Կիրանց (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)
Գյուղ
Կիրանց
Կիրանց գյուղը 2017 թվականին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներԿունեն, Գետաշեն
Մակերես5.9 կմ²
ԲԾՄ720 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն298[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկիրանցեցի
Ժամային գոտիUTC+4
Կիրանց (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Կիրանց (Տավուշի մարզ) (Հայաստան)

Կիրանց, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափում։ Գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա։

Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին։ 1935 թվականից մինչև 1967 թ. կրել է Գետաշեն անունը, իսկ մինչ այդ, դարեր շարունակ, գյուղը կրել է Կունեն անվանումը։

Կլիմա

Ձմեռը կարճատև է։ Կիրանցը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում։ Հաստատուն ձյունածածկույթ լինում է հազվադեպ։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ է 0 աստիճանին։ Ամառը երկարատև է, չոր, շոգ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը 25 աստիճան է։ Առավելագույնը հասել է 39 աստիճանի։ Աշունը մեղմ է, արևոտ, տաք, հիմնականում չոր։ Անսառնամանիք օրերի միջին թիվը 250 է։ 0-ից բարձր ջերմաստիճանի գումարը 4750 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ սահմաններում։ Կիրանցի կլիման նպաստավոր է թզենու, նռնենու, դեղձենու, արքայանարնջի մշակության համար։

Ֆլորա

Կիրանց գյուղի հարևանությամբ գտնվող անտառում գերակշռում են կաղնին, հաճարին և բոխին։ Տարածված է նաև թեղին, հացենին և լորին, բայց սահմանափակ տարածքով։ Մեծ նշանակություն ունի արջատխլին, որն անցյալում լայն տարածում է ունեցել, բայց հիմա հազվադեպ է հանդիպում։ Հանդիպում է նաև սոսի։ Տարածված է նաև ընկուզենին, ընդ որում բուն գյուղի տարածքում։ Ընկուզենու հետ մեկտեղ լայն տարածում ունի նաև թզենին, հոնին, թթենին։ Գյուղում տարածված է նաև խնձորենին, բալենին, տանձին։ Մշակվում է նաև արքայանարինջ։

Պատմություն

Կիրանցը հիմնադրվել է առնվազն IV դարում (ավելի վաղ հիշատակումներ չկան)։ Գյուղը եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով: Ըստ աշխարհացույցի եղել է Ուտիք աշխարհի Մեծ Կունեն գավառի կենտրոնը: 19-րդ դարի վերջերին կունենցիները գյուղատեղին տեղափոխել են մոտ երկու կմ դեպի արեւելք, որտեղ էլ գյուղը գտնվում է մինչ օրս: Կունենը տարածվել է Կիրանց գետի երկու կողմերում։ Գյուղը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որը չի դատարկվել անգամ մոնղել-թաթարական արշավանքներից եւ Շահ Աբասի 1601թ. կազմակերպած տեղահանությունից հետո:

Պահպանվել են հինգ եկեղեցական շենքի (որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքի միայն պատերն են մնացել), բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների մնացորդներ։ Կանգնուն եկեղեցին կառուցել են Մելիք Շահնազար և Խանզադե ամուսինները՝ 1675 թվականին։ Կառուցողն է վարպետ Հակոբը, որն այդ մասին թողել է արձանագրություն։ Եկեղեցու շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոց, որը հարուստ է տապանաքարերով և խաչքարերով։ Դրանց մի մասն ունեն 13,17 և 19-րդ դարերերի արձանագրություններ, որոնք հուշում են, որ Կունենը մեծապես տուժել է 1236-1243 թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ, բայց եկեղեցիներից երկուսի վրայի արձանագրությունները հուշում են, որ արշավանքներից արդեն մոտ երեսուն տարի անց կունենցիները նոր եկեղեցիներ են կառուցել։ Այսպես, եկեղեցիներից մեկը կառուցվել է 1276 թվականին Գրիգոր քահանայի կողմից, իսկ մյուսը՝ 1274 թվականին, Ավետիս և Մլքան ամուսինների կողմից։ Եկեղեցիները գտնվում են գյուղատեղի առանձին թաղամասերում, բոլորն էլ քարաշեն են, ունեն միջին մեծություն։ Եկեղեցիների մոտ պահպանվել են նաև 8-րդ դարի արձանագրություններ։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Արևելյան կողմում պահպանվել է միջնադարյան իջևանատունը։ Պահպանվել է նաեւ երկու մեծ գերեզմանատուն, բազմաթիվ խաչքարերով ու խաչարձաններով, որոնք վերաբերում են առնվազն 10-13-րդ դարերին։ Առաքելոց վանքը գտնվել է Կունենի գրեթե կենտրոնում, մի բարձունքի վրա։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և կոմունալ շենքերից, որոնք պատկանում են 12-14-րդ դարերին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ գյուղը գոյատևել է նաև մոնղոլական արշավանքներից հետո։ Շենքերի ամբողջ խումբը շրջապատված է բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով։ դեպի վանքի բակը տանող գլխավոր դարպասը գտնվում է պարիսպների հարավարևելյան անկյան մոտ։ Եկեղեցու գավթի դռան քարի վրա արձանագրված է՝ «1245 թվին Բարերար Աստծո կամքով և ողորմածությամբ Աթաբեկ եւ ամիրսպասալար Խութլու Փուղին, ես Գրիգոր, թոռն Խաչենանց միաբանեցա Սուրբ Առաքելոյս իմ հալալ արդյունքով...»։ Այս արձանագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մոնղոլական արշավանքից կարճ ժամանակ անց քաջ կունենցիները կարողացել են վերականգնել բնականոն կյանքը և անգամ մեծ եկեղեցական համալիր կառուցել։

Կունենը մեծապես տուժել և թուլացել է 1601 թվականին Պարսկաստանի շահ Աբասի իրականացրած տեղահանությունից հետո: Գյուղը ավելի է թուլացել կովկասյան ցեղերի արշավանքներից։ Ըստ որոշ աղբյուրների, թուլացած գյուղից շատերը ստիպված են եղել բնակություն հաստատել հարեւան մահմեդանաբնակ գյուղերում: Եզակի տեղեկություններ է գյուղի մասին հայտնաբերել թյուրքագետ, արեւելագետ Գեորգի Միրզաբեկյանը: Այսպես, 1728թ. օսմանյան հարկացուցակում, որը կազմվել է թուրք-պարսկական հերթական պատերազմի ժամանակ, հիշատակվում է նաեւ Կունենը՝ Կիրանցը: Պարզվում է, որ 1728թ. գյուղն ընդգրկված է եղել Թիֆլիսի վիլայեթի Ղազախի լիվայի չորս նահիյեներից մեկի՝ Ջողազի կազմում: Դատելով գյուղի համար սահմանված հարկաչափերից, հարեւան գյուղերի համեմատ Կիրանցը (Կունենը) ունեցել է սոցիալ-տնտեսական ավելի բարվոք վիճակ: Գյուղի 33 տնտեսությունները միասին վճարել են մոտ 10 հազար աքչե (համարժեք է 1.912.500 դրամի կամ 3984 դոլարի 2020թ. փետրվարի 2-ի փոխարժեքով եւ արծաթի միջազգային գներով) հարկ: Օսմանյան հարկամատյանից պարզ է դառնում, որ մոնղոլ-թաթարական արշավանքներից, Շահ Աբասի իրականացրած տարհանումներից հետո գյուղը կանգուն է մնացել: 1728թ. Կունենն ունեցել է հարկ վճարող 33 ընտանիք՝ բոլորն էլ քրիստոնյա: Ավելին, նույնիսկ պահպանվել են գյուղացիների՝ ընտանիքների ղեկավարների անունները, անգամ թե ով ում թոռն է կամ պապը: Հարկամատյանից իմանում ենք, որ գյուղում տարածված տղամարդու անուններից է եղել Կիրակոսը, Սարուխանը, Հարությունը, Սարգիսը, Շահվերդը, Վարդանը, Հանեսը:

Ի դեպ, նույն աղբյուրը վկայում է, որ տարածաշրջանի գյուղերի մեծ մասը դատարկ են եղել: Կունենի կյանքն աշխուժացել է 1800-ականների սկզբներին, երբ այստեղ բնակուրթյուն են հաստատել Արցախից եկած ընտանիքներ, որից հետո գյուղ են վերադառնում նաեւ մահմեդաբնակ գյուղերում ապաստանածների որոշ սերունդներ։ Ըստ որոշ տեղեկությունների, գյուղում բնակություն են հաստատում ընտանիքներ նաեւ Քանաքեռից:

Ոմանք սխալմամբ կարծում են, որ 19-րդ դարի վերջին եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը այցելել եւ նկարագրել է Կունենը, այնինչ նա եղել է Արցախի Կիրանց գյուղում եւ նկարագրել տեղի Սուրբ Աստվածածին փայտաշեն եկեղեցին։

19-րդ դարի վերջերին կունենցիները գյուղատեղին տեղափոխում են գյուղի ներկայիս տարածք։ Ցավոք, չի պահպանվել կոնկրետ տարեթիվը, թե երբ է կառուցվել գյուղի առաջին տունը, բայց ենթադրաբար տեղափոխությունը տեղի է ունեցել 1860-1870-ական թվականներին։ Հենց այդ ժամանակ էլ կառուցվել է գյուղի եկեղեցին, որն այժմ գտնվում է կիսավեր վիճակում: Խորհրդային տարիներին խնդիր էր դրվել եկեղեցին ավերել կամ վերածել անասնագոմի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին չավերվեց, իսկ որմնանկարները պահպանվեցին։ Աբգար Նազարյանի շնորհիվ Կիրանցը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որից ստալինյան բռնապետության տարիներին չի աքսորվել և ոչ մի մարդ։

Գյուղի բնակիչները ակտիվորեն մասնակցել են 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, աչքի ընկել հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Կիրանցեցիների ջանքերով վնասազերծվել են ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի պետական սահմանի գյուղին հարակից տեղամասը: Մարտերի ժամանակ աչքի են ընկել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը և այլք։

Բնակչություն

Կիրանցի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 171 273 227 336 265 335 310 295 329 295

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի 590 հա տարածք, որից՝ 85 հա արոտներ 243.1 հա վարելահողեր 2 հա այգիներ 76 հա անտառ։

Պատմամշակութային կառույցներ

Խաչքար Ա. Սիմոնյանի տան բակում

Կիրանցն ունի 1675 թ.-ի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում 13 դարի Կիրանց վանքը։

Գյուղից մի քանի կմ հեռավորության վրա գտնվում են նաև կիսավեր վիճակում գտնվող Դեղձնուտի և Սամսոնի վանքային համալիրները, ինչպես նաև Առաքելոց վանքային համալիրը։

Գյուղում 19-րդ դարի 70-ական թվականներին կառուցվել է քարաշեն փոքրիկ եկեղեցի։ Խորհրդային տարիներին խնդիր էր դրվել եկեղեցին ավերել կամ վերածել անասնագոմի կամ ակումբի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին չավերվեց, իսկ որմնանկարները մասամբ պահպանվեցին։

Գյուղում 2010 թ. ծագումով Կիրանցեցի փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանի ջանքերով կառուցվեց մատուռ։ Գյուղացիների հանգանակությամբ, 20-րդ դարի 90-ականների պատերազմական գործողությունների ավարտից կարճ ժամանակ անց կառուցվել է զոհված գյուղացիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարեւանությամբ էլ գտնվում է Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշակոթողը, որը կառուցվել է 1950-ականներին։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի դպրոց և բուժկետ։

Պատկերասրահ

Տես նաև

Գրականություն

  • Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 237 էջ. — 4000 հատ։
  • Ի. Բ. Էլլարյան, «Աղստեւի հովտի պատմական հուշարձանները», Երևան, ««Հայաստան»», 1968 — 96 էջ. — 5000 հատ։

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 20-ին.