Շենիկցի Գրգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենիկցի Գրգո
Մասնագիտությունֆիդայի

Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Սասունի 1894 թվականի ապստամբության ղեկավարներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ 1891 թվականին մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և հայ-քրդական պատերազմի վերածված ճակատամարտին, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հաղթանակից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892 թվականի սկզբին ստեղծել է հայկական զինված ջոկատներ, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների հարձակումներին։ 1893 թվականին թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891 թվականին Սասուն է գալիս Հնչակյան կուսակցության ականավոր գործիչ Միհրան Տամատյանը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից, ազատագրական գաղափարներ է քարոզում սասունցիներին։ Սակայն, շուտով, 1893 թվականին Միհրան Տամատյանը թուրքական իշխանությունների կողմից մատնությամբ ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն, ճանապարհին ստացած ոչ ճիշտ տեղեկատվությունը, թե Տամատյանին արդեն տեղափոխել են Մշո բանտ, ձախողում են Տամատյանին ազատելու ծրագրերը։ Գրգոն վերադառնում է Շենիկ։ 1893 թվականին Սասնո ղեկավարության և ժողովրդի ուժերը ջլատելու համար կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ Գելիեգուզանի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և Մուշ հրավիրելով։ Պետոն, իմանալով վտանգի մասին, հրաժարվում է գնալ Մուշ։ Իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա, մտնելով Ինկան գյուղը, սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը Բիթլիսի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն, շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանքցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն, օրհասական այդ պահին Հրայր Դժոխքը Գևորգ Չաուշի, Գալշոյի Մանուկի, Ահարոնքցի Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին Տալվորիկին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները ուժգին հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։

Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894 թվականի ապստամբությունը։

Սասունի 1894 թ. ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունցիները Միհրան Տամատյանին փոխարինելու եկած Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։ Հուլիսի 27-ին քրդերը ոչխարները փախցնելու նպատակով հարձակվում են Շենիկ գյուղի վրա, սակայն, Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդերի և հետ խլում թալանը։ Այնուհետև, վերցնելով նաև քրդերի ոչխարները, վերադառնում է գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն, շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհ և վիրավորներ։ Հայերի կորուստը կազմում էր 45 սպանված և 100 վիրավոր։

Պարտություններից ամոթահար՝ օգոստոսի 3-ին թշնամին Սասունի գյուղերի վրա գրոհեց բոլոր ուղղություններով։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեգուզանցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ հետ է շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռ, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։

Գրգոյի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Ըստ այդ վարկածներից մեկի՝ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն, քրդերը հետագայում պատմել են, որ նա, այնուամենայնիվ, վիրավորվել և գերեվարվել է։ Այնուհետև ուշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թշնամու բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն, իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել անկոտրում Գրգոն, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել նրա մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]