Jump to content

Անտոնինա Ռժևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնինա Ռժևսկայա
Антонина Ржевская
Ի ծնեԱնտոնինա Լեոնարդովնա Պոպովա
Ծնվել էփետրվարի 12 (24), 1861
ԾննդավայրՌուսական կայսրություն Շալեպնիկի, Զուբցովի գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 15, 1934(1934-07-15) (73 տարեկան)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տարուսա, Կալուգայի մարզ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարչուհի
Ժանրկենցաղանկար
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Antonina Rzhevskaya Վիքիպահեստում

Անտոնինա Լեոնարդովնա Ռժևսկայա (ռուս.՝ Антонина Леонардовна Ржевская, 1861, Շալեպնիկի, Զուբցովի գավառ, Տվերի նահանգ — 15 հուլիսի, 1934, Տարուսա, Կալուգայի մարզ), ռուս նկարչուհի, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ երկու կանանցից մեկը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուրախ րոպե» (ռուս.՝ «Весёлая минутка», 1897), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ

Անտոնինա Լեոնարդովնա Ռժևսկայան (օրիորդական ազգանունը՝ Պոպովա) ծնվել է 1861 թվականին Տվերի նահանգի Զուբցովի գավառի Շալեպնիկի գյուղում[2]՝ աղքատ կալվածատիրոջ ընտանիքում[3]։ Հոր մահից հետո մայրը երեք երեխաների հետ տեղափոխվել է Տվեր, որտեղ Անտոնինան սովորել է Մարիինյան իգական գիմնազիայում, իսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո՝ Մոսկվայի հինգերորդ գիմնազիայում[3]։ 1880 թվականից որպես ազատ ունկնդիր սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վլադիմիր Մակովսկու ղեկավարությամբ։ Այդ նույն ժամանակ մասնավոր դասեր է առել գեղանկարիչ Նիկոլայ Մարտինովի մոտ[3]։ Անտոնինա Ռժևսկայայի արվեստանոցը գտնվել է Մոսկվայի Սուշչյովսկի փակուղում[2]։

«Աղջիկը պատուհանի մոտ» (ռուս.՝ «Девочка у окна», 1934 թվականից առաջ), յուղաներկ, կտավ, Տարուսայի պատկերասրահ

Անտոնինա Ռժևսկայան 1890 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 1893 թվականին «Որբերը» (ռուս.՝ «Сироты») կտավն իր պատկերասրահի համար գնել է ռուս հայտնի գրահրատարակիչ Կոզմա Սոլդատյոնկովը։

1897 թվականից[4] մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին։ Ընկերության XXV ցուցահանդեսում ներկայացված «Ուրախ րոպե» (ռուս.՝ «Весёлая минутка») կտավը մեծ հաջողություն է ունեցել[5][6][7]։ Դեռ ցուցահանդեսի ժամանակ նկարն իր պատկերասրահի համար գնել է Պավել Տրետյակովը[5]։ Նկարը, սակայն, ցուցադրվել է առանց հեղինակի անունը նշելու։ Անտոնինա Ռժևսկայան խոստովանել է[2], որ ինքը վախեցել է իր ստորագրությունը դնել նկարի տակ այն ժամանակ գոյություն ունեցած գենդերային նախապաշարմունքների պատճառով։ 1899 թվականին[4] Ռժևսկայան ընդունվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն՝ դառնալով այդ ընկերության երկրորդ ու վերջին կին անդամը. առաջինն Էմիլի Շանկսն էր։ Հետագայում դուրս է եկել ընկերությունից նրա ծրագրի հետ համաձայն չլինելու պատճառով[2]։

1903 թվականին Անտոնինա Ռժևսկայան նկարում է «Երաժշտություն» (ռուս.՝ «Музыка») կտավը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում։ Նկարն իր հավաքածու համար գնում է մեկենաս Իվան Սվեշնիկովը։

Անտոնինա Ռժևսկայան ամուսնացոծ էր Նիկոլայ Ֆեոդորովիչ Ռժևսկու հետ, ով դասավանդում էր իգական մասնավոր գիմնազիայում, եղել է Ռուսական կայսերական տեխնիկական միության Մոսկվայի բաժանմունքի անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Անտոնինա Ռժևսկայան տեղափոխվել է Տարուսա՝ իր փեսայի՝ հետագայում հայտնի քանդակագործ և նկարիչ-անիմալիստ Վասիլի Վատագինի մոտ, ով Հնդկաստանում կատաճար ճանապարհորդությունից հետո սեփական նախագծով տուն էր կառուցում Տարուսայում։ Առաջին կնոջ՝ Անտոնինա Ռժևսկայայի ավագ դստեր մահից հետո Վասիլի Վատագինն ամուսնացել է նրա երկրորդ դստեր հետ[2]։

1920 թվականից Անտոնինա Ռժևսկայան նկարիչ-պերեդվիժնիկ Նիկոլայ Կասատկինի հետ միասին, ով նկարչական-լուսավորական ստուդիա էր բացել ոսկրային տուբերկուլյոզով հիվանդ երեխաների համար, աշխատել է Կուրկինո գյուղի (1940 թվականից՝ Մոսկվայի մարզի Խիմկի շրջանում) «Զախարինո» առողջարանում։ Հատուկ առողջարանի համար Անտոնինա Ռժևսկայան նկարել է «Երեխաները կյանքի ծաղիկներն են» (ռուս.՝ «Дети — цветы жизни»)[8] որմնանկարը։

Անտոնինա Ռժևսկայան մահացել է 1934 թվականի հուլիսի 15-ին, թաղված է Տարուսայի քաղաքային գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև Մարինա Ցվետաևայի դուստրը՝ Արիադնա Էֆրոնը, Կոնստանտին Պաուստովսկին ու նրա ընտանիքը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ватагина И. В. О тех, кого помню и люблю // Московский журнал. История государства Российского : журнал / Грубее А. А.. — М.: ГУП «Редакция журнала «Московский журнал. История государства Российского», 2001. — № 5, май.
  3. 3,0 3,1 3,2 Бiографическiй очеркъ. Портретъ. // Сборник на помощь учащимся женщинам = Сборникъ на помощь учащимся женщинамъ. — М.: Типо-литография Т-ва И. Н. Кушнерёв и Ко, 1901. — С. 161. — 386 с.
  4. 4,0 4,1 РЖЕВСКАЯ, Антонина Леонардовна. — Большая советская энциклопедия (В 51 томах). Изд. 2-е. — М.: Государственное научное издательство «Большая советская энциклопедия», 1955. — Т. 36: «Раковник — Ромэн». — С. 462. — 672 с. — 300 тыс. экз.
  5. 5,0 5,1 «Горящее сердце» (ռուսերեն). Православие и мир. 5 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
  6. Абалихина Анастасия Настоящая православная праведница // Газета «Церковный вестник». — М.: Издательство Московской Патриархии, 2008. — № 7 (380) апрель.
  7. «Тарусская картинная галерея» (ռուսերեն). Калужский Областной Художественный Музей. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Никольское». Портал города Химки (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին.
  9. «Прогулка по Тарусе» (ռուսերեն). портал Таруска.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինա Ռժևսկայա» հոդվածին։