Հովանոց (պարագա)
Հովանոց կամ պարասոլ (հոլ.՝ zonnedoek, արևից պաշտպանող ծածկ, բառացի՝ «արևից պաշտպանող»), փայտյա կամ մետաղյա ելուստներով ծալովի հարմարանք՝ ամրացված փայտյա, մետաղյա կամ պլաստիկ ձողի վրա։ Առաջին հովանոցները նախատեսված են եղել հենց արևից, ոչ թե անձրևից պաշտպանվելու համար[1]։
Այն նախատեսված է մարդուն անձրևից և արևի ճառագայթներից պաշտպանելու համար։ Անձրևից պաշտպանող հովանոցը կոչվում է անձրևանոց, իսկ արևի ճառագայթներից պաշտպանողը՝ պարասոլ (բայց երբեմն դրանք կիրառվում են միմյանց փոխարեն՝ առանց որևէ իմաստային փոփոխություն առաջ բերելու)։ Անձրևանոցի և պարասոլի հիմնական տարբերությունը հովանոցի կտորի որակն է. որոշ պարասոլներ ջրաթափանց են, մինչդեռ անձրևանոցի հովանոցը միշտ անջրաթափանց է՝ պատրաստված մշակված և ճկուն պլաստիկից։ Կան նաև հովանոցներ, որոնք միաժամանակ անձրևանոց և պարասոլ են. դրանք կոչվում են en-tout-cas (ֆրանսերեն՝ ցանկացած պարագայում)[2]։
Հովանոցը պատրաստվում է սինթետիկ, անջրաթափանց նյութից (նեյլոնից, պոլիամիդից), որը ձգվում է բռնակով ձողի վրա ամրացված մետաղական կմախքի վրա։ Ձողը նախատեսված է հովանոցը գլխի վրա պահելու համար։ Հարմարավետության համար հովանոցի բռնակը կարող է կեռ լինել կամ գավազանագլխիկի նման տարբեր ձևեր ունենալ։
Անձրևանոցներն ու պարասոլները հիմնականում ձեռքի դյուրակիր սարքեր են, որոնց չափը հարմար է օգտագործման համար։ Ամենամեծ ձեռքի դյուրակիր անձրևանոցները գոլֆի անձրևանոցներն են։ Անձրևանոցները բաժանվում են երկու կատեգորիաների՝ ամբողջովին ծալվող և չծալվող։ Ամբողջովին ծալվող անձրևանոցի մետաղական հենարանը հետ է քաշվում՝ պայուսակում տեղավորելու համար անձրևանոցը բավականաչափ փոքրացնելով։ Չծալվող անձրևանոցների միայն հովանոցն է ծալվում։ Ձեռքով շահագործվող անձրևանոցներն ունեն փայտե կամ պլաստիկե գլան, բռնակ կամ թեքված «ծուռ» բռնակ (ինչպես ձեռնափայտի բռնակը)։ Կան տարբեր գնի և որակի անձրևանոցներ՝ սկսած էժան, համեստ որակի մոդելներից մինչև թանկ, նուրբ պատրաստված, դիզայներական պիտակավորում ունեցող մոդելները։ Շատ հաճախ մեծ պարասոլները օգտագործվում են որպես ֆիքսված սարքեր՝ բակի սեղանների և այլ բացօթյա կահույքի կամ արևոտ ծովափին արևից պաշտպանվելու համար։ Ծալվող անձրևանոցը՝ ներկայիս անձրևանոցի նախահայրը, ստեղծվել է Չինաստանում[3][4]։ Չինական հովանոցները ներքին օժանդակություն ունեին՝ հետ քաշվող և երկարաձգվող հոդերով, ինչպես նաև սահող լծակներով, որոնք նման են այսօրվա օգտագործմանը[5]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն «զոնտիկ» բառը փոխառվել է հոլանդերեն «zonnedoek» բառից՝ որպես ծովային տերմին և նշանակել է «արևից պաշտպանող ծածկ». այդպես են անվանել նավերի առագաստները կամ տախտակամածի ծածկերը, որոնց նպատակն արևից և անձրևից պաշտպանելն է եղել։ Ծովային օրենսդրության մեջ «զոնդեկ» բառն առաջին անգամ հանդիպել է 1720 թվականին։ 18-րդ դարի վերջին բառը փոխվել է և դարձել «զոնտիկ», իսկ 19-րդ դարի սկզբին բացի ծածկոց իմաստից բառն արտահայտել է նաև արևից և անձրևից պաշտպանող ձեռքի հովանոց իմաստը[6][7][8][9][10][11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովանոցները եղել են դեռևս մ․թ․ա․ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ հենց այս ժամանակահատվածում է այն հայտնագործվել։ Հովանոցի հայրենիքը համարվում է Չինաստանը կամ Եգիպտոսը։ Երկու պետություններում էլ հովանոցը համարվել է իշխանության խորհրդանիշ, միայն փարավոնները, կայսրերն ու թագավորների մերձավորներն են իրավունք ունեցել օգտագործել հովանոցներ։ Հովանոցներն ունեցել են 1,5 մետր երկարություն և կշռել են շուրջ 2 կգ։
Հնդկաստանում հովանոցը համարվել է հարստության և իշխանության խորհրդանիշ։ Որքան մարդը հայտնի է եղել, այնքան շատ հովանոցներ է նրա հետևից տարել շքախումբը։ Իշխանավորն ունեցել է 13 հովանոց, որոնք խորհրդանշել են արեգակը և նրա շուրջը պտտվող հորոսկոպի 12 նշանները։ Տիբեթում սպիտակ կամ դեղին հովանոցները համարվել են ոգու փառավորության խորհրդանիշ, և ավելի շատ են հանդիպել սիրամարգի փետուրներից պատրաստված հովանոցներ։ Հետո հյուսիսից հովանոցը տեղափոխվել է Հին Հունաստան, որից հետո՝ Հռոմ, որտեղ դրանք օգտագործել են կանայք[12]։
Որպես իշխանության խորհրդանիշ հովանոցն օգտագործվել է Հին աշխարհի շատ երկրներում՝ Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ասիայի խաղաղօվկիանոսյան ափեր, միջին դարերում Վենետիկի դոժերն ու Սիցիլիայի թագավորներն այն օգտագործել են հռոմեական կայսրությունում։ 13-րդ դարի վերջից հովանոցը դարձել է Հռոմի պապի խորհրդանիշ։ Ժամանակի հետ հովանոցն ու եպիսկոպոսական բանալիները դարձել են պապության աշխարհիկ իշխանության խորհրդանիշները[13]։
Արևմտյան Եվրոպայում հովանոց օգտագործել են Ֆրանսիայում 17-րդ դարում, այնտեղ այն անվանել են «պաղասոլ», բառացի՝ «արևին հակառակ»։ Ֆրանսիական արևային հովանոցների վերևի հատվածը պատրաստվում էր մոմլաթից, իսկ բռնակը՝ ոսկրից։ 1715 թվականի մայիսի 4-ին Փարիզում արտադրվել է առաջին ծալովի հովանոցը։ Սկզբում այն օգտագործվել է արևից պաշտպանվելու համար։ Որպես անձրևապաշտպան միջոց հովանոցն առաջինը կիրառել է անգլիացի Ջոնս Հենվեյը 1750 թվականին։
1969 թվականին Բրեդ Ֆիլիպսը ԱՄՆ-ում ստացել է ծալովի հովանոցի արտադրության թույլտվություն, և «Totes» ընկերությունը 1970 թվականին սկսել է դրանք վաճառել ԱՄՆ-ում։
Ամերիկացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզոամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի շրջանում օգտագործել են անձրևանոցներ՝ պատրաստված փետուրներից և ոսկուց։ Ացտեկները անձրևանոցը կիրառել են որպես pantli, որը համարժեք է դրոշին։ Այն բռնում էր զորքի հրամանատարը[14]։
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Եգիպտոսի մշակույթում օգտագործված ամենավաղ անձրևանոցները թվագրվում են Ք.ա. 2450 թվականին, երբ Եգիպտոսում իշխում էր Հինգերորդ արքայատոհմը[15]։ Հայտնաբերվել են տարբեր ձևերի անձրևանոցներ։
Որոշ դեպքերում այն պատկերված է քշոցի տեսքով, որտեղ երկար ձողի վրա ամրացված են արմավենու տերևներ կամ ներկված փետուրներ, որը հիշեցնում է երթերի ժամանակ Հռոմի պապի ետևից տարվող քշոցներին։ Գարդիներ Վիլկինսոնը Եգիպտոսի մասին իր աշխատության մեջ ունի փորագրություն մի եթովպացի արքայադստեր մասին, որը կառքով ճամփորդում էր Վերին Եգիպտոսով։ Կառքի կենտրոնում բարձրացող սյան վրա ամրացված էր մի անձրևանոց, որը հիշեցնում է ներկայիս բազմոցային անձրևանոցները։ Վիլկինսոնի աշխատության համաձայն՝ անձրևանոցը օգտագործվում էր ողջ Եգիպտոսում՝ մասամբ որպես հասարակության մեջ ունեցած դիրքը ընդգծելու զարդարանք, բայց ավելի շատ իր օգտակարության համար։ Տաճարի պատին կան որոշ պատկերներ, որտեղ երթի ժամանակ աստծո արձանը շրջապատված էր անձրևանոցներով։
Հին Մերձավոր Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հասած ամենահին ծալվող հովանոցները թվագրվում են Ք.ա. 2310 թվականին՝ ցույց տալով Սարգոն Աքքադացուն[15][16]։ Անրձրևանոցը հաճախ է հանդիպում Նինվեի քանդակներում[17]։ Օստին Հենրի Լայարդը նկարագրել է մի ռելիեֆային քանդակ, որտեղ կառքում նստած մի թագավոր էր պատկերված՝ իր ուղեկցորդով, որը անձրևանոց էր պահում թագավորի գլխավերևում։ Այն հետևում ունի վարագույր, բայց ընդհանուր առմամբ, նույն անձրևանոցն է, որն օգտագործվում է այսօր։ Այն նախատեսված էր միայն միապետի համար, և մյուսներն իրավունք չունեին դա օգտագործել։
Պարսկաստանում անձրևանոցը հաճախ հանդիպում է Պերսեպոլիսի փորագրված աշխատանքներում։ Ջոն Մալքոլմն իր 1815 թվականի «Պարսկաստանի պատմությունը» աշխատության մեջ ունի հոդված այս թեմայով։ Բազմաթիվ քանդակներում թագավորի կերպարը ներկայանում է իր ծառայի հետ, որը անձրևանոց է բռնում թագավորի գլխավերևում։ Թագ-Բոսթանի քարի այլ քանդակում, որն ունի 12000 տարվա պատմություն, ներկայացված է եղնիկի որսի տեսարան, որին հետևում է թագավորը՝ ձի հեծած, գլխավերևում՝ իր ծառայի պահած անձրևանոցը։
Հին Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանսկրիտ լեզվով գրված Մահաբհարատա էպոսը պատմում է հետևյալ լեգենդը։ Ջամադագնին հմուտ նետաձիգ էր, և նրա նվիրված կինը՝ Ռենուկան միշտ անհապաղ հետ էր բերում ամուսնու արձակած նետերը։ Այնուամենայնիվ, մի անգամ կինը մի ամբողջ օր չէր կարողանում գտնել նետը՝ այնուհետ դրանում մեղադրելով արևին։ Զայրացած Ջամադագնին նետ է արձակում արևի վրա։ Արևը գթություն է հայցում՝ Ռենուկային անձրևանոց առաջարկելով[18]։
Ժան-Բատիստ Տավերնիեն իր 17-րդ դարի «Ճանապարհորդություն դեպի Արևելք» գրքում ասում է, որ Մեծ մողոլների կայսրության գահի բոլոր կողմերում կար երկու անձրևանոց, նաև նկարագրում է Ինվա թագավորի սրահը, որը զարդարված էր անձրևանոցով։
Հնդիկ և Բամարյան արքայադստեր անձրևանոցը շատ մեծ էր և ծանր, պահանջում էր հատուկ ծառա, որը մշտական դիրք ուներ թագավորական պալատում։ Ինվայում թագավորի տիտղոսի մաս էր համարվում այն, որ նա «Սպիտակ փղի թագավորն էր և 24 անձրևանոցների լորդը»։
Հին Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարեն անձրևանոցի հիերոգլիֆը 傘 (sǎn) է, այն պիկտոգրաֆ է՝ ժամանակակից անձրևանոցին նման դիզայնով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ առաջին անձրևանոցները ստեղծվել են ձողի վրա մեծ տերևներ կապելով։ Հետազոտողների մի ստվար զանգված էլ կարծում է, որ անձրևանոցների միտքը ծագել է վրաններից, քանզի նրանք կառուցվածքով նման են։ Ըստ չինական ավանդության, այն ծագել է օդում ծածանվող դրոշակներից և խորհրդանշաններից, այդ իսկ պատճառով էլ Չինաստանում անձրևանոցի օգտագործումը վկայում էր բարձրաստիճան լինելու մասին։ Այնուամենայնիվ, մի անգամ, երբ միապետը գնում էր որսի, նրա համար բերել էին 24 անձրևանոց, որը ծառայում էր ոչ թե արևից, այլ անձրևից պաշտպանելու համար։ Չինական և ճապոնական ավանդական պարասոլները նման են հին չինական ոճի պարասոլներին և մեծամասամբ հանդիպում են տաճարների մոտ։
Անձրևանոցը հիշատակվել է 2.400 տարվա վաղեմություն ունեցող չինական ծիսակատարությունների «Զոու Լի» («Զոուի ծեսերը») գրքում։ Նշվում է, որ հովանիները պետք է տեղադրվեն արքայական մեքենաների վրա։ Այս հովանու գծապատկերը և նկարագրությունը բերված է գրքում։ Ըստ նկարագրության՝ հովանոցը կազմված էր 28 աղեղից, որոնք համարժեք են այժմյան անձրևանոցի ելուստներին, իսկ հովանոցի հենարանը բաղկացած էր երկու մասից, որոնցից վերևինը շարժական էր և փակվող։
«Խանի գրքում» հիշատակվում է ծալովի հովանոցների մասին՝ նշելով դրա օգտագործումը մ.թ.ա. 21 տարում, երբ Վան Ման ուներ հովանոց՝ նախատեսված արարողակարգի ընթացքում չորս անիվային փոխադրման համար[19]։ Երկրորդ դարի մեկնաբան Ֆու Քիանը հավելել է, որ Վան Մանի վագոնի ծալվող անձրևանոցն ուներ ճկուն միացումներ, ինչը թույլ էր տալիս այն հեշտությամբ ծալել և բացել[20]։ Առաջին դարի ծալվող անձրևանոցը մինչ օրս Վան Մանի գերեզմանում է, որը գտնվում է Կորեական թերակղզում[21]։
Այնուամենայնիվ, չինական ծալվող անձրևանոցը, թերևս, անհամեմատ ավելի վաղեմի տարեգրություն ունի, քան Վան Մանի գերեզմանը։ Մ.թ.ա 6-րդ դարում Լուոյանգ հնագիտական տարածքում՝ Շոու արքայատոհմի դամբարանում անցկացված պեղումների արդյունքում, գտել են կողպեքներ, սողաններ, բրգաձև ձողեր և պտուտակներ, որոնք կարող էին օգտագործված լինել պարասոլների և հովանոցների համար[21]։
Սոնգ արքայատոհմի չինական գուշակությունների գիրքը Book of Physiognomical, Astrological and Ornithomantic Divination according to the Three Schools (演禽斗數三世相書), որի հեղինակն է Յուան Տիանվուանգը (袁天網) և տպագրվել է 1270 թվականին, տալիս է մի ծալվող անձրևանոցի նկարագրություն, որը հիշեցնում է մեր օրերի չինական պարասոլը[21]։
Հարավարևելյան Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոն դե լա Լուբերը, որը 1687-1688 թվականներին Ֆրանսիայի թագավորի արտակարգ դեսպանորդն էր Սիամ թագավորի մոտ, զեկույց է գրել «Սիամ թագավորության պատմական նոր վերաբերմունքը» անվամբ, որը 1693 թվականին թարգմանվել է անգլերեն։ Նրա պատմածի համաձայն՝ թագավորը թույլատրել է հովանոցից օգտվել միայն որոշ հպատակների։ Մի քանի շրջանով հովանոցը, որը նման էր մի ձողի կցված մի քանի հովանոցների, թույլատրվում էր միայն թագավորին։ Ազնվականները տանում էին մեկ հովանոց, որից կախված էին ներկված կտավներ։ Տալապոինների (որոնք, ըստ երևույթին, սիամական վանականներ էին) հովանոցները պատրաստված էին արմավենու տերևից, որը կտրված ու ծալված էր այնպես, որ ցողունը կազմավորում էր բռնակը։
1855 թվականին Բուրմայի թագավոր Միդոն Մինը նամակ էր հղել Դալհուսի մարքիզ Ջեյմս Ռամսային, որտեղ ինքն իրեն անվանել էր «մեծ, փառավոր և հոյակապ վեհություն, որը կառավարում է Թունապարանտի թագավորությունները, Տամպադիպը և արևելյան երկրների բոլոր մեծ առաջնորդներին, որոնք կրում են հովանոցներ»։
Թաիլանդի թագավորական իշխանության խորհրդանիշներից մեկը ինը հովանի ունեցող անձրևանոցն է։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծալվող անձրևանոցների ամենահին հնէաբանական նմուշները հայտնաբերվել են Սամոսում և թվագրվում են Ք.ա. 700 թվականին։ Դրանք իրենց ձևով նման են ավելի վաղ պատմություն ունեցող փռյուգիական նմուշին, որը պեղվել էր Գորդիանից։ Երկու պարասոլների շարժման մեխանիզմը նման է այսօրվա անձրևանոցների մեխանիզմներին[22]։
Ք.ա. 5-րդ դարի Դասական Հունաստանում անձրևանոցը (skiadeion) նորաոճ օրիորդի զարդարանքի անփոխարինելի մասն էր[23]։ Արիստոփանեսը այն հիշատակել է կանանց կողմից օգտագործվող պարագաների շարքում, որոնք կարողանում էին մասամբ փակվել և բացվել[24][25]։ Պավսանիասը նկարագրում է Տրիտեիայի (Ախեյա) մոտակայքում գտնվող մի գերեզման` զարդարված Ք.ա. 4-րդ դարի նկարով, որը վերագրվում է Նիկեային։ Այնտեղ պատկերված է մի կին՝ իր աղախնի հետ, որը անձրևանոց է բռնում[26]։ Տղամարդկանց համար անձրևանոց բռնելը անպատվություն էր[27]։ Արիստոփանեսի Birds ստեղծագործության մեջ Պրոմեթևսը քողարկվելու համար անձրևանոց է օգտագործում[28]։
Հունական արիստոկրատիայում կատարված մշակութային փոփոխությունները բերեցին մի ժամանակաշրջան՝ Ք.ա.505-470, երբ տղամարդիկ օգտագործում էին պարասոլներ[29]։ Ծաղկամանների պատկերագրությունը վկայում է տղամարդկանց աստիճանական հրաժարումը թուր, նիզակ, պարասոլ կրելուց։ Պարասոլը ցույց էր տալիս այն օգտագործողի բարձրաստիճան լինելու փաստը[30]։ Իրենց օգտագործման ընթացքում հունական ոճը ոգեշնչվում էր պարսկական և լիդիական ազնավականության հագուկապով՝ ազատ հագուստ, երկար զարդարված մազեր, ոսկի, զարդեր և օծանելիք[31]։
Այն նաև կրոնական նշանակություն ուներ։ Սկիրոֆորիայում՝ Աթենասին նվիրված տոնակատարության ժամանակ, աստվածուհու քուրմը սպիտակ անձրևանոց է տեղափոխում Ակրոպոլիսից Ֆալերուս։ Անձրևանոցն օգտագործվում էր նաև Դիոնիսոսի տոնակատարության ժամանակ։ Ավանդության մեջ Դիոնիսոսը ներկայացվում է ձեռքին փոքր անձրևանոցով իջնելիս։ Պանաթենայում Մեթիքսի դուստրերը կամ օտար ներկայացուցիչները աթենացի կանանց գլխավերևում անձրևանոց էին պահում՝ որպես ստորադասության նշան։
Հին Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձրևանոցները, ամենայն հավանականությամբ, Հռոմ են թափանցել Հունաստանից։ Այն մեծամասամբ օգտագործել են կանայք, բայց թուլամորթ տղամարդիկ նույնպես օգտվում էին դրանից։ Նրանց անձրևանոցը (Umbraculum) կաշվից էր և ցանկության դեպքում կարող էր կարճանալ։
Հռոմեկան դասականների ստեղծագործությունների մեջ անձրևանոցը հաճախ հիշատակվում է որպես հարգանքի նշան, երբ ծառաները այն պահում էին իրենց տերերի գլխավերևում։ Դրա մասին ակնարկները շատ են բանաստեղծների մոտ (Պուբլիուս Օվիդիուս Նասո[32], Վալերիուս Մարցիալիս[33]): Այս գրվածքներում անձրևանոցը հիշատակվում է որպես արևից պաշտպանվելու միջոց։ Այնուամենայնիվ, կա նաև անձրևից պաշտպանվելու նպատակով անձրևանոցի կիրառման նկարագրություն (Դեցիմուս Յունիուս Յուվենալիս[34]):
Ըստ Գորիոսի՝ անձրևանոցը Հռոմ է թափանցել Էտրուսկներից, որոնք Հռոմ էին եկել պաշտպանության համար. էտրուսկյան ծաղկամանների, կերամիկայի, թանկարժեք քարերի և սուտակի վրա հաճախ պատկերում էին անձրևանոցներ։ Պացուդիուսը թանկարժեք մի քարի վրա պատկերել էր անձրևանոց՝ կոր բռնակով։ Ստրաբոնը նկարագրել է իսպանացի մի կնոջ՝ անձրևանոցով, բայց այն նման չէ ժամանակակից անձրևանոցներին։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում անձրևանոցների հիշատակման սակավությունը վկայում է այն ժամանակ անձրևանոցների ոչ համատարած օգտագործման մասին։
Մի հին վեպում՝ «The Blonde of Oxford», խեղկատակը ծաղրում է ազնվականին՝ առանց վերարկուի անձրևի տակ լինելու համար։ «Եթե ես լինեի հարուստ, ես ամենուր ինձ հետ կտանեի իմ տունը»։ Նշանակում է՝ այն ժամանակ անձրևից և փոթորիկներից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում էին ոչ թե անձրևանոցներ, այլ վերարկուներ։
16-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարի ամենավաղ նկարագրություններից մեկը պատկանում է Ջիրոլամո դաի Լիբրիին։ Նրա՝ 1530 թվականի Մադոննա դել Օմբրելո («Անձրևանոցի մադոննան») աշխատանքում պատկերված է կույս Մարին, որի գլխավերևում հրեշտակ էր՝ կարմիր անձրևանոցով[35]։
17-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Ռայթը իր Domestic Manners of the English ստեղծագործության մեջ տալիս է Harleian MS., No. 604-ից մի նկար, որտեղ պատկերված է անգլո-սաքսոնացի մի ջենտլմեն՝ իր ծառայի ուղեկցությամբ զբոսնելիս։ Ծառայի ձեռքում կա անձրևանոց՝ հետ ծալվող կոթով, որպեսզի անձրևանոցի հովհարը լինի ծառայի առաջ կանգնած տիրոջ գլխավերևում։ Ֆրանսիայում և Անգլիայում անձրևանոցների օգտագործումը հավանաբար փոխառնվել է Չինաստանից՝ 17-րդ դարի կեսերին[36]։ Այս ժամանակահատվածում հաճախ հանդիպում են պատկերազարդումներ, որոնք ցուցադրում են տեղական ծառայողներին պատկանող լայն և խորը հովանոցներ, որոնք սովորաբար կրում էին Չինաստանի բարձրաստիճան ծառայողները։
1664 թվականի հունիսի 22-ին Ջոն Էվելինը իր օրագրում հիշատակել է կաթոլիկ եկեղեցու քուրմ Թոմփսոնի՝ իրեն ցույց տված հազվագյուտ իրերի հավաքածուն, որը Ճապոնիայից և Չինաստանից Ֆրանսիա էին ուղարկել Հիսուսի միաբանության անդամները։ Հավաքածուի մեջ կային «մեր կանանց օգտագործած հովհարների նման, բայց ավելի մեծ մակերեսով, լայն կոթով, տարօրինակ կերպով փորագրված և չինական հիերոգլիֆներով իրեր», որը ակնհայտորեն պարասոլի նկարագրություն է։
1611 թվականին հրատարակված Թոմաս Քորյաթի «Crudities» աշխատանքի մեջ՝ Անգլիայում անձրևանոցների ներմուծումից մեկուկես դար առաջ, հիշատակվում է Իտալիայի հեծյալների՝ անձրևանոց կրելու սովորության մասին։
Ջոն Ֆլորիոյի «A WORLD of Words» (1598 թվական) աշխատության մեջ իտալերեն Ombrella բառը այսպես է թարգմանված.
Ռենդլ Քոտգրեյվի Dictionary of the French and English Tongues (1614) գրքում ֆրանսերեն Ombrelle բառը այսպես է թարգմանված.
Անձրևանոց, շրջանաձև և լայն հովհար, որով հնդիկները պաշտպանվում են այրող արևից։ Ինչպես նաև ցանկացած փոքր ստվեր, հովհար կամ իր, որով կանայք ծածկում են իրենց դեմքը արևից։ |
Ֆինես Մորիսոնի Itinerary (1617) գրքում կա նման մի ակնարկ շոգ երկրներում արևից պաշտպանվելու նպատակով անձրևանոցների կիրառման վերաբերյալ։ Հեղինակն ասում է, որ անձրևանոցների օգտագործումը վտանգավոր էր, քանի որ դրանք իրենց գագաթին են հավաքում ողջ ջերմությունը, այնուհետև այդ ջերմությունը թափվում է անձրևանոցը բռնող մարդու գլխին, եթե նա չգիտի դրա օգտագործման ճիշտ ձևը։
1676 թվականին Սթրեյնշամ Մասթերը Մասուլիպատնամում գտնվող Բրիտանական արևելահնդկական ընկերության գործարան կատարած այցի վերաբերյալ նշել է, որ այնտեղ միայն քաղաքի կառավարիչն ու կարևորությամբ մյուս երեք պարոններին էր թույլատրվում անձրևանոց օգտագործել[37]։
Ֆրանսիայում արևապաշտպան անձրևանոցները (parapluie) ի հայտ են եկել 1660-ական թվականներին։ Դրանք սկզբում մոմապատ էին։ 1763 թվականի ֆրանսիական արքունիքի գույքացուցակում գրանցվել էին մետաքսե դիպակից 11 երփներանգ պարասոլներ, ոսկով և արծաթով դրվագված, մոմապատ toile կտորից երեք անձրևանոցներ։ Դրանք հազվադեպ էին հանդիպում, այդ իսկ պատճառով էլ parapluie («անձրևի դեմ») բառը ֆրանսերենի ակադեմիական բառարան մտավ միայն 1718 թվականին[38]։
18-19-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Kersey's Dictionary (1708) բացատրական բառարանը անձրևանոցը նկարագրում է որպես սկավառակ, որը լայնորեն կիրառվում է կանանց շրջանում անձրևից պաշտպանվելու համար։ 1710 թվականին Եվրոպայում առաջին թեթև, ծալվող անձրևանոցը ներկայացրել էր փարիզցի վաճառական Խուան Մարիուսը, որի խանութը տեղակայված էր Սաինթ-Հոնորե սահմանի մոտակայքում։ Այն կարող էր բացվել և փակվել ժամանակակից անձրևանոցների նման և կշռում էր մի կիլոգրամից քիչ։ Մարիուսը թագավորից ստացել էր ծալվող անձրևանոցներ արտադրելու բացառիկ հնարավորություն՝ հինգ տարով։ 1712 թվականին արքայադուստ Պալատինեն գնել էր այդ անձրևանոցներից մի օրինակ, այնուհետև հիացմունքով պատմել դրա մասին իր ազնվական ընկերներին, ինչը անձրևանոցը դարձրեց փարիզուհիների արդուզարդի անբաժանելի մասը։ 1759 թվականին Նավարի անունով մի ֆրանսիացի գիտնական Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային ներկայացրել է անձրևանոցի նոր ոճ՝ գավազանով։ Գավազանի վրա կար կոճակ, որը սեղմելիս անձրևանոցը բացվում էր[39]։ Դրանց օգտագործումը տարածվեց ողջ Ֆրանսիայում։ 1768 թվականին Փարիզի ամսագրերից մեկը գրում է.
Արդեն երկար ժամանակ է՝ ընդունված է դուրս չգալ փողոց առանց անձրևանոցի՝ չնայած անհարմարությանը այն կրել վեց ամիս՝ օգտագործելով ընդամենը վեց անգամ։ Նրանք, ովքեր չեն ուզում վուլգար համարվել, նախընտրում են թրջվել մինչև ոսկորները, քան անձրևանոց օգտագործելով ընդգծել այն փաստը, որ սեփական կառք չունեն[38]։ |
1769 թվականին Մաիսոն Անտոինե խանութը առաջինն էր, որ առաջարկեց վարձակալության տրվող անձրևանոցներ նրանց համար, ովքեր հանկարծ տեղատարափի տակ էին ընկել։ Այն լայն կիրառում ունեցավ։ Փարիզի ոստիկանության գեներալ-լեյտենանտը հրաման է արձակել հովանոցներ վարձակալելու մասին. դրանք պատրաստված են եղել յուղված կանաչ մետաքսից և կրել են համարներ, որպեսզի գողանալու դեպքում հեշտությամբ գտնեն[38]։ 1808 թվականին Փարիզում կար անձրևանոցներ արտադրող և վաճառող 7 խանութ. դրանցից մեկը՝ Սագնիերը, առաջինն էր Ֆրանսիայում, որ անձրևանոցի նոր մոդելի համար ստացել էր արտոնագիր։ Մինչև 1813 թվականը կար 42 խանութ։ 1848 թվականին Փարիզում կար անձրևանոցներ պատրաստող 377 փոքր խանութ, որոնցում աշխատում էր 1400 մարդ։ Փարիզի նշանավոր անձրևանոց պատրաստողներ էին Բոտիկ Բեաիլը և Ռևելը։ Այնուամենայնիվ, դարավերջին արդեն Օվերնի ավելի էժան արհեստանոցները Փարիզից առաջ անցան անձրևանոցների արտադրությամբ։ Եվ Օրիյակ քաղաքը դարձավ Ֆրանսիայի անձրևանոցների մայրաքաղաքը։ Մինչ օրս Ֆրանիսայում պատրաստված անձրևանոցների կեսը պատկանում է այդ քաղաքին. անձրևանոցների արտադրությունը այնտեղ աշխատանք է տալիս հարյուր մարդու[38]։
Դանիել Դեֆոյի Ռոբինզոն Կրուզո ստեղծագործության մեջ Կրուզոն ստեղծում է անձրևանոց՝ Բրազիլիայում տեսած իր անձրևանոցների նման։ Երկար ժամանակ Անգլիայում օգտագործվող ծանր անձրևանոցներն անվանում էին Ռոբինզոն։ Կապիտան Ջեյմս Կուկը 18-րդ դարի վերջի իր ծովային ճամփորդություններից մեկի ժամանակ Հարավային խաղաղօվկիանոսյան կղզիներում տեսել է տեղացիների՝ արմավենու տերևներից պատրաստված անձրևանոցներով։
Ֆիլիպինների Մինդանաո բարձրավանդակում աճող Dipteris conjugata-ի մեծ տերևները որպես անձրևանոց են օգտագործվում[40]։
18-րդ դարի սկզբին պարասոլների կամ անձրևանոցների օգտագործումը տարածված չէր Անգլիայում։ Այդ է վկայում Ջեյմս Վոլֆի մեկնաբանությունը, երբ 1752 թվականին Փարիզից ուղարկված նամակում նա պատմում է անձրևից և արևից պաշտպանվելու նպատակով անձրևանոցների օգտագործման մասին և զարմանք հայտնում Անգլիայում դրանց բացակայության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ մարդիկ սկսեցին լայնորեն կիրառել անձրևանոցները՝ հաղթահարելով այն ամոթը, որ սկզբում կար դրանք օգտագործելիս։ Ջոնաս Հանվեյը՝ Մագդալեն հիվանդանոցի հիմնադիրը, ուներ ստացական, որտեղ գրված է, որ ինքն առաջին մարդն էր, որը համարձակվել է անձրևանոց կրել՝ չվախենալով հասարակության կշտամբանքից և ծաղրից։ Քանի որ նա մահացել է 1786 թվականին, և համարվում է, որ նա անձրևանոց է կրել երեսուն տարի, նրա կողմից անձրևանոցի առաջին օգտագործումը թվագրվում է 1750 թվականին։
1770 թվականին անձրևանոցով փողոցում քայլող Ջոն Մաքդոնալդին հաճախ էին հարցնում. «Ֆրանսիացի՛, ֆրանսիացի՛, ինչու՞ չես վերարկու հագնում։»
1788 թվականին, այնուամենայնիվ, անձրևանոցները կարծես մտել էին լոնդոնցիների առօրյա. լոնդոնյան ամսագրերից մեկում տրվում է բարեփոխված, պողպատե շրջանակներով գրպանի անձրևանոցների գովազդ[41]։ Բայց անձրևանոցների օգտագործումը մինչև վերջ ընդունված չէ նույնիսկ այսօր։ Դրանից հետո անձրևանոցները սկսեցին օգտագործվել համատարած՝ բազմաթիվ բարեփոխումների արդյունքում։ Չինաստանում մարդիկ սովորեցին՝ ինչպես անձրևանոցները դարձնել անջրաթափանց՝ լաքով և մոմով։ Ժամանակակից դյուրակիր անձրևանոցները ստեղծվել են յուղապատ մետաքսը սովորական մետաքսով փոխարինելով, ինչը շրջանակի մեխանիզմում մի քանի հնարամիտ փոփոխություն կատարելով հնարավորություն էր տալիս կողերն ու շրջանակներն ավելի թեթև սարքավորել։ Վիկտորյական դարաշրջանում անձրևանոցների շրջանակները պատրաստվում էին փայտից և կետոսկրից, բայց այդպիսի անձրևանոցները պրակտիկ չէին, քանզի թանկ էին և անձրևից թրջվելիս ծանրանում էին։ 1852 թվականին Սամուել Ֆոքսը ստեղծել է երկար պողպատյա ձողով անձրևանոցները։ Այնուամենայնիվ, դեռ 18-րդ դարի վերջին պողպատյա անձրևանոցների մասին հիշատակվում է «Encyclopédie Méthodique» գրքում, և 1780 թվականին դրանք վաճառվում էին Լոնդոնում։
Նոր մոդելները հաճախ պատրաստվում են տելեսկոպիկ պողպատից, իսկ բնական մետաքսին փոխարինում են բամբակն ու նայլոնը։
Ներկայիս կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձրևանոցների համաշխարհային օրը ամբողջ աշխարհում համարվում է փետրվարի 10-ը[42]։ Գրպանի անձրևանոցը ստեղծվել է Հունգարիայում՝ Բալոգ եղբայրների կողմից, որոնց արտոնագրային հայտը 1923 թվականին ընդունվել է Սոմբաթհեյայի թագավորական նոտարի կողմից։ Ավելի ուշ նրանց արտոնագրերը հաստատվել են Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում[43]։ 1928 թվականին ի հայտ են եկել Հանս Հաուփթի գրպանի անձրևանոցները[44]։
1928 թվականին Վիիեննայի գեղարվեստի ակադեմիայի ուսանող Սլավա Դուլդիգը մշակել է բարեփոխված կոմպակտ դյուրակիր անձրևանոցների նախատիպը, ինչի համար 1929 թվականի սեպտեմբերի 19-ին արժանացել է արտոնագրի։ Անձրևանոցը կոչվել է «Ֆլիրտ» և պատրաստվել ավստրալիական «Brüder Wüster» և գերմանական «Kortenbach & Rauh» ընկերությունների կողմից[45]։ Գերմանիայում փոքր, դյուրակիր անձրևանոցները արտադրում էր «Knirps» ընկերությունը, որի անունը հետագայում նույնացվել է իր արտադրած անձրևանոցների հետ։
1969 թվականին Օհայո նահանգի Լովլենդ բնակավայրում տեղակայված «Totes Incorporated» ընկերության սեփականատեր Բրադֆորդ Է Ֆիլիպսը ստացել է արտոնագիր իր ծալվող անձրևանոցների համար[46]։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1880 թվականից, որոշների էլ՝ 1987 թվականից անձրևանոցները սկսել են պատրաստվել նաև գլխարկի ձևով[47]։
Գոլֆի անձրևանոցները, որոնք հաճախ կիրառվող անձրևանոցների ամենամեծ չափերն են, կարող են ունենալ 157-180 սմ տրամագիծ[48]։ Անձրևանոցներն այժմ լայն սպառման ապրանքներ են։ 2008 թվականի տվյալներով աշխարհի անձրևանոցների մեծ մասը արտադրվում է Չինաստանում, որոնց գերակշիռ մասը՝ Գուանդուն, Ֆուցզյան և Զեջիանգ նահանգներում։ Միայն Շանգյու քաղաքում կա անձրևանոցների ավելի քան հազար ձեռնարկություն։ Միացյալ Նահանգներում ամեն տարի 348 միլիոն դոլար արժողությամբ 33 միլիոն անձրևանոց է վաճառվում[49]։
Անձրևանոցները շարունակում են ակտիվորեն զարգանալ։ Միացյալ Նահանգներում անձրևանոցներին տրվող արտոնագրերն այնքան շատ են, որ Արտոնագրերի գրասենյակն ունի 4 հաստիքային փորձագետ դրանք գնահատելու համար։ 2008 թվականի դրությամբ՝ Գրասենյակում գրանցված է եղել 3000 ակտիվ արտոնագիր՝ անձրևանոցներին առնչվող գյուտերի համար։ Սակայն Տոտեսը՝ Ամերիկայում անձրևանոցների խոշորագույն արտադրողը, դադարել է ընդունել պահանջարկ չունեցող առաջարկություններ։ Ընկերության անձրևանոցների զարգացման գծով տնօրենը ասել է, որ անձրևանոցները հասարակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն դադարել մտածել, որ դժվար է անձրևանոցների նոր գաղափարներով հանդես գալ, որն արդեն կիրառված չլինի[49]։
Չնայած որ հովանիների գերակշռող ձևը շրջանաձևն է, կան հովանիներ, որոնք օպտիմազացված են քամուն արձագանքելու աերոդինամիկ հատկությունները բարելավելու համար։ Այդպիսի հատկություններ ունեն Ռիզոտիի քողարկված հովանով (1996), Լիսցիանդրոյի շերեփաձև հովանով (2004), Հոլինգերի կաթիլաձև հովհարով (2004) անձրևանոցները[50][51][52]։
2005 թվականին հոլանդացի Գերվին Հուգենդուրնը, որը Նիդեռլանդների Դելֆթայի տեխնոլոգիական համալսարանում արդյունաբերական դիզայն էր ուսանում, ստեղծել է աերոդինամիկորեն անշրջահոսելի անձրևանոցը, որը կարող էր դիմակայել 100 կմ/ժ արագությամբ քամուն[53][54][55][56][56][57]։ Այն սովորական անձրևանոցների նման դուրս ու ներս չէր տարուբերվում քամուց, հագեցած էր «աչքապաշտպանիչներով» (eyesavers), ինչը նախատեսված էր այլոց անձրևանոցի ծայրերի հասցրած պատահական վնասվածքներից պաշտպանելու համար[54]։ Հուգենդուրնի անձրևանոցը հաղթել է դիզայնի մի շարք մրցանակաբաշխություններում՝ արժանանալով բազմաթիվ անվանակարգերի[58]։ Այն նկարագրվել է «Good Morning America» հաղորդման մեջ[55]։ Այդ անձրևանոցը Եվրոպայում վաճառվում է Senz, իսկ Ամերիկայում՝ Totes ապրանքանիշի ներքո[59]։
Ալան Կաուդմանի «Nubrella»-ն և Գրեգ Բրեբների «Blunt»-ը անձրևանոցների այլ ժամանակակից դիզայններ են[57]։
Այլ կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձրևանոցն օգտագործվում է եղանակի տեսության մեջ՝ որպես անձրևի նշան։ Յունիկոդի տարբեր տարբերանշանների բլոկում կա անձրևանոցի երկու տարբերակ՝ սովորական անձրևանոց (☂, U+2602) և անձրևանոց՝ վերևում անձրևի կաթիլներ (☔, U+2614):
Կրոնական արարողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրաշխարհիկ լինելն ընդգծելու համար անձրևանոցները մեծապես օգտագործվել են հարավային և արևելյան Եվրոպայում, այնուհետև կայսերական արքունիքից անցել եկեղեցական արարողություններին։ Դրանք օգտագործվում են Բիզանտին Ռիթի ծիսակատարությունների ժամանակ, թափորում պահվում են նշխարի գլխավերևում և պապական գերարտոնություն մաս են կազմում։
Կաթոլիկ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձրևանոցը (ombrellino (իտալերեն) կամ umbraculum (լատիներեն)) պապական գերարտոնության պատմական մասն է կազմում։ Չնայած պապն այն այլևս անձամբ չի օգտագործում, այն պատկերված է պապի մահվան և նոր պապի ընտրության ժամանակ ցուցադրվող զինանշանի վրա։ Այդ ուբրակուլումը պատրաստված է իրար հաջորդող կարմիր և ոսկյա երիզներից և սովորաբար ցուցադրվում է մասամբ չծալված վիճակում։
Պապականությունը ավանդաբար ուբրակուլումի օգտագործումը համարել է հարգանքի նշան որոշ անձանց և վայրերի նկատմամբ։ Ուբրակուլումը բազիլիկի պատվո նշաններից է և պատկերված է բազիլիկի զինանշանի վրա։ Բազիլիկի կանոնիկոսները այն կրում են թափորների ժամանակ։ Հռոմի բոլոր բազիլիկներում կան մեծ անձրևանոցներ, և կարդինալ եպիսկոպոսը, որն իր տիտղոսն ստանում է այդ եկեղեցիներից մեկից, ունի թափորների ժամանակ անձրևանոց օգտագործելու արտոնություն։ Հնարավոր է, որ կարդինալի գլխարկը՝ գալերոյի նախահայրը եղել է այս անձրևանոցը։ Իտալացի հերալդ Բեատիանոն ասել է, որ «արծաթափայլ դաշտում կարմիր հովանոցն է գերիշխանության խորհրդանիշը»։
Հռոմեական կաթոլիկ պատարագի ժամանակ նույնպես օգտագործվում է ումբրակուլում կոչվող անձրևանոցը, որը պահվում է Հաղորդության Սուրբ Խորհրդի և դրա կրիչի վրա։ Այն կրում է սպասավորը ներսում տեղի ունեցող կարճ երթերի ժամանակ կամ մինչև քահանան սրբարանի մուտքի մոտ հանդիպում է արարողակարգային հովանոցի և հովանոցը կրողների հետ։ Այն պատրաստված է արծաթից և ունի սպիտակ և ոսկեգույն գունավորում։
Արևելյան ուղղափառ եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան մի շարք ուղղափառ եկեղեցիներում հովանոցները օգտագործվում են որևէ մարդու կամ սուրբ առարկայի հարգանք ցույց տալու համար։ Տիմկատի ծիսակատարությունների ժամանակ քահանաները իրենց գլխին տաբոտներն են կրում, որի ներսի ջուրը հետագայում օրհնվելու է։ Այս արարողության ժամանակ տաբոտայի վերևում պահվում են երփներանգ և ծոպավոր պատարագային պարասոլներ։ Այսպիսի պարասոլներն օգտագործվում են այլ ծիսակատարությունների ժամանակ նույնպես։
Լուսանկարչության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսարձակող ներքին հատվածով անձրևանոցներն օգտագործվում են լուսանկարիչների կողմից որպես դիֆուզային սարքեր՝ արհեստական լուսավորության պայմաններում, իսկ դիմանկարային աշխատանքներում՝ որպես շողային վահան և ստվեր[60]։ Որոշ անձրևանոցներ «shoot-through» են, այսինքն՝ պատրաստված են այնպես, որ լույսը գնում է անձրևանոցների միջով և դիֆուզիայի է ենթարկվում[61]։
Պաշտպանվելու համար
[խմբագրել | խմբագրել կոդը]1838 թվականին Բարոն Չարլզ Ռանդոմ դե Բերենգերը իր «Ինչպես պաշտպանել կյանքն ու գույքը» (How to Protect Life and Property) գրքում նկարագրել է անձրևանոցը մեծ ճանապարհի ավազակների դեմ որպես զենք օգտագործելու մի քանի եղանակ։ 1897 թվականին լրագրող Ջ.Ֆ. Սուլլիվանը Ludgate Monthly ամսագրում հրապարակած իր երգիծական հոդվածում անձրևանոցն առաջարկել է որպես զենք։
1899-1902 թվականների ընթացքում և՛ անձրևանոցները, և՛ ձեռնափայտերը որպես ինքնապաշտպանական զենքեր Բարտիտսու մարտաձևի ռեպերտուարի մաս էին կազմում։ 1902 թվականի հունվարին The Daily Mirror օրաթերթը կանանց սովորեցնում էր, ինչպես պաշտպանվել ավազակներից պարասոլի կամ անձրևանոցի միջոցով։ 2011 թվականի մարտին մեդիան բացահայտել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սկսել է օգտագործել 10 000 ֆունտ արժողությամբ զրահապատ անձրևանոց՝ հարձակվողներից պաշտպանվելու համար։ Para Pactum-ը, որը կևլարային ծածկույթով սարք է, պատրաստվել է The Real Cherbourgի կողմից։ Այն կրելու էր Սարկոզիի թիկնապահներից մեկը[62]։
2014 թվականի Հոնկոնգի ցույցերի ժամանակ, որը հայտնի է նաև «Անձրևանոցային հեղափոխություն» անվամբ, ցուցարարները անձրևանոցներն օգտագործել են որպես վահան՝ պղպեղային սփռեյի և արցունքաբեր գազի դեմ, որոնք կիրառում էին հատուկ նշանակության ուժերը[63]։
Հարձակման համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թվականին Լոնդոնում բուլղարացի այլախոհ գրող Գեորգի Մարկովը սպանվել է ռիցինի դոզայով, որը սրսկվել էր բուլղարական անձրևանոցի միջոցով։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն ունակ էր ստեղծել այնպիսի անձրևանոց, որը մահվան պատճառ դառնար[64]։
- 2005 թվականին Հարավային Աֆրիկայում Քեյփթաունի համալսարանի մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Բրայան Հահնին անձրևանոցով մահացու վնասվածքներ է հասցրել ուսանող Մալեաֆիշա Սթիվ Թլադին[65]։
Արվեստի և զվարճանքի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Սթիդը «The Avengers» հեռուստասերիալում օգտագործել է անձրևանոց, որի մի մասը քանոն էր։
- «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում (1992) Պինգվինը (DC comics) (Դենի Դե Վիտոն) կրում է փամփուշտներով և կրակ արձակող անձրևանոց։
- Բարձր տեխնոլոգիական զարգացման փամփուշտներով անձրևանոց է օգտագործվել «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» ֆիլմում՝ Հարրի Հարթի (Քոլին Ֆերթ) և Էգսի Յունվինի (Տարոն Էգերթոն) կողմից։
- «Կիրբի» վիդեոխաղում Կիրբիի ունակություններից մեկը կոչվում է պարասոլ, որով Կիրբին անձրևանոցը որպես զենք է օգտագործում։ Այն նաև օգտագործվում է Կիրբիի անկումը օդում դանդաղեցնելու համար։
Ճարտարապետության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին Ֆրայ Օտտոն համատարած օգտագործվող անհատական անձրևանոցը վերածել է թեթև ճարտարապետական կառույցի մի մասի։ Նա անձրևանոցի նոր ձևաչափ է ստեղծել՝ հիմնված մինիմալ մակերևույթի սկզբունքի վրա։ Ճաղաձև անձրևանոցի ձգված թաղանթը այժմ ձգվում է ճնշված ձողերի տակ։ Այս կառուցվածքը տեխնիկապես հնարավորություն է տվել պատրաստել շատ մեծ ծալվող անձրևանոցներ[66]։
1971 թվականին Ֆրեյ Օտտոն առաջին մեծ հովանոցները պատրաստել է Քյոլնի դաշնային այգիների ցուցահանդեսի համար[67]։ 1978 թվականին նա այդպիսի 10 անձրևանոց է պատրաստել բրիտանական Փինք Ֆլոյդ ռոք խմբի ամերիկյան շրջագայության համար։ Թեթևաքաշ ճարտապետական այս կառույցների գեղեցկությունը ոգեշնչել է շատերին, և պատճառ դարձել համանման կառույցների ծրագրման ամբողջ աշխարհում։
Մինչ օրս կառուցված ամենամեծ ծալվող անձրևանոցների դիզայնը մշակել է Մահմուդ Բոդո Ռասչի թիմը, Սաուդյան Արաբիայի մեծ մզկիթները անձրևից ու արևից պաշտպանելու համար[68][69]։
Ավելի ուշ ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի աշխատանքներում, ինչպիսիք են «Centre Le Corbusier» թանգարանը և «Villa Shodhan» ամառանոցը, ներառվել է պարասոլը. տանիքն անձրևանոցի տեսք ունի, ինչը պաշտպանում է արևից և քամուց[70]։
Արվեստի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ուտագավա Կունիսադա
-
Անձրևանոցով զույգ ձյան ժամանակ, հեղինակ՝ Սուզուկի Հարունոբու
-
Պարասոլը Տիբեթական բուդդայականության 8 բարենպաստ նշաններից է
-
Կանցլեր Պիեր Սեգուիերի նկարն անձրևանոցով, հեղինակ՝ Շառլ լը Բրեն 1670
-
Ճապոնացի աղջիկը ցատկում է Կիյոմիզու դերայից, հեղինակ՝ Սուզուկի Հարունոբու 1750
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Անձրևանոցներ, 1883
-
Անձրևանոցով կինը. մադամ Մոնեթն ու իր որդին, 1875
-
Անձրևանոցով կինը, հեղինակ՝ Էդուարդ Մանե, 1881
-
Ամառ, հեղինակ՝ Քոլին Քամփբել Կուպեր, 1918
-
Ճապոնական պարասոլով կինը, հեղինակ՝ Վիկտոր Գաբրիել Գիլբերտ, 1933
-
Ջորջ Պալմերի քանդակը, հեղինակ՝ Ջորջ Բլեքոլ Սիմոնդս, 1891
-
Ժամանակակից փողոցային արվեստ Պորտ Լուիում, Մավրիկիոս
-
Խանութի դեկորացիա, Բուդապեշտ, 2016
Ժամանակակից հովանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թափանցիկ հովանոց՝ birdcage ոճով («Բըրդքեյջ՝ թռչնավանդակ»)։ Այս մոդելն իր ձևով հիշեցնում է գմբեթ, որը ծածկում է ոչ միայն գլուխը, այլ նաև ուսերը։
- Հովանոց-գավազան, որին կարելի է հենվել քայլելիս։ Այսպիսի հովանոցի գմբեթն ավելի կլոր է, քան ծալովի հովանոցինը, ջուրը հեշտությամբ է թափվում, և հովանոցն արագ չորանում է։ Կտորն ավելի ամուր է ձգվում, այդ պատճառով էլ խոնավությունն ավելի լավ է հետ մղվում։ Այս հովանոցի ճաղերն ամրացված են ապակեթելով, դրանք շատ ամուր են և չեն վնասվում ուժեղ քամիներից։
- Կրկնակի հովանոցը նախատեսված է երկու անձի համար։ Փակված վիճակում այն հովանոց գավազանից մեծ չէ։
- Անհամաչափ հովանոց, նախատեսված է մինչև 100 կմ/ժամ քամու համար։ Պատրաստված է աերոդինամիկայի հատկանիշներով։ Այն հնարավոր չէ պտտել, շուռ տալ հակառակ կողմի վրա։
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկուսով հովանոցի տակ»
- «Հովանոց նորապսակների համար»
- «Խոցում հովանոցով»
- «Շերբուրյան հովանոցներ»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopedia of Catholic Devotions and Practices(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «En-tout-cas». Merriam-webster.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Ong, Siew Chey (2005). China condensed: 5000 years of history & culture (1st ed.). Singapore: Times Editions Marshall Cavendish. էջ 170. ISBN 978-981-261-067-6.
- ↑ Weiss, Julian (2001). Tigers' roar: Asia's recovery and its impact. Armonk, New York: Sharpe. էջ 76. ISBN 978-0-7656-0784-3.
- ↑ Ronan, Colin A. (1994). The shorter Science and civilisation in China: 4. Cambridge: Cambridge University Press. էջ 42. ISBN 978-0-521-32995-8.
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. — «Прогресс». — М., 1964–1973. — Т. 2. — С. 104.
- ↑ Этимологический словарь русского языка. — СПб.: ООО «Виктория плюс». Крылов Г. А.. 2004.
- ↑ Большой словарь иностранных слов.- Издательство «ИДДК», 2007.
- ↑ Толковый словарь иностранных слов Л. П. Крысина.- М: Русский язык, 1998.
- ↑ П.Я. Черных Историко-этимологический словарь современного русского языка. — 1999. — Т. 1. — С. 329.
- ↑ А.И. Моисеев Основные вопросы словообразования в современном русском литературном языке. — 1987. — С. 132-134.
- ↑ Зонтики // Реальный словарь классических древностей. Под редакцией Й. Геффкена, Э. Цибарта. — Тойбнер. Ф. Любкер. 1914.
- ↑ Бойцов М. Папский зонтик, бог Гелиос и судьбы России // Казус: Индивидуальное и уникальное в истории. — 2004. — № 6. — С. 99—154.
- ↑ "Mexico - Pre-Hispanic Flags" Արխիվացված 13 Հունվար 2010 Wayback Machine Mexico — Pre-Hispanic Flags
- ↑ 15,0 15,1 White Muscarella, Oscar (1999): "Parasols in the Ancient Near East", "Source: Notes in the History of Art", Vol. 18, No. 2, pp. 1-7 (1)
- ↑ Simpson, Elizabeth (2014): "A Parasol from Tumulus P at Gordion", in: Engin, Atilla; Helwing, Barbara; Uysal, Bora (eds.): "Armizzi. Engin Özgen'e Armağan / Studies in Honor of Engin Özgen", Ankara, pp. 237–246 (239), 978-605-5487-59-1
- ↑ Sangster, William, 1808–1888. Umbrellas and Their History. London: Cassell, Petter, and Galpin [1871]. Available online as Gutenberg etext 6674, retrieved March 2005.
- ↑ Pattanaik, Devdutt (2003). Indian Mythology. էջ 16. ISBN 0-89281-870-0.
- ↑ Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 2: Mechanical Engineering. Taipei: Caves Books, Ltd. Page 70.
- ↑ Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 2: Mechanical Engineering. Taipei: Caves Books, Ltd. Page 70–71.
- ↑ 21,0 21,1 21,2 Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 2: Mechanical Engineering. Taipei: Caves Books, Ltd. Page 71.
- ↑ Simpson, Elizabeth (2014): "A Parasol from Tumulus P at Gordion", in: Engin, Atilla; Helwing, Barbara; Uysal, Bora (eds.): "Armizzi. Engin Özgen'e Armağan / Studies in Honor of Engin Özgen", Ankara, pp. 237–246 (240), 978-605-5487-59-1
- ↑ M. C. Miller, "The Parasol: An Oriental Status-Symbol in Late Archaic and Classical Athens", JHS 112 (1992), p. 91 [91–105].
- ↑ Aristophanes, Thesmophoriazusae 823.
- ↑ Aristophanes, Knights, 1347–1348 and scholia.
- ↑ Pausanias, 7.22.6.
- ↑ Pherecrates fr.70 PCG apud Athenaeus, 13.612a and 15.687a.
- ↑ Aristophanes, Birds, 1549–1551.
- ↑ Jon Ploug Jørgensen, The taming of the aristoi – an ancient Greek civilizing process? History of the Human Sciences: July 2014 vol. 27 no. 3
- ↑ van Wees,1998:61–2
- ↑ Kurke, 1992: 96; cf. Neer, 2002: 19.
- ↑ Fast. lib. ii., 1. 31 I.
- ↑ lib. xi., ch. 73., lib. xiv, ch. 28, 130; Ovid Ars. Am., ii., 209
- ↑ ix., 50.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Sangster, William (2005) [Published in 1871]. Umbrellas and their history. Elibron Classics. էջեր 35–37. ISBN 978-1-4021-6168-1.
- ↑ Bowrey, Thomas (1895). Temple, Richard Carnac (ed.). A Geographical Account of Countries Round the Bay of Bengal, 1669 to 1679. էջ 86.
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 Fierro, 1996
- ↑ Fierro, Alfred, Histoire et Dictionnaire de Paris, (1996), Robert Laffont, 2-221-07862-4
- ↑ Chia, Lee Kong. «Dipteris conjugata». lkcnhm.nus.edu.sg. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «The Times». 1788 թ․ փետրվարի 13: 3.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «National Umbrella Day». thedaysoftheyear.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Tudta-e, hogy magyar találmány az összecsukható esernyő? (Did you know that the foldable pocket umbrella is a Hungarian invention?)
- ↑ History, Knirps, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին, Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին
- ↑ Powerhouse Museum. «Prototype umbrella». Powerhouse Museum, Australia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ About Us, Totes-Isotoner Corporation, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «1987 U.S. Patent Patent number: 4760610, Patent by Bing T. Wu for Umbrella Hat». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «What is a golf umbrella? Conjecture Corporation, 2013». Wisegeek.com. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 49,0 49,1 Orlean, Susan (2008 թ․ փետրվարի 11). «Thinking in the Rain: An artist takes on the umbrella». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «United States Patent: 5642747 - Hand-held aerodynamic umbrella». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Espacenet – Bibliographic data». worldwide.espacenet.com.
- ↑ «Espacenet – Bibliographic data». worldwide.espacenet.com.
- ↑ Dutch Designs at 100% Tokyo Design Expo on YouTube Արխիվացված 20 Նոյեմբեր 2015 Wayback Machine, Asia Brief, New Tang Dynasty Television, 5 November 2008 (featuring Gerwin Hoogendoorn)
- ↑ 54,0 54,1 Dossier SENZ umbrella, Delft University of Technology (WebCite mirror)
- ↑ 55,0 55,1 Senz umbrella tested by the hosts of Good Morning America Արխիվացված 5 Օգոստոս 2011 Wayback Machine, 7 March 2007
- ↑ 56,0 56,1 An umbrella to defeat the wind(չաշխատող հղում), The Times;;, 5 March 2007
- ↑ 57,0 57,1 «nationalgeographic.com: Contemporary parasol designs». Ngm.nationalgeographic.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Opnieuw designprijs voor Delftse stormparaplu Արխիվացված 26 Հունիս 2011 Wayback Machine, NRC Handelsblad, 21 July 2008
- ↑ Senz development Արխիվացված 26 Հունիս 2011 Wayback Machine, Delft University of Technology, spring 2008 (WebCite mirror)
- ↑ "Diffusers & Reflectors - soft lighting usually the best lighting" Արխիվացված 27 Մայիս 2007 Wayback Machine DT&G Photographic
- ↑ "Rethinking the Umbrella" Արխիվացված 19 Հոկտեմբեր 2010 Wayback Machine Strobist examines the use of shoot-through umbrellas
- ↑ «En garde: French presidential bodyguards reveal latest weapon... a black umbrella that changes into a defensive shield». The Daily Mail. 2011 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Images of Hong Kong's 'Umbrella Revolution' Tell a Story». sinosphere.blogs.nytimes.com.
- ↑ Marsden, Sam (2008 թ․ հունիսի 21). «Detectives on the trail of defector's poison umbrella assassin». Birmingham Post. No. International. Birmingham (UK). էջ 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «UCT prof dies of injuries». News24. 2005 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Schirmkonstruktionen von Frei Otto - Arch+ Արխիվացված 3 Դեկտեմբեր 2013 Wayback Machine
- ↑ Nerdinger, Winfried: Frei Otto. Das Gesamtwerk: Leicht Bauen Natürlich Gestalten, 2005, 3-7643-7233-8
- ↑ «SL-RASCH – Special and Lightweight Structures». Institute for Scientific Architecture.
- ↑ The Stuttgart School of Building Design Արխիվացված 27 Մարտ 2014 Wayback Machine
- ↑ Molloy, Jonathan (2013 թ․ հունվարի 24). «AD Classics: Centre Le Corbusier (Heidi Weber Museum) / Le Corbusier». archdaily.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книга:Товарный словарь|Зонты|2|1012—1018
- Fierro, Alfred (1996). Histoire et dictionnaire de Paris. Robert Laffont. ISBN 2-221–07862-4.
- М. Бойцов. «Папский зонтик…» Արխիվացված 2019-05-03 Wayback Machine // «Казус: Индивидуальное и уникальное в истории» — 2004. Вып. 6. — М.: ОГИ, 2005, с. 99-154
- Энциклопедия моды и одежды. EdwART. 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոց (պարագա)» հոդվածին։ |
|