Հայաստանի առողջապահություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բժշկական գործիքների հայտնաբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բժշկական գործիքներ հիշեցնող խեթական և ուրարտական ժամանակաշրջանների քարե և մետաղե առարկաներ։
Հայ և օտար պատմիչների վկայությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ և օտար պատմիչների վկայությամբ՝ 3-4-րդ դարերում Սեբաստիայում և Կեսարիայում (Փոքր Հայք) արդեն եղել են հիվանդանոցներ, որտեղ աշխատել են հմուտ բժիշկներ։ Ըստ հայ պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու՝ 4-րդ դարում Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-357) կոնդակով Հայաստանի տարբեր վայրերում բացվել են հիվանդանոցներ ու բորոտանոցներ։
Առողջապահության զգալի վերելքը Կիլիկյան Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահությունը զգալի վերելք է ապրել Կիլիկյան Հայաստանում, արքունիքը խրախուսել և հովանավորել է բժիշկներին, երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում բացել հիվանդանոցներ, խնամատներ։ Հիվանդություններն ու համաճարակները կանխելու նպատակով օրենսդրությամբ սահմանվել են բազմաթիվ կանոններ։
Կիլիկիայում մեծ հռչակ վայելած բժիշկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայում մեծ հռչակ են վայելել բժիշկներ Մխիթար Հերացին, Աբու Սաիդը, Գրիգորիսը, Սիմեոնը, Ստեփանոսը և ուրիշներ։ Հայկական միջնադարյան համալսարաններում (Սանահին, Տաթև և այլն) պատրաստվել են նաև բժիշկներ. Սանահինի ուսումնարանում բժշկություն է դասավանդել Գրիգոր Մագիստրոսը (11-րդ դար), Տաթևում՝ Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին 15-րդ դարի սկգբին կազմել է անատոմիայի և բնագիտության դասագրքեր։ Բժշկություն դասավանդել են նաև Սիս քաղաքում Ներսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանում (12-րդ դար)։ Հայտնի էին նաև Անիի, Տարոնի, Կեսարիայի դպրոցները, որտեղ 11-14-րդ դարերում ուսումնասիրել են բնական գիտություններ, այդ թվում՝ նաև բժշկագիտություն։
Առողջապահության անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկյան հայկական թագավորության կործանումից հետո առողջապահությունն անկում է ապրել։ Առաջին առողջապահական հիմնարկները վերաստեղծվել են միայն 1828 թվականից. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Երևանում բացվել է առաջին զինվորական հոսպիտալը, որտեղ բուժօգնություն է ցույց տրվել նաև ազգաբնակչությանը։ Հոսպիտալներ են բացվել նաև Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Ախտայում (այժմ՝ Հրազդան) և այլուր։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Երևանի նահանգում և Կարսի մարզում բացվել են սակավաթիվ բուժհիմնարկներ։ Հայաստանում առողջապահության կազմակերպմանն առաջին անգամ պետական հոգածություն է ցուցաբերվել խորհրդային իշխանության օրոք՝ 1920 թվականին առողջապահության ժողկոմատի (1946 թվականից՝ ՀԽՍՀ ԱՆ) ստեղծումով, որի իրավասությանն են անցել բժշկասանիտարական բոլոր հիմնարկները, այդ թվում՝ մասնավորները։
Առողջապահության ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության ֆինանսավորումը «1996-2000 թվականների Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրին» համապատասխան՝ հանրապետության տարածքում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվել են ապակենտրոնացված ձևով՝ 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ԱՆ-ի կողմից՝ իրենց ենթակայության բուժհաստատությունների մասով։ 1997 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետական առողջապահության գործակալություն (ՊԱԳ)՝ մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներով, որոնք տեղերում իրականացնում են հիվանդների շահերը պաշտպանելու և Հայաստանի պետական բյուջեով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գնումների գործառնություն։
Ապագայում ՊԱԳ-ի վրա է դրվելու նաև պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) իրականացումը։ Առողջապահության համակարգի ֆինանսավորման հիմքում դրված միավորը՝ հիվանդանոցային մահճակալ/օրվա գինը, 1997 թվականից փոխարինվել է բուժված հիվանդի համար ծախսված գումարի արժեքով, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ հաճախումների գինը ըստ շնչի՝ տարվա համար տրամադրվող գումարով։ 1990 թվականի առողջապահության պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, որը, սակայն, հետագա տարիներին նվազել է։ 1998-2011 թվականներին առավելագույն ցուցանիշը կազմել է մոտ 1,7 % (2011)։
Առողջապահության բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանսական պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմնական մասը գրեթե չունի սոցիալական պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։ 2006 թվականից Հայաստանի բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ, բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է Հայաստանի Կառավարությունը։ 2009 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավունքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։
2010-2011 թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ 2011 թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ 2010 թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |