կիսվելու հետևանքով։ Սրանք էլ կոչվում են մոնոզիգոտային երկվորյակներ (МЗ)` միևնույն ժառանգականությամբ, միևնույն սեռի (աղջիկ-աղջիկ, տղա-տղա) և միմյանց չափազանց նման։

Ոչ հաճախ միաժամանակ ծնված երեխաները նման են ինչպես ջրի երկու կաթիլը։ Դրանք «իրական» երկվորյակներն են, որոնց կարելի է անվանել միևնույն մարդու «պատճեններ»։ Նրանք միևնույն սեռի են։

Մոնոզիգոտային երկվորյակները (МЗ) ունեն միանման արտաքին տեսք, մազեր, կազմվածք, աչքերի գույն, ականջներ, մատների միանման դակտիլոսկոպիկ նախշեր։ Շները չեն կարողանում տարբերել մոնոզիգոտ երկվորյակների հոտը։

«Կեղծ» երկվորյակները (դիզիգոտային երկվորյակներ (ДЗ)) պարզապես քույրեր ու եղբայրներ են, միայն թե՝ միաժամանակ ծնված։

Երկվորյակները առասպելներում և պաշտամունքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակները հին ժամանակներից ի վեր իրենց նկատմամբ հետաքրքրություն, զարմանք ու վախ են առաջացրել՝ որպես անսովոր երևույթ, քանի որ մարդկային հասարակությունում երկվորյակները ամբողջ ծնունդների մոտ 1% են կազմում, իսկ եռյակները, քառյակները և սիամական երկվորյակները շատ ավելի հազվադեպ են։ Այն մասին, թե ինչպես են ընկալել երկվորյակներին, ինչ են նրանց մասին մտածել, ինչպես են նրանց մասին արտահայտվել հնագույն քաղաքակիրթ ժողովուրդները, կարելի է իմանալ պաշտամունքներից ու ծեսերից, աղոթքներից, երգերից, հեքիաթներից, առասպելներից, ինչպես նաև արվեստի գործերից (հիմնականում քանդակներից)։

Երկվորյակներ համաստեղությունը Urania's Mirror աստղագիտական բացիկի վրա, Լոնդոն, 1825

Այսպես, Հին Եգիպտոսում գլխավոր աստվածներ Օսիրիսն ու Իսիսը երկվորյակներ են եղել։ Հին Պարսկաստանի գլխավոր աստվածները՝ լույսի աստված Օրմուզդը և խավարի աստված Արիմանը, նույնպես երկվորյակներ են եղել։ Բաբելոնացիներն ու ասորիները նույնպես շատ երկվորյակ աստվածներ են ունեցել։ Այդ բարերար աստվածներից մի զույգի պաշտամունքը կապված է մի համաստեղության հետ, որն այժմ կոչվում է Երկվորյակներ։ Հավանաբար աստղագիտության մեջ այս համաստեղությունն առաջին անգամ մուտք է գործել այս պաշտամունքի հետ կապված։ Եվրոպական ժողովուրդների մոտ Երկվորյակներ համաստեղությունը կապված է հին հույն երկվորյակ հերոսներ Դիոսկուրոսների (Կաստորի և Պոլլիդևկեսի մականունն է) պաշտամունքի հետ։ Հին Չինաստանում գոյություն ուներ երկվորյակներ Խե Խե Էրշանի պաշտամունք։ Հին Հնդկաստանում գոյություն ուներ մարդկության բարերարներ, արշալույսի աստվածներ երիտասարդ Ասվին երկվորյակ եղբայրների պաշտամունքը։ Ասվինները տարբեր ցավերի հիվանդություննեի բժիշկ էին, ընտանի կենդանիների հովանավոր և այլն։ Նրանց անվան մեջ հնչում է սանսկրիտերեն (asva) «ձի» բառի արմատ։ Նրանց համարել են ձիերի հովանավոր ու սանձահարող։ Ասվինների կերպարը շատ մոտ է հռոմեական Դիոսկուրներին (Զևսի զավակներ)։

Պիտեր Պաուլ Ռուբենս. «Լևկիպպոսի դուստրերի առևանգումը» (մոտ 1617-1618)
Առևանգողները Դիոսկուրոսներն են`
Կաստոր և Պոլլիդևկես երկվորյակները

Հելլադայում կային երկվորյակների բազմաթիվ պաշտամունքներ, առասպելներ ու ավանդազրույցներ նրանց մասին։ Այս երկվորյակներից մի քանիսը թափանցել են համընդհանուր եվրոպական մշակույթ՝ պոեզիայի ու արվեստի ձևով։ Այսպես, Ապոլլոնը (Փոյբոս, Ֆեբոս) և Արտեմիսը` Արևի ու Լուսնի աստվածները, երկվորյակներ էին, Զևսի ու Լետո աստվածուհու զավակները։ Մեկ այլ զույգ` երկվորյակ եղբայրներ Կաստորն ու Պոլիդևկեսը (հռոմեական Պոլլուքսը) (Դիոսկուրոսներ) ծագումով սպարտացի հերոսներ էին։ Աստիճանաբար նրանց պաշտամունքը տարածվել է ողջ Հին Հունաստանում, իսկ ավելի ուշ նաև Հռոմում։ Այս երկվորյակների սերումը տարբեր ավանդազրույցներում տարբեր կերպ է մեկնաբանվում։ Նրանք Լեդայի և սպարտացի թագավոր Տինդարեոսի որդիներն էին։ Սակայն Լեդային, ինչպես հայտնի է, գերել էր Զևսը՝ նրան հայտնվելով կարապի տեսքով, որն էլ իր նկարում պատկերել է Լեոնարդո դա Վինչին։ Զևսից Լեդան ունեցել է հայտնի գեղեցկուհի Հեղինեին` Տրոյական պատերազմի հերոսուհուն։

Մայր գայլը կերակրում է Հռեմոսին ու Հռոմուլոսին

Մի այլ պատմություն կապված է պատերազմի աստված Մարսի և քրմուհի Հռեա Սիլվիայի որդիների` Հռոմուլոսի և Հռեմոսի հետ։ Ինչպես հայտնի է, նրանց կերակրել է մի գայլ։ Երբ նրանք մեծացան, այդ նույն տեղում հիմնադրեցին քաղաք և կոչեցին Հռոմ։ Ըստ լեգենդի՝ Հռոմուլոսը սպանեց եղբորն ու դարձավ Հռոմի թագավոր։

«Սասունցի Դավիթ» հայկական էպոսում Ծովինարի որդիները՝ Սանասարն ու Բաղդասարը ևս երկվորյակ եղբայրներ էին։

Պաշտամունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակներում լայնորեն տարածված էր այն համոզմունքը, թե երկվորյակները կախարդական ուժով ազդում են բնության և, հատկապես, անձրևի ու եղանակի վրա։ Համարում էին, որ նրանք ի վերուստ տրված այլ հատկություններ էլ ունեին և կարող էին գուշակել չծնված երեխայի սեռը, բուժում էին անպտղությունը, անմահություն էին պարգևում ճակատամարտում, անզգա էին դարձնում օձի և կարիճի թույների հանդեպ։ Մի շարք ազգեր համարում էին, որ մայրը միաժամանակ չի կարող ունենալ մեկից ավելի երեխա, և որ մայրը, հետևաբար, անհավատ է։ Հարավային Ասիայում, Ճապոնիայում և Հնդկաստանում երկվորյակների մայրը համարվում էր անմաքուր։ Մի շարք վայրերում երկվորյակներից մեկին կամ երկուսին էլ ոչնչացրել են։ Կուլումբիայում հնդկացիները վախենում էին երկվորյակներից, քանի որ կարծում էին, թե նրանց ցանկությունները միշտ կատարվում են, և երկվորյակները կարող են կախարդել նրանց, ում ատում են։

Մի շարք հնդկացիական ցեղեր կարծում էին, թե նրանք կերպարանափոխված սաղմոններ են, և թույլ չէին տալիս նրանց մոտ գնալ ջրին, որպեսզի նորից ձուկ չդառնան։ Նոր Գվինեայում կարծում էին, որ եթե կինն ուտի երկու սերտաճած բանան, նա երկվորյակներ կունենա։ Իսկ երբ երկվորյակներից մեկը մահանում էր, մյուսին տալիս էին նրա եղբոր կամ քրոջ փայտյա կերպարը։

Հարավային Ամերիկայում հնդկացի գուարանիները կարծում էին, որ կինը երկվորյակների մայր կդառնա, եթե ուտի կրկնակի կորեկի հատիկ։

Երկվորյակները հայոց բանահյուսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովինար. Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը» քանդակը Երևանում (Վահագն Դավթյանի անվան զբոսայգի, 2008), քանդակագործ` Վիգեն Ավետիս

Երկվորյակների առասպելն առկա է հայ բազմադարյան վիպական ավանդության բոլոր նշանավոր հուշարձաններում՝ («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ», «Սասնա ծռեր»։ Դրանք, իբրև հնագույն մշակույթի դրսևորում, հայ ժողովրդի դարավոր վիպական հարուստ բանահյուսության մեջ թողել են իրենց մնայուն հետքերը։

Երկվորյակների ընդհանուր միջազգային առասպելներում առկա է հակասություն եղբայրների միջև, որը հայոց վիպական որոշ զրույցներում գրեթե բացակայում է (Երվանդ-Երվազ, Դեմետր-Գիսանե)։ Երկվորյակների միջև գոյություն ունի նաև կերպարների հակադրություն. մեկն ավելի հզոր է, խելոք, քան մյուսը (Սանասար-Բաղդասար), մեկն աշխարհական է, մյուսը՝ հոգևորական (Երվանդ-Երվազ)։ Մեր հին վեպում՝ «Վիպասանքում» և համեմատաբար նոր՝ «Սասնա ծռեր» էպոսում երկվորյակներն ունեն բացահայտ առասպելաբանական ծագում, իսկ մյուս երկու ավանդական վեպերում՝ «Պարսից պատերազմում» և «Տարոնի պատերազմում», Երկվորյակների առասպելները դրսևորվում են պատմական զրույցների մակարդակով։

«Վիպասանք» առասպելաբանական վեպն ավանդվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությամբ» և բաղկացած է երկու վիպաշարից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից։

Հայոց հնագույն վեպում՝ «Վիպասանքում» պահպանվել է Երվանդ ու Երվազ երկվորյակ եղբայրների հրաշալի ծննդի պատմությունը։ Թեպետ Երվանդի ու Երվազի զրույցն ունի պատմական ավանդության մակարդակ, այդուհանդերձ, «Վիպասանքում» երկվորյակների մասին պատմող սյուժեն բացահայտ առասպելաբանական բնույթի է։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Արշակունյաց ազգից մի կին՝ խոշորանձն, պարարտ ու վավաշոտ, որին ոչ ոք չէր համարձակվում կնության առնել, «ծնանի երկու մանկունս յանկարգ խառնակութենէ, որպէս Պասիփայէ զՄինոտավրոս։ Եւ ի զարգանալ մանկանցն` կոչեն անուանս Երուանդ և Երուազ»։

Երվանդի և Երվազի առասպելում դրսևորված են երկվորյակների զրույցներին խիստ բնորոշ մոտիվներ, որպիսիք են Երվանդի՝ իբրև տոհմային և մշակութակերտ նախնու հետևյալ գործառույթները. Երվանդաշատ մայրաքաղաքի, Երվանդավան, Երվանդակերտ բնակավայրերի, Բագավան պաշտամունքային կենտրոնի, Ծննդոց անտառի հիմնադիր։

Երվանդը, հասակ առնելով, դառնում է մի խիզախ ու հաղթանդամ մարդ, որը ծառայության է անցնում Սանատրուկ թագավորի մոտ։ Սանատրուկի մահից հետո բոլոր նախարարները միաբանվում են և Երվանդին կարգում թագավոր։ Սակայն Երվանդը թագավոր դառնալուց հետո կոտորում է Սանատրուկի զավակներին։ Փրկվում է միայն մեկը՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն՝ Սմբատ Բագրատունին, փախցնում է Պարսկաստան։

Երվանդի թագավորության ժամանակ արքունիքը զրկվում է խմելու ջրից։ Նա արքունիքն Արմավիրից տեղափոխում է բարենպաստ վայր և այն ապահովում խմելու ջրով։ Այնուհետև կառուցում է միջնաբերդը և ամրացնում բարձր պարիսպներով։ Այդ նոր քաղաքը նա կոչում է իր անունով՝ Երվանդաշատ։ Երվանդն իր ապահովության համար կռատունը հեռացնում է մայրաքաղաքից և դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի ափին, կառուցում է մի փոքրիկ քաղաք, կոչում Բագարան։

Արմավիրից այնտեղ է տեղափոխում բոլոր կուռքերը, մեհյաններ կառուցում և իր եղբորը՝ Երվազին կարգում քրմապետ։ Գետի հյուսիսային կողմում տնկում է մի մեծ անտառ, պարսպապատում, դարձնում որսարգելարան ու անվանում Ծննդոց անտառ։ Կառուցում է գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով մի դաստակերտ՝ Երվանդակերտը։

«Վիպասանքում» Երվանդն ու Երվազը հանդես են գալիս իբրև ցլածին, հրաշածնունդ երկվորյակներ։ Այսինքն՝ նրանց հայրը ցուլն է, որը խորհրդանշում է ամպրոպային աստծո վաղնջական կերպարը, իսկ նրանից ծնված երկվորյակները, բնականաբար, կապվում են երկնային խոնավության՝ անձրևի, պտղավորման գաղափարի հետ։

Երկվորյակներն ամպրոպային աստվածություններ են, հետևաբար հանդես են գալիս նաև իբրև վիշապամարտիկներ, որոնք պայքարում են երկրին սպառնացող չար ուժերի՝ վիշապների դեմ, ազատագրում են արևն ու ջուրը՝ ապահովելով պտղաբերություն և բարգավաճում։ Ջրերի ազատման մոտիվը ևս դրսևորված է Երվանդի վեպում, որը երևում է նրա՝ արքունիքն Արմավիրից դեպի արևմտյան կողմում գտնվող միակտուր ապառաժ բլրի վրա տեղափոխելուց, որի մի կողմը շրջափակում էր Երասխը, իսկ դիմացից հոսում էր Ախուրյան գետը։ Երվանդը պարսպապատում է բլուրը, պարսպից ներս շատ տեղերում ժայռի քարերը կտրել տալով՝ փորվածքներ է բացում, հասցնում մինչև բլրի հատակը, հավասարեցնում գետնի մակերևույթին՝ այնպես, որ գետի ջրերն սկսում են հոսել փորվածքի մեջ և խմելու ջուր մատակարարել քաղաքին։

«Տարոնի պատերազմը» մեզ է հասել երկու գրավոր աղբյուրներով՝ Սեբեոսի (VII դ.) և Հովհան Մամիկոնյանի (VIII դ.) պատմություններում։ Զույգ եղբայրները դավադրություն են կազմակերպում իրենց արքայի դեմ։ Դավադրությունը բացահայտվում է, թագավորը զորքով հալածում է նրանց, որոնք, փախչելով Հնդկաստանից, ապաստանում են Հայոց Վաղարշակ թագավորի մոտ։

Դեմետրի և Գիսանեի առասպելում բացակայում է երկվորյակների միջև եղած հակասության համընդհանուր հատկանիշը։ Եվ, ի վերջո, սեփական երկրից հալածված եղբայրներն ապաստանում են Հայոց աշխարհում, դառնում Տարոնի իշխաններ, հիմնում Վիշապ քաղաքը, Աշտիշատում կուռքեր կանգնեցնում, իրենց մահից հետո սրբացվում և դառնում պաշտամունքի առարկա։

Գրեթե բոլոր պատումներում երկվորյակ հերոսներն օժտված են յուրատիպ հատկանիշներով.

  1. Վայելում են աստվածային հովանավորություն (ինչպես իրենց միջազգային զուգորդները, հատկապես Աշվիններն ու Դիոսկուրոսները)։
  2. Հիմնականում երկու տիպաբանական խմբերում (Մոկաց, Սասնա) երկվորյակներն օժտված են ամպրոպային հերոսների հատկանիշներով. կռվում են վիշապների դեմ, հաղթում, ազատագրում ջրերը և հատկապես այդ ջրերը խորհրդանշող կույսերին, վերջիններիս հետ ամուսնանում են, մի գիծ, որ յուրահատուկ է ամպրոպային հերոսներին։
  3. Երկվորյակների տոտեմիստական ծագման հնագույն ընկալումները ևս դրսևորված են «Սասնա ծռեր» էպոսում, որտեղ շեշտված է հատկապես նրանց ձիային նախասկիզբը (ձիերի ձեռք բերելը, ձիու կճղակից գոյացած ջրից հղիանալը և այլն)՝ ի տարբերություն մեր մյուս վիպական երկվորյակների՝ Երվանդի և Երվազի, որոնց կապը դրսևորված է մյուս տոտեմիստական նախնու՝ ցլի հետ։
  4. Երեք տիպաբանական խմբի փոփոխակներում էլ իրենց միջազգային շատ արյունակիցների նման նրանք հանդես են գալիս իբրև սրբազան նախնիներ՝ դառնալով վիպականացված մշակութաստեղծ հերոսներ, որոնք հիմնադրում են Սասնա բերդը, քաղաքը, իշխանությունն ու դյուցազնական տոհմը։

Երկվորյակների հնագույն առասպելը տարբեր դարաշրջաններից վկայված հայոց վիպական հուշարձաններում ունի հորինվածքային կայուն կառուցվածք, որով պայմանավորված են տվյալ հուշարձանների վիպական իրադարձությունների հետագա ընթացքն ու զարգացումը։ Բացի իր կառուցվածքային տվյալ հատկանիշից երկվորյակային առասպելների առկայությունը վիպական տարբեր հուշարձաններում մատնանշում է դրանց հնադարյան առասպելաբանական մտածողության՝ միասնական կաղապարներով կերտված լինելու իրողությունը։

Երկվորյակների ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակները մոր արգանդում

Հետաքրքրական է, թե ծնողներից որի՝ հոր, թե մոր կողմից է ժառանգվել երկվորյակությունը։ Իտալացի գիտնականներ Գեդդան և Բրենչը բացահայտել են, որ երկվորյակությունը ժառանգվում է ավելի շատ մորական գծով։ Բազմապտուղ հղիության և ծննդաբերության ժամանակ առաջանում են մի շարք բարդություններ, որոնք, բնականաբար, ազդում են երկվորյակների հետագա զարգացման վրա։ Դրանք են՝

  1. ներարգանդային զարգացման պայմանները
  2. ծննդաբերության բնույթը
  3. առաջին և երկրորդ զուգընկերների ծնունդների ժամանակային տարբերությունը
  4. նորածին երկվորյակների կշիռը
  5. վաղ մանկության շրջանում տարած վարակիչ հիվանդություններն ու վնասվածքները
  6. սնունդը (մայրական կաթով, արհեստական)։
  7. Բազմապտուղ հղիության ընթացքում տոքսիկոզի հաճախականությունը, միածինների համեմատությամբ, նկատելիորեն բարձր է։
  8. Բազմապտուղ հղիության բարդություններից մեկն էլ ժամանակից շուտ ծնունդն է։
  9. Երեխաների հոգեֆիզիոլոգիական նորմալ զարգացումը բարդացնող պայմաններից կարելի է համարել շնչահեղձությունը, որի տոկոսը երկվորյակության դեպքում բարձր է։ Ինչպես և ժամանակից շուտ ծնունդը, շնչահեղձությունը նույնպես կարող է հասցնել օրգանական ֆունկցիոնալ խանգարումների, մտավոր զարգացման դանդաղեցման, բարձր գրգռվածության, շարժողական խանգարումների և այլն։ Տվյալներ կան, որ շնչահեձության դեպքում առաջին հերթին տուժում են գլխուղեղի կեղևը, ենթակեղևային բաժինները, մասնավորապես վեգետատիվ նյարդային համակարգը։
  10. Երկվորյակների զուգընկերները ծնվում են մեկը մյուսից ժամանակի քիչ տարբերությամբ։ Նրանց ծննդյան միջև ընկած ժամանակահատվածը դիտվում է երկրորդի համար որպես զարգացման որոշիչ գործոն։ Երկրորդ զուգընկերոջ ծննդի ուշանալը և ընդունված մանկաբարձական նորմաներից շեղումը բացասաբար են ազդում վերջինիս հետագա զարգացման վրա։ Ընդունված է համարել, որ զուգընկերների ծննդյան տարբերության միջին ժամանակահատվածը 15 րոպե է։ Ուշացումը հաճախ ուղեկցվում է բարդություններով, որն անդրադառնում է երկվորյակների ծննդի վրա։
  11. Կենսական նշանակություն ունի մայրական կաթով սնվելու տևողությունը, թե միածինների, թե երկվորյակների համար։
  12. Երկրորդ զուգընկերոջ ծննդի ժամանակ ծննդաբերությունն ընթանում է ավելի դժվար, քան առաջինի։

Երկվորյակների ծննդյան պահի քաշը երեխայի ներարգանդային կոմֆորտի կամ դիսկոմֆորտի անուղղակի ցուցանիշներից է և այն ազդում է նրա հետագա հոգեկան և ֆիզիոլոգիական զարգացման վրա։

Երկվորյակությունը որպես յուրահատուկ վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ երկվորյակ երեխաները գառների հետ

Հարց է ծագում. արդյոք երկվորյակային վիճակը թողնու՞մ է իր կնիքը նրանց անհատականության ձևավորման վրա, թե՞ ոչ, ինչպիսի՞ն են երկվորյակների նկատվող վարքային դրսևորումների տարբերությունները և դրանք ինչպե՞ս են ընկալում երկվորյակներին շրջապատողները, որովհետև հաճախ երկվորյակների արտաքին նմանություններն այնպիսի ուժով են գրավում մեր ուշադրությունը, որ կարծես թե անտեսվում են նրանց միջև եղած տարբերությունները։ Հետաքրքրական է պարզել, թե ինչպես են զգում զույգերը որպես երկվորյակներ, ինչպիսին են նրանց փոխհարաբերությունները, նրանցից յուրաքանչյուրի արտազույգային կապերը և ինչպիսին է նրանց ինքնուրույնության զարգացման դրսևորումը։ Երկվորյակնությունը յուրահատուկ վիճակ է հենց ֆիզիոլոգիական տվյալներով (նախածննդյան և հետ ծննդյան), միմյանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև շրջապատի հետ փոխհարաբերություններում երկվորյակները ոչ երկվորյակների նման հասկանալի է, առօրեական իրադրություններում չեն։ Սկսած ծննդյան օրից սովորաբար երկվորյակ երեխաներին վերաբերվում են իբրև մեկ երեխայի։ Բայց այդ նույնանման վերաբերմունքը հետագայում արգելակում է երեխաների անհատականության զարգացումը։ Սա առանձնապես խորանում է, երբ երկվորյակները լինում են միասեռ և միմյանց այնքան նման, որ երբեմն նրանց արտաքուստ տարբերելը դժվար է։ Պարզվել է, որ զույգին որպես մեկ երեխա դիտելու մոտեցումը բացասական է անդրադառնում երեխաների հոգեբանության վրա։ Նրանցից շատերը վիրավորվում են և դժգոհում, երբ նրանց շփոթում են իրար հետ։ Երկվորյակները մշտապես գտնվում են ֆիզիկական և հոգեկան զարգացման միևնույն փուլում, ունեն շփման շրջանակների կենսափորձի միանմանություն և շրջապատը հաճախ չի դիտում նրանց, ինչպես ասենք միածիններին։ Երկվորյակները, միածին երեխաների համեմատությամբ, ներարգանդային կյանքից սկսած մեծանում են այսպես ասած, երկվորյակային վիճակում «երկվորյակային իրադրությունում»։«Երկվորյակային իրադրություն» ը դառնում է երկվորյակների հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման հիմքը։

Երկվորյակային ինքնազգացողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակներ

«Երկվորյակային ինքնազգացողությունը»` երկվորյակային անձնավորության բավականին բարդ և հակասություններով լի հոգեբանական երևույթ է։ Վաղ հասակից ձևավորում և ղեկավարում են նախ ծնողները, այնուհետև այն մեծահասակներն ու հասակակիցները, որոնց հետ երկվորյակը շփվում է։ Ընդ որում որոշակի են յուրաքանչյուր զուգընկերոջ անհատական առանձնահատկությունները։ «Երկվորյակային ինքնազգացողության» համար կարևոր է երկվորյակային հուզական կապվածությունը, որը ներառում է հակասական զգացմունքների մի ամբողջ կոմպլեքս։ Այդ կապվածությունը մշակվում է երկվորյակների համատեղ կյանքում, սկսած ամենօրյա կենցաղային պայմաններից, վերջացրած քնքուշ սիրով և գաղտնի նախանձով, փոխլրացման ամենատարբեր արտահայտություններով, երբեմն զուգընկերոջ կերպարի հետ ձուլվելու և վերամարմնավորվելու չգիտակցված միտումով։ Սակայն ինքնաճանաչման, ինքնահաստատման հետ զուգընթաց առաջանում է այդ կապվածությունից ազատագրվելու ձգտում, որը կրում է խիստ անհատական բնույթ և թողնում է իր յուրօրինակ հետքը յուրաքանչյուր երկվորյակի վարքի ողջ կոմպլեքսի վրա։

Երկվորյակների խոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակների խոսքում արտացոլվում են նրանց մտավոր և հուզական զարգացման առանձնահատկությունները։ Սակայն նրանց խոսքը միատեսակ չէ։ Երկվորյակային իրադրությունը որոշում է ինչպես նրանց ընդհանուր հոգեբանությունը, այնպես էլ խոսքային հմտությունների ձևը։ Հաճախ, նրանք իրար հետ խոսում են նորաբանություններով, որոնք անհասկանալի են ուրիշներին, նույնիսկ նրանց ծնողներին, իսկ ուրիշներին դիմում են սովորական լեզվով։ Ուրիշներին անհասկանալի այդ լեզուն կոչվում է«Երկվորյակային կրիպտոֆազիա» (գաղտնախոսություն), որը համապատասխանում է Ա.Ռ.Լուրիայի բնութագրած «ավտոնոմ լեզվին»։

Երկվորյակների շփումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակների ինքնագիտակցության ձևավորումը պայմանավորված է նախ` զուգընկերոջ հետ շփման առանձնահատկություններով, և նոր միայն, միածինների նման, հասակակիցների ու շրջապատող մեծահասակների հետ շփմամբ։ Շփման այս յուրահատկությունը չի կարող չթողնել իր որոշակի ներգործությունը երկվորյակ երեխայի անձնավորության ձևավորման վրա։

Երկվորյակների փոխհարաբերություններն ու շփման առանձնահատկությունները որոշակիորեն կապված են «երկվորյակային իրադրության» սահմանափակումների հետ։ Երկվորյակների շփման ոլորտում ավելանում է յուրահատուկ հաղորդակցման երկվորյակային ձևը՝ ներզույգայինը, որն արտահայտվում է որպես յուրաքանչյուր զուգընկերոջ համար կարևոր ինտելեկտուալ պահանջմունք։ Սա բարդ գործընթաց է, որը ներառում է երկվորյակների փոխհարաբերությունների տարբեր կողմերը։

Երկվորյակային շփման յուրահատկությունն այն է, որ բացի շրջապատի հետ հաղորդակցվելուց, գոյություն ունի նաև ֆիզիկական ու հոգեկան զարգացման միևնույն փուլում գտնվող երկու երեխաների՝ միայն երկվորյակներին բնորոշ շփման ձև։ Սա արմատապես փոխում է երկվորյակների շփման բնույթը, ոլորտը, խորությունը, լայնությունը և բովանդակությունը։

Միջանձնային հարաբերություններում կարևոր տեղ ունի շփման հուզական տոնը։ Համակրանքը կամ հակակրանքը միջանձնային հարաբերությունների բնորոշ ցուցանիշներից են։

Հուզական կապվածությունն ընդհանրապես ունի որոշակի դեր մարդկային փոխհարաբերություններում՝ անձնավորության վարքի և ակտիվության մեխանիզմները բացահայտելիս։ Երկվորյակության դեպքում այն ընդգծվում է, որովհետև սերտ արյունակցությունն ավելի է կապում երեխաներին և դա հասցնում է վառ արտահայտված հուզական կապվածության։ Երկվորյակները սիրում են իրար, ասես լրացնում են մեկը մյուսին, շատ կապված են, չնայած նրանց հարաբերությունների պատկերը դրանով չի սահմանափակվում։ Երկվորյակների փոխհարաբերությունները զարգանում են շատ բարդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քալանթարյան Է.Ս. (1987.). Երկվորյակներ, թե երկու երեխա. Երևան. էջ 96.
  • Թութունջյան Հ. Մ. (1980.). Երեխաների հոգեբանության հարցեր. Երևան. էջ 187.
  • Канаев И.И. (1959.). Близнецы.Очерки по вопросам многоплодия. Москва: АН СССР. էջ 382.
  • Мухина В.С (1969.). Близнецы. Москва․. էջ 416.
  • Ушакова Г. К. (1977.). Особенности развития близнецов. Москва. էջ 192.
  • Кантонисова Н.С. (1980). Исследование интеллектуальной деятельности близнецов. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Երկվորյակների հոգեբանական զարգացման առանձնահատկությունները
  • Երկվորյակների հոգեբանություն
  • Երկվորյակների և զույգերի հոգեբանություն Արխիվացված 2013-05-01 Wayback Machine
  • Երկվորյակներ Արխիվացված 2014-03-01 Wayback Machine
  • Երկվորյակների խոսքի զարգացումը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 615