Օսիրիս
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օսիրիս (հուն.՝ Ὄσῑρις — Ուսիր եգիպտական անվան հունականացված ձև), վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության` եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը:
Թագավորելով Եգիպտոսում սովորեցրել է մարդկանց հողագործությանը և արհեստներին:
Համաձայն առասպելի նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասի և ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններով մեկ: Սակայն, Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է: Թաղելով ամուսնու միակցված և զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հորուսին: Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հորուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ: Հորուսը մեծանում է, զորեղանում և չափահաս դառնալով` անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը: Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը պարտվում է և կորցնում աչքը: Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին: Սակայն վերջինս հրաժարվում է իր գահից՝ հօգուտ որդու, և թողնելով լույս աշխարհը, վերադառնում Ստորերկրայք, դառնում մեռյալների թագավորության տիրակալ: